2025
Հարցեր և պատասխաններ հոգեկան առողջության վերաբերյալ
Սեպտեմբեր 2025


«Հարցեր և պատասխաններ հոգեկան առողջության վերաբերյալ», Լիահոնա, սեպտ․ 2025։

ՉԵ շաբաթական պարբերականից

Հարցեր և պատասխաններ հոգեկան առողջության վերաբերյալ

Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, ճիշտ կդարձվի Հիսուս Քրիստոսի միջոցով:

խոսքի պղպջակների պատկերներ

Երբեմն կարող է անհնարին թվալ ուրախություն գտնելը Հիսուս Քրիստոսի ավետարանում, երբ մյուս նժարին հոգեկան առողջության դժվարություններն են։ Դժվար վերահսկելի ուժերը կարող են խանգարել մեզ զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, գուցե ստիպելով մեզ կասկածել, թե ինչու ենք մենք շարունակում փորձել:

Թեև Տերը չի հայտնել մեր սրտաբուխ խնդրանքների բոլոր պատասխանները, Նա տվել է առաջնորդություն, խորհուրդ, մխիթարություն և հույս՝ Իր մարգարեների և առաքյալների և Եկեղեցու այլ ղեկավարների միջոցով:

Ահա նրանց ոգեշնչված խոսքերից մի քանիսը, որոնք կարող են օգնել պատասխանել չափահաս երիտասարդների կողմից հաճախ տրվող հարցերին: Եթե ​​այս հարցերից մի քանիսը նույնպես ծանրացած են ձեր մտքում, իմացեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ձեզ խաղաղություն և հույս կբերի, երբ ուրիշ ոչինչ չի կարող անել այդ:

Զգում եմ Հոգուն

Հարց. Արդյո՞ք իմ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները մեղքի արդյունք են:

Պատասխան․ «Կարևոր է գիտակցել, որ [հոգեկան հիվանդությունը] թուլության հետևանք չէ, ոչ էլ սովորաբար մեղքի հետևանք է: … Միասին մենք կարող ենք ճեղքել մեկուսացման և խարանի ամպերը, որպեսզի ամոթի բեռը հեռացվի և ապաքինման հրաշքները տեղի ունենան»:

Ռեյնա Ի. Ըբարթո, Սփոփող միության գերագույն նախագահության նախկին երկրորդ խորհրդական, «Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 58:

Հարց: Ինչո՞ւ ես չեմ լավանում, երբ անում եմ այն, ինչ ճիշտ է:

Պատասխան․ «Մի մտածեք, որ կարող եք ուղղել ամեն բան: Ուղղեք այն, ինչ կարող եք: Եթե դրանք փոքրիկ հաղթանակներ են, երախտապարտ և համբերատար եղեք: Սուրբ գրություններում տասնյակ անգամներ Տերն ինչ-որ մեկին հրամայում է՝ «հանգիստ կանգնեք» կամ «հանգիստ եղեք» և սպասեք: Որոշ բաների հանդեպ համբերատար լինելը մեր մահկանացու կյանքի կրթության մի մասն է»:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ, «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ․ 2013, 40, 41:

Հարց. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես ստանում եմ աղոթքների պատասխաններ, երբ իմ հոգեկան առողջությունը դժվարացնում է դրանք ճանաչելը:

Պատասխան․ «Բազում անորոշությունների և դժվարությունների պահերին, որոնց մենք հանդիպում ենք մեր կյանքում, Աստված մեզ խորհուրդ է տալիս անել հնարավոր ամեն բան, գործել ինքնուրույն և չներգործվել (տես 2 Նեփի 2.26), և վստահել Իրեն: Մենք հաճախ կարող ենք առաջ շարժվել՝ հուսալով և աղոթելով, սակայն առանց բացարձակ հավաստիացման, որ մենք գործում ենք Աստծո կամքի համաձայն: Սակայն, մինչ մենք պատվում ենք մեր ուխտերը և պահում ենք պատվիրանները, մինչ հետևողականորեն փորձում ենք բարիք գործել և ավելի լավը դառնալ, մենք կարող ենք վստահաբար քայլել, իմանալով, որ Աստված կուղղորդի մեր քայլերը»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 90։

Հարց. Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ ավետարանում, երբ դեպրեսիան այդքան դժվարացնում է ուրախություն զգալը:

Եթե փնտրեք Աստծո խոսքը, որպեսզի ավելի լավ հասկանաք Աստծո հավերժական ծրագիրը, ․․․ և ձգտեք քայլել Նրա ուղիով, ապա դուք կզգաք «Աստծո խաղաղությունը, որը ամեն հասկացողությունից վեր է» [Փիլիպպեցիներին 4․7], նույնիսկ, երբ վշտահար լինեք։ Դուք կզգաք, որ Աստծո անգերազանցելի սերն ավելի է աճում ձեր սրտում: Երկնային լույսի արշալույսը լույս կսփռի ձեր փորձությունների ստվերների վրա, և դուք կսկսեք ճաշակել երկնքի անտեսանելի, կատարյալ և անասելի փառքներն ու հրաշքները: Դուք կզգաք, թե ինչպես է ձեր հոգին բարձրանում այս աշխարհի ձգողականությունից վեր»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ավելի մեծ ուրախություն», Լիահոնա, մայիս 2024, 69։

Հասնելով Հիսուս Քրիստոսի զորությանը

Հարց. Ինչպե՞ս կարող եմ սովորել վստահել և ապավինել Քրիստոսին, երբ զգում եմ, որ չեմ կարող վստահել ինքս ինձ՝ հոգեկան առողջության դժվարությունների պատճառով:

Պատասխան․ «Որքան շատ սովորեք Փրկչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն և Նրա զորացնող, բժշկող ու փրկագնող զորությանը:

«․․․ Եթե աշխարհում ամեն ինչ և բոլոր մարդիկ, որոնց վստահում եք, հիասթափեցնեն ձեզ, Հիսուս Քրիստոսը և Նրա Եկեղեցին ձեզ երբեք չեն հիասթափեցնի։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 103, 104։

Հարց: Իսկապե՞ս Քրիստոսը գիտի, թե ես ինչ եմ զգում:

Պատասխան․ «Չի կարող լինել ընտանիքի անդամ, ընկեր կամ քահանայության ղեկավար, որքան էլ զգայուն և բարեմիտ լինի, որը հստակ գիտի՝ ինչ եք զգում կամ ունի ճշգրիտ խոսքեր, որոնք կօգնեն ձեզ ապաքինվել: Բայց իմացեք, որ կա Մեկը, ով կատարելապես հասկանում է, թե դուք ինչ եք զգում, ով «ավելի զորեղ է, քան ողջ աշխարհը» [1 Նեփի 4.1] և «կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ [դուք] խնդրում եք կամ մտածում» [Եփեսացիս 3.20]»։

Յոթանասունից երեց Մեթյու Ս․ Հոլլանդ, «Որդու սքանչելի պարգևը», Լիահոնա, նոյ․ 2020, 46։

Զգացեք Աստծո սերը

Հարց. Աստված դեռ սիրո՞ւմ է ինձ, թեև ես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեմ:

Պատասխան․ «Միգուցե կա վհատության և խավարի ձայների երգչախումբ, որոնք ծանրանում են ձեր մտքերում, ուղերձներ, որոնք ասում են ձեզ, որ դուք շատ վիրավոր և շփոթված եք, չափազանց թույլ և անտեսված, չափազանց տարբեր կամ ապակողմնորոշված եք, որպեսզի երաշխավորեք երկնային սերը որևէ իրական ձևով: Եթե լսում եք այդ գաղափարները, ապա խնդրում եմ լսեք սա. այդ ձայները պարզապես սխալ են: Մենք կարող ենք վստահորեն անտեսել կոտրվածությունը՝ որևէ կերպ զրկելով մեզ երկնային սիրուց»։

Յոթանասունից երեց Կարլ Դ․ Հըրսթ, «Աստծո սիրելին», Լիահոնա, նոյ. 2024, 11:

Հարց: Ինչո՞ւ Աստված չի հեռացնում այս դժվարությունը:

Պատասխան․ «Ձգտելով խաղաղության և հասկացողության՝ այս դժվարին կացությունների ժամանակ, շատ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք (և ընտրել ենք ապրել) ընկած աշխարհում, որտեղ աստվածային նպատակների համար մեր աստվածայնության մեր ձգտումը կփորձարկվի և կփորձվի կրկին ու կրկին: Աստծո ծրագրում ամենամեծ հավաստիացումն այն է, որ մեզ Փրկիչ խոստացվեց, մի Քավիչ, ով Իր հանդեպ մեր հավատքի շնորհիվ մեզ հաղթականորեն կբարձրացներ այդ փորձություններից ու դժվարություններից, նույնիսկ եթե դա անելու վարձքը անիմանալի կլիներ՝ թե՛ Նրան ուղարկող Հոր, թե՛ եկող Որդու համար։ Այդ աստվածային սիրո հանդեպ երախտագիտությունն է, որ կդարձնի մեր անհատական, սակավ տառապանքները սկզբում տանելի, ապա հասկանալի և, վերջապես, քավելի»:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ, «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ․ 2013, 40:

Ընտրել ապրելը

Հարց. Եթե ես գիտեմ, որ հաջորդ կյանքն ավելի լավն է լինելու, ինչո՞ւ պետք է շարունակեմ ապրել այս մեկը:

Պատասխան․ «Անկախ ձեր մտահոգություններից կամ դժվարություններից, ինքնասպանությամբ մահը, միանշանակ, պատասխան չէ։ Այն չի ազատի ձեզ այն ցավից, որը զգում եք, կամ, մտածում եք, թե պատճառում եք։ Անսահման լույսի կարիք ունեցող աշխարհում, խնդրում եմ, մի նվազեցրեք Աստծո հավիտենական լույսը, որ դրվել է ձեր հոգու մեջ դեռ այս աշխարհից առաջ։ Խոսեք որևէ մեկի հետ։ Օգնություն խնդրեք: Մի ոչնչացրեք կյանքը, որը պահպանելու համար Քրիստոսը տվել է Իրենը։ Դուք կարող եք տանել այս մահկանացու կյանքի դժվարությունները, քանի որ մենք կօգնենք ձեզ կրել դրանք»:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ, «Մի վախենար, միայն հավատա», Լիահոնա, մայիս 2022, 36։

«Ինչպիսին էլ որ լինեն ձեր մաքառումները, իմ եղբայրներ և քույրեր, մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկական կամ այլ, մի քվեարկեք այս թանկագին կյանքի դեմ՝ վերջ դնելով դրան: Վստահեք Աստծուն: Կառչեք Նրա սիրուց: Իմացեք, որ մի օր լուսաբացը կլինի պայծառ, և մահկանացու կյանքի բոլոր ստվերները կվերանան»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ, «Ինչպես կոտրված անոթը», Լիահոնա, նոյ․ 2013, 42:

Աջակցել հարազատներին

Հարց. Ինչպե՞ս կարող եմ աջակցել իմ հարազատին, որը բախվում է հոգեկան առողջության խնդիրների հետ:

Պատասխան․ «Հոգեկան հիվանդությունների մասին գիտելիքներ ձեռք բերելով՝ մենք պատրաստ կլինենք օգնել ինքներս մեզ և ուրիշներին, որոնք գուցե տառապում են դրանցով: Միմյանց հետ բաց և ազնիվ խոսելը կնպաստի, որ այս կարևոր թեման պատշաճ ուշադրության արժանանա։ Ի վերջո, տեղեկատվության արդյունքում է գալիս ոգեշնչումն ու հայտնությունը: Շատ հաճախ լինելով անտեսանելի՝ այս մարտահրավերները կարող են ազդել յուրաքանչյուրի վրա, իսկ երբ մենք բախվում ենք դրանց, դրանք անհաղթահարելի են թվում:

«Առաջին հերթին պետք է սովորենք, որ մենք, անշուշտ, միայնակ չենք: Ես հրավիրում եմ ձեզ ուսումնասիրել հոգեկան առողջության թեման Ավետարանի գրադարան հավելվածի «Կյանքի օգնություն» բաժնում: Սովորելը կնպաստի, որ ավելի շատ հասկանանք, ավելի շատ ընդունենք, կարեկցենք և ավելի շատ սիրենք: Դա կնվազեցնի ողբերգությունը՝ միևնույն ժամանակ օգնելով մեզ զարգացնել և կառավարել առողջ սպասումներ և առողջ փոխհարաբերություններ»:

Յոթանասունից երեց Էրիխ Վ. Կոպիչկե, «Զրույց հոգեկան առողջության մասին», Լիահոնա, նոյ․ 2021, 38:

Հարց. Իմ հարազատներից մեկն ինքնասպան է եղել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Ի՞նչ տեղի կունենա նրա հետ։

Պատասխան․ «Կա հին աղանդավորական պատկերացում, որ ինքնասպանությունը մեղք է, և որ նա, ով [մահանում է] ինքնասպանությամբ, վտարվում է դժոխք ընդմիշտ: Դա բացարձակապես սխալ է։ Ես հավատում եմ, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կգտնի, որ այդ անձինք հերոսական կյանքեր են ապրել, և որ ինքնասպանությունը չի լինի նրանց հավերժության որոշիչ հատկանիշը»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդ, «Ռենլանդ․ Հասկանալ ինքնասպանությունը», (տեսանյութ), ավետարանի գրադարան։

երիտասարդ տղան արևածագին

Առաջ շարժվել և դեպի վեր նայել

Որոշ պատասխաններ, որոնք Աստված տալիս է մեզ, տարբերվում են նրանից, ինչի համար մենք հույս ունեինք, իսկ որոշ պատասխաններ չեն գա այս կյանքում: Թեև մենք հիմա ամեն ինչ չգիտենք այն մասին, թե ինչու մեզանից շատերը պայքարում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից, մենք կարող ենք հավատալ այն խոստմանը, որ մի օր մենք կունենանք ամեն ինչի կատարյալ պատկերացումը: Մեր ջանքերը, անկախ նրանից, թե որքան անարդյունք կարող են դրանք երբեմն թվալ, բոլորը կարդարացվեն (տես Գաղատացիներին 6.9, Վարդապետություն և Ուխտեր 58.3):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Հավատքը գեղեցիկ է, քանի որ այն պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ակնկալվող օրհնությունները չեն գալիս: Մենք չենք կարող տեսնել ապագան, մենք չգիտենք բոլոր պատասխանները, բայց մենք կարող ենք վստահել Հիսուս Քրիստոսին, երբ շարունակում ենք զարգանալ, քանի որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է»:

Երբ դուք և նրանք, ում սիրում եք, անցնեք հոգեկան առողջության բարդություններով, հիշեք, որ այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կուղղվի Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Շարունակեք շարժվել առաջ և վեր՝ Նրան ձեր կողքին ունենալով՝ դուք միշտ կարող եք համբերել հույսով: