Քամիլ Ն. Ջոնսոն, «Քաղված դասեր․ Դարձնել Քրիստոսին իմ կյանքի պատմության հեղինակը», Լիահոնա, սեպտեմբեր 2025:
Ուխտի կանայք
Քաղված դասեր․ Դարձնել Քրիստոսին իմ կյանքի պատմության հեղինակը
Մենք բոլորս ունենք տարբեր փորձառություններ, բայց եթե թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքում, մենք կկատարենք ստեղծման մեր չափը այնպես, ինչպես երբեք չէինք կարող պատկերացնել:
Հատված Պաշտպան ցերեկով և գիշերով կտավից, Քեյթլին Քոնոլիի, չբազմացնել
2016 թ․-ին, երբ գրեթե երեք տասնամյակ ամուսնացած էինք, սիրել, խնամել ու դաստիարակել էինք մեր երեք որդիներին, լրիվ դրույքով աշխատել էինք իրավագիտության ոլորտում, ծառայել էինք Եկեղեցու կոչումներում և հոգացել մեր մեծ ընտանիքի կարիքները, ես և ամուսինս՝ Դագը, երեք տարով կանչվեցինք ծառայելու որպես միսիայի ղեկավարներ Պերուի Արեկիպա քաղաքում: Մենք մեկնեցինք մեր առաջին թոռնիկի ծնվելուց անմիջապես հետո:
Տուն վերադարձանք 2019 թվականին՝ երկու նոր թոռնուհիների մոտ։ Մեր երկու ավագ որդիներն ամուսնացած էին, իսկ կրտսերը սիրահարված էր և շուտով պետք է ամուսնանար: Ես սկսեցի կրկին զբաղվել իրավագիտությամբ և վերադարձա իմ սիրելի կոչմանը՝ որպես Մայրիկ և Տատիկ:
Իսկ հետո կանչը եկավ՝ ծառայելու որպես Երեխաների միության գերագույն նախագահ: Հարմարավետ պատմությունը, որը ես գրել էի ինքս ինձ համար, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելն էր, ևս մեկ տասնամյակ իրավագիտությամբ զբաղվելը և ֆինանսական ապահովություն երաշխավորելը, նաև ծառայելը իմ ծխում կամ տաճարում:
Ի՞նչ կլիներ, եթե ես շարունակեի ապրել այս հարմարավետ կյանքով:
Ես հաճույքով ավելի շատ ժամանակ կանցկացնեի թոռներիս հետ, և կարող էի որոշակի ֆինանսական ապահովություն երաշխավորել: Սակայն, ես բաց կթողնեի մի փորձառություն, որը կմղեր ինձ ընդլայնելու իմ կարողության սահմանները՝ առանց դրանք հատելու, կտար հոգեպես աճելու և հավատք կերտելու հնարավորություն: Դե ի՞նչ, բարձրանանք այդ բլուրը։ Այո: Արժե՞ անել։ Այո, իհարկե։
Ես առաջարկում եմ իմ վկայությունը, որ «քանի որ [Փրկիչը] հիանալի գիտի մեր ներուժը, Նա մեզ կտանի այնպիսի վայրեր, որոնք մենք երբեք չենք պատկերացրել»: Ես վստահ եմ, որ Նա ձեզ կտանի այնպիսի վայրեր, որոնք դուք երբեք չէիք պատկերացնի, իսկ ձեր ծառայությունը ձեզ կուսուցանի և հոգևոր աճ կբերի։ Թող Աստված առաջնորդի ձեզ՝ քայլելու մեկի կողքին, ով ձեր կարիքն ունի:
Դուք կարող եք մեծահասակներին կարդալ սովորեցնել: Կամ գուցե ծառայեք ներգաղթյալներին։ Միգուցե կառաջնորդեք համայնքային խումբ՝ պահպանելու այգիները և անվտանգ դարձնելու ընտանիքների համար: Երբ մենք թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, Նա մեզ կտանի այնտեղ, որտեղ Նա մեր կարիքն ունի, և այնտեղ, որտեղ մենք երբևէ չէինք պատկերացնի մեր ներկայությունը:
Նախագահ Նելսոնն ասել է․ «Ստացեք ավելի շատ հավատք՝ անելով որևէ արարք, որը ավելի շատ հավատք է պահանջում»:
Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Քանի որ ես թույլ տվեցի, որ Աստված տնօրինի իմ կյանքում և որ Նա հեղինակի իմ պատմությունը, իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս մեծացավ:
Այդ դեպքում, դուք ինչպե՞ս թույլ կտաք, որ Նա տնօրինի ձեր կյանքում:
Դա ինչպե՞ս կարող է լինել մի երիտասարդի համար, որը կրթություն է ստանում և ցանկանում է ամուսնանալ և ընտանիք կազմել: Նախագահ Դալլին Հ․ Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է, որ ընտրությունը ընտանիքի կամ կրթության ու կարիերայի միջև չէ: Նա ասել է. «Ժամանակի ընտրությունն այն է, թե մենք ինչ պետք է ընտրենք, և դա անելիս մենք փնտրում ենք Տիրոջ ոգեշնչումը և Նրա ծառաների ուսմունքները»:
Անդրադառնալով այս թեմային՝ ես ցանկանում եմ զգայուն լինել նրանց հանդեպ, ովքեր անկեղծ և հաստատուն ցանկություն ունեն ամուսնանալու և երեխաներ ունենալու այս կյանքում, և ովքեր ամուրի են։ Ես հասկանում եմ, որ շատերը միայնակ են ծնողավարում մահվան կամ ամուսնալուծության պատճառով: Ես գիտեմ անթիվ զույգերի, որոնք ամուսնացած են և երեխաներ են ցանկանում, սակայն տառապում են անպտղության և վիժումի խնդիրներից: Ես գիտեմ՝ դուք տառապում եք: Դուք ցանկանում եք, որ ժամանակի ընտությունը փոխվի: Սա այն պատմությունը չէ, որը դուք գրել եք ձեզ համար: Իմ սիրտը ցավում է ձեզ համար:
Յուրաքանչյուրի պատմությունը տարբեր է
Ես կրթություն եմ ստացել՝ և՛ բակալավրիատում, և՛ իրավագիտության մագիստրատուրայում: Ես ամուսնացա, երբ դեռ իրավաբանական կրթություն էի ստանում: Առաջին որդուս ունեցա մեկ տարի անց այն քննությունից հետո, որով ինձ թույլ էր տրվում զբաղվել իրավաբանությամբ Միացյալ Նահանգների մեկ կամ մի քանի նահանգներում: Ես երեխաներ ունեցա, ես ու ամուսինս սիրում և խնամում էինք նրանց, մինչ երկուսս աշխատում էինք: Մեր կյանքը զբաղված էր, երբեմն բուռն, մենք լարված էինք, իսկ երբեմն՝ հոգնած: Ես աջակցում էի նրան, իսկ նա՝ ինձ։ Ընտանիքը եղել և մնում է մեր առաջնահերթությունը: Ես և ամուսինս ոգեշնչում փնտրեցինք այս ընտրությունների և ժամանակի մեջ: Դա այն էր, ինչ մենք զգացինք, որ պետք է անենք: Մենք փորձում էինք թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը:
Ֆինանսական և մասնագիտական տեսանկյունից իմաստ կունենար հետաձգել երեխաներ ունենալը, մինչև որ ես ավելի կայանայի իմ կարիերայում։ Բայց թույլ տալով, որ Տերը հեղինակի մեր պատմությունները, մենք երբեմն անում ենք այնպիսի բաներ, որոնք աշխարհը չի կարող իմաստավորել: Ես ձեռնամուխ էի լինում հղիությանը, երեխաներ ծննդաբերելուն, նրանց դաստիարակելուն, կառավարում էի մեկ ավտոմեքենայի համատեղ օգտագործումը, փոքր լիգային, ծառայում էի Եկեղեցու կոչումներում, աջակցող կողակից էի և կատարում էի իմ մասնագիտական պարտականությունները։ Դա ուրախ կառավարում էր, որը ես չէի փոխի, քանի որ դժվար լինելով հանդերձ, այն ինձ մեծ ուրախություն էր պատճառում։ Մենք վստահ էինք մեր ընթացքի մեջ, քանի որ թույլ էինք տալիս, որ Աստված տնօրինի մեր կյանքը:
Խնդրում եմ սխալ չհասկանալ: Ես չեմ առաջարկում բոլորին հետևել իմ ընթացքին: Մեր պատմությունները նույնը չեն: Ես կիսում եմ իմ պատմությունը, քանի որ դա այն է, ինչ ես գիտեմ: Այնուամենայնիվ, մեր ընդհանուր միակ դրդապատճառն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի:
Մայր լինելն իմ առաջնահերթությունն է: Դա իմ գերագույն ուրախությունն է: Աստված օրհնեց մեր առաջին ծնողներին և պատվիրեց նրանց․ «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան» (Ծնունդ 1․28)։ Ադամին և Եվային Աստծո կողմից տրված առաջին պատվիրանը վերաբերում էր որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությանը:
Իմ հիմնական կողմնորոշումը մայրությունն է: Այդ կողմնորոշումը չէր հակասում իմ կողմից ջանասիրաբար կրթություն ստանալուն: Մեզ պատվիրված է փնտրել ուսումնառություն, որոնցից մի քանիսը գալիս են մեր կրթություն ստանալու ընթացքում: Այն նաև գալիս է ծնողներից, որոնցից մենք սովորում ենք դառնալ աստվածանման, երբ մշակում ենք սիրո, կարեկցանքի և համբերության հատկանիշներ:
Թույլ տալ, որ Աստված տնօրինի արտահայտությունն իր մեջ ներառում է՝ հրավիրել Նրան ներգրավվելու մեր ընտրությունների ժամանակի մեջ:
Ես հավերժ երախտապարտ եմ, որ ստացել եմ ոգեշնչում Տիրոջից և ուղղորդում՝ մարգարեներից, որոնք օգնեցին ինձ և իմ ամուսնուն մեր ընտրության ժամանակ՝ երեխաներին մեր ընտանիք հրավիրելու համար: Ես այնքան երախտապարտ եմ, որ գործեցի հուշումների համաձայն և թույլ չտվեցի, որ աշխարհիկ ազդեցությունները, հարմարությունը, պատիվը կամ փողը խոչընդոտեն երեխաներ ունենալու և դաստիարակելու իմ աստվածային ներուժն իրականացնելու ընտրության ճանապարհին:
Կանայք երեխաներով և առանց երեխաների, Քեյթլին Քոնոլլի, պատճենումն արգելված է
Ստեղծման մեր չափը
Եթե տղամարդիկ և կանայք դադարեն երեխաներ ունենալ և դաստիարակել, այս մահկանացու փորձառությունն ավարտվում է։ Ուստի, կենսականորեն կարևոր է, որ մենք ոչ անտեսենք, ոչ էլ բաց թողնենք ծնող լինելու սուրբ պարտականությունը:
Հասարակագիտական տվյալների առատությունը ցույց է տալիս վճռական, բացասական ազդեցությունը այն ազգերի և քաղաքակրթությունների վրա, որոնք դադարում են երեխաներ ունենալ։ Աշխարհի շատ երկրներում մեկ կնոջ հաշվով կենդանի ծնունդների միջին թիվը երկուսից պակաս է: Դա նշանակում է, որ մենք մեզ չենք փոխարինում։
Մենք՝ որպես Եկեղեցու առաջնորդներ, մտահոգված ենք ամուսնության և ծննդաբերության վերջին միտումներով: Միացյալ նահանգներում վերջին 30 տարիների ընթացքում մենք տեսել ենք ութից ինը տոկոսային կետով անկում այն քաղաքացիների շրջանում, որոնք երբևէ ամուսնացած են եղել։ Այս թվերը «համաշխարհային խնդիր են ներկայացնում»։ Երբ մարդիկ չեն ամուսնանում, ավելի քիչ երեխաներ են ծնվում։
Միացյալ Նահանգները վերջերս հատել է «այն շեմը, որտեղ 18-55 տարեկան մեծահասակների մեջ այժմ ավելի մեծ թիվ են կազմում առանց երեխաների միայնակ չափահասները, քան երեխաներ ունեցող ամուսնացած չափահասները»:
Երեխաները կենսական նշանակություն ունեն քաղաքակրթությունը պահպանելու համար: Նրանք կենսական նշանակություն ունեն երջանկության փառահեղ ծրագրի համար: «Դեռևս ուժի մեջ է» Իր զավակներին տված՝ շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը:
Հատված Մենք նրանց հետ, և նրանք մեզ հետ նկարից, ըստ Քեյթլին Քոնալիի, չպատճենել
Թող Տերը գրի ձեր պատմությունը
Ես գիտեմ, որ շատ մարդկանց անկեղծ ցանկությունը կարող է լինել ամուսնանալն ու երեխաներ մեծացնելը: Այնուամենայնիվ, շատերը միայնակ են կամ տառապում են անպտղությամբ: Իմ շատ սիրելի ընկերուհին, որը երբեք չի ամուսնացել և սեփական երեխաներ չի ունեցել, սիրել և հոգ է տարել իմ երեխաների մասին: Դա չի կարող փոխարինել նրա երեխաներին: Սա վկայում է այն մասին, որ նրա կողմնորոշումը մնում է դեպի մայրությունը:
Իմ տղան և հարսը առնչվել են կրկնակի վիժումների մարտահրավերի հետ: Նրանց ցանկությունն արդար է: Նրանք ձգտում են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքում: Հիշեք, երբ մենք հավատով խնդրում ենք թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսը լինի մեր պատմության հեղինակն ու ավարտողը, պետք է պատրաստ լինենք ընդունելու մարտահրավերները, որոնք թեև ցավոտ են, սակայն, ի վերջո, ավելի մեծ հոգևոր աճ են տալիս, քան կարող ենք պատկերացնել:
Իմ սիրելի ընկերների մեջ կա մի անզավակ զույգ, որը հետագայում ամուսնացավ և տառապեց անպտղության խնդրով: Նրանք հավատքով հարցրին՝ արդյոք պետք է երեխաներ որդեգրեն: Մանկահասակ երեխայի փոխարեն նրանք հուշում ստացան որդեգրել քույրերի՝ 5-17 տարեկան։ Երեխա որդեգրելու նրանց որոշումը հաստատ այն չէր, ինչ նրանք ծրագրել կամ ակնկալում էին իրենց կյանքում: Բայց որքան հոյակապ է այն պատմությունը, որը Նա է գրել նրանց հետ:
Անկախ մեր անձնական հանգամանքներից, մենք բոլորս Աստծո ընտանիքի անդամ ենք, երկրային ընտանիքի անդամներ և պատրաստվում ենք լինել հավերժական ծնողներ: Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ հասանելի դարձած վեհացման օրհնությունները ներառում են սերունդները: Եվ այսպես, անկախ նրանից՝ մենք կնքված ենք և երեխաներ ենք ծնում այս կամ հաջորդ կյանքում, մեր նպատակը վեհացումն է, որը կարող է լինել մերը, եթե մենք ուխտեր կապենք և պահենք: Երբ մենք մտնում ենք Աստծո հետ ուխտի հարաբերությունների մեջ, ուղղահայաց կերպով կապվում ենք Նրա հետ և երբեք մենակ չենք: Այն օրհնում է մեզ «[Նրա] սիրո և ողորմության լրացուցիչ չափաբաժնով»:
Մենք՝ որպես ուխտի ժողովուրդ, ծրագրում և պատրաստվում ենք ամուսնությանը, երեխաներ ունենալուն ու նրանց դաստիարակությանը: Ի՜նչ սրբազան և սուրբ կոչում։ Մենք սիրում և առաջնորդում ենք, ծառայում և ծնողավարում ենք՝ ցույց տալու մեր սերը Աստծո և Նրա զավակների հանդեպ, քանի որ ցանկանում ենք, որ Նա տնօրինի մեր կյանքում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում կենդանի լինելու և ուխտեր կապելու փառահեղ ժամանակն է: Երջանկության ծրագրում մեր դերը, նպատակը և պատասխանատվությունը հասկանալը ազնվացնում է, հուսադրում և ուրախացնում: Իմանալով, որ մենք ունենք ապրող մարգարե, որը մեզ նախապատրաստում է այն ամենին, ինչ սպասվում է, ինձ խաղաղություն և նույնիսկ լավատեսություն է բերում անորոշության մեջ: Աստծո հետ իմ ուխտի հարաբերությունները ինձ վստահություն են տալիս: Իմ ուխտի վստահությունը Հիսուս Քրիստոսում է:
Ես վկայում եմ, որ Նա ապրում է, որ Նրա սերը մեր հանդեպ դրսևորվում է Իր կյանքը և Քավությունը մեզանից յուրաքանչյուրի համար առաջարկելու Նրա պատրաստակամությամբ: