«Նամակ նրանց, ովքեր պայքարում են ներելու համար», Լիահոնա, հուլիս 2025։
Չափահաս երիտասարդներ
Նամակ նրանց, ովքեր պայքարում են ներելու համար
Ինձ նախկինում ցավ են պատճառել և ես ստիպված էի սովորել, թե ինչպես ներել:
Թանկագին ընկեր,
Մարդկանց ցավ պատճառելը կամ վիրավորելը կարծես համընդհանուր փորձառություն է դարձել: Մեզ շրջապատող մարդիկ հաճախ ասում կամ անում են այնպիսի բաներ, որոնք ստիպում են մեզ զայրանալ, նաև անտեսված, վիրավորված, նվաստացած կամ չգնահատված զգալ:
Տարիներ առաջ ինձ մի մարդ վիրավորել էր եկեղեցում։ Ես զայրացած էի և վրդովված, և ուզում էի, որ այդ մարդը ներողություն խնդրի, բայց նման բան երբեք տեղի չունեցավ։ Ես փորձեցի մոռանալ կատարվածը, մտածելով, որ ցավն ու զայրույթը, որ զգում էի, պարզապես կանցնեն:
Բայց ես մի քանի տարի շարունակ պահում էի բարկության այդ զգացումները։ Զայրույթը, որ ես զգացել էի այդ մարդու հանդեպ, չէր լքում ինձ։
Մի օր ընկերոջս հետ խոսում էի այս իրավիճակի մասին: Իմ գլխում մի միտք ծագեց.
Ներիր։
Հոգին հուշում էր ինձ ներել այս մարդուն, որի հանդեպ այդքան մեծ զայրույթով էի լցված։ Ես ապշած էի։
Ինչպե՞ս պետք է ներեի այս մարդուն: Վիրավորանքը ինձ էր հասցվել, այնպես որ ես արժանի էի, որ ներողություն խնդրեն ինձնից, այնպես չէ՞։
Ես երկար ժամանակ պայքարում էի այդ զգացողության դեմ: Այնուամենայնիվ, ես խորհեցի իմ Փրկչի օրինակի և ներման մասին Նրա ուսմունքների մասին.
«Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։
Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6․14–15)։
Նույնիսկ խաչի վրա Փրկիչը աղաչեց Իր Հորը ներել իրեն խաչած զինվորներին (տես Ղուկաս 23․34)։
Ես նաև հիշեցի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը․ «Գործադրեք խոնարհություն, քաջություն և ուժ, որոնք պահանջվում են և՛ ներելու, և՛ ներում փնտրելու համար: ․․․
․․․ Եթե ներկայումս ներումն անհնարին է թվում, խնդրեք, որ ուժ ստանաք Հիսուս Քրիստոսի քավիչ արյան միջոցով, որը ձեզ կօգնի»:
Այս ամենը նկատի ունենալով՝ ես շատ աղոթեցի: Ես աղոթեցի իմ Երկնային Հորը՝ ասելով. «Եթե քո կամքն է, որ ես ներեմ այս մարդուն, բացիր դռները և օգնիր ինձ իրականացնել դա, քանի որ ես ինքս ուժ չունեմ դա անելու»։
Հաջորդ օրը եկեղեցում ես հայտնվեցի դեմ առ դեմ այն մարդու հետ, որը վիրավորել էր ինձ: Հոգով առաջնորդվելով՝ ես զգացի, որ պետք է ներողություն խնդրեմ նրանցից: Ես ներողություն խնդրեցի, որ երբեմն լավ ընկեր չեմ եղել և հարցրի՝ կարո՞ղ է ինձ ներել։ Նա ներեց և նաև ինձնից ներողություն խնդրեց իր արածի համար: Ես նույնպես ներեցի։
Այդ փորձառությունից ես դուրս եկա թեթևացած։ Իմ վիրավորված զգացմունքները միանգամից չմոռացվեցին, բայց ես ինձ ավելի լավ էի զգում: Ես ազատվել էի այն ցավից ու վշտից, որն ինձ տանջում էր այդքան ժամանակ։ Ես կարող էի խաղաղությամբ առաջ գնալ:
Երբեմն կարող է թվալ, որ անհնար է ներել: Բայց զայրույթը մեր մեջ պահելը միայն ավելի է վնասում մեզ: Երկնային Հայրը չի ցանկանում, որ մենք շարունակենք կրել այն ցավը, վիշտը և զայրույթը, որոնց համար Հիսուսն այնքան թանկ վճարեց, որ մենք ազատվենք: Քանի որ Նա սիրում է մեզ, Նա ցանկանում է, որ մենք ուրախություն զգանք:
Իմ ընկեր, խնդրում եմ, պատրաստ եղիր հրաժարվելու այն բեռից, որ դու կրում ես: Տվեք դրանք Փրկչին և թողեք Նրա սերը մուտք գործի ձեր կյանք: Մի ընտրեք շարունակել վիրավորված մնալ։ Դրա փոխարեն ընտրեք Նրան։
Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Քրիստին Մ․ Յին վկայել է․ «Տերը պահանջում է, որ մենք ներենք մեր օգտի համար: Բայց Նա չի խնդրում մեզ դա անել առանց Իր օգնության, Իր սիրո և Իր հասկացողության: Տիրոջ հետ ունեցած մեր ուխտերի միջոցով մենք յուրաքանչյուրս կարող ենք ստանալ ամրապնդող զորությունը, առաջնորդությունը և օգնությունը, որն անհրաժեշտ է և՛ ներելու, և՛ ներվելու համար»։
Իմ սիրելի ընկեր, դու այնքան սիրված ես: Ձեր ներման ճանապարհը հավանաբար նման չի լինի իմ ճանապարհին: Բայց քանի որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք և այնքան սիրված ենք, Նա հոգ կտանի մեզանից յուրաքանչյուրի մասին՝ ըստ մեր անհատական կարիքների։ Նա մեզ ցույց կտա բուժման ճանապարհը, նույնիսկ եթե դա ժամանակ պահանջի:
Հուսով եմ, որ դուք փնտրում եք այն ներողամտությունը, որն այնքան անհրաժեշտ է ձեր հոգուն: Հուսով եմ, որ իմ խոսքերն օգտակար են եղել ձեզ համար, բայց որ ավելի կարևոր է, ես հուսով եմ, որ Հոգին վկայել է ձեզ այն ճշմարտության մասին, որ Փրկիչը կարող է մեզ խաղաղություն, սփոփանք և ամբողջականություն բերել:
Սիրով՝
Ձեր ընկեր