«Քույր Մունյոզի հավատքը», Լիահոնա, հուլիս 2025։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Քույր Մունյոզի հավատքը
«Հրա՜շք։ Հրա՜շք»,- բացականչեց տղան, մինչ վազում էր փողոցն ի վար։
Նկարը՝ Դեյվիդ Մալանի/Malan Creative
1967թ.-ին ես և երեց Ուիլյամ Դաները դարձանք Կոլումբիայում ծառայող առաջին 20 միսիոներներից երկուսը: Մենք քիչ հաջողություն ունեինք, մինչև Ռաուլ անունով մի մարդ, ուսուցանվելով այլ միսիոներների կողմից, մեզ ծանոթացրեց Մունյոզների ընտանիքի հետ: Հոգին ուժեղ էր, երբ մենք ուսուցանում էինք ընտանիքին՝ վկայելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին:
«Ես գիտեմ, որ այս երիտասարդներն ասում են ճշմարտությունը»,- ասաց Ռաուլը: «Նրանք ունեն նույն քահանայությունը, որն ուներ Հիսուս Քրիստոսը: Նրանք կարող են հենց հիմա բարձրանալ վերև և բուժել ձեր կույր աղջկան՝ Մարգարիտային»:
Քույր Մունյոզը նայեց ինձ և հարցրեց. «Դա ճի՞շտ է»:
Կոկորդս սկսեց սեղմվել։ Իմ վկայությունը նախկինում երբեք նման փորձության չէր ենթարկվել: Ես գիտեի, որ նման հրաշքը կպահանջեր ամուր հավատք։ Ես և զուգընկերս ավելի ուշ իմացանք, որ ակնաբույժները ընտանիքին ասել էին, որ Մարգարիտան, որը տեսողությունը կորցրել էր դժբախտ պատահարից վեց ամիս առաջ, այլևս չի տեսնի:
«Դուք ունեք նույն քահանայությունը, որն ուներ Հիսուս Քրիստոսը»,- ասաց քույր Մունյոզը: «Իմ աղջիկը կույր է։ Եկեք բարձրանանք և բուժենք նրան»։
Այսքան մեծ հավատքի ականատես չէի եղել։ Նա նման էր Լամոնի թագավորի կնոջը, որ ասաց Ամմոնին. «Ես հավատում եմ, որ դա պիտի լինի համաձայն նրա, ինչպես դու ասացիր» (Ալմա 19․9)։
Երեց Դաներն օծեց Մարգարիտային, և ես կնքեցի օծումը: Ի զարմանս ինձ, իմ բերանից դուրս եկած խոսքերն իմը չէին. «Դուք կբժշկվեք և ձեր աչքերը կտեսնեն»։ Ես զգացի նաև, որ պետք է արտաբերեի այլ օրհնություններ, ներառյալ այն, որ ընտանիքի անդամները կօգնեն կառուցել Եկեղեցին Կոլումբիայում: Դրանից հետո ես մտածում էի՝ արդյոք տվել էի խոստումներ, որոնք չեն կատարվի:
Հաջորդ օրը ընտանիքի դեռահաս որդին փողոցում վազելով եկավ դեպի մեզ՝ աղաղակելով «Հրա՜շք։ Հրա՜շք։ Քույրս կարողանում է տեսնել»։
Այդ շաբաթ մենք մկրտեցինք 13 հոգու:
Եղբայր և քույր Մունյոզները դարձան Եկեղեցու հավատարիմ անդամներ: Նրանց ազդեցությունը, ներառյալ եղբայր Մունյոզի աշխատանքը՝ որպես Կոլումբիայի մաքսային ծառայության ղեկավար, օգնեց ավետարանը տարածել այնտեղ։ Մի դուստրը ծառայեց միսիայում, նրա եղբայրը ծառայեց որպես եպիսկոպոս: Մարգարիտան տեսողությունը պահպանեց ողջ կյանքի ընթացքում:
Հիսուս Քրիստոսն ասել է նրանց մասին, ովքեր հավատում են Իրեն. «Իմ անունով նրանք կբացեն կույրերի աչքերը» (Վարդապետություն և Ուխտեր 84․69)։ Ես գիտեմ, որ Փրկչին «հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (Մարկոս 9․23)։