2025
Պատասխան մեծ հարցին․ Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին
Հուլիս 2025


«Պատասխան մեծ հարցին․ ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին», Լիահոնա, հուլիս 2025։

Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 76

Պատասխան մեծ հարցին․ ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին

Ի՞նչ կփոխվի հաջորդ կյանքում՝ կախված այն բանից, թե ինչպես ենք մենք արձագանքում այս հարցին:

Հիսուս Քրիստոսի նկարը

Նկարը՝ Դեյվիդ Բ․ Չեմբերլեն

Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը ներկայացնում է քրիստոսակենտրոն տեսիլք՝ հրավիրելով Աստծո բոլոր զավակներին խորհել՝ «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» կարևորագույն հարցի շուրջ (Մատթեոս 22․42)։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) ընդգծել է մեր պատասխանի կարևորությունը՝ ասելով. «Կարո՞ղ ենք մենք և՛ մեր կյանքով, և՛ մեր լեզվով պատասխանել՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին»: (Մատթեոս 16․16։) Քանի դեռ մենք կարող ենք, ուրիշ ինչ էլ որ ասենք և անենք, ի վերջո, այնքան էլ կարևոր չի լինի»:

Հովհաննես 5․29 հատվածի շուրջ խորհելիս Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը երկնային տեսիլք տեսան Աստծո զավակների հարության և փառքի արքայությունների վերաբերյալ, որոնք նրանք ստանում են՝ հիմնված Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի վերաբերյալ իրենց պատասխանների վրա:

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Տեսիլքը, որը նկարագրվում է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում, շեշտում է առանցքային ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին․

  • «Տերն Աստված է, և նրանից բացի Փրկիչ չկա» (հատված 1

  • Նա «ողորմած և բարեգութ [է] նրանց հանդեպ, ովքեր վախենում են [նրանից], և բերկրանքով պատվում [է] նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են [իրեն]» (հատված 5

  • «Նա եկավ աշխարհ … աշխարհի մեղքերը կրելու և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար, որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է» (հատվածներ 41–42):

  • Եվ Հիսուս Քրիստոսը, ի վերջո, «իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը» (հատված 69):

Հատուկ վկա

Ջոզեֆը և Սիդնին համարձակորեն վկայում են Հիսուս Քրիստոսի իրական գոյության և նշանակության մասին.

«Նա ապրում է:

Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է,–

Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո» (հատվածներ 22–24):

Կորստի որդիները

Հիսուս Քրիստոսը կփրկի «բոլորին, բացի [կորստի որդիներից]» (Վարդապետություն և Ուխտեր 76.44): Նրանք լիովին պատասխանել են «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» հարցին՝ մերժելով Սուրբ Հոգուն և ուրանալով ու արհամարհելով Հիսուս Քրիստոսին և Նրա զորությունը, երբ Նա նրանց հայտնի դարձվեց (տես հատված 43)։ Նրանք այդպես վարվեցին՝ «իրենց համար խաչելով և բացահայտ անարգանքի մատնելով նրան» (հատված 35

Թելեստիալ փառք

Ինչպե՞ս են թելեստիալ փառքում գտնվողները պատասխանում «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» հարցին։ Նրանք ընտրում են մերժել ավետարանը և «Հիսուսի վկայությունը» (Վարդապետություն և Ուխտեր 76․82, 101), և նրանք մերժում են Նրա պատվիրանները՝ որ «ստախոսներ են, և կախարդներ, և շնացողներ, և անառակներ» (հատված 103

Այնուամենայնիվ, նրանք ստանում են հարություն և փառքի աստիճան, որ «ամեն հասկացողությունից վեր է» (հատված 89)։ Նրանք ենթարկվում են թելեստիալ թագավորության առնվազն մեկ օրենքի (տես Վարդապետություն և Ուխտեր 88․36), պահանջելով, որ բոլորը «պիտի ծունկ ծալեն և ամեն լեզու պիտի խոստովանի նրան, ով նստած է գահին հավիտյանս հավիտենից» (Վարդապետություն և Ուխտեր 76․110

Թերեստրիալ փառք

Ինչպե՞ս են թերեստրիալ արքայությունում գտնվողները պատասխանում «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» հարցին։ Թեև նրանք ունեն «Հիսուսի մասին վկայություն», նրանք «անվեհեր չեն» դրանում, «ուստի, նրանք չեն ստանում մեր Աստծո արքայության թագը» (հատված 79)։ Նրանք օրհնվում և «ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից» (հատված 77

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը հրավիրում են մեզ ոչ միայն իմանալ, այլ նաև անել և դառնալ։ Հոր և Որդու լիությունը ստանալու համար պետք է ստանալ տաճարային արարողությունները և հավատարիմ լինել այդ ուխտերին: Մարգարե Ջոզեֆը պարզաբանել է․ «Եթե մարդ ստանում է Աստծո քահանայության լրիվությունը, նա պիտի ստանա այն նույն ձևով, ինչպես Հիսուս Քրիստոսը ձեռք բերեց այն, և դա բոլոր պատվիրանները պահելու և Տիրոջ տան բոլոր արարողություններին մասնակցելու միջոցով է»: Թերեստրիալ էակները չեն ցանկանում ստանալ Հոր լիությունից:

Սելեստիալ փառք

Ինչպե՞ս են սելեստիալ արքայությունում գտնվողները պատասխանում «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» հարցին։ Նրանք ընդունեցին «Հիսուսի մասին վկայությունը». նրանք հավատացին «նրա անվանը». նրանք «մկրտվեցին նրա թաղվելու ձևով, թաղվելով ջրի մեջ՝ նրա անունով» (հատված 51)։ Նրանք պահում են «պատվիրանը[, որպեսզի] նրանք կարողանան լվացվել և մաքրվել իրենց բոլոր մեղքերից, և ձեռնադրմամբ ստանան Սուրբ Հոգին, նրա միջոցով, ով կարգված և կնքված է այս զորությանը» (հատված 52)։ Նրանք «հաղթում են հավատքով [առ Տեր Հիսուս Քրիստոսը] և կնքվում են խոստումի Սուրբ Հոգով» (հատված 53)։ «Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը» (հատված 69

Հիսուս Քրիստոսը հասկանում է Իր դերը Երկնային Հոր երջանկության ծրագրում. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14․6)։ Ոչ ոք չի ստանում սելեստիալ փառքը կամ Հոր լիությունից՝ առանց ընդունելու այն ամենը, ինչ Փրկիչն առաջարկում է Իր Քավության միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 84․37–38)․ Նրա սերը, զորությունը, ողորմությունը, բարությունը, ծառաները, արդարությունը, պատվիրանները, արարողությունները և ուխտերը:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը շեշտում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու դերը՝ օգնելու Աստծո զավակներին հավերժական կյանք ստանալու հարցում. «Եկեղեցու երկարատև նպատակն է՝ օգնել բոլոր անդամներին մեծացնել իրենց հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, օգնել նրանց Աստծո հետ ուխտեր կապել և պահել դրանք, ինչպես նաև ամրապնդել և կնքել իրենց ընտանիքները»:

Նախագահ Նելսոնը խրախուսել է մեզ սելեստիալ արքայությունը դարձնել մեր հավերժական նպատակը, «ուշադիր խորհել, թե երկրի վրա գտնվելու ժամանակ [մեր] յուրաքանչյուր որոշումը որտեղ կտեղավորի [մեզ] հաջորդ աշխարհում»։ Արձագանքելով այս հրավերին՝ մենք պատրաստ կլինենք պատասխանել «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին» մեծագույն հարցին։

Փառքի աստիճանների տեսիլքը մեզ վստահեցնում է ոչ միայն, որ կամքի ազատությունը իրական է, այլ նաև, որ ընտրություններն իսկապես կարևոր են: Այն նաև հիշեցնում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ենք «փրկագնված անկումից» և «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ» (2 Նեփի 2․26–27): Մենք ի՞նչ կընտրենք։ Մեր ապագան այս կյանքում և մեր հավերժական ճակատագիրը նույնքան պայծառ են, որքան մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը: