«Ես զգում եմ խաղաղություն իմ սրտում», Լիահոնա, հուլիս 2025։
Դիմանկարներ հավատքի թեմայով
Ես զգում եմ խաղաղություն իմ սրտում
Ես՝ որպես բուժքույրական քոլեջի ուսանող, զգացի, որ ժամանակ չունեմ իմ եկեղեցական կոչումների և իմ ուսումնասիրությունների համար: Բայց ես իմ պատանեկության տարիներին սովորել էի, որ ծառայությունն ու Աստծո պատվիրաններին հնազանդվելը հանգեցնում են երջանիկ կյանքի:
Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի
Իմ վաղ պատանեկության տարիներին ես մտածում էի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց հեռանալու մասին: Բայց միևնույն ժամանակ ես հասկանում էի, որ չէի հետևել Եկեղեցու բոլոր ուսմունքներին: Ես որոշեցի, որ եթե պատրաստվում եմ հեռանալ Եկեղեցուց, ապա ուզում եմ լավ զգացողություններ ունենալ այդ հարցի վերաբերյալ:
Այսպիսով, ես որոշեցի, որ կփորձեմ հնազանդվել այն ամենին, ինչ ուսուցանում է ավետարանը: Այնուհետև, եթե ես իմ ներսում զգայի, որ ուսմունքները իմաստ չունեն, ես կարող էի հեռանալ առանց որևէ ափսոսանքի:
Իմ ողջ «զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4․2) ես փորձեցի հնազանդվել այն ամենին, ինչ Տերն է սովորեցնում, և հետևում էի, թե ինչ կլիներ արդյունքում: Այդ փորձառության միջոցով ինձ տրվեց երջանկության այնպիսի աստիճան, որը գրեթե երբեք չեմ զգացել: Մնալով Եկեղեցում՝ ես զգացի, որ կարող եմ երջանիկ կյանքով ապրել՝ իմանալով, թե ինչ է իրական երջանկությունը:
Այդ փորձառությունից հետո ես որոշեցի գնալ միսիա և կիսվել այն խաղաղությամբ, որը զգացի իմ սրտում: Անկախ այն բանից, թե ինչ փորձությունների կհանդիպեմ, ես սովորել եմ, որ եթե աղոթեմ Աստծուն, Նա կաջակցի ինձ, հույս կտա և կօգնի ինձ հասկանալ իմ դժվարությունների պատճառը:
Ես ինչպե՞ս վարվեմ
Իմ միսիայից հետո, երբ սովորում էի բուժքույր դառնալու համար, ես ամեն օր շատ ժամանակ էի անցկացնում աշխատանքային պրակտիկայի վրա: Դրանից հետո ես տնային առաջադրանքներս կատարում էի մինչև գիշերվա ժամը 2-ը կամ 3-ը: Այնուհետև ես մի քիչ քնում էի՝ նախքան հաջորդ օրը աշխատանքային պրակտիկան սկսելը:
Այդ ժամանակ ես ծառայում էի որպես ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ: Ինձ համար շատ դժվար էր ուսումնասիրել և կատարել Եկեղեցու կոչման պարտականությունները: Ես գիտեի, որ եթե հրաժարվեի իմ կոչումից, ես չէի կարողանա երիտասարդներին ուսուցանել Աստծո ճանապարհին հետևելու կարևորության մասին կամ ստանալ այն օրհնությունները, որոնք Նա պատրաստել էր ինձ համար:
«Ինչպե՞ս վարվեմ»։ Ես հարցրի Երկնային Հորը։ «Իմ մարմինն ու միտքը տկար են, և ես չեմ կարծում, որ ես այնպիսի աշխատանք եմ անում, ինչպիսին դու կկամենայիր, որ ես անեմ»:
Իմ աղոթքից հետո ես մխիթարվեցի: Ես զգացի, որ Աստված ասում էր ինձ. «Ժամանակը, որ ծախսում ես աշխատանքի վրա, շատ կարևոր է քեզ համար: Քո զբաղված ժամանակացույցը կարող է բարդ լինել, բայց եթե դու հաղթահարես այս փորձությունը հիմա, քո միջոցով ես կօրհնեմ և կօգնեմ շատ ուրիշների ապագայում»:
Այս պատասխանն ինձ վստահություն տվեց, որ նպատակ ունեի, որ եթե համբերեմ, ապա կկարողանամ առանձնահատուկ աշխատանք կատարել ապագայում։
Ես խոստովանեցի երիտասարդներին, թե որքան դժվար էր ինձ համար քոլեջում սովորելը։ Բայց ես նաև նրանց ասացի, որ Եկեղեցին և ավետարանը կարևոր են և պետք է լինեն մեր կյանքի կենտրոնը նույնիսկ դժվարին ժամանակներում: Ես հայտնեցի իմ սերը նրանց հանդեպ և ասացի, որ ջանում եմ իրագործել իմ կոչումը, քանի որ նրանք նույնքան կարևոր են ինձ համար, որքան իմ ուսումը: Արցունքներ հորդեցին, երբ այս բաների ճշմարտությունը դիպավ նրանց սրտերին:
Օրհնվում ենք ծառայելու համար
Մինչ ես շարունակեցի ծառայել երիտասարդներին և ուսուցանել նրանց ավետարանը, ես շատ էի մտածում այս դեռահասների բարդ զգացմունքների մասին, երբ նրանք հաճախում էին եկեղեցի և սովորում ավետարանը: Ես կենտրոնացած էի նրանց հոգեկան առողջության վրա և օգնում էի նրանց անհատական կարիքների դեպքում։
Երիտասարդներին ծառայելն օգնեց ինձ զարգացնել մարդկանց մեջ փոքր փոփոխություններին ուշադրություն դարձնելու և դրանք նկատելու կարողությունը: Այժմ, երբ ես բուժաշխատող եմ և խնամում եմ տասնյակ հիվանդների, կիրառում եմ այդ կարողությունը ուրիշների հետ շփվելիս:
«Այդ հիվանդն ասում է, որ դու իսկապես հասկանում ես նրա զգացմունքները»,- ասում են ինձ իմ գործընկերները: Կամ հիվանդը կարող է ասել. «Ես նկատել եմ, որ քեզ հետ հեշտ է խոսել»։
Եկեղեցու կոչումներում ծառայելն ինձ օրհնել է նաև տանը: Ես սովորեցի առաջնահերթություն տալ կնոջս, քանի որ սովորեցի դառնալ ավելի քիչ եսակենտրոն:
«Եթե ես լինեի Երկնային Հայրը,- հարցնում եմ ինքս ինձ,- ինչպե՞ս կզորացնեի այս ընտանիքը, և ի՞նչ պետք է անեմ դրան հասնելու համար»:
Քանի որ ամբողջ սրտով ուսումնասիրել եմ ավետարանը, ես գիտեմ, թե ինչպես և ինչու ուսուցանել իմ երեխաներին, որ Եկեղեցին կարևոր է: Ես և կինս գիտենք, թե ինչպես հոգևոր սնուցում տալ մեր ընտանիքին, քանի որ մենք մեր ուսմունքները հիմնում ենք Փրկչի ուսմունքների վրա:
Ես հույս և խաղաղություն եմ զգում իմ սրտում՝ հետևելով Տիրոջ ուսմունքներին և լսելով Նրա հուշումները: Նա իմ կողքին է եղել ամբողջ ճանապարհին՝ օրհնելով ինձ իմ հնազանդության, նաև ուրիշներին օրհնելու և օգնելու կոչումների միջոցով: Անկախ փորձություններից՝ ես ուզում եմ կյանքս ապրել այնպես, որ կարողանամ անել այն, ինչ ցանկանում է Հիսուս Քրիստոսը (տես 2 Նեփի 32․3)։