«Զուգընկերակցական խորհուրդ. Ամուսնությունը հասցնել գիտակցված երջանկության», Լիահոնա, հուլիս 2025։
Զուգընկերակցական խորհուրդ. Ամուսնությունը հասցնել գիտակցված երջանկության
Զույգերը, ինչպես միսիոներները, կարող են օգտագործել զուգընկերակցական խորհուրդները՝ բարելավելու իրենց հարաբերությունները:
Որպես քոլեջի երիտասարդ ուսանող, որն ուսումնասիրում է խաղաղության և հակամարտության հարցեր, ես մեծ հետաքրքրություն էի ցուցաբերում ցանկացած գործընթացի նկատմամբ, որը կարող էր օգտագործվել հակամարտությունների լուծման համար: Ընկերոջս հետ կյանքը փոխող մի զրույց ինձ ծանոթացրեց մի գործընթացի հետ, որի մասին նախկինում երբեք չէի լսել. զուգընկերակցական խորհուրդ։
Իր միսիայի մասին պատմելիս ընկերս ինձ ասաց, որ զուգընկերակցական խորհուրդը կանոնավոր ստուգարք է, որի ժամանակ միսիոներ զուգընկերները քննարկում են, թե իրենք ինչպես են աշխատում միասին և ինչպես կարող են կատարելագործվել: Որպես միսիոներ՝ ընկերս այդ գործընթացն այնքան օգտակար էր համարում, որ ծրագրում էր մի օր օգտագործել այն իր ամուսնական կյանքում: Այդ գաղափարը խորապես ընկղմվեց իմ սրտում: Զուգընկերակցական խորհրդի մասին ես կարդացի Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում և այլ վերադարձած միսիոներների հետ խոսեցի դրա հետ կապված իրենց փորձառությունների մասին: Ես տեսա, թե ինչպես կարող են զուգընկերակցական խորհուրդները, որոնք նման են ընտանեկան խորհուրդներին, օգտագործվել լուծելու և կանխելու շատ կործանարար հակամարտություններ, որոնց մենք հանդիպում ենք մեր հարաբերություններում այսօր:
Ամուսինս՝ Ջեյմսը, և ես սկսեցինք ամենշաբաթյա զուգընկերակցական խորհուրդներ անցկացնել՝ նախքան ամուսնանալը: Ես դեռևս հիշում եմ մեր առաջին զրույցը։ Ջեյմսն այնքան անկեղծ էր, բարի, հասկացող և պատրաստակամ՝ լրջորեն վերաբերվելու իմ մտքերին, որ ես վստահում էի երջանիկ ամուսնություն կառուցելու մեր կարողությանը:
Այժմ արդեն մեր համատեղ կյանքի ընթացքում մենք շարունակում ենք ամենշաբաթյա զուգընկերակցական խորհրդի ավանդույթը: Թեև մեր հարաբերությունները կատարյալ չեն, մենք երկուսս էլ համաձայն ենք, որ մեր անցկացրած բազմաթիվ զրույցները օգնել են մեզ գտնել ավելի մեծ ուրախություն և կայունություն մեր ամուսնության մեջ, քան մենք կարծում էինք, որ հնարավոր է:
Տարբերությունները տեսնել որպես հնարավորություններ
Աստված ստեղծեց մի աշխարհ, որը Նա բազմիցս բաժանեց և բազմազանեցրեց, և «տեսավ, որ բարի է» (Ծնունդ 1․10, 12, 18, 21, 25)։ Այդ գեղեցիկ բազմազանությունը մի ազդեցություն է, որը հանգեցնում է Աստծո զավակների միջև փորձառությունների և հեռանկարների լայն շրջանակի: Թեև կարող է սարսափեցնող լինել հասկանալը, որ նույնիսկ հավատարիմ ամուսնական զուգընկերները կարող են շատ տարբեր կարծիքներ ունենալ կարևոր թեմաների վերաբերյալ, մենք վախենալու կարիք չունենք: Փրկչին ունենալով որպես մեր օրինակ՝ մենք կարող ենք ընտրել այս տարբերություններին մոտենալ սիրալիր, ստեղծագործական և կառուցողական ձևերով, որոնք տանում են դեպի ավելի ամբողջական լուծումներ և ավելի երջանիկ հարաբերություններ:
Երբ մենք շփվում ենք միմյանց հետ այս ավելի բարձր և սուրբ ձևով, մենք հասկանում ենք, որ կարիք չկա միմյանց կարծիքների շուրջ վիճաբանելու կամ պասիվ ընդունելու, որ համատեղելիությունը հավասար չէ նույնությանը: Փորձառության դեպքում հակասական կարծիքները կսկսեն թվալ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություններ, այլ ոչ թե խոչընդոտներ: Հակառակությունը կփոխարինվի համագործակցությամբ, վստահությամբ և սիրով:
Զուգընկերակցական խորհուրդը, որը տոգորված է քրիստոսանման սիրով, կարող է օգնել ձեզ՝ ձեր սեփական հարաբերություններում հակամարտությունը վերափոխել օրհնության: Ահա չորս խորհուրդ, որ կարող են օգնել ձեզ սկսել։
Անցկացրեք ձեր սեփական զուգընկերակցական խորհուրդը
1. Պարտավորվեք
Մտածեք միասին լուծումներ փնտրել ձեր հարաբերությունները բարելավելու համար՝ կանոնավոր զուգընկերակցական խորհուրդ անցկացնելով, նույնիսկ եթե դա ընդամենը փորձաշրջան կլինի որոշ ժամանակահատվածում։ Գործընթացն արդյունավետ չի լինի առանց երկու կողմերի լիարժեք մասնակցության:
2. Ստեղծեք օրակարգ
Ձեր հարաբերություններն ունեն յուրահատուկ ուժեղ կողմեր, թերություններ և կարիքներ: Հաշվի առնելով այդ ամենը` նշեք այն թեմաները, որոնք կարևոր եք համարում ձեր զուգընկերակցական խորհրդում քննարկելու համար, ինչպիսիք են՝ մտերմությունը, ծնող լինելու ոճերը, պլանավորումը կամ ֆինանսները:
Պարբերաբար այս թեմաները դնելով ձեր օրակարգում՝ դուք ժամանակ եք հատկացնում մտքերի և զգացմունքների համար, որոնք հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ միայն հիասթափության պահերին, կամ գուցե ընդհանրապես չարտահայտվեն:
3. Պլանավորեք որոշակի ժամանակ և պատրաստ եղեք
Որոշակի ժամանակ հատկացրեք ձեր զուգընկերակցական խորհրդի համար: Որոշեք, թե որն է լավագույնը ձեզ համար, ապա պարտավորվեք լինել այնտեղ, պատրաստ եղեք՝ կարեկցանքով լսելու, անկեղծորեն կիսվելու և բարեհամբույր լինելու: Դուք կարող եք նաև գրառում պահել ձեր զուգընկերակցական խորհրդի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա մեր գրառումներն օգտակար կարող են լինել հաջորդին պատրաստվելիս։
Նշումներ կատարելը նաև կօգնի ձեզ հիշել, ինչպես նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն (1895–1985) է ասել, «դժվարությունների դեմ ձեր հաղթանակները, անկումից հետո ձեր վերականգնումը, ձեր առաջընթացը այն ժամանակ, երբ ամեն ինչ սև է երևում [և] ձեր ուրախությունը, երբ դուք վերջապես հասել եք ձեր նպատակներին»: Ես և Ջեյմսը այնքան երախտապարտ ենք, որ գրանցել ենք զուգընկերակցական խորհրդի մոտ 800 զրույցներ, որոնք մենք անցկացրել ենք տարիների ընթացքում: Ինչպիսի ուրախություն է հետ նայել և տեսնել, թե որքան երկար ճանապարհ ենք անցել։
4. Եղեք հետևողական
Զուգընկերակցական խորհրդին մասնակցելը սկզբում կարող է անհարմար կամ վախեցնող թվալ, բայց փորձառության հետ ավելի հեշտ կդառնա: Պարբերաբար ստուգարք անցկացնելով՝ դուք և ձեր ամուսինը/կինը կհասկանաք փոքր խնդիրները, նախքան դրանք մեծ խնդիրներ կդառնան:
Ճակատագրի հեգնանքով, իմ և Ջեյմսի ամենացավոտ վեճերից մեկը տեղի է ունեցել զուգընկերակցական խորհրդի ժամանակ: Կոնֆլիկտի արդյունքում արագ և անսպասելիորեն հատեցինք խելամիտ խոսակցության սահմանները, և արդյունքում երկուսս էլ վիրավորվեցինք։ Բայց այդ սրտաճմլիկ կոնֆլիկտը, որ սկիզբ առավ զուգընկերակցական խորհրդի ժամանակ, նաև լուծում գտավ զուգընկերակցական խորհրդի ժամանակ։ Մենք գիտեինք, որ կունենանք ևս մեկ հնարավորություն հաջորդ շաբաթ և հաջորդ շաբաթ:
Այսպիսով, մեկ շաբաթ խորհելուց և հանդարտվելուց հետո մենք նորից փորձեցինք, և ի վերջո հաղթահարեցինք մեր տարբերությունները: Ես մեծապես զգացի «անձնական խաղաղություն և հոգևոր լիցքի մեծ բռնկում», որ խոստացվել է մեզ, երբ մենք լուծում ենք հակամարտությունները Փրկչի ձևով: Յուրաքանչյուր հակամարտություն, որը մենք լուծում ենք ստեղծարարությամբ և սիրով, մեզ առաջ կմղի և կներգրավի Սուրբ Հոգու հետագա ազդեցությունը մեր հարաբերություններում:
Կարող են լինել դեպքեր, երբ դուք զգաք, որ ձեր հարաբերություններում որևէ կոնֆլիկտ չկա, ուստի կարող եք գայթակղվել բաց թողնել զուգընկերակցական խորհուրդը: Ամուսինս և ես որոշել էինք երբեք այդպես չվարվել։ Դրանք այն ժամանակներն են, երբ զուգընկերակցական խորհուրդը կարող է լոկ ուրախություն լինել, երբ մենք խոսում ենք մեր հաջողությունների մասին, ծիծաղում ենք միասին, կիսվում ենք խոր մտքերով և հիշարժան պահեր ենք անցկացնում:
Խոստումը
Երկնային Հայրը մեզանից յուրաքանչյուրին եզակի է ստեղծել, այնուհետև մեզ ներգրավել է հարաբերություններում։ Նա ակնկալում է, որ մենք կլուծենք մեր տարբերությունները ոչ թե վեճերի (տես 3 Նեփի 11․29), այլ Հիսուս Քրիստոսի մաքուր սիրո միջոցով, քանի որ Նա գիտի, որ դա մեզ ավելի կմոտեցնի միմյանց և կմոտեցնի Իրեն (տես Մատթեոս 5․9, Մորոնի 7․48)։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ տվել է հետևյալ հանձնարարությունը՝ խոստանալով. «Եկեք ցույց տանք, որ բարդ հարցերը լուծելու համար խաղաղ, հարգալից եղանակ կա, իսկ անհամաձայնությունները հարթելու համար կա լուսավոր ճանապարհ։ Երբ դուք ցուցաբերեք գթություն, որը բնորոշ է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին, Տերը կբազմապատկի ձեր ջանքերը՝ գերազանցելով ձեր ամենավառ երևակայությունը»։
Մենք կարող ենք առաջ շարժվել ուխտի արահետով` լիովին վստահելով մեր սիրելի մարգարեի այդ հավաստիացմանը: Մենք կարող ենք լուծել մեր հակամարտությունները ստեղծագործ և կարեկից մոտեցումներով՝ «միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18.21)։