«Իմ խորհուրդը չափահաս երիտասարդներին՝ ժամադրության և ամուսնության մասին», Լիահոնա, հուլիս 2025։
Չափահաս երիտասարդներ
Իմ խորհուրդը չափահաս երիտասարդներին՝ ժամադրության և ամուսնության մասին
Ժամադրությունը ճանապարհներից մեկն է՝ պարզելու, թե արդյոք ինչ-որ մեկը ճիշտ մարդն է՝ ավելի երկար ճամփորդություն սկսելու համար:
Նկարները՝ Սթիվեն Նիլսենի
Ժամադրությունն ինձ համար գործիք է։
Գործիքները օգնում են ձեզ հասնել որոշակի նպատակի: Ժամադրության նպատակը հարաբերություններ զարգացնելն է, որոնք տանում են դեպի ամուսնություն և, ի վերջո, իրագործում են Աստծո ծրագիրը Իր զավակների համար:
Ժամադրությունը ճանապարհներից մեկն է՝ պարզելու, թե արդյոք ինչ-որ մեկը ճիշտ մարդն է՝ ավելի երկար ճամփորդություն սկսելու համար: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Իմ ամուրի երիտասարդ ընկերներ, մենք խորհուրդ ենք տալիս հակառակ սեռի հետ ձեր շփումները դարձնել ժամադրություն, իսկ հետո՝ ամուսնություն»:
Երբ մենք խոսում ենք ժամադրության «ինչու»-ի՝ նպատակի մասին, մենք խոսում ենք միասին երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու մասին: Մենք խոսում ենք մեզ և միմյանց Փրկչի հետ կապելու մասին: Բայց երբեմն, եթե մենք զգույշ չլինենք, կարող ենք այնքան կենտրոնանալ ժամադրություններ ունենալու և մարդկանց հետ ծանոթանալու վրա, որ ամուսնությունը մղվի երկրորդ պլան։
Ես կցանկանայի ձեզ մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես կարող եք բարելավել ձեր ժամադրությունների փորձառությունը: Իմ խորհուրդների մեծ մասը գալիս է իմ անձնական փորձից, և հուսով եմ, որ այն օգտակար կլինի ձեզ համար:
Դարձրեք ժամադրությունը նպատակային
Եթե ձեզ երբևէ հարցնեն, թե ինչպես եք դուք ժամադրվում, հուսով եմ, որ ձեր առաջին պատասխաններից մեկը կլինի՝ «գիտակցված»։ Թույլ տվեք բացատրել սա օրինակով։
Կնոջս և իմ ժամադրությունների կեսից ավելին ժամանակին տեղի էին ունենում մեծ հեռավորության պայմաններում։ Ես հանդիպեցի Քեթրինին, երբ մենք սովորում էինք Սանտյագոյի (Չիլի) համալսարանում: Մենք սկսեցինք հանդիպել, բայց նա վերադարձավ տուն՝ Անտոֆագաստա՝ նախքան ես կավարտեի իմ ուսումը: Քանի որ մենք ցանկանում էինք, որ մեր հարաբերությունները զարգացում ապրեն, ամիսը մեկ կամ երկու անգամ ես 20 ժամ ավտոբուսով վերադառնում էի Անտոֆագաստա հինգշաբթի ցերեկը, հանգստյան օրերը անցկացնում էի Քեթրինի հետ (ներառյալ եկեղեցական ծառայությունները) և ևս 20 ժամ ավտոբուսով հետ էի գնում Սանտյագո, որպեսզի երկուշաբթի առավոտյան ժամը 8-ին ներկա լինեի դասին:
Այն օրերին, երբ չէինք կարողանում միասին լինել, խոսում էինք հեռախոսով։ Քանի որ մենք այդ ժամանակ չունեինք բջջային հեռախոսներ, ես գնեցի հեռախոսի ծրագիր, որը թույլ էր տալիս ինձ անսահմանափակ զանգեր կատարել հանրային հեռախոսներով: Ես ժամեր էի անցկացնում հեռախոսի խցիկում, և եթե որևէ մեկին պետք էր օգտագործել այն, ես ստիպված էի անջատել հեռախոսը և հետ զանգել Քեթրինին, հենց որ նրանք ավարտում էին իրենց հեռախոսազրույցը։
Մեր հարաբերություններում առկա բազմաթիվ խոչընդոտների պատճառով այս փորձառության ընթացքում ես պարտավոր էի սովորել գիտակցված մոտենալ այն հարցին, թե ինչպես եմ շփվում Քեթրինի հետ:
Ես հրավիրում եմ ձեզ դարձնել ժամադրությունները նպատակային և գիտակցված։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խնդրել է մեզ գիտակցված մոտենալ մեր աշակերտությանը: Մենք կարող ենք նաև ձգտել գիտակցված մոտենալ մեր ժամադրությանը:
Մենք պետք է տանք կարևոր հարցեր․
-
Ի՞նչ եք մտածում կյանքի, ընտանիքի և ամենակարևորը՝ Փրկչի մասին:
-
Ես գիտեմ, թե ինչով եք զբաղվում և ինչ չեք սիրում անել, բայց ի՞նչ զգացողություններ ունեք ավետարանի վերաբերյալ:
-
Որո՞նք են ձեր չափանիշներն ու բարքերը։
Կանխամտածված հարցերը պետք է ուղեկցվեն մի շարք կանխամտածված գործողություններով: Զվարճացեք, բայց մի մոռացեք միասին կատարել նաև հոգևոր բաներ։ Կատարեք գործողություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ և իսկապես ճանաչել միմյանց:
Հավատքը վեր է վախից
Որոշ ժամանակ հանդիպելուց հետո ամուսնանալու որոշումը կարող է վախեցնող թվալ: Ես նյարդային վիճակում էի մինչ այն պահը, երբ ես և Քեթրինն ամուսնացանք։
Ամուսնանալու ընտրությունը կարող է դժվար որոշում լինել, բայց դա այն որոշումներից չէ, որ կայացնում եք միայն մեկ անգամ: Երբ ընտրում եք ամուսնանալ, նշանակում է ընտրում եք պարտավորություն ստանձնել ձեր հավերժական զուգընկերոջ հանդեպ ձեր ողջ կյանքում և միասին ամրապնդել այդ պարտավորությունը:
Երբ հարցեր կան ամուսնության կամ ավետարանի վերաբերյալ, պետք է «քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես [Տիրոջը], թե արդյոք դա ճիշտ է» (Վարդապետություն և Ուխտեր 9․8)։ Դուք նաև պետք է հարցնեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես պատրաստ եմ ընտրել լինելու այս ամենի մի մասը իմ մնացած կյանքի ընթացքում»:
Երբ ես ամուսնացա, որոշ մարդիկ ինձ հարցրին, թե արդյոք ինձ տանջում է այն միտքը, որ գուցե ծնողներիս նման կամուսնալուծվեմ: Իմ պատասխանը միշտ եղել է՝ ոչ: Երբ ամուսնացա, որոշեցի, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ ամուսնությունը հաջողի։ Դա նշանակում էր ամեն օր ընտրել հետևել Փրկչին և ուրախ լինել իմ կնոջ հետ ամուսնացած լինելու համար: Ես նախընտրեցի թույլ չտալ, որ ամուսնալուծության վախը ինձ հեռացնի լավ և արդար որոշումից:
Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ասել է. «Երբ իսկական լուսավորում լինի, զգուշացեք լավ բանից նահանջելու գայթակղությունից: Եթե դա ճիշտ էր, երբ աղոթեցիք դրա մասին, վստահեցիք դրան և ապրեցիք դրա համար, դա այժմ էլ է ճիշտ: … Դեմ առ դեմ կանգնեք ձեր կասկածներին։ Տիրապետեք ձեր վախերը։ «Մի՛ կորցրեք ձեր վստահությունը»»։
Մի՛ սպասեք երջանկությանը
Իրականությունն այն է, որ ձեզանից շատերը զուգընկեր գտնելու շատ լավ և անկեղծ ցանկություններ ունեն: Դուք գիտեք, որ սա լավ և արդար ցանկություն է, բայց երբ դժվարանում եք գտնել մեկին, ում հետ համատեղելի եք, կարծում եք, որ ձախողել եք ուխտի ճանապարհի ձեր առաջընթացը:
Այս հարցի շուրջ քույր Քրիստեն Մ․ Օուքսն ասել է․«Եթե դուք ժամանակն եք հաշվում և սպասում ամուսնության հեռանկարին, դադարեք սպասել և սկսեք պատրաստվել: Պատրաստվեք կյանքին՝ կրթության, փորձառության և պլանավորման միջոցով: Մի սպասեք, որ երջանկությունը նվիրեն ձեզ: Փնտրեք ծառայելու և սովորելու հնարավորություններ: Եվ ամենակարևորը, վստահեք Տիրոջը՝ «կանչելով Տիրոջ անունն ամեն օր և անսասան կանգնելով նրա հավատքում, որը պիտի գա» [Մոսիա 4․11]։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք այդպես վարվեք, դուք կունենաք երջանկություն»։
Ձեր ճամփորդությունը ուխտի ճանապարհով չի դադարել այն պատճառով, որ դուք դեռ ամուսնացած չեք: Դուք շարունակում եք ունենալ ձեր ուխտի կապը Փրկչի հետ: Եթե դուք պայքարում եք մերժման, միայնության կամ վախի դեմ, բերեք Նրան ձեր պայքարի մեջ: Նա կաջակցի ձեզ։ Նա կօգնի ձեզ։
Ոմանց համար կյանքի ընկեր գտնելու նպատակով ժամադրությունը անմիջապես պտուղ չի բերի։ Ոմանց համար՝ կբերի։ Ինչ էլ որ լինի, ես գիտեմ, որ Աստված կկատարի մեզ տված յուրաքանչյուր խոստում, եթե մենք նպատակասլաց լինենք և վստահենք Նրան:
Անկախ այն բանից, թե որտեղ եք դուք աշխարհում, ինչ է կատարվում կամ չի կատարվում ձեր կյանքում, Հիսուս Քրիստոսի շնորհիվ դուք կարող եք ուրախություն ունենալ բոլոր հանգամանքներում: Պատասխանը միշտ Նա է և Նրա ուսմունքները։