2025
Ուրախություն գտեք ավետարանի ձեր ճամփորդությունում
Հուլիս 2025


«Ուրախություն գտեք ավետարանի ձեր ճամփորդությունում», Լիահոնա, հուլիս 2025։

Ուրախություն գտեք ավետարանի ձեր ճամփորդությունում

Տիրոջ պատվիրանները պահելու միջոցով Նրա հանդեպ մեր սերը ցուցաբերելու վերջնական արդյունքը օրհնություններն են, որոնք բերում են երջանկություն և ուրախություն:

Եկեղեցու ժպտադեմ անդամներ Թաիլանդում

Թաիլանդում Եկեղեցու ժպտադեմ անդամների լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Մի քանի տարի առաջ, երբ Ճապոնիայում ծառայում էի որպես միսիայի ղեկավար, մասնակցեցի մի շաբաթօրյա համաժողովի, որը տեղի էր ունենում գյուղական մի համայնքում՝ մեր միսիայի հեռավոր անկյուններից մեկում: Շրջանի նախագահը կազմակերպել էր, որ ես հարցազրույց անցկացնեի մի մարդու հետ, որը միացել էր Եկեղեցուն մեկ տարի առաջ և ձգտում էր տաճարային երաշխավորագիր ստանալ: Նա հույս ուներ ստանալ իր անձնական օժտումը իր մկրտության տարեդարձին կամ մոտ օրերին:

Մեր զրույցի ընթացքում այս նոր անդամը նկարագրեց, որ խորապես երախտապարտ էր իր մկրտությունից ի վեր ստացած առատ օրհնությունների համար: Նա ամեն շաբաթ վայելում էր հաղորդության և այլ ժողովները: Նա մեծապես ներգրավված էր իր ճյուղի միջոցառումներում։ Ինձ համար նա ուխտի վստահություն էր ներշնչում, որը բխում էր ավետարանի նպատակի նրա ըմբռնումից, որն այժմ նրա անբաժանելի մասն էր: Նա Քրիստոսի դարձի եկած աշակերտ էր, որը զգացել էր սրտի զորեղ փոփոխություն (տես Մոսիա 5․2

Մեր զրույցի մնացած մասը հուսադրող ընթացք ունեցավ։ Մենք քննարկեցինք արարողություններն ու ուխտերը, որոնք լինելու էին նրա տաճարային փորձառության մասը: Նա հաստատական պատասխան տվեց տաճարային երաշխավորագիր ստանալու հարցազրույցի հարցերից յուրաքանչյուրին:

Հարցազրույցից հետո շրջանի նախագահին ասացի, թե որքան երախտապարտ էի, որ հանդիպեցի նման յուրահատուկ մարդու: Ես ասացի նրան, թե որքան տպավորված էի, որ միսիոներներն ու անդամները գտել և հոգևորապես սնել էին այդպիսի արժանիքների տեր և խոստումնալից մարդու:

Ես ապշեցի, երբ շրջանի նախագահը պատմեց, որ երբ միսիոներները սկսեցին ուսուցանել այս մարդուն, և նա սկսեց հաճախել եկեղեցի ավելի քան մեկ տարի առաջ, նա անտուն էր և չափազանց բարդ, գրեթե անհուսալի հանգամանքներում: Շրջանի նախագահը այնուհետև նկարագրեց, թե ինչպես այս եղբոր կողմից ավետարանի ուսումնասիրությունը և նրա դարձը ամիսներ շարունակ հանգեցրին նրա հրաշագործ փոփոխությանը՝ դնելով նրան ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական ինքնապահովման ուղու վրա և տալով նրան նպատակի և ուրախության զգացում:

Ավետարանը նրան հստակ պատկերացում տվեց իր կյանքի նպատակի մասին: Ավետարանի պարզ և արժեքավոր ճշմարտությունները տվեցին մահկանացու կյանքի կարևոր հարցերի պատասխանները՝ սկսած այն գիտելիքից, որ «Աստված մեր Երկնային Հայրն է, և մենք Նրա զավակներն ենք: … Աստված ճանաչում է մեզ անձամբ և սիրում է մեզ»: Իր ծրագրում «Երկնային Հայրը տվել է մեզ բազմաթիվ պարգևներ և ուղեցույցներ, որպեսզի օգնի մեզ վերադառնալ Իր ներկայություն»։

Այդպիսին էր այս մարդու օրհնությունը, որը հավասարապես հասանելի է Աստծո բոլոր զավակներին՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

Կյանքի նպատակը

Քանի որ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, «մենք հասկանում ենք կյանքի նպատակը, այն, թե ով ենք մենք»,- հայտարարել է նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023)։ Եկեղեցուն տված իր վերջին վկայության ժամանակ նախագահ Բալլարդը, որն այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն էր, ասել է․

«Մենք գիտենք, թե ով է Աստված. մենք գիտենք, թե ով է Փրկիչը, որովհետև մենք ունենք Ջոզեֆին, որը մանուկ հասակում գնաց ծառերի այդ պուրակը՝ ներում փնտրելով իր մեղքերից: …

Ես հիանում եմ, և վստահ եմ, որ ձեզնից շատերը նույնպես հիանում են, թե որքան օրհնված ենք մենք, որ գիտենք մեր կյանքի նպատակի մասին, թե ինչու ենք մենք այստեղ և ինչ պետք է փորձենք անել և իրականացնել մեր առօրյա կյանքում»:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար այդ գիտելիքը ներառում է Աստծո փրկության «կատարյալ ծրագրի» ըմբռնումը: Նաև հայտնի լինելով որպես «երջանկության մեծ ծրագիր», «փրկագնման ծրագիր» և «ողորմության ծրագիր» (Ալմա 42․8, 11, 15)՝ այն «կյանքից հանում է առեղծվածը, իսկ մեր ապագայից՝ անորոշությունը»։ Այդ ծրագրում էական նշանակություն ունի «Քրիստոսի վարդապետությունը», որն առանցքային դեր ունի կյանքի նպատակի համար:

Քանի որ մենք ունենք ավետարանը, մենք գիտենք, որ Աստծո զավակներ ենք, ուղարկված երկիր՝ փորձվելու, հղկվելու և պատրաստվելու «առաջ [բերվել] մեռելների հարությամբ, Գառի հաղթանակի և փառքի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 76․39)։ Մենք գիտենք պատվիրանները և «բավականին ուսուցանված են[ք], որ բարին տարբերեն[ք] չարից» (2 Նեփի 2.5): Մենք գիտենք, որ եկել ենք երկիր՝ սիրելու և ծառայելու: Եվ մենք գիտենք, որ Փրկիչը կանչել է մեզ հաղթելու աշխարհին և օգնելու ուրիշներին անել նույնը (տես Հովհաննես 16․33, Վարդապետություն և Ուխտեր 64․2 ի նախապատրաստություն Իր Երկրորդ Գալուստին։

Երբ մենք կենտրոնանանք Նրա վրա, այն, ինչ Ջոզեֆ Սմիթն անվանեց «մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի ուրախ ձայնը», կուժեղացնի մեզ դժվար օրերին և իմաստ ու նպատակ կբերի մեր և ուրիշների կյանքում:

Հիսուս Քրիստոս

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Դեն Վիլսոն, պատճենումն արգելված է

Հնազանդություն, օրհնություններ, ուրախություն

Աստված մեզ բարոյական կամքի ազատություն է տվել, որպեսզի մենք կարողանանք հաշվետու լինել մեր ընտրությունների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 101․78, 2 Նեփի 2․16)։ Որպես մի մաս այն բանի, որ «հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11), սատանային թույլատրվում է գայթակղել մեզ՝ սխալ օգտագործելու մեր ազատ կամքը:

Բայց Տեր Հիսուս Քրիստոսը «իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա» մեր օրերում, կանչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, «երկնքից խոսեց նրա հետ, և նրան պատվիրաններ տվեց» (Վարդապետություն և Ուխտեր 1․17)։ Նույն օրինաչափությունը, որով Տերը հայտնում է Իր պատվիրաններն ու կամքը Իր մարգարեներին, այսօր էլ շարունակվում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով, և նույն պատճառով: Աստված ցանկանում է առաջնորդել մեզ դեպի երջանկություն այս կյանքում և դեպի սելեստիալ փառք հաջորդ կյանքում:

Աստծո պատվիրաններին հնազանդվելը պետք է բխի Նրա հանդեպ մեր նվիրվածությունից և սիրուց: Տեր Հիսուս Քրիստոսն անձամբ հայտարարեց, որ Աստծուն սիրելը հանդիսանում է «առաջին ու ամենամեծ պատվիրանը» (տես Մատթեոս 22․37–38)։ Այնուհետև Նա հայտարարեց. «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները» (Հովհաննես 14․15

Տիրոջը սիրելու և Նրա պատվիրանները պահելու արդյունքում պարգև է տրվում: Այս տնտեսությունում Նա նկարագրել է «օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված … , որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները,-

Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (Վարդապետություն և Ուխտեր 130․20–21

Այսպիսով, Տիրոջ պատվիրանները պահելու միջոցով Նրա հանդեպ մեր սերը ցուցաբերելու վերջնական արդյունքը օրհնություններն են, որոնք բերում են երջանկություն և ուրախություն:

Վերականգնված ավետարանի և ժամանակակից հայտնության ոսպնյակի միջոցով կյանքին նայելը մեզ տալիս է հստակ պատկերացում։ Մեր աստվածային ծագման և ճակատագրի հստակ հեռանկարով մենք գիտենք, որ «հենց այն բաները, որոնք լավագույնս կփոխեն [մեր] մահկանացու կյանքը, ճիշտ նույն բաներն են, որոնք [մեր] կյանքը լավագույնը կդարձնեն ողջ հավերժության մեջ»:

Եզրափակում

Եվ վերջում ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ տարիներ առաջ իմ ունեցած փորձառությանը՝ Ճապոնիայում վերջերս դարձի եկած մարդու վերաբերյալ։ Իր, միսիոներների ու անդամների ջանասիրության արդյունքում նա գտավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Գտնելով ավետարանը՝ նա նաև բացահայտեց իր նպատակը, որն ընդլայնեց նրա տեսլականը: Նա նաև գտավ երջանկության մեծ ծրագիրը: Ծրագրում ներառված ավետարանական ուխտերին հնազանդվելը օրհնություններ և ուրախություն բերեց նրան՝ բարձրացնելով աշխարհիկ և հոգևոր առումներով:

Նրա ճամփորդությունը, որը տանում էր դեպի անդամակցություն Հիսուս Քրիստոսի Եկեղեցում, թույլ տվեց նրան դառնալ Հիսուս Քրիստոսի վկան: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնը նկարագրել է այդ ամենին հետևող ուրախությունը.

«Իր յուրաքանչյուր զավակի համար նախատեսված մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող կյանքի և առաքելության շնորհիվ մենք կարող ենք և պետք է լինենք ամենաուրախ մարդիկ երկրի վրա: Նույնիսկ, երբ կյանքի փոթորիկները հարվածում են մեզ այս անհանգիստ աշխարհում, մենք կարող ենք զարգացնել ուրախության և ներքին խաղաղության աճող ու մնայուն զգացում՝ Քրիստոսի հանդեպ մեր հույսի և երջանկության գեղեցիկ ծրագրում՝ մեր սեփական տեղը հասկանալու շնորհիվ»:

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում և վկայում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի համար, որը ներառում է երջանկության մեծ ծրագիրը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը։ Ես հրավիրում եմ ձեզ ճաշակել ավետարանի պտուղներից և ավելի շատ ուրախություն զգալ այս կյանքում, մինչ ճամփորդում եք դեպի հավերժական կյանք: