2025
Պարզ ուղիներ՝ մեր սպասավորության մեջ ավելի քրիստոսանման դառնալու համար
Հուլիս 2025


«Պարզ ուղիներ՝ մեր սպասավորության մեջ ավելի քրիստոսանման դառնալու համար», Լիահոնա, հուլիս 2025։

Պարզ ուղիներ՝ մեր սպասավորության մեջ ավելի քրիստոսանման դառնալու համար

Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ՝ սպասավորելու այնպես, ինչպես Փրկիչը կսպասավորեր:

նկարում` Հիսուս Քրիստոսը մխիթարում է մի երիտասարդի

Նկարը՝ Ջեն Թոլմանի

Սպասավորման աշխատանքը, լինելով երկնքից ուղարկված, բարդ չէ: Ավելի մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելը պահանջում է մի քանի հիմնական փորձառություններ, որոնք, երբ մտածված լինեն, օգնում են «բարձրացն[ել] մեր հոգևոր աչքերը՝ սիրո օրենքով ավելի համընդհանուր կերպով ապրելու ուղղությամբ»։

Մեզ խորհուրդ է տրված «հսկ[ել մեր] ժողովրդի վրա և սնուց[ել] նրանց արդարությանը պատկանող բաներով» (Մոսիա 23․18)։ Թվարկենք սպասավորության հիմնական ուղիներից մի քանիսը.

  • Ձեռք մեկնեք նրանց: Այսպես են բացվում սպասավորության հնարավորությունները։

  • Օգնեք նրանց իմանալ, որ հոգ եք տանում՝ ավելին իմանալով նրանց մասին և լինելով կարեկից:

  • Աղոթեք սպասավորելու հնարավորությունների համար և փնտրեք ոգեշնչում՝ իմանալու նրանց կարիքները:

  • Կանոնավոր կերպով կապ հաստատեք նրանց հետ, որպեսզի պատրաստ լինեք ծառայելու:

Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ՝ սպասավորելու այնպես, ինչպես Փրկիչը կսպասավորեր: Ահա չորս օրինակ, որոնք ընդգծում են քրիստոսանման սպասավորությունը:

Ճանաչենք ուրիշներին

Ֆրանցիսկո Լազարո Կամպոս դե Սոուզա, Բրազիլիա

Երեցների քվորումի նախագահության ժողովի ժամանակ ես ցանկություն զգացի հանդիպել քվորումի մի անդամի, որն ակտիվ չէր, և ես նրան նախկինում չէի հանդիպել։ Մի օր գնումներ կատարելուց հետո ես ցանկություն զգացի գնալ նրա տուն: Ես վարանեցի, բայց նրա հետ հանդիպելու զգացումն ավելի սրվեց։ Ես ներկայացա և ասացի բաներ, որոնք մտքովս անցան։ Ես ասացի նրան, որ Տերը ունի նրա կարիքը, իսկ նա ունի Տիրոջ կարիքը:

Նա կիսվեց իր միայնության և այլ դժվարությունների ցավով։ «Քվորումում կգտնեք ընկերներ, որոնք կօգնեն և կաջակցեն»,- ասացի նրան: Նա պատրաստակամորեն ընդունեց իմ հրավերը և մասնակցեց Հանգստության օրվա ժողովներին։

Ես սկզբում չէի ճանաչում նրան, բայց Տերը ճանաչում էր և գիտեր նրա սիրտը: Իմ համոզմունքը վերահաստատվեց։ Երբ մենք սպասավորում ենք մեր Հոր զավակներին և աղոթում նրանց կարիքները իմանալու համար, Տերը մեզ առաջնորդում է նրանց մոտ: Մենք կիսում ենք ուրախ փորձառություն՝ «բարձրաց[նում] ընկած ձեռքերը և ամրաց[նում] տկար ծնկները» (Վարդապետություն և Ուխտեր 81․5

Օգնության ձեռք մեկնենք

Աննա Ռոդրիգես Ռամիրես, Իսպանիա

Մի օր իմ միսիայի ընթացքում ես և իմ զուգընկերը որոշեցինք այցելել ծխի մի քրոջ: Մենք կտրեցինք թղթե սրտիկներ և դրանց վրա գրեցինք սիրալիր հաղորդագրություններ՝ հիշեցնելու նրան իր արժեքի մասին:

Մենք հասանք նրա տուն՝ մտածելով, որ նա տանը չի լինի: Մինչ մենք փակցնում էինք թղթե սրտիկները, նրա մեքենան կանգ առավ հենց տան դիմաց: Զուգընկերոջս հետ փորձեցինք թաքնվել և անակնկալ մատուցել, բայց ապարդյուն։ Նա տեսավ մեզ։

Քույրը դուրս եկավ իր մեքենայից՝ արցունքն աչքերին։ Նա գրկեց մեզ և ասաց. «Դուք՝ երկուսդ, իմ հրեշտակներն եք: Դուք միշտ այստեղ եք, երբ ես ամենաշատն ունեմ ձեր կարիքը: Շնորհակալություն»:

Նա մեզ ներս հրավիրեց և պատմեց այն երկար օրվա մասին, որի ընթացքում բախվել էր ընտանեկան լուրջ իրավիճակի հետ: Մենք պարզապես լսեցինք նրան: Մենք կիսվեցինք, թե որքան շատ է Աստված սիրում նրան, և որ Նա չի մոռացել, թե ինչի միջով է նա անցնում։ Մենք նրա հետ կարդացինք սուրբ գրություններ, և նրա տունը լցվեց Սուրբ Հոգով, մինչ մենք հեռանում էինք:

Հիսուս Քրիստոսի աշակերտները «հոժար [են] մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18․9)։ Նա վստահում է, որ մենք կլինենք Իր մեծ աշխատանքի՝ ավելի բարձր և սուրբ սպասավորության մի մասը: Երբ մենք ժամանակ ենք տրամադրում մարդկանց ճանաչելու և նրանց լսելու համար, մենք ավելի պատրաստ ենք՝ լինելու Աստծո երկրային հրեշտակները:

Ներկայացնենք Փրկչին

Տալիա Ռոդրիգես, Շվեյցարիա

Աղոթքը Փրկչի նման սպասավորելու գործընթացի անբաժանելի մասն է: Աղոթքը կարող է սկիզբ դնել մեր որոնումներին՝ իմանալու, թե ում օրհնել: Այն կարող է օգնել մեզ հասկանալ երկնքի կամքը, թե ինչպես օրհնել։ Աղոթքը նաև կարևոր քայլ է, մինչ սովորում ենք, թե ինչպես կատարել մեր պարտականությունը:

Ամուսինս՝ Մարիոն, տառապում էր COVID-ով համաճարակի առաջին իսկ օրերից՝ նախքան պատվաստումները։ Եպիսկոպոսը խնդրեց մեր ծխի մի երեցի՝ Մորոնիին, որ իրեն քահանայության օրհնություն տա:

Քանի որ Մորոնին չէր ցանկանում վարակվել վիրուսով և տարածել այն իր ընտանիքում, գործի անցնելուց առաջ նա երկնային հաստատման կարիք ուներ: Նա ծնկի եկավ կնոջ հետ աղոթելու՝ սպասելով խաղաղ հավաստիացման: Երբ նրանք խաղաղություն զգացին, կինը ասաց նրան. «Գնա քո սպառազինությամբ, Մորոնի»:

Երբ նա մտավ մեր տուն, մենք տեսանք Տիրոջ մի զինվորի: Ամուսնուս աչքերը ուրախության արցունքներով լցվեցին, երբ տեսավ, որ եղբայրը քաջաբար գալիս էր իրեն տալու իր ուզած օրհնությունը: Դա աննկարագրելի փորձառություն էր։

Փրկիչը եկավ Իր ծառայի՝ մեր սիրելի եղբոր՝ Մորոնիի միջոցով, որն իր ձեռքերը դրեց Մարիոյի գլխին և օրհնեց նրան, ինչպես Քրիստոսը կօրհներ։

Օգնեք նրանց ստանալ ուխտերի օրհնությունները

Գեյզիան Մորաիս Ֆրեյտաս Դուարտե, Բրազիլիա

Մի անգամ ես սպասավորում էի մի քրոջ, որը դադարել էր եկեղեցի հաճախել: Երբ այցելելում էի նրան, ես կիսվում էի, թե որքան շատ է Փրկիչը սիրում նրան և իր ընտանիքին: Ես միշտ հրավիրում էի նրանց՝ եկեղեցի գալ հաջորդ կիրակի: Այդ փորձերը երկար շարունակվեցին, բայց նրանք այդպես էլ չեկան։ Ես հուսահատված էի։ Հանձնվելու գայթակղությունը մեծ էր։ Բայց ամեն անգամ, երբ ես և զուգընկերս գնում էինք նրանց տուն, մենք տեսնում էինք աստվածային ներուժի մի շող։ Մենք միշտ պատկերացնում էինք նրանց տաճարում՝ ճերմակ հագած: Մենք գիտեինք, որ պետք է շարունակենք փորձել։

Բազմաթիվ աղոթքներից և այցելություններից հետո վերջապես եկավ օրը. ընտանիքը եկավ եկեղեցի: Նրանք շարունակեցին գալ ամեն շաբաթ: Ընտանիքը քրտնաջան աշխատանք կատարեց՝ իրենց հավատքը մեծացնելու և ուխտի ճանապարհին կանգնելու համար: Ակնհայտ դարձավ, որ ավետարանը զորացրել էր նրանց:

Ի վերջո, ես ստացա նրանց տաճարային կնքման հրավերը: Մինչ դիտում էի սուրբ արարողությունը, ես չէի կարողանում զսպել ուրախության արցունքները: Դա հրաշք էր։

Եղել են ժամանակներ, որ ցանկացել եմ հանձնվել։ Բայց ամեն անգամ, երբ այցելում էի նրանց, տեսնում էի տաճարը: Աստված ինձ ցույց տվեց այս ընտանիքի հետ կապված Իր ծրագրի մի շող: Նա օգտագործեց ինձ որպես Իր գործիք՝ նրանց հետ կապի մեջ մնալու համար: Ես երախտապարտ եմ Նրան՝ սպասավորելու իրական տեսլականն ինձ ցույց տալու համար:

Հետևենք Քրիստոսի օրինակին

Սպասավորելու ուրախությունն ու զորությունն ի հայտ է գալիս, երբ մենք օրհնություն ենք դառնում ինչ-որ մեկի կյանքում՝ ծառայելով նրան այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր: Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնն ուսուցանել է, որ «երբ ինչ-որ բան եք անում ուրիշներին սփոփելու համար՝ ֆիզիկական կամ հոգևոր առումով, … դուք նրանց բերում եք Հիսուս Քրիստոսի սերը: Ես վկայում եմ, որ երբ դուք անեք դա, կօրհնվեք՝ Նրանում գտնելով ձեր իսկ սփոփանքը»:

Մենք ավելի շատ ենք նմանվում Փրկչին մեր սպասավորության ընթացքում, երբ ջանքեր գործադրելիս օգնության համար դիմում ենք Տիրոջը: Մենք հետևում ենք հուշումներին, ճանաչում նրանց, ում ծառայում ենք, աղոթում նրանց համար, օգնում կապել ու պահել ուխտերը և տոկունություն ցուցաբերում մեր ջանքերում:

Փրկչի սպասավորությունը՝ մեկ առ մեկ, լավ օրինակ է մեզ համար (տես 3 Նեփի 11․15)։ Ինչպես Յոթանասունից երեց Խուան Պաբլո Վիլարն է ուսուցանել. «Եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսին` սպասավորության Ուսուցչին, և սպասավորենք ուրիշներին այնպես, ինչպես Նա կաներ, Նա մեզ ուժ կտա և կզորացնի: Մեր սպասավորության միջոցով մենք կարող ենք օրհնել ուրիշների կյանքը և գտնել խաղաղություն և ուրախություն մեր իսկ կյանքում»: