«Հոգատարություն. Կանանց և երեխաների բարեկեցության բարելավման համաշխարհային նախաձեռնություն», Լիահոնա, օգոստոս 2025։
Ուխտի կանայք
Հոգատարություն․ Կանանց և երեխաների բարեկեցության բարելավման համաշխարհային նախաձեռնություն
Մենք Հիսուս Քրիստոսի սերն ու սփոփանքն ենք բերում ողջ աշխարհին, երբ հոգ ենք տանում մեր սեփական տներում, թաղամասերում և համայնքներում գտնվողների համար:
Սփոփող միության ոգեշնչված աշխատանքը խոր արմատներ է ունեցել մարդասիրական աշխատանքի և կարիքավորների խնամքի մեջ՝ 1842թ․ իր աստվածային սկզբնավորումից ի վեր: 20-րդ դարում Սփոփող միության քույրերը ուղարկեցին իրենց կուտակած հացահատիկը՝ օգնելու կերակրել բնական աղետից և սովից տուժածներին: Նրանք հիմնեցին հիվանդանոցներ, օգնեցին կանանց հաճախել բժշկական համալսարան և վերապատրաստեցին կանանց բուժքույրական և մանկաբարձության ոլորտում՝ մեծապես նվազեցնելով մայրերի և նորածինների մահացության մակարդակը: Նրանք նաև խթանեցին կրթությունը՝ հիմնելով դպրոցներ և գրագիտության ծրագրեր:
Այսօր Սփոփող միության գրեթե ութ միլիոն քույրեր ամբողջ աշխարհում շարունակում են հավատարիմ մնալ կարիքավորների մասին հոգ տանելու ջանքերին: Սփոփող միությունը աջակցում է կանանց փորձառություններին, որն է՝ Աստծո բոլոր զավակներին բերել և ստանալ Փրկչի նյութական և հոգևոր թեթևացումը։ Երբ քույրերը տալիս և ստանում են Փրկչի սփոփանքը, նրանք ավելի են նմանվում Նրան, զգում են Նրա սերը և ցանկանում են ավելի խոր, ուխտի հարաբերություններ ունենալ Նրա հետ:
Կանանց և երեխաների բարեկեցությունը բարելավելու Եկեղեցու համաշխարհային նախաձեռնությունը մի փորձառություն է` Աստծո բոլոր զավակներին նյութական և հոգևոր թեթևացում բերելու հնարավորություն: Մենք դա անում ենք Նրա Հոգով, Նրա լիազորած քահանայության իշխանությամբ և Նրա զորությամբ, որը մենք ստանում ենք՝ պահելով Նրա հետ ունեցած մեր ուխտերը:
Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք առավելագույն ազդեցությունն ունենալ կանանց և երեխաների կյանքը օրհնելու գործում՝ ուշադրության կենտրոնում գտնվող այս չորս ոլորտների միջոցով.
-
Մանկական սնունդ
-
Մոր և նորածնի խնամք
-
Պատվաստումներ
-
Կրթություն
Ինչո՞ւ ենք մենք կենտրոնացնում մեր էներգիան, սրտերը և ռեսուրսները կանանց և երեխաների բարեկեցության բարելավման համաշխարհային նախաձեռնության վրա։ Քանի որ մենք հավատում ենք, որ համաշխարհային առաջընթացը սկսվում է կանանցից և երեխաներից: Նախագահ Ջոնսոնն ուսուցանում է. «Երբ դուք օրհնում եք կնոջը, դուք օրհնում եք ընտանիքը, համայնքը, ազգը: Երբ դուք օրհնում եք երեխային, դուք ներդրումներ եք կատարում ապագայի համար»:
Որպես համաշխարհային նախաձեռնության մաս՝ Առաջին Նախագահությունը հաստատել է 55,8 միլիոն դոլար արժողությամբ Եկեղեցու նախաձեռնությունը, որն արագացնելու է սննդի և առողջապահական խնամքի բարելավումը անապահովության բարձր մակարդակ ունեցող 12 երկրներում: Համագործակցելով ութ կարևորագույն ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ Եկեղեցին աջակցել է ծրագրերի, որոնք 2024 թվականին օգտակար են եղել ավելի քան 14 միլիոն երեխաների, նորածին մայրերի և ապագա մայրերի առողջությանն ու բարեկեցությանը:
Նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնն այցելել է երեք երեխաների մորը Կոստա Ռիկայում՝ սննդի նվիրատվության միջոցառման ժամանակ: «Նա այնքան երախտապարտ էր իր քաղցած երեխաներին տրամադրված սննդի համար»,- ասում է նախագահ Ջոնսոնը: «Ես ասացի, որ սիրում եմ նրան, և որ ավելի կարևոր է, որ Աստված է սիրում նրան»:
Կարևոր գործի մի մասը
Երբ (նախագահ Ջոնսոնը) անցյալ տարի մեկնեցի Կոստա Ռիկա, ես հնարավորություն ունեցա օգնելու սննդի նվիրատվության միջոցառմանը: Ինձ հուզեց հանդիպումը բազմաթիվ կանանց և երեխաների հետ, որոնք եկել էին առողջ սնունդ ստանալու: Ես հստակ տպավորություն ունեի, որ մենք անում էինք հենց այն, ինչ Փրկիչը կցանկանար, որ մենք անենք: Ես հանդիպեցի Յումանային և նրա երեք գեղեցիկ երեխաներին: Այս անկեղծ կինը վաճառում էր ժապավեններից պատրաստված վարդեր, որպեսզի հոգար իր ընտանիքի կարիքները: «Նա այնքան երախտապարտ էր իր քաղցած երեխաներին տրամադրված սննդի համար։ Ես ասացի, որ սիրում եմ նրան, և որ ավելի կարևոր է, որ Աստված է սիրում նրան: Յումանան աշխարհիկ և հոգևոր սփոփանք ստացավ, երբ զգաց և ընդունեց Աստծո սերը:
Մենք այս համաշխարհային նախաձեռնությունը տեսնում ենք որպես փրկության և վեհացման աշխատանքի մաս: Երբ մարդիկ ստանում են աշխարհիկ սփոփանք, մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ նրանք կզգան Տիրոջ սերն իրենց հանդեպ և կցանկանան մտնել ուխտի հարաբերությունների մեջ կամ խորացնել դրանք Նրա հետ:
Կանանց և երեխաների առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու ջանքերը իրագործում են աստվածային պարտականությունը՝ հոգ տանել կարիքավորների համար: Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունը մարդկանց օրհնում է այլ ձևերով.
-
Այն մեծացնում է աճող սերնդի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ օգնելով նրանց նաև հասնել իրենց հոգևոր ներուժին:
-
Այն նպաստում է մեր հարևանների և ընկերների հետ շփմանը, որոնցից շատերը նույնպես ցանկանում են սովորել, թե ինչպես օգնել իրենց երեխաներին:
-
Այն ապահովում է ավետարանակենտրոն աշխատանք, որը խթանում է իմաստալից ծառայության և սպասավորելու հնարավորություններ կանանց համար, հատկապես չափահաս երիտասարդ կանանց համար։
Չափահաս երիտասարդների ներկա սերունդը ցանկանում է լինել կարևոր գործի մասը, մի գործի, որն իրական ազդեցություն է թողնում աշխարհի վրա և շատ բան փոխում դրանում: Մենք հուսով ենք, որ այս համաշխարհային նախաձեռնությունը կօգնի մեր քույրերին տեսնել, որ նրանք արդեն իսկ պատկանում են երկրի վրա մեծագույն գործերից մեկին․ Տիրոջ աստվածային կազմակերպությանը կանանց համար՝ Իր վերականգնված Եկեղեցում՝ Սփոփող միությանը:
Մենք հավատում ենք, որ այս համաշխարհային նախաձեռնությունը կոգեշնչի մեր անդամներին և ընկերներին ծառայելու իրենց համայնքներում: Հուսով ենք, որ նրանք կտեսնեն, որ.․․
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առաջնահերթություն է տալիս այն հարցերին, որոնք ազդում են կանանց և երեխաների վրա և միջոցներ են հատկացնում նրանց առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու համար:
-
Եկեղեցին և Սփոփող միությունը համաշխարհային առաջնորդներ են մարդասիրական խնդիրների լուծման գործում:
-
Սփոփող միությունը ղեկավարվում է կանանց կողմից և կազմված է նրանցից, որոնք բարելավում են անհատների, ընտանիքների և համայնքների կյանքը:
Սա արտասովոր աշխատանքի միայն սկիզբն է, որը կօրհնի շատերի կյանքը, ովքեր կտան և կստանան Փրկչի սփոփանքն այսօր և գալիք տարիներին, քանի որ այս համաշխարհային նախաձեռնությունը շարունակում է զարգանալ:
Ֆիլիպիններում բուժաշխատողը զննում է երեխային։ Մանկական սնունդը կանանց և երեխաների բարեկեցությունը բարելավելու՝ Եկեղեցու համաշխարհային նախաձեռնության չորս ուղղություններից մեկն է։
Մեր ազդեցության ոլորտները
Համաշխարհային մասշտաբով համաշխարհային Եկեղեցին մեզանից յուրաքանչյուրին ներկայացնում է որպես անդամների, որոնք միավորվում են կազմակերպություններում, որոնք փորձագետներ են՝ հեռավոր վայրերում մեծ խնդիրներ լուծելու գործում: Այնուամենայնիվ, թերևս լավագույն մարդասիրական օգնությունը մատուցվում է տան մոտակայքում, երբ հասնում ես ցանկապատի կամ փողոցի մյուս կողմին: Դուք ապրում եք ձեր ուխտերով և մասնակցում մեր համաշխարհային գործին, երբ գործում եք քրիստոսանման կարեկցանքով և սիրով հոգ տանում ձեր ընտանիքներում, թաղամասերում և համայնքներում գտնվողների համար:
Հնարավոր է՝ չկարողանաք վերանորոգել հարևանի տանիքը կամ մեկնել մեկ այլ երկիր՝ մաքրելու մարդկանց տները աղետալի փոթորիկից հետո, բայց կարո՞ղ եք կարդալ երեխայի համար, լսել ընկերոջը, որը մաքառումների մեջ է, կամ ծոմի նվիրատվություն կատարել: Ամեն ջանք արժեքավոր և կարևոր է այս աշխատանքում՝ կարիքավորներին աջակցելու համար: Շնորհակալ եմ, որ դուք մի խողովակ եք, որի միջոցով ուրիշները կարող են ստանալ Փրկչի սփոփանքը՝ լինելով Նրա համար քնքուշ ձեռքեր, ճարպիկ ոտքեր, լսող ականջներ, բարիք խոսող շուրթեր:
Մինչ Եկեղեցին միավորում է կազմակերպությունները՝ համագործակցելու տարբեր երկրներում կանանց և երեխաների առողջության և բարեկեցության համար, Սփոփող միության քույրերը միավորում են մարդկանց՝ իրենց համայնքներում առկա մարտահրավերները լուծելու համար: Սփոփող միության կանայք գիտակցում են կարիքները, հավաքում են ռեսուրսներ և օգնում հաղթահարել մարտահրավերները: Եվ մենք դա անում ենք Հոգու օգնությամբ՝ բերելով Հիսուս Քրիստոսի սերն ու սփոփանքը Աստծո բոլոր զավակներին:
Տեսնելով ներգաղթյալների կարիքները Միլանում (Իտալիա)` Սփոփող միության քույրերը ծառայություն կազմակերպեցին՝ նրանց հագուստով և կենցաղային ապրանքներով ապահովելու համար: Որոշ քույրեր նվիրաբերեցին լավ վիճակում գտնվող օգտագործված իրեր, իսկ մյուսները կազմակերպեցին նվիրատվություններ: Յուրաքանչյուր քրոջ նվիրատվությունը կարևոր էր: Սփոփող միության քույրերն օգնեցին այցելուներին զգալ Հիսուս Քրիստոսի սերը, երբ նրանք գալիս էին նվիրատվության կենտրոն: Մոնիան՝ Սփոփող միության տեղի մի քույր, ասել է. «Փոքր բաներից առաջ են գալիս մեծ բաներ: Եվ մենք կարող ենք օրհնել մարդկանց Եկեղեցու ներսում և դրսում: Սա ավետարանն է գործողության մեջ»։
Դիմելով նոր կազմակերպված Սփոփող միությանը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց քույրերին. «Դուք այժմ դրված եք մի վիճակում, որտեղ կարող եք գործել համաձայն այն կարեկցանքի, որն Աստված դրել է ձեր սրտում»:
Գվադալահարայում (Մեքսիկա) քույր Յին տեղեկացավ և տեսավ քույրերի այնքան անհավատալի օրինակներ, որոնք գործում էին ըստ այդ կարեկցանքի, քանի որ նրանք ձգտում էին բավարարել տեղի կարիքները:
Այդպիսի քույրերից մեկը քույր Պուլիդոն էր, որն անհրաժեշտություն տեսավ տեղական հիվանդանոցում օգնելու ընտանիքների և անհատների, որոնք եկել էին հեռավոր վայրերից և սննդի ու հագուստի կարիք ունեին, մինչ սպասում էին բուժմանը: Նա հավաքեց Սփոփող միության 120 քույրերի, մի քանի միսիոներների և համայնքի այլ անդամների՝ սննդի, ջրի, ծածկոցների և հագուստի նվիրատվություններ գտնելու համար: Մոտ 1500 մարդ ապրանքներ նվիրաբերեցին, իսկ քույրերն ու մյուսները ճաշ պատրաստեցին մոտ 1200 հոգու համար։ Ապրանքները տրվեցին հիվանդանոցում բուժման իրենց հերթին սպասողներին։
Այս քույրն ասաց, որ դա անում է, քանի որ կարեկցում է այս մարդկանց: Արցունքն աչքերին նա խոնարհաբար բացատրեց, որ ինքն այն մարդկանցից էր, որոնք սպասում էին հիվանդանոցում, երբ ամուսինը գալիս ու գնում էր քաղցկեղի բուժման համար: Նա ասաց, որ իր ամենամեծ օրհնությունն ու ցանկությունն է ծառայել այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր:
Բերենք Փրկչի սփոփանքը
Քույրեր, մեզ վստահվել է սուրբ աշխատանք՝ ողջ աշխարհին բերելու Փրկչի սփոփանքը՝ նյութական և հոգևոր: Եվ մենք կարող ենք դա անել՝ հոգ տանելով նրանց համար, ովքեր գտնվում են մեր ազդեցության ոլորտներում: Ինչպիսի՜ պարգև և օրհնություն է սա: Կանանց և երեխաների բարեկեցությունը բարելավելու Եկեղեցու համաշխարհային նախաձեռնությանը մասնակցելը բազմաթիվ փորձառություններից մեկն է, որ մեզ ավելի է մոտեցնում Փրկչին։ Գործելով այնպես, ինչպես Նա կաներ, մենք զգում ենք Նրա սերը, և Նրա հետ ուխտի փոխհարաբերություններ ունենալու մեր ցանկությունն ու նվիրվածությունը մեծանում է:
Շնորհակալություն, որ օգնում եք մեզ բերել Հիսուս Քրիստոսի սերն ու սփոփանքը մեր քույրերին և եղբայրներին ամենուր:
Երբ փորձում ենք ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, մեզ համար՝ որպես Նրա աշակերտների, ամենակարևոր պահանջն է ճանաչել մեր շրջապատի անմիջական անհատական կարիքները և արձագանքել համբերատարությամբ և սիրով:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը 2024թ.-ի Սփոփող միության համաշխարհային հոգևոր հավաքում ասաց մեզ. «Ես օրհնում եմ ձեզ, որ գիտակցեք, որ ձեր աստվածային պարգևները՝ որպես Աստծո դուստր, ձեզ ուժ են տալիս ոչ միայն փոխելու մարդկանց կյանքը, այլև՝ փոխելու աշխարհը»:
Դա մեր արտասովոր պարտականությունն է:
Սա փառահեղ շրջան է՝ լինելու ուխտի կանայք և մի հասարակության անդամներ՝ ողջ աշխարհի մեր քույրերին և եղբայրներին բերելու Փրկչի սփոփանքը՝ նյութական և հոգևոր: Սփոփանք և ինքնապահովում ապահովելու վերջնական նպատակը մեր քույրերի և եղբայրների համար ճանապարհ պատրաստելն է՝ ցանկանալ և ստանալ սերն ու ողորմությունը, որ հասանելի են նրանց, ովքեր Աստծո հետ ուխտեր են կապում և պահում:
Մենք մեր վկայությունն ենք հայտնում, որ Հիսուս Քրիստոսը սփոփանք է, և որ Նրա առաջարկած սփոփանքը հավիտենական է: