«Փրկչի սերը և հոգատարությունը մեկի հանդեպ», Լիահոնա, մայիս 2025։
Փրկչի սերը և հոգատարությունը մեկի հանդեպ
Մեզ խնդրել են սիրել և ծառայել միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսն է անում՝ մեկ առ մեկ:
Նկարը՝ Ալեքս Նաբաումի
1984 թ․-ի օգոստոսին` իմ մկրտությունից անմիջապես հետո ես լսեցի մի զվարճալի միջոցառման մասին, որը տեղի էր ունենալու Կվեկվեի (Զիմբաբվե) իմ բնակավայրից ոչ հեռու, և որտեղ հնչելու էր երաժշտություն և մատուցվելու էր խորոված։ Ես ու ընկերներս ոգևորված ցանկանում էինք գնալ, բայց կիրակի օր էր: Իմ ընկերները Եկեղեցու անդամ չէին։
Ես նրանց ասացի. «Ես կգնամ եկեղեցի, բայց աննկատ դուրս կգամ հաղորդության ժողովից հետո և կմիանամ ձեզ»:
Ընկերներս, որոնք գիտեին իմ թուլությունը, ասացին. «Եթե այդպես անես, դու կուշանաս: Մինչև գաս, խորովածը կվերջանա»։
Ես ստիպված էի ընտրություն կատարել: Եկեղեցի՞ գնամ, թե՞ խորոված ուտելու։ Ես ընտրեցի խորովածը, բայց կիրակի առավոտյան իմացա, որ միջոցառումը չեղարկվել է: Այդ ժամանակ արդեն ուշ էր եկեղեցի գնալու համար, ուստի ես մնացի իմ վարձակալած փոքրիկ սենյակում։
Այդ օրը կեսօրին ես մի ձայն լսեցի. «Էդի Դյուբն այստե՞ղ է բնակվում»։
Դա իմ ճյուղի նախագահ Ջոն Նյուբոլդն էր՝ իր կնոջ՝ Ջեյնի հետ: Ես ցանկություն զգացի թաքնվելու իմ մահճակալի տակ: Բայց մինչ ես ինչ-որ բան կհասցնեի անել, նրանք կանգնեցին վարագույրի մոտ, որը բաժանում էր իմ սենյակը տան մնացած հատվածից։
«Օ՜, Էդի,- ասացին նրանք,- մենք նկատեցինք քո բացակայությունն այսօր եկեղեցում և անհանգստացանք»:
Որոշ ժամանակ մենք զրուցեցինք, իսկ նրանց գնալուց հետո մտքումս շարունակ արձագանքում էին նրանց բարի խոսքերը՝ «Էդի, մենք նկատեցինք քո բացակայությունը և անհանգստացանք»։ Ես երախտապարտ եմ Ջոն և Ջեյն Նյուբոլդների համար։ Այդ օրվանից ես օրհնված եմ, որովհետև նրանք օգնեցին ինձ անձամբ տեսնել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու մտահոգությունը մեկի հանդեպ:
Մեկ առ մեկ
Հիսուսը, որպես հարություն առած էակ, այցելեց նեփիացիներին՝ Հոր մոտ լինելուց հետո: Նա եկավ մխիթարելու բոլոր մարդկանց։ Նա սիրով հրավիրեց նրանց․
«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:
Եվ դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան անկասկած ու վկայեցին, որ այդ նա էր, որի մասին գրվել էր մարգարեների կողմից, որ պիտի գար» (3 Նեփի 11.14-15, շեշտադրումն ավելացված է):
Այնուհետև Փրկիչը հրավիրեց նրանց բերել բոլորին, ովքեր հիվանդ, վիրավորված կամ «չարչարված էին ինչ-որ ձևով … և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին՝ նրա մոտ» (3 Նեփի 17․7, 9, շեշտադրումներն ավելացված են)։ Ապա Նա «վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը» (3 Նեփի 17.21, շեշտադրումն ավելացված է):
Իսկապես խոնարհեցնող է պատկերացնելը, որ այնտեղ 2500 մարդ է եղել (տես 3 Նեփի 17․25)։ Քանի որ ծնվել և մեծացել եմ Աֆրիկայում, ես հաճախ պատկերացնում եմ Փրկչին՝ կանգնած պայծառ արևի տակ, մինչ սպասում է բուժել, մխիթարել, քաջալերել և սեր ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր եկել են Իր մոտ: Քանի որ մենք Նրա աշակերտներն ենք, մեզ խնդրել են սիրել և ծառայել միմյանց, ինչպես Նա է անում՝ մեկ առ մեկ:
Գործեք հավատքով
Սփոփող միությունը կամ ձեր ծխի կամ ճյուղի երեցների քվորումի նախագահությունը, եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի համաձայնությամբ, հանձնարարել են ձեզ սպասավորել անհատների և ընտանիքների։ Նրանցից ոմանց գուցե լավ չճանաչեք։ Դուք գուցե նյարդայնանաք, որ պետք է այցելեք, զանգահարեք կամ նույնիսկ հաղորդագրություն ուղարկեք նրանց։ Գուցե անհանգստանաք, որ նրանք չեն ցանկանա ձեզ տեսնել իրենց տանը: Բայց ձեր ղեկավարները աղոթքով մտածել են, թե ինչ կարող է նշանակել այս հանձնարարությունը ձեզ համար և ինչ օրհնություններ այն կարող է բերել ձեզ և այն ընտանիքներին, որոնց սպասավորելու եք: Ուստի, գործեք հավատքով։
Մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգների հարավ-արևելքում՝ նախքան ցցի համաժողովը ես ցցի նախագահի հետ այցելեցի մի քանի ընտանիքների: Երբ մենք հասանք մի տան, մեզ մոտեցավ հնամաշ հագուստով մի տղամարդ։
«Ի՞նչ եք ցանկանում»,- բղավեց նա։ «Ես չեմ ուզում, որ մարդիկ գան իմ տուն»։
Ես անհանգստացա, երբ տղամարդու պահվածքը դարձավ սպառնացող: Ես ուզում էի բռնել ցցի նախագահի ձեռքը և վազել դեպի մեքենան: Բայց ցցի նախագահը հանգիստ էր: «Հայցում ենք ձեր ներողամտությունը»-, ասաց նա։ «Մենք կարծում էինք, որ Ձեր եպիսկոպոսը Ձեզ տեղեկացրել էր մեր այցի մասին»:
Երբ նրանք խոսում էին, ես շատ ուժգին զգացի Հոգու ներկայությունը: Ես քաջություն ունեցա մոտենալու այդ մարդուն և ասացի. «Սիրելի եղբա՛յր, նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը [նա այդ ժամանակ մարգարե էր] ինձ հանձնարարություն է տվել գալ այստեղ: Մենք այստեղ ենք Ձեզ տեսնելու համար: Ես Ձեզ փոխանցում եմ մարգարեի սերը»։
Ես նայեցի տղամարդու աչքերին ու նկատեցի, որ լի էին արցունքներով։ Նա սկսեց մեզ հետ կիսվել իր դժվարություններով։ Նրա կինը տառապում էր դեպրեսիայից։ Իսկ նա վերջերս էր կորցրել աշխատանքը։ Նա չէր կարողանում կերակրել իր զավակներին։ Ցցի նախագահը վստահեցրեց տղամարդուն, որ Եկեղեցին կօգնի նրան և իր ընտանիքին: Մեր այցը լավ անցավ։
Մի քանի շաբաթ անց ես հարցրի ցցի նախագահին նրանց մասին։ Նա ասաց ինձ, որ այս եղբոր եպիսկոպոսը և ծխի խորհուրդն օգնում էին նրան, և որ նա և իր կինը, որը Եկեղեցու անդամ չէր, սկսել էին հանդիպել միսիոներների հետ:
Սպասավորությունը սկսվում է ուրիշներին հավատքով և սիրով ձեռք մեկնելուց: Երբ մենք գործում ենք հավատքով, Տիրոջը վստահելով, մենք կարող ենք Նրանից հայտնություն փնտրել Իր ծրագրերի և նպատակների վերաբերյալ՝ Նրա յուրաքանչյուր զավակի հետ մեր փոխգործակցության համար: Նա կօգնի մեզ իմանալ, թե ինչ ասել և անել, և կառաջնորդի՝ «կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն», «սգալու նրանց հետ, ովքեր սգում են … և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8-9)։ Երբ մենք դա անենք, կիմանանք, թե որքան է Փրկիչը իսկապես սիրում մեկին:
Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը
Մինչ օրս ես դեռ կապ ունեն Ջոն և Ջեյն Նյուբոլդների հետ։ Այս տարիների ընթացքում ինձ ուրախություն է բերել այն սերը, որը նրանք ցուցաբերել են իմ հանդեպ։ Իսկ նրանք ուրախացել են՝ տեսնելով ավետարանում իմ առաջընթացը: Սա այն է, ինչ կարող է պատահել, երբ մենք սպասավորում ենք. մենք և նրանք, ում ծառայում ենք, ավելի ենք մոտենում միմյանց և ավելի ենք կապվում Փրկչի հետ:
Փրկիչն ուսուցանել է, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում․ …
Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում» (Վարդապետություն և Ուխտեր 18․10, 15, շեշտադրումներն ավելացված են)։
Եթե սպասավորելը ձեզ համար առաջնահերթություն չի եղել, նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է, որ «մենք բոլորս կարող ենք ավելի լավ գործել և լինել ավելի լավը, քան երբևէ»։ Ես ձեզ հրավիրում եմ փոխվել և նոր էջից սկսել: Ես խոստանում եմ, որ ծառայելով դուք լուծումներ կգտնեք այն մարտահրավերների համար, որոնց այժմ բախվում եք:
Փրկչի խոստումն իրական է․ «Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն» (Մատթեոս 16․25)։
Փրկչի օգնությամբ դուք կարող եք դառնալ այն սպասավորող եղբայրը կամ քույրը, ինչպիսին Նրան պետք է, որ դուք լինեք, որպեսզի փոխեք Երկնային Հոր զավակների կյանքը, յուրաքանչյուրինը՝ հենց այն թանկագին մեկինը։