2025
Սպասավորել բույրերի նկատմամբ ալերգիա ունեցողներին
Հուլիս 2025


«Սպասավորել բույրերի նկատմամբ ալերգիա ունեցողներին», Լիահոնա, հուլիս 2025։

Սպասավորել բույրերի նկատմամբ ալերգիա ունեցողներին

Հարմարեցումները պահանջում են նրբանկատություն և կարեկցանք բոլոր ներգրավվածների կողմից:

Նկար, որտեղ կինը վայելում է բազմաթիվ ուժեղ բույրեր

Նկարները՝ Էլիա Սամպոյի

Մեր Փրկչի հրավերն ուղղված է «բոլորի[ս]՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն» (2 Նեփի 26․33)։ Փրկչի մոտ գալու կարևոր ուղիներից մեկը եկեղեցի հաճախելն է և եկեղեցական միջոցառումներին մասնակցելը: Երբեմն եկեղեցի հաճախելը կարող է մարտահրավեր լինել տարբեր պատճառներով: Դա կարող է հատկապես դժվար լինել նրանց համար, ում կյանքում առկա է հաշմանդամություն, ալերգիա կամ այլ առողջական խնդիրներ:

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ցանկանում ենք, որ բոլորն իրենց ողջունված զգան և կարողանան հաճախել եկեղեցի ու մասնակցել միջոցառումների: Օրինակ՝ մենք ցույց ենք տալիս մեր ուշադրությունը սննդային ալերգիա ունեցող մարդկանց հանդեպ՝ պատրաստելով հաղորդությունը սնձան չպարունակող տարբերակներով: Սա հնարավորություն է տալիս այս անհատներին ճաշակել հաղորդությունը և նորացնել սրբազան ուխտերը Տիրոջ հետ:

Որոշ անդամներ դժվարանում են հաճախել եկեղեցի կամ այլ հասարակական հավաքույթների՝ քիմիական բույրերի նկատմամբ զգայունության պատճառով, ինչպիսիք են օծանելիքները և օդեկոլոնները: Մարդիկ, որոնք ունեն ասթմա, բույրերի նկատմամբ ալերգիա կամ զգայուն են քիմիական բազմաթիվ նյութերի հանդեպ, ավելի զգայուն են քիմիական բույրերի հանդեպ և կարող են կողմնակի ազդեցության ենթարկվել: Ինչպես սննդային ալերգիայի դեպքում, պարզապես նայելով չես կարող ասել, որ մարդը քիմիական նյութերի հանդեպ զգայունություն ունի: Արդյունքում, այս պայմանը հաճախ անտեսանելի է մնում, բայց այն մեծապես ազդում է այդ անձի՝ կյանքի բնականոն գործունեությունը կատարելու ունակության վրա:

Ախտանիշներ

Ախտանիշները բազմազան են և կարող են ներառել սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավ, հոգնածություն, անհանգստություն, շնչառական խնդիրներ, կրծքավանդակի և կոկորդի ցավ և այլն:

Ախտանիշները տատանվում են թույլից մինչև ծանր: Մինչ մեկը կարող է գլխացավ ունենալ, որը կանցնի մի քանի ժամ հետո, մյուսի մոտ կարող է առաջ գալ զգալի ռեակցիա, որը կարող է տևել օրեր կամ հանգեցնել շտապ ուղևորության՝ դեպի հիվանդանոց:

Քիմիական զգայունությունը կարող է խաթարել մարդու կյանքը և առաջացնել մեկուսացման զգացում: Անդամներից մեկը, ով ուներ ծանր ախտանիշներ, բացատրել է. «Ամենօրյա գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ընկերներին այցելելը, Եկեղեցու ժողովներին հաճախելը կամ դրսում ընթրելը, կարող են դառնալ սարսափելի մարտահրավերներ: Սա հանգեցնում է հիասթափության, օտարության և ճնշող միայնության զգացումների: Բացի այդ, մենք հաճախ զգում ենք, որ մեզ չեն հասկանում և դատվում ենք այն մարդկանց կողմից, որոնք չեն կարողանում «տեսնել» մեր հիվանդությունը և կարծում են, որ մենք եսասեր և ծիծաղելի ենք, քանի որ «չենք սիրում բույրեր»։

Մի հայր և որդի ծանր ասթմա ունեն, որն առաջանում է քիմիական բույրերի պատճառով: Նախքան միսիա մեկնելը՝ որդին պատրաստվում էր խոսել հաղորդության ժողովում: Նրա ելույթից մեկ շաբաթ առաջ եպիսկոպոսն ասաց ծխի անդամներին, որ երիտասարդը ծանր շնչառական խնդիրներ է ունենում թանձր օծանելիքների պատճառով և խնդրեց, որ անդամները հիշեն դա հաջորդ շաբաթ եկեղեցի հաճախելիս: Արդյունքում հայրն ու որդին անցկացրին լավագույն կիրակին, որ երբևէ ունեցել էին եկեղեցում:

Հարմարեցումներ

Եկեղեցու միջավայրում քիմիական թույլ զգայունություն ունեցող անձը կարող է ընտրել հեռու նստել այլ մարդկանցից: Մյուսների համար կարող են անհրաժեշտ լինել ավելի մեծ միջամտություններ, օրինակ՝ դեմքին ֆիլտրող շնչառական սարք կրելը, օդը մաքրող սարք բերելը եկեղեցի կամ հաղորդության ժողովը առցանց դիտելը:

Անկախ նրանից, թե ինչ սրության է մարդու զգայունությունը քիմիական բույրերի հանդեպ, կարևոր է հիշել, որ դա իրական մտահոգություն է: Հարմարեցումները պահանջում են նրբանկատություն և կարեկցանք բոլոր ներգրավվածների կողմից: Մարդիկ օգտագործում են օծանելիք և այլ բույրեր տարբեր պատճառներով, ինչպիսիք են նախապատվությունը կամ անձնական հիգիենան: Փոխադարձ հարգանքն ու ըմբռնումն անհրաժեշտ կլինի բոլոր ներգրավվածների կարիքները հոգալու համար:

Եթե դուք քիմիական զգայունություն ունեք, խնդրում ենք խոսել ձեր եպիսկոպոսության անդամի հետ: Թեև հարմարեցումները կարող են հնարավոր չլինել բոլոր հանգամանքներում, օգտակար է ծխի ղեկավարներին տեղեկացնել ձեր կարիքների մասին: Ծխի խորհուրդը կարող է աշխատել ձեզ հետ՝ փորձելով առավելագույն հարմարեցումները կատարել՝ կապված ձեր քիմիական զգայունության հետ: Ճիշտ մոտեցումը տարբեր կլինի՝ կախված հանգամանքներից և պետք է հավասարակշռված լինի՝ հասկանալով, որ ոչ բոլոր իրավիճակներում կարող են բավարարվել բոլորի կարիքները:

նկարում պատկերված են ուժեղ հոտեր առաջացնող ապրանքներ

Որոշ գաղափարներ ղեկավարների համար.

  • Օգնեք անդամներին հասկանալ, որ քիմիական նյութերի հանդեպ զգայունությունը իսկական մտահոգություն է դրանցից տուժողների համար:

  • Կանոնավոր կերպով տրամադրեք հայտարարություններ և հիշեցումներ այն մասին, թե մենք ինչպես կարող ենք կարեկից լինել ուրիշների հանդեպ, որոնք առնչվում են քիմիական զգայունության և մեկուսացում պահանջող այլ բժշկական խնդիրների հետ, և ինչպես կարող ենք օգնել բոլորին՝ միանալ Տիրոջը երկրպագելիս:

  • Մտածեք ծխում կամ ցցում հաշմանդամության մասնագետ կանչելու մասին՝ օգնելու լուծել այս և այլ խնդիրներ:

  • Մտածեք ղեկավարների և անդամների համար վերապատրաստման դասընթաց կազմակերպելու մասին՝ քիմիական զգայունության և այլ խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ազդել Եկեղեցու ժողովներին մասնակցելու անձի ունակության վրա:

Որոշ գաղափարներ հարմարեցումների վերաբերյալ.

  • Քիմիական զգայունություն ունեցող անհատներին հնարավորություն ընձեռեք ծխի ղեկավարների հետ կիսվել իրենց կարիքներով և մտահոգություններով:

  • Հնարավորության դեպքում ամեն ինչ արեք՝ կիրառելու ուղեցույցներ հանդիպումների և միջոցառումների համար, որոնք թույլ են տալիս զգայուն կամ ալերգիկ մարդկանց հարմարավետությամբ մասնակցել:

  • Փորձեք ժողովների առցանց հեռարձակում ապահովել նրանց համար, ովքեր չեն կարող ներկա գտնվել, և առաջարկեք ուղիներ, որպեսզի այդ անհատները ճաշակեն հաղորդությունը:

  • Օգտագործեք միայն այն ապրանքները, որոնք հաստատված և տրամադրված են Եկեղեցու ժողովատների թիմի կողմից: Եթե ստանդարտ արտադրանքներից մեկը խնդիր է ստեղծում, աշխատեք տեղի շինությունների մենեջերի հետ՝ այլընտրանքներն ուսումնասիրելու համար: Եթե անդամներն իրենց հետ բերեն օդը թարմացնող կամ մաքրող միջոցներ, այդ ապրանքները կարող են ռեակցիաներ առաջացնել զգայուն անհատների մոտ:

  • Միջոցառումներ պլանավորելիս հաշվի առեք քիմիական զգայունությունը:

  • Հիշեք, որ քիմիական զգայունություն ունեցող որոշ մարդիկ կցանկանային ծառայել իրենց համար անվտանգ իրավիճակում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է. «Նրանց համար, ովքեր իրենց անմասն ու անտեսված են զգում, [մեր] ընդունելության ջերմությունը վճռորոշ կլինի: Ի վերջո, մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե ըստ Փրկչի՝ ինչպիսին պետք է լինի մեր հաղորդության ժամը: Ինչպե՞ս Նա կցանկանար, որ Իր զավակներից յուրաքանչյուրին ողջունեին, ուշադիր լինեին, սնուցեին և սիրեին: Նա ի՞նչ կցանկանար, որ մենք զգայինք, երբ գալիս ենք նորոգվելու՝ Իրեն հիշելու և երկրպագելու միջոցով»:

Բարձրացնելով այս խնդրի մասին իրազեկվածությունը՝ քիմիական զգայունություն ունեցող մարդիկ կարող են իրենց լսելի, հարգված զգալ և լիարժեքորեն ներգրավված լինել իրենց ծխի կամ ճյուղի կյանքում: Երբ եպիսկոպոսությունները և ծխի խորհուրդները կարեկցաբար և աղոթքով աշխատում են այս տեսակի առողջական պայմաններից տուժած անհատների հետ, Երկնային Հոր ավելի շատ զավակներ զորանում են, քանի որ նրանց ավելի մեծ հնարավորություններ են տրվում ավելի մոտենալու Հիսուս Քրիստոսին: Երբ ծուխը հավաքվում է միասին՝ «միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով» (Մոսիա 18․21), սրտերը դա զգում են և բուժվում։