2025
Տարածենք երաժշտությունը
Հուլիս 2025


«Տարածենք երաժշտությունը» Լիահոնա, հուլիս 2025։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Տարածենք երաժշտությունը

Մենք բոլորս կարող ենք ուղիներ փնտրել՝ կիսելու Աստծո տված շնորհներն ու տաղանդները՝ հասնելով նոր մակարդակների:

կլառնետի նկար

Նկարը՝ Դեյվիդ Մալանի/Malan Creative

Ես միշտ ցանկացել եմ նվագել Տաճարային հրապարակի նվագախմբում՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նվագախմբում: Ես նվագում եմ կլառնետ և ունեմ երաժշտական կրթություն, բայց դժվար թե երբևէ հնարավորություն ունենամ:

Ի հավելումն այս ամենի՝ ես ապրում եմ Նոր Զելանդիայում։

Սակայն Սուրբ Հոգին հիշեցնում է ինձ, որ ես կարող եմ «գոհ լինել» (Ալմա 29․3)՝ որպես երաժշտության ռահվիրա Նոր Զելանդիայի և այլ տարածքների Եկեղեցում: Իմ առաջին կոչումը18 տարեկանում եղել է կրտսեր տարիքի երեխաների խմբի երաժշտության ղեկավար: Այդ ժամանակից ի վեր ես օրհնված եմ՝ ղեկավարելու և ներկայացնելու ցցի և ծխի երաժշտական համարները, ինչպես նաև դաշնամուր նվագելու Երեխաների միությունում: Ես երաժշտությունը տարածել եմ Նոր Զելանդիայում և Ֆիլիպիններում, նվագակցել եմ Եկեղեցու շրջաններից մեկի երաժշտական բաց դռների ժամանակ Շանհայում (Չինաստան): Ես դուետ եմ երգել Պրովոյի Միսիոներների ուսուցման կենտրոնում։

Երաժշտությունն ինձ պահել է Եկեղեցում անհանգստության և դեպրեսիայի դեմ դժվարին պայքարի ընթացքում: Երբ զգացի, որ այլ բան չեմ կարող անել, գիտեի, որ կարող եմ այո ասել երաժշտության հետ կապված հարցերում օգնելուն: Երաժշտությունն օգնում է ինձ տեսնել աշխարհը հոգևոր աչքերով:

Ես կարողանում եմ երաժշտություն գրել կնոջս ու երեք երեխաներիս հետ: Մենք միասին ելույթ ենք ունեցել ծխում, գրել ենք երաժշտական համար Օքլենդ Նոր Զելանդիա Միսիայում միսիոներական հեռարձակման համար և երգել ենք ցցի առցանց համաժողովի ժամանակ: Ես գիտեմ, թե ինչպես է Աստծո խոսքը Եկեղեցու օրհներգերի միջոցով հրավիրում Սուրբ Հոգուն և կարող է դիպչել սրտերին մեր ընտանիքներում և ծխերում:

Ես շարունակում եմ հեռվից հիանալ Տաճարային հրապարակի նվագախմբով, բայց գիտեմ, որ մենք օրհնվում ենք, երբ հնարավորություններ ենք փնտրում ծառայելու Տիրոջը և փառաբանելու Նրան՝ որտեղ էլ որ լինենք և ինչպես որ կարող ենք (տես Սաղմոս 150․6): Ես երախտապարտ եմ, որ կարող ենք կիսվել մեր վկայություններով մեր պարգևների և տաղանդների միջոցով, ներառյալ երաժշտության միջոցով: Մենք օրհնված ենք և մենք օրհնում ենք ուրիշներին, երբ կիսում ենք այդ պարգևներն ու տաղանդները Աստծո զավակների հետ և «բարձրացնում՝ որտեղ կանգնած ենք»: