«Մենք նորից կտեսնե՞նք մեր թոռնուհուն» Լիահոնա, հուլիս 2025։
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Մենք նորից կտեսնե՞նք մեր թոռնուհուն
Նախագահ Նելսոնի հրավերն ընդունելու մեր որոշումը հանգեցրեց անսպասելի հրաշքի:
Նկարները՝ Դեյվիդ Մալանի/Malan Creative
1999 թվականին մեր ավագ որդին մահացավ։ Նա ուներ կին և մեկ տարեկան դուստր, որոնց հետ մենք հիանալի հարաբերություններ ու հրաշալի շփումներ էինք ունենում ամեն շաբաթ։
Ողբերգական հանգամանքների պատճառով մեր թոռնուհու երրորդ տարեդարձը դարձավ վերջին անգամը, երբ մենք նրա հետ շփվեցինք: Երկար տարիներ մենք աղոթեցինք, ծոմ պահեցինք և հույս փայփայեցինք, որ ինչ-որ կերպ կկարողանանք նորից տեսնել նրան:
2018 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հղեց հրավեր՝ խոստումի հետ միասին. «Ես կոչ եմ անում գտնել եղանակներ՝ Տիրոջ հետ պարբերաբար պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, լինել Նրա սուրբ տանը, իսկ հետո պահել այդ պայմանավորվածությունները ճշգրտությամբ և ուրախությամբ: Ես ձեզ խոստանում եմ, որ երբ զոհաբերություններ կատարեք, ծառայեք և երկրպագեք Տիրոջ տաճարներում, Նա ցույց կտա հրաշքներ, որոնք, Նրա կարծիքով, ձեզ անհրաժեշտ են»:
Երբ լսեցի այս խոսքերը, ես զգացի, որ Երկնային Հայրը խոսում էր ինձ հետ Իր մարգարեի միջոցով: Այսպիսով, ես և ամուսինս պարտավորվեցինք սկսել տաճար հաճախել ամեն երեքշաբթի և պահել այդ պարտավորությունը «ճշգրտությամբ և ուրախությամբ»:
2019 թ․-ի մի օր մեր այն ժամանակ 21-ամյա թոռնուհին անսպասելիորեն ինձ հաղորդագրություն ուղարկեց առցանց: Նրա հաղորդակցությունը սկզբում պասիվ էր, բայց քանի որ նրա հաղորդագրությունները շարունակվում էին, նա սկսեց հարցեր տալ, որոնք բացեցին երկխոսության հիանալի դուռ: Սկզբում նա հազվադեպ էր մեզ թույլ տալիս մասնակից դառնալ իր կյանքին, բայց հետո սկսեց ավելի հաճախ շփվել մեզ հետ։
2021 թ․ մենք նրան հրավիրեցինք Գոհաբանության օրը մեր ընտանիքի հետ անցկացնել։ Նա ընդունեց, և մենք հիանալի ժամանակ անցկացրինք և սկսեցինք ճանաչել նրան: Նա հեշտությամբ շփվում էր հորաքույրների, հորեղբայրների, զարմուհիների և զարմիկների հետ: Նա ցանկացավ, որ Գոհաբանության օրվա իր այցը ավանդույթ դառնա:
Մեկ տարի անց օտարացած տղան նորից կապ հաստատեց մեզ հետ: 2024 թ․ մարտին մեր ընտանեկան կյանքում առաջին անգամ մենք ունեցանք ընտանեկան հավաք, որը ներառում էր յուրաքանչյուր կենդանի զավակին, նրա կողակցին և բոլոր 16 թոռներին:
Ես միշտ հավատացել եմ, որ մարգարեն խոսում է Տիրոջ փոխարեն: Ես հավատում եմ, որ այս շատ անհրաժեշտ հրաշքը տեղի ունեցավ նախագահ Նելսոնի հայտնությամբ տրված առաջնորդության և խոստումի շնորհիվ:
Իմ վկայությունն ու սերը իմ Երկնային Հոր և Նրա Որդու հանդեպ պայմանավորված չեն եղել և չեն լինի այս հրաշքով: Այնուամենայնիվ, ես զարմանում եմ, թե որքան անձնական է նրանց սերն իմ հանդեպ և որքան զորեղ են նրանց խոստումները, որոնք գալիս են մարգարեի միջոցով: