2025
Փախուստ Վիետնամից
Հուլիս 2025


«Փախուստ Վիետնամից», Լիահոնա, հուլիս 2025:

Պատմություններ Սրբեր հատորյակից, հատոր 4

Փախուստ Վիետնամից

Երբ վիետնամցի սրբերը տառապում էին պատերազմի, տարհանման, ճամբարների և իրենց ընտանիքներից բաժանվելու պատճառով, նրանք ամուր կառչեցին իրենց հավատքից:

երկու տղամարդ նայում են, թե ինչպես է անցնում տանկը

Նկարները` Դեյվիդ Գրինի

1975թ.-ի ապրիլի մի պայծառ կիրակի օր պատերազմից ավերված Վիետնամում Սայգոնի ճյուղի նախագահ Նգուեն Վան Տայը մտավ տեղի հավաքատունը: Անմիջապես ճյուղի անդամները շրջապատեցին նրան, նրանց դեմքերը լի էին հիասթափությամբ և հույսով: «Նախագահ Տայ։ Նախագահ Տայ»,- կանչեցին նրանք։ «Ի՞նչ նորություն ունեք»։

«Ես ձեզ կասեմ այն ամենը, ինչ գիտեմ, հաղորդության ժողովից հետո»,- ասաց նա: Նա ամբոխի բոլոր անդամներին հորդորեց հանգստություն պահպանել։ «Ձեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»։

ճյուղի նախագահը վերցնում է տասանորդի նվիրատվությունը

Սայգոնի ճյուղի նախագահ Նգուեն Վան Տայը տասանորդի նվիրատվություն է ստանում 1973 թ․-ին՝ մոտ երկու տարի առաջ այն իրադարձություններից, երբ պատերազմը ստիպեց անդամներին լքել Սայգոնը:

Տասնամյակներ շարունակ Վիետնամը բաժանված երկիր էր։ Հակամարտությունը բռնկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Ամերիկյան ուժերը հարավային վիետնամցիների կողքին կռվել էին Հյուսիսային Վիետնամի կոմունիստական կառավարության դեմ մոտ մեկ տասնամյակ, բայց մեծ կորուստները հանգեցրին պատերազմից Ամերիկայի դուրս գալուն: Այժմ Հյուսիսային Վիետնամի ուժերը մոտեցել էին հարավային մայրաքաղաք Սայգոնին:

Երբ նախագահ Տայը մտավ հավաքատուն և նստեց սենյակի առջևում, նա լսեց հրետանային կրակի դղրդյունը: Պատերազմը, որը բերել էր այդքան շատ վիետնամցի սրբերի դեպի վերականգնված ավետարանը, այժմ սպառնում էր ճյուղին:

Ժողովից հետո նախագահ Տայը տեղեկացրեց Սրբերին, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը պատրաստ է տարհանել Եկեղեցու անդամներին: Ճյուղի անդամները պնդեցին, որ նախագահ Տայի ընտանիքն անհապաղ տարհանվի, որպեսզի նա կարողանա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել մնացածներին տարհանելուն։

Նրա կինը՝ Լիենը, երեք երեխաների, մոր ու քույրերի հետ մի քանի ժամ անց անհապաղ դուրս եկան Սայգոնից։

Հաջորդ օրը նախագահ Տայը և իր ընկերակից սրբերից Թրան Վան Նգիան նստեցին մոտոցիկլետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից օգնություն խնդրելու համար: Բայց շուտով նրանք հանդիպեցին մեծ թնդանոթով տանկի, որն արագորեն մոտենում էր իրենց։

Նգիան շեղվեց ճանապարհից, նա և նախագահ Տայը մագլցեցին խրամատը՝ թաքնվելու համար: Տանկն անցավ նրանց կողքով։

Սայգոնն այժմ գտնվում էր Հյուսիսային Վիետնամի ձեռքերում։

Մեկ շաբաթ անց՝ 1975թ. մայիսին, Լի Մայ Լիենը իջավ մարդաշատ ավտոբուսից Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) մոտ գտնվող ռազմական ճամբարում՝ Միացյալ Նահանգների Արևմտյան ափին: Նրա առջև վրանների մի փռված քաղաք էր, որը պատրաստվել էր Վիետնամից 18000 փախստականների ապաստան տալու համար:

Լիենը փող չուներ և վատ էր խոսում անգլերեն: Նա պետք է հոգ տաներ իր երեք երեխաների համար, մինչ սպասում էր ամուսնու մասին լուրերի Վիետնամից։

Ճամբարում իրենց առաջին գիշերը Լիենն ամեն ինչ արեց իր երեխաների հարմարավետության համար: Ճամբարում նրան վերմակներ չտվեցին և միայն մեկ մահճակալ հատկացրին: Նրա որդիները՝ Վուն և Հույը, տեղավորել էին մահճակալի վրա, իսկ փոքրիկը քնել էր ցանցաճոճում, որը Լիենը պատրաստել էր սավանից և առաձգական ժապավեններից։

Լիենը պառկելու տեղ չուներ, ուստի նա քնեց մահճակալի եզրին նստած՝ վրանին հենված։ Գիշերները ցուրտ էին, և նրա առողջական վիճակը վատացավ։ Շուտով նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշվեց։

Նա անընդհատ աղոթում էր, որ իր ամուսինը մնա ամուր՝ հավատալով, որ եթե ինքը կարողանա հաղթահարել իր փորձությունը, ապա ամուսինն էլ կհաղթահարի իրենը: Սայգոնից փախչելուց հետո նա որևէ լուր չէր ստացել նրանից։

Երբ Լիենն ամեն առավոտ օրորում էր իր լացող երեխային, ինքը նույնպես լալիս էր։ «Խնդրում եմ,- աղաչում էր նա Տիրոջը,- թույլ տուր ինձ հաղթահարել այս օրը»:

1976թ․ նախագահ Տայը բանտարկվեց Թանհ Օնգ Նամում։ Նա անհամբեր սպասում էր լուրերի իր կնոջ և երեխաների մասին, բայց այն ամենը, ինչ գիտեր իր ընտանիքի գտնվելու վայրի մասին, գալիս էր Հոնկոնգի միսիայի նախագահի հեռագրից. «Լիենը և ընտանիքը լավ են։ Եկեղեցին հոգում է նրանց մասին»։

Այժմ, ավելի քան մեկ տարի անց, Տայը մտածում էր, թե երբ կրկին ազատ կլինի։

Բանտային ճամբարում կյանքը գնալով անտանելի էր դառնում։ Տային և իր ընկերներին տեղավորել էին առնետներով լցված զորանոցներում։ Նրանք քնում էին պողպատե սալերից պատրաստված մահճակալների վրա։ Աղքատիկ ու փչացած սնունդը, ճամբարի հակասանիտարական պայմանների հետ մեկտեղ, տղամարդկանց խոցելի էին դարձնում այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են դիզենտերիան և բերի-բերին:

Նոր կառավարության սկզբունքների վերափոխումները ներառում էին աշխատանքային և քաղաքական հրահանգներ: Յուրաքանչյուրին, ով կխախտեր ճամբարի կանոնները, սպասվում էր դաժան ծեծ կամ մենախուց:

Տայը մինչ այդ պահը գոյատևել էր՝ փորձելով մնալ աննկատ և կառչելով իր հավատքից: Որոշ ժամանակ նա մտածում էր ճամբարից փախչելու մասին։ Բայց նա զգաց, որ Տերը չի խրախուսում իրեն անել դա: «Եղեք համբերատար»,- շշնջաց Հոգին։ «Ամեն ինչ լավ կլինի Տիրոջ ժամանակին»։

Որոշ ժամանակ անց Տայն իմացավ, որ իր քրոջը՝ Բային, թույլ կտան այցելել իրեն ճամբարում: Եթե նրան հաջողվեր նամակ ուղարկել իր ընտանիքին, քույրը կարող էր այն ուղարկել նրանց:

Բայի այցելության օրը, մինչ Տայը հերթում սպասում էր, պահակները խուզարկում էին նրանից առաջ կանգնած բանտարկյալներին ամբողջ մարմնով մեկ։ Նա հաղորդագրությունը թաքցրել էր իր գլխարկի ներսի կտորի ժապավենի տակ։ Այնուհետև նա գլխարկի մեջ դրել էր փոքրիկ նոթատետր և գրիչ։ Նոթատետրը անկասկած կշեղեր պահակների ուշադրությունը։

Նրանք զննեցին գրիչն ու տետրը, հետո թողեցին անցնի։

Շուտով Տայը տեսավ իր քրոջը և նամակը դրեց նրա ձեռքերի մեջ։ Նա լաց եղավ, երբ Բան նրան մի քիչ ուտելիք և փող տվեց: Նա վստահ էր, որ քույրն իր նամակը կհասցնի Լիենին։

Վեց ամիս անց Բան վերադարձավ ճամբար մի նամակով։ Ներսում Լիենի և երեք երեխաների նկարն էր։ Նա գիտեր, որ այլևս չէր կարող սպասել:

Նա պետք է ելք գտներ ճամբարից դուրս գալու և իր ընտանիքի գիրկը վերադառնալու համար։

Նգուեն Վան Տայը ընտանիքի հետ

Նգուեն Վան Տայը և նրա կինը՝ Լե Մայ Լիենը, որդու հետ 1973թ.։ Կինը և իրենց երեք երեխաները ապաստան գտան Միացյալ Նահանգներում, բայց Տայը ստիպված էր գնալու բանտային ճամբար: Ավելի ուշ նա ասել է. «Ես կարողացա գոյատևել «վերակրթող» ճամբարում, քանի որ … հավատք ունեի առ Հիսուս Քրիստոսը»։

Որպես ընտանիքների մասին հոգ տանելու իր առաքելության մաս, ՎՕՍ Սոցիալական ծառայությունները պայմանավորվել էին Միացյալ Նահանգների Եկեղեցու անդամների հետ՝ հոգ տանելու մոտ 550 վիետնամցի փախստականների մասին, որոնցից շատերը Եկեղեցու անդամ չէին: Լիենը և նրա ընտանիքը հովանավորվում էին Բրիգամ Յանգ համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Ֆլամերի և նրա կնոջ՝ Միլդրեդի կողմից: Նրանք օգնեցին ընտանիքին տեղափոխվել Պրովո (Յուտա)։

Սկզբում Լիենը դժվարացավ աշխատանք գտնել: Ֆիլիպը նրան տարավ տնտեսական խանութ՝ հավաքարարի աշխատանք գտնելու համար։ Բայց հարցազրույցի ժամանակ մենեջերը պատռեց նրա միջնակարգ դպրոցի վկայականը և ասաց. «Սա այստեղ չի անցնում»:

Շուտով նա ժամանակավոր աշխատանք գտավ՝ մոտակա այգում կեռաս հավաքելով: Հետո նա դերձակուհու աշխատանք գտավ, ապա իր եկամուտն ավելացրեց՝ հարսանեկան տորթեր թխելով։ Ֆիլիպի օգնությամբ նա նաև գումար է վաստակել՝ ԲՅՀ ուսանողների համար հաշվետվություններ մուտքագրելով:

Իր ընտանիքի դժվարին պահերին Լիենը հավատարիմ մնաց Տիրոջը: Նա ուսուցանեց իր երեխաներին աղոթքի զորության մասին՝ իմանալով, որ այն կարող է առաջնորդել նրանց իրենց փորձությունների միջով:

Այնուհետև, 1977 թվականի վերջին, Լիենը իմացավ, որ իր ամուսինը գտնվում է Մալայզիայի փախստականների ճամբարում։ Նրան հաջողվել էր հեռանալ Վիետնամից հին ձկնորսական նավով այն բանից հետո, երբ վերջապես ազատվել էր Թանհ Օնգ Նամից: Այժմ նա պատրաստ էր վերամիավորվել իր ընտանիքի հետ։ Այժմ նրան միայն հովանավոր էր պետք:

Լիենը սկսեց ավելի շատ ժամեր աշխատել՝ բավականաչափ գումար խնայելու և Տային Միացյալ Նահանգներ բերելու համար:

1978 թվականի հունվարին Լի Մայ Լիենը հուզված նստեց մեքենան, որը շարժվում էր դեպի Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայանը: Մոտ երեք տարվա սպասումից հետո նա վերջապես ամուսնու հետ հանդիպելու ճանապարհին էր։

Օդանավակայան հասնելուց հետո Լիենը միացավ մյուս ընկերներին և Եկեղեցու անդամներին, որոնք եկել էին ողջունելու Տային։

Շատ չանցած Լիենը տեսավ շարժասանդուղքով իջնող Տային: Նա գունատ տեսք ուներ և մոլորված հայացք։ Բայց, Լիենին տեսնելուն պես, նա կանչեց նրան։ Լիենը լցվեց ուրախությամբ։

Նա գրկեց նրան: «Փառք Աստծո,- շշնջաց նա,- վերջապես դու տանն ես»:

Հղումներ

  1. Nguyen and Hughes, When Faith Endures, 1, 5–7. Ճշգրտության համար խմբագրված մեջբերում, «The»-ի փոխարեն սկզբնաղբյուրն ունի «Tay» ուղղագրությունը:

  2. Kiernan, Việt Nam, 385–91, 395–451; Taylor, History of the Vietnamese, 446–47, 478–83, 536–619.

  3. Nguyen and Hughes, When Faith Endures, 1, 6–18, 119, 127–33, 136–37; Britsch, From the East, 435–37; “Saigon Branch Evacuation List,” May 13, 1975, First Presidency, General Correspondence, CHL; Le, Oral History Interview, 1–3; Nguyen, “Escape from Vietnam,” 29.

  4. Le, Oral History Interview, 2–5, 9–10, 16–19, 21, 23, 27; Nguyen and Hughes, When Faith Endures, 236.

  5. Nguyen and Hughes, When Faith Endures, 158–60, 163, 184, 190. Ընթեռնելիության համար խմբագրված մեջբերում․ սկզբնաղբյուր․ «LIEN AND FAMILY FINE WITH CHURCH»։

  6. Nguyen and Hughes, When Faith Endures, 160–62, 165–73, 174–79, 189; Vo, Bamboo Gulag, 62–63, 72, 77, 117–26, 143–46, 151–56. Ընթեռնելիության համար խմբագրված մեջբերում․ «would»-ը բնօրինակում փոխվել է «will»:

  7. Nguyen and Hughes, When Faith Endures, 190–94.

  8. Nguyen Van The, in Water Tower Chronicles (blog), watertowerchronicles.weebly.com/the-van-nguyens-story.

  9. Le, Oral History Interview, 29, 45–63; Nguyen and Hughes, When Faith Endures, 195–98, 203–13, 220.