2025
Ընտանիքի հռչակագիրը և դուք
Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2025


Ընտանիքի հռչակագիրը և դուք

Այս տարի լրանում է Ընտանիքի հռչակագրի 30 տարին։ Տեսեք, թե ինչպես այն կարող է օրհնել ձեր ընտանիքը։

պարող ընտանիք

Նկարները՝ Իրտեքս Լոպեզ դե Մունենի

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1995 թ․ սեպտեմբերին, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը թողարկեցին «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը, հայտարարելով, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, այդ ժամանակ առաքյալ էր: Նա ասել է․ «Ես վկայում եմ, որ Ընտանիքի հռչակագիրը հավերժական ճշմարտության հաստատումն է … Ուսուցանեք այն, ապրեք դրանով և դուք կօրհնվեք»։

Ընտանիքի հռչակագիրն օրհնել է ընտանիքներին ամբողջ աշխարհում 30 տարի շարունակ, և կշարունակի օրհնել։

ընտանեկան գրկախառնություն

Խորհուրդներ ամուր, երջանիկ ընտանիքների համար

Ընտանիքի հռչակագրում մարգարեներն ու առաքյալները վկայել են, որ «ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»:

Դրանք ներառում են «հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներ»:

Այս ուսմունքների օգտագործումը կօրհնի ձեր ընտանիքը զարմանալի եղանակներով: Օրինակ, դուք կարող եք.

  • Խրախուսել ընտանեկան աղոթքը։ Աղոթքը հաստատ օգնում է ընտանիքներին ավելի ամուր լինել։ Եթե ձեր ընտանիքում աղոթքը դեռ սովորություն չի դարձել, խրախուսեք դա։ Միասին աղոթելը կբերի խաղաղություն, սեր և ներդաշնակություն:

  • Սեր ցուցաբերեք խոսքերով և գործերով։ Ավելի հաճախ ասեք ձեր ընտանիքին, որ սիրում եք նրանց, նույնիսկ եթե կարծում եք, որ նրանք արդեն գիտեն դա: Օգտագործեք բարի և խրախուսող խոսքեր: Սա Հոգին հրավիրում է ձեր տուն:

    Ձեր ընտանիքին ծառայելը սեր դրսևորելու ևս մեկ հիանալի միջոց է: Մտածեք գաղտնի լավություն անել ձեր քույր-եղբայրներին կամ օգնել տնային գործերում, նույնիսկ երբ ձեզ չեն խնդրել:

  • Ժամանակ անցկացրեք միասին և զվարճացեք։ Ընտանիքի հռչակագրում նշվում է «առողջ ու ստեղծարար միջոցառումների» մասին, որպես օգնության միջոց՝ ամուր ու երջանիկ ընտանիքներ ունենալու համար։ Դուք կարող եք հեծանվով զբոսնել այգում, պատրաստել և հյուրասիրել կերակուրներ, կարճատև արշավանք ձեռնարկել, միասին սպորտով զբաղվել կամ սեղանի խաղեր խաղալ: Ցանկը կարող է շարունակվել, բայց միասին ժամանակ անցկացնելը կհիշեցնի ձեզ, որ ընտանիքն ամենակարևորն է:

  • Ծառայեք միասին։ Ձեր ընտանիքը կարող է ավելի մտերմանալ՝ միասին ծառայելով: Դա կարող է լինել պարզ ծառայություն, ինչպես օրինակ, որևէ կարիքավորի համար սիրելի կերակուր պատրաստելը կամ հարևանի ճանապարհից ձյուն մաքրելը:

Փրկիչը կօգնի լուծել թյուրըմբռնումները և մարտահրավերները ընտանիքներում՝ ապաշխարության, ներման և հավատքի միջոցով: Երբ մենք հետևում և ապավինում ենք Հիսուս Քրիստոսին, սերն ու հարգանքը, որը մենք զգում ենք մեր ընտանիքներում, աճում են:

Ընտանիքներն ամուր և երջանիկ դարձնելու և ընտանիքի անդամներին ավելի մոտեցնելու բազմաթիվ այլ եղանակներ կան:

Ի՞նչ կարող եք անել դուք:

ընտանիք

Ճշմարտություններ այժմ և միշտ

Ոչ մի ընտանիք կատարյալ չէ։ Ոմանք ունենում են լուրջ մարտահրավերներ։ Դուք կարող եք դիտարկել ձեր ընտանեկան իրավիճակը և մտածել, թե ընտանիքի հռչակագիրն ինչպես կարող է օրհնել ձեր ընտանիքը: Բայց այն հագեցած է հավերժական ճշմարտություններով, որոնք կօրհնեն ձեր ընտանիքը՝ անկախ ամեն ինչից: