Հիսուս Քրիստոսը նաև լավ օրերի համար է
Երբ ամեն ինչ լավ է ընթանում, ինչպե՞ս կարող ենք կենտրոնացած մնալ Փրկչի վրա: Ահա որոշ գաղափարներ։
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, երբ ձեր ընկերը ձեզ հետ է իր դժվարությունների ժամանակ, իսկ ուրախ պահերին խուսափում է ձեզանից։ Այդ հարաբերություններն առո՞ղջ են։ Ոչ այնքան:
Արդյո՞ք մենք երբեմն այդպես ենք վարվում Փրկչի հետ՝ փնտրում Նրան դժվար ժամանակներում և մոռանում, երբ ամեն ինչ լավ է։
Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ մեր դժվար ժամանակներում, երևի այն պատճառով, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք դժվարություններ։
Բայց կան օրեր, նույնիսկ շաբաթներ կամ տարիներ, եթե բախտավոր ենք, երբ ամեն ինչ իսկապես լավ է ընթանում: Այդ ժամանակ մենք երբեմն մոռանում ենք Փրկչին։ Մորմոնի Գրքի մարդիկ այդպես վարվեցին։ Որոշ ժամանակ նրանք բարգավաճեցին Աստծո օրհնությունների շնորհիվ, բայց ի վերջո հպարտության զոհ դարձան, երբ մոռացան Նրան:
Լավ ժամանակներ ունենալը չի նշանակում, որ մենք հանկարծ Հիսուս Քրիստոսի կարիքն այլևս չունենք: Բարեկեցության ժամանակները կատարյալ ժամանակներ են Փրկչի հետ ուրախանալու, այլ ոչ թե Նրան մոռանալու։
Այսպիսով, ինչպե՞ս պահպանել կապը Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր հետ, երբ փորձությունները չեն հիշեցնում մեզ դիմել Նրանց:
Եղեք խոնարհ
Երբ ամեն ինչ լավ է ընթանում, լավ է տոնել ձեր օրհնություններն ու ձեռքբերումները: Բայց մի մոռացեք, թե ով է հնարավոր դարձրել, որ դուք հասնեք այդ նվաճումներին: Մորմոնի Գրքի Բենիամին թագավորն այսպես է արտահայտվել իր քարոզում.
«Քանզի ահա, մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք: Մի՞թե մենք բոլորս կախում չունենք նույն Էակից, այսինքն՝ Աստծուց, բոլոր ստացվածքի համար, որ մենք ունենք, թե՛ ուտելիքի և հագուստի համար, թե՛ ոսկու և արծաթի համար և թե՛ բոլոր հարստությունների համար, որ մենք ունենք ամեն տեսակի»: (Մոսիա 4.19):
Ձեր հաջողության ժամանակ խոնարհ լինելը՝ հիշելով, թե ինչ են արել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեզ համար, հիանալի միջոց է Նրանց ներառելու ձեր լավ ժամանակներում:
Եղեք երախտապարտ
Երախտագիտությունը հպարտության և մոռացկոտության լավագույն հակաթույներից մեկն է: Աստծուն շնորհակալություն հայտնելը կօգնի ձեզ հիշել Նրան և այն բոլոր լավ բաները, որ Նա և Իր Որդին անում են ձեր կյանքում: Սա նույնքան արդյունավետ է լավ ժամանակներում, որքան դժվար ժամանակներում:
Եղեք զգոն
Սատանայի ամենասիրելի հարձակումներից մեկն այսպիսին է․ նա «կխաղաղեցնի և կհանդարտեցնի [ձեզ]՝ տանելով դեպի մարմնական ապահովություն» (2 Նեփի 28․21)։ Այլ կերպ ասած, նրան դուր կգար, եթե դուք այնքան բավարարված և ապահով զգայիք ձեզ լավ ժամանակներում, որ մոռանայիք, թե ինչն է ամենակարևորը: Ուստի, մի՛ մոռացեք Աստծուն։ Երբ դուք զգոն լինեք հակառակորդի խորամանկ հնարքների հանդեպ և դիմադրեք դրանց նույնիսկ ձեր լավ ժամանակներում, դուք մոտ կմնաք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Բարի Հովիվը, Մայքլ Մալմ
Եղեք կենտրոնացած Քրիստոսի վրա
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր կյանքի կիզակետը Աստծո փրկության ծրագրի … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա է, մենք կարող ենք ուրախություն զգալ, անկախ այն բանից՝ ինչ է կատարվում կամ չի կատարվում մեր կյանքում: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է»։
Որքա՞ն հաճախ եք դուք մտածում այս ճշմարտությունից բխող ուրախության մասին, երբ կյանքում ամեն ինչ լավ է ընթանում։ Սա զուտ մխիթարական խորհուրդ չէ այն ժամանակների համար, երբ ամեն ինչ վատ է: Այն միշտ ճիշտ է, նաև ձեր լավագույն օրերին: Այսպիսով, արեք հնարավոր ամեն բան, որպեսզի կենտրոնանաք Քրիստոսի վրա՝ վատ թե լավ ժամանակներում։