Երկրորդ Գալուստի նշանները․ վախենալու պատճառ չկա
Որոշ լուրջ բաներ են կանխագուշակվել նախքան Փրկիչը կրկին կգա: Բայց դուք չվախենալու հիմնավոր պատճառներ ունեք:
Նա կրկին գալիս է իշխելու և թագավորելու, Մերի ՌԼ Սաուեր
Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կրկին կգա: Նա շատ պարզ կերպով ուսուցանել է այս ճշմարտությունը (տես Մատթեոս 24)։ Շատերը կցանկանային իմանալ, թե երբ դա տեղի կունենա, բայց Հիսուսն ասել է. «Այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24․36)։
Այնուամենայնիվ, Տերը հայտնել է մի քանի նշաններ, որոնք նախորդելու են Իր Երկրորդ Գալուստին: Դրանցից շատերը հուզիչ և հիասքանչ են, ինչպիսիք են ավետարանի վերականգնումը, Մորմոնի Գրքի ի հայտ գալը և Իսրայելի հավաքումը:
Բայց կան նաև … այլ նշաններ: Օրինակ.
-
Նշաններ երկնքում (այդ թվում՝ արևի, լուսնի և աստղերի) և երկրի վրա (ներառյալ՝ հրդեհներ, հողմեր, փոթորիկներ և ծխի սյուներ)։
Այդ ամենը վախենալի է հնչում։ Իրականում, Փրկիչն ասել է, որ վերջին օրերին շատ մարդկանց սրտերը վախի պատճառով կնվաղեն:
Այժմ, միգուցե դուք նայեք ամբողջ աշխարհի խնդիրներին, ինչպես նաև ձեր անձնական փորձություններին և ծանրաբեռնված ու անհանգիստ զգաք: Հավանաբար դուք մտածում եք, թե ինչ պետք է այլևս ակնկալեք, եթե ամեն ինչ միայն ավելի սարսափելի ու բարդ է դառնալու մինչև Երկրորդ Գալուստը:
Բայց Հիսուս Քրիստոսը չի ցանկանում, որ դուք՝ Իր աշակերտները, այսպես սպասեք Իր վերադարձին:
Տիրոջ ուղերձն Իր աշակերտներին
Վերջին օրերի բոլոր խռովություններով և ցնցումներով հանդերձ, Փրկիչն ասել է Իր աշակերտներին. «Մի՛ խռովվեք»։ Ինչո՞ւ։ Որովհետև «երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն» (Վարդապետություն և Ուխտեր 45.35):
Հիսուս Քրիստոսն ասել է մեզ՝ «մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 50․41) և «ուրախ եղեք» (Վարդապետություն և Ուխտեր 61․36)։ Այսպիսով, գալիք աղետների վրա կենտրոնանալու փոխարեն, լավ կլինի փոխենք մեր կենտրոնացումը։
Ահա երեք կարևոր եղանակ, թե ինչպես կարող եք «չվախենալ», սպասել փառահեղ Երկրորդ Գալուստին և Հովհաննես Հայտնողի հետ ասել՝ «Արի՛, Տե՛ր Հիսուս» (Հայտնություն 22․20)։
1․ Նայեք մարգարեին
Փրկիչը նախազգուշացրել է, որ շատ կեղծ Քրիստոսներ և սուտ մարգարեներ կլինեն մինչև Իր գալը, որոնք կխաբեն շատ մարդկանց: Մեր շուրջբոլորը բարձր, շփոթեցնող և բացասական ձայներ կան, որոնք փորձում են մեզ մոլորեցնել: Վերջին օրերին սատանան «կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է» (2 Նեփի 28․20)։ Նույնիսկ ընտրյալները հեռու կտարվեն ճշմարտությունից:
Բայց Տերը մեզ հսկայական օգնություն է տվել: Նա կանչել է մարգարեների՝ օրհնելու և առաջնորդելու մեզ: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը չեն մոլորեցնի մեզ և չեն կարող անել դա։ Փրկիչն ասել է․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (Վարդապետություն և Ուխտեր 1.38)։ Դուք կարող եք խնդրել Երկնային Հորը, որ Սուրբ Հոգին հաստատի այն ճշմարտությունները, որոնք նրանք ուսուցանում են, օրինակ, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի վերջին ուսմունքները․ «Լավագույնը դեռ առջևում է … քանի որ Փրկիչը կրկին գալիս է»։ Եվ․ «Նա պատրաստվում է վերստին գալ։ Թող որ մենք նույնպես պատրաստվենք ընդունելու Նրան»։
Եվ երբ դուք հետևեք նրանց ուսմունքներին «ողջ համբերությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21․5), դուք կտեսնեք, թե ինչպես են դրանք օրհնում ձեր կյանքը:
Յոթանասունից երեց Ալլեն Դ. Հեյնին ասել է. «Երբ երեխա էի, վերջին օրերի այդ մարգարեությունները վախեցնում էին ինձ և ստիպում ինձ աղոթել, որ Երկրորդ Գալուստը տեղի չունենա իմ օրոք … Բայց հիմա ես աղոթում եմ հակառակի համար …
«… Մենք չպետք է վախենանք։ Այն վարդապետություներն ու սկզբունքները, որոնց մենք պետք է հետևենք՝ հոգևորապես գոյատևելու և ֆիզիկապես դիմանալու համար, գտնվում են ապրող մարգարեի խոսքերի մեջ»:
Երբ դուք հետևում եք մարգարեների և առաքյալների առաջնորդությանը, ձեր վախերը կզիջեն հավատքին, հույսին և ուրախությանը:
2․ Կանգնեք սուրբ տեղերում:
Փրկիչն ասել է, որ վերջին օրերի աղետների մեջ «իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի» (Վարդապետություն և Ուխտեր 45.32): Այս սուրբ վայրերն են՝ մեր տները, հավաքատները և տաճարները:
Տաճարների վերաբերյալ նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ «մեր ամենահուսալի ապահովագրությունն է` շարունակել արժանի լինել՝ ընդունվելու Նրա սուրբ տունը»: Եվ «տաճարում անցկացրած հավելյալ ժամանակը կօգնի մեզ նախապատրաստվել ․․․ Երկրորդ Գալուստին»։
Երեկույթ, Յոնգսանգ Քիմի
3. Պատրաստեք աշխարհը
Վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու դերերից մեկն այն է, որ օգնի աշխարհին նախապատրաստել Նրա գալուստին: Եվ դուք կարող եք օգնել՝ մասնակցելով Նրա աշխատանքին:
Դուք կարող եք կիսվել ավետարանով ուրիշների հետ և Աստծո լույսն ու ճշմարտությունը բերել նրանց, «որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (Վարդապետություն և Ուխտեր 123.12):
Դուք կարող եք նաև մկրտություններ կատարել տաճարում վարագույրի մյուս կողմում գտնվողների համար, ովքեր ապրել և «մահացել են այս ավետարանի մասին գիտելիք չունենալով» (Վարդապետություն և Ուխտեր 137․7)։
Աշխարհի այսչափ բացասական մթնոլորտի պարագայում դուք կարող եք լույս լինել ուրիշների համար և բժշկություն բերել աշխարհին։ Դուք կարող եք օգնել պատրաստել մի ժողովուրդ, ում մոտ Փրկիչը կարող է գալ և ով պատրաստ կլինի ընդունել Նրան:
Դա մեծ պարտականություն է և մի հրաշալի բան, որին պետք է անհամբերությամբ սպասել։