Հիսուս Քրիստոսն այն լավագույնն է, որը դեռ առջևում է
Հիսուս Քրիստոսի առաջարկած ուրախությունը միշտ հասանելի է ձեզ։
Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք կարծել եք, որ աշխարհի վերջը եկել է: Իսկապե՜ս։ Արդյոք անցե՞լ եք մի այնքան դժվար բանի միջով, որ մտածել եք՝ չեք հաղթահարի։
Լավ, գուցե չեք մտածել, որ աշխարհի վերջն է։ Բայց ունեցե՞լ եք այնպիսի զգացում, որ ձեր աշխարհն է վերջանում։ Սա կարող է ներառել ցանկացած բան՝ երբ կարևոր թեստ եք ձախողում, լավագույն ընկերն է տեղափոխվում կամ մտերիմներից մեկն անսպասելիորեն մահանում է։
Անկախ նրանից, թե ինչպես եք վարվել այդ անցյալի պայքարների հետ, նայեք ինքներդ ձեզ հիմա՝ դուք գոյատևել եք։ Դեռ ավելին, մարգարեներն ու առաքյալները հիշեցնում են մեզ, որ մենք կարող ենք անել ավելին, քան պարզապես գոյատևել ներկա և ապագա պայքարներում: Մենք կարող ենք ուրախություն գտնել դրանց միջև։
«Լավագույնը դեռ առջևում է»
Գեթսեմանիում և խաչի վրա Փրկիչն ավելի շատ տառապեց, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ամբողջ աշխարհի ցավերը, հիվանդություններն ու մեղքերը տանելը (տես Ալմա 7․11–13) մեղմ ասած, դժվար կլիներ։ Բայց Նա հաղթահարեց դրանք բոլորը։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է. «Այո, մենք խորհում ենք մեր մեղքերի համար մեր Քավիչին հասցված տառապանքների ու անարդարությունների մասին, և դա սթափեցնող մտորում է: Բայց մենք երբեմն անշարժ կանգնած ենք մնում այնտեղ՝ այգում, խաչի մոտ, գերեզմանի ներսում: Մենք թերանում ենք առաջ շարժվել՝ դեպի գերեզմանի բացման ուրախությունը, մահվան պարտությունը և Քրիստոսի հաղթանակը»։
Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք չպետք է խրված մնանք մեր սեփական տառապանքների մեջ: Մենք կարող ենք առաջ շարժվել և նույնիսկ ուրախությամբ և հավատքով նայել ապագային:
Այսպիսով, թեև կյանքը կարող է ավելի դժվար թվալ, քան մենք կարծում ենք, որ կարող ենք տանել, հիշեք, թե ինչ է վերջերս ուսուցանել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Լավագույնը դեռ առջևում է»: Ինչպիսի՜ գեղեցիկ, հուսադրող խոստում։ Նախագահ Նելսոնը շատ բան գիտի այն ցավի և կսկիծի մասին, որ աշխարհը տեսնում է ամեն օր: Բայց նա դեռ կարող է ասել, որ «լավագույնը դեռ առջևում է»։
Ինչպե՞ս կփոխվեր ձեր տեսանկյունը, եթե իսկապես իմանայիք, որ լավագույնը դեռ առջևում է: Ինչպե՞ս դա կփոխեր կյանքի մարտահրավերներին դիմակայելու ձեր մոտեցումը:
Տեսադաշտում ունենալ Հիսուս Քրիստոսին
Ապագա իրադարձություններից մեկը, որին նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ ուրախությամբ սպասել, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստն է:
Նախքան դուք կասեք, որ «մարդկանց սրտերը կնվաղեն» (Ղուկաս 21․26) և ամբարիշտների վրա տեղացող կործանումը կարծես չեն հնչում այնպես, որ «լավագույնը դեռ առջևում է», եկեք մի բան պարզաբանենք. դա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստն է: Մենք չենք կարող հասկանալ բաների էությունը, եթե Նրան հանենք մեր տեսադաշտից: Նա է «լավագույնը», որը դեռ առջևում է։ Նա է մեր ուրախության պատճառը։ Ինչպես ասել է նախագահ Նելսոնը, «Լավագույնը դեռ առջևում է … քանի որ Փրկիչը կրկին գալիս է»։
Օրինակ՝ նայեք նեփիացիներին։ Թեև նրանք բոլորովին այլ մայրցամաքում էին, երբ Փրկիչը մահացավ, նրանց մոտ տեղի ունեցան որոշ Երկրորդ Գալուստին բնորոշ աղետներ. մահ, ավերածություն, բնական աղետներ: Որոշ քաղաքներ ամբողջությամբ սուզվեցին ծովը (տես 3 Նեփի 8)։
Բայց այդ ամբողջ իրարանցման մեջ նրանք, ովքեր հավատում էին Փրկչին, գիտեին, որ աղետները Փրկչի մահվան նշան էին: Հենց այն ժամանակ, երբ նրանք խոսում էին Հիսուս Քրիստոսի և իրենց տեսած նշանների մասին, Փրկիչը հայտնվեց նրանց (տես 3 Նեփի 11․1–11)։
Պատկերացրեք, թե ինչ մեծ ուրախություն զգացին նեփիացիները: Նման ավերիչ կործանումից հետո Փրկիչը ծառայեց նրանց և բժշկեց նրանց: Ամբողջ վախից և խուճապից հետո նեփիացիները ուրախացան և փառաբանեցին Աստծուն, որ հանդիպեցին իրենց Փրկչին (տես 3 Նեփի 11․14-17)։
Փրկիչը կարող է ֆիզիկապես չայցելել ձեզ այս կյանքում, ինչպես նեփիացիներին։ Բայց դուք կարող եք ճանաչել Նրան սուրբ գրությունները կարդալու, հաղորդությունը ճաշակելու, ուխտեր պահելու և այլ բաների միջոցով: Նա կօգնի ձեզ զգալ ուրախություն այժմ և ապագայում՝ անկախ ձեր հանգամանքներից:
Մինչ մենք սպասում ենք …
Փրկչի Երկրորդ Գալուստը կարող է տեղի ունենալ ձեր կյանքի օրոք կամ հետո: Երկու դեպքում էլ Հիսուս Քրիստոսում ուրախություն կա հենց հիմա:
Նախագահ Նելսոնն ուսուցանել է հետևյալ ոգեշնչող ճշմարտությունը, որն օգնում է Փրկչի վերադարձին սպասելիս. «Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այնքա՜ն հրաշալի իրադարձություններ են մեզ սպասվում։ Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: Ներկայիս և «զորությունով ու մեծ փառքով» Նրա վերադարձի միջև ընկած ժամանակահատվածում Նա անհամար արտոնություններ, օրհնություններ և հրաշքներ կշնորհի հավատարիմներին»:
Այլ կերպ ասած, մենք կարող ենք խաղաղություն և ուրախություն գտնել Քրիստոսում հենց հիմա` մինչև Նրա վերադարձը և հավիտյան: Հիսուս Քրիստոսը լույսն է յուրաքանչյուր թունելի վերջում: Նա ուրախությունն է անձնական դժվարությունների մեջ: Նա ազատումն է վախից։ Նա ձեր Փրկիչն է: Երբ դուք կենտրոնանում եք Նրա վրա, խաղաղությունն ու ուրախությունը հասանելի են ձեզ այստեղ, հիմա և ընդմիշտ: