Քահանայության իշխանության և զորության օրհնությունները
Աստծո քահանայությունը վերականգնվել է մեր օրերում՝ օրհնելու Աստծո բոլոր զավակներին:
Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը, Վոլթեր Ռեյն
Երիտասարդները հաճախ են հարցեր տալիս քահանայության մասին: Քահանայության վերաբերյալ մեր վկայությունն աշխարհին հետևյալն է.
-
Աստծո սուրբ քահանայությունը կարևոր է Նրա փրկության և վեհացման գործն իրականացնելու համար:
-
Աստված վերականգնել է քահանայությունը երկրի վրա:
-
Քահանայությունը սպասավորվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:
Ինչու՞ մենք ունենք քահանայության իշխանության և զորության կարիքը
Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է: Եկեղեցին այն գործիքն է, որը Նա ստեղծել է մարդկության փրկագնման կարևոր աշխատանքն իրականացնելու համար: Եկեղեցու միջոցով Նա կարող է.
-
Հռչակել Իր ավետարանը ողջ աշխարհում:
-
Առաջարկել մկրտություն և բոլոր մյուս ուխտերը, նույնիսկ ուխտի արահետ դեպի Իր սելեստիալ արքայությունը:
-
Միավորել ընտանիքները հավերժության համար:
-
Առաջարկել փրկության պարգևները, նույնիսկ նրանց, ովքեր մահացել են առանց դրանց:
-
Սպասավորել Աստծո զավակներին՝ այժմ հոգալու իրենց ֆիզիկական կարիքները:
Հիսուսն ուսուցանում է Մարիամին, Դեն Բըր
Այս մեծ նպատակներն իրագործելու և Փրկչի վերադարձին պատրաստվելու համար Եկեղեցուն անհրաժեշտ է Աստծո շարունակական առաջնորդությունը, իշխանությունը և զորությունը: Եկեղեցին «ճշմարիտ և կենդանի եկեղեցին» է (Վարդապետություն և Ուխտեր 1․30), քանի որ Քրիստոսն այն ղեկավարում է Իր առաջնորդությամբ, զորությամբ՝ Իր քահանայության միջոցով։
Առանց այս սուրբ քահանայության, Եկեղեցին, ըստ էության, կլիներ աշխարհիկ կազմակերպություն, ինչպես շատ ուրիշները, բարի գործեր կատարելով աշխարհում, բայց զորություն չունենալով հասցնել Աստծո զավակներին Իր ներկայությունում հավերժական կյանքի ուրախությանը նախապատրաստելու նպատակին: Այս քահանայությամբ և այս քահանայության աշխատանքը ղեկավարելու բանալիներով Եկեղեցում կա և՛ իշխանություն, և՛ կարգուկանոն:
«Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանությունը գործադրվում է քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո:
Եկեղեցու արական սեռի արժանավոր անդամները ստանում են քահանայության իշխանություն՝ քահանայության շնորհման և քահանայության պաշտոնների ձեռնադրման միջոցով: Եկեղեցու բոլոր անդամները կարող են գործադրել պատվիրակված իշխանություն, երբ նրանք ձեռնադրվում կամ նշանակվում են՝ օժանդակելու Աստծո աշխատանքի իրականացմանը»:
Վերականգնվել է մեր օրերում
Երբ Մորմոնի Գիրքը թարգմանվում էր 1829-ին, Տերը սկսեց հաստատել Իր քահանայության կառուցվածքը: Ի պատասխան Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի աղոթքի՝ մկրտության վերաբերյալ, հարություն առած Հովհաննես Մկրտիչը հայտնվեց և շնորհեց նրանց Ահարոնյան Քահանայությունը, որը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 13․1): Այդ իշխանությամբ Ջոզեֆը և Օլիվերը մկրտեցին միմյանց և մյուսներին, երբ Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց:
Շատ չանցած, հնագույն առաքյալներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին և շնորհեցին բարձրագույն կամ Մելքիսեդեկյան Քահանայություն, ներառյալ «իմ արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը … ժամանակների լրության համար» (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12-13, 128․20)։
Քահանայության լրացուցիչ իշխանություն տրվեց, երբ երեք հնագույն մարգարեները՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին Կիրթլենդի տաճարում և նրանց հանձնեցին Իսրայելի հավաքման և Տիրոջ տաճարների աշխատանքի բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11-16):
Օրհնելու զորությունը
Մի խոսքով, Հիսուս Քրիստոսի վերականգնած քահանայության իշխանության և զորության նպատակը՝ օրհնելն է: Այն Եկեղեցու բոլոր անդամներին հնարավորություն է տալիս օգտագործել Աստծո զորությունը Եկեղեցում, տանը և ամբողջ աշխարհում՝ մարդկանց ծառայելու և օրհնելու համար: Անդամները միանում են Փրկչին՝ իրականացնելու Նրա փրկության և վեհացման աշխատանքը՝ կիրառելով աստվածային պարգևներ և զորություն, որոնք գերազանցում են իրենց սեփականը, որպեսզի օգնեն Աստծո արքայությանը աճել և լցնել երկիրը (տես Վարդապետություն և Ուխտեր 65․2, 5-6)։
Տերը բացատրել է, որ «այս մեծագույն [Մելքիսեդեկյան] քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:
Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84.19-20):
Արարողությունները սպասավորվում են քահանայության կողմից։ Դրանց միջոցով մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ՝ սկսած մկրտությունից, որին հաջորդում են Տիրոջ տանը կապած ուխտերը: Այս ուխտերը պահելով է, որ մենք «բնական» տղամարդկանցից և կանանցից փոխակերպվում ենք սրբերի (տես Մոսիա 3․19)՝ Քրիստոսի քավող շնորհով, և դառնում արդարացված և սրբագործված՝ անմեղ ու անբիծ Աստծո առաջ (տես Վարդապետություն և Ուխտեր 20․29–31, 3 Նեփի 27․16-20)։
Քրիստոսը Ամերիկայում, Բեն Սովարդս
«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնում. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», որը տրվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, տալիս է համապատասխան ամփոփում.
«Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, Քրիստոսի Նոր Կտակարանի վերականգված եկեղեցին է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքար՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքին և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարությանը: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է, որ բոլորս գանք դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանանք Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերենք հարատև ուրախություն»։