Շուկայում ծախսած գումարը
Այս անգամ ես կանեմ հենց այն, ինչ մայրս խնդրեց, մտածեց Անանեն։
Իրական պատմություն Գանայից:
Անանեն ժպտում էր, մինչ քայլում էր փողոցով: Տապակած ձկան հոտն ու մարդկանց զբաղված շաղակրատանքը լցրել էր շուկան։ Նա գնում էր մորեղբոր տուն։ Մայրիկն Անանեին մի քիչ գումար էր տվել, որ փոխանցի մորեղբորը:
Նա նայեց իր շուրջը գտնվող բոլոր տաղավարներին, որտեղ վաճառվում էին ապրանքներ, մթերքներ և զանազան բաներ։ Ապա նրա ուշադրությունը կենտրոնացավ ինչ-որ բանի վրա։
Այնտեղ կար սննդի տաղավար, որտեղ կային նրա ամենասիրած երկու տեսակի թխվածքաբլիթները: Նա նայեց մայրիկի տված գումարին: Հարյուր ցեդին մեծ գումար է,- մտածեց նա։ Նրա սիրելի քաղցրավենիքներն ընդամենը 10 ցեդի արժեին։ Մորեղբայրը հավանաբար չէր էլ նկատի, եթե մի քանիսը պակասեին:
Անանեն գնեց քաղցրավենիքները։ Նա թխվածքաբլիթը բերանը գցեց ու շարունակեց քայլել դեպի մորեղբոր տուն։
Մորեղբայրը կանգնած էր իր տան շեմին, երբ Անանեն մոտեցավ նրան:
«Ահա և փոքրիկ Անանեն։ Ներս արի»,- ասաց մորեղբայրը։ «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար»։
«Ես բերել եմ մայրիկի տված գումարը»։ Անանեն նրան մեկնեց գումարը, հետո ձեռքերը նորից դրեց գրպանները։ Մորեղբայրը կնկատե՞ր, որ գումարից մի փոքր պակասել էր։ Նա հետևում էր, մինչ մորեղբայրը հաշվում էր այն։
«Շնորհակալ եմ սա այստեղ բերելու համար»,- ասաց մորեղբայրը։
Անանեն ուրախացավ, որ մորեղբայրը չնկատեց որոշակի գումարի բացակայությունը։ Նա հրաժեշտ տվեց և բռնեց տան երկար ճամփան։ Ճանապարհին նա կերավ իր քաղցրավենիքները։
«Ինչպե՞ս անցավ ճանապարհը»,- Հարցրեց մայրը, երբ Անանեն վերադարձավ տուն։
Նա թոթվեց ուսերը։ «Լավ»։
«Շնորհակալ եմ, որ ինձ չմերժեցիր և այդ գումարը տարար նրան»,- ասաց մայրիկը:
Անանեն գլուխը կախեց: Նա սկսեց իրեն մեղավոր զգալ։ Ի՞նչ կպատահի, եթե ծնողներն իմանան, որ ինքը ծախսել է գումարի մի մասը։ Նա չէր ուզում կորցնել նրանց վստահությունը։
Հաջորդ առավոտ մայրիկը խնդրեց Անանեին որոշակի գնումներ կատարել մոտակա խանութից: «Գնումներն ավարտելուց հետո անմիջապես արի տուն, լա՞վ»:
«Լավ»։ Անանեն շրջեց շուկայով, բայց ոչինչ չգնեց։ Նա կիտեց հոնքերը և մտածեց, Այս անգամ ես կանեմ հենց այն, ինչ մայրս խնդրեց։
Ավարտելուն պես նա անմիջապես տուն գնաց։ Նա մայրիկին վերադարձրեց ամբողջ մանրը:
Այդ կիրակի Անանեն գնաց Երեխաների միության իր դասարան: «Բարի լույս»,- ասաց նրա ուսուցիչը: «Այսօր մենք խոսելու ենք հնազանդության մասին։ Մեզ համար կարևոր է լսել մեր ծնողներին և լավ ընտրություններ կատարել»:
Անանեն մտածում էր թխվածքաբլիթների վրա ծախսած գումարի մասին։ Նա անհանգիստ վիճակում էր։ Նա գիտեր, որ սխալ ընտրություն էր կատարել
Եկեղեցուց հետո Անանեն ցանկացավ խոսել իր ծնողների հետ: Նրա սիրտը արագ էր բախում։
«Մայրիկ, հայրիկ։ Հիշո՞ւմ եք, որ ինձ գումար տվեցիք, որ տանեմ մորեղբոր տուն»,- հարցրեց Անանեն։ «Դրա մի մասով ես քաղցրավենիք գնեցի»։ Նա գլուխը կախեց: «Ցավում եմ»:
«Շնորհակալություն ազնիվ լինելու համար»,- ասաց հայրը: «Ես հպարտանում եմ քեզնով»:
Անանեն ժպտաց։ Նա շատ ուրախ էր, որ ասաց ճշմարտությունը։ Եվ նա ներքուստ լավ էր զգում ծնողներին ասելուց հետո։ Նա սկսել էր ավելի լավ ընտրություն կատարել։
Նկարը՝ Ալեքսանդր Զոլոտիչի