2025
Ոչ այնքան կատարյալ
Մայիս 2025


Ոչ այնքան միայնակ

Ադելինի կատարյալ օրը պաշտոնապես ավարտվեց։

Իրական պատմություն Ֆրանսիայից:

Աղջիկը մտածում է իր լավ և վատ ընտրությունների մասին

Ադելինը իր թղթի վրա գծեց վերջին վանդակը: Դրա կողքին նա գրեց, Աղոթել առավոտյան և երեկոյան։

«Ի՞նչ է սա»,- հարցրեց մայրիկը։

«Ես վաղվա համար ստուգաթերթ եմ պատրաստում»,- ասաց Ադելինը: «Ես պիտի փորձեմ կատարյալ օր ունենալ»:

Մայրիկը բարձրացրեց հոնքերը։ «Իսկապե՞ս»։

Ադելինը գլխով արեց։ «Երեխաների միությունում մենք սովորել ենք Քրիստոսում կատարելագործվելու մասին: Ես ինձ շատ լավ կպահեմ, որ կատարյալ օրեր ունենամ»:

«Ես ուրախ եմ, որ դու ցանկանում ես լավ ընտրություն կատարել»,- ասաց մայրիկը: «Բայց գիտես, որ միայն մեկ մարդ կար երկրի վրա, որ կատարյալ էր՝ Հիսուս Քրիստոսը»:

Ադելինը հառաչեց. «Ես գիտեմ։ Բայց ես շատ եմ ուզում փորձել։ Կարծում եմ, որ կարող եմ դա անել»:

Երբ լույսը բացվեց, Ադելինը պատրաստ էր։ Նա հարդարեց անկողինը և ասաց իր առավոտյան աղոթքը։

Նախաճաշին նա օգնեց կերակրել իր փոքրիկ քրոջը՝ Սիլվիային: Երբ Սիլվիան իր դեղձերը թափեց աթոռի վրա, Ադելինը խորը շունչ քաշեց։ Նա հաշվեց մինչև չորսը և օգնեց մաքրվել:

Դպրոցում Ադելինը փնտրում էր մարդկանց, որոնք օգնության կարիք ունեին։ Լուկասը վնասել էր ոտքի կոճը, ուստի նա տեղափոխեց նրա ճաշի սկուտեղը:

Դպրոցից հեռանալիս Ադելինը հնարավորինս լայն ժպտաց տիկնոջը, որը բաց էր պահում դպրոցի դարպասը: Տիկինը սովորաբար խոժոռ տեսք ուներ։ Բայց այսօր նա ժպտաց՝ ի պատասխան։

Դպրոցից հետո Ադելինը Սիլվիային տվեց իր սիրելի փափուկ խաղալիքը։ Եվ քնելուց առաջ նա աղոթեց։ Նա ստուգեց իր ցուցակի կետերը և ծածկվեց վերմակով: Նա իրեն շատ հպարտ ու շատ հոգնած էր զգում։ Նա պատրաստ էր ևս մեկ կատարյալ օր ունենալ վաղը:

Երբ Ադելինն արթնացավ հաջորդ օրը, նրա բոլոր տիկնիկները ցրված էին հատակին։ Սիլվիան բռնել էր մեկը և տարել բերանը։ Հավանաբար նա էր բոլորը հանել։

«Սիլվիա»,- բղավեց Ադելինը: «Ես քեզ ասել էի, որ ձեռք չտաս իմ տիկնիկներին»: Նա տիկնիկը խլեց Սիլվիայի ձեռքից։ Սիլվիան լաց եղավ և վազելով հեռացավ։

Ադելինը հայացք նետեց դռան վրա դրված իր ստուգաթերթին։ Նա հուզվեց։

Մայրիկը ներս մտավ հենց այն պահին, երբ Ադելինը արցունք զգաց իր այտին:

Մայրիկը մխիթարում է դստերը

«Ի՞նչ էր պատահել»,- հարցրեց մայրիկը։

«Ես մոռացա ասել իմ աղոթքը։ Ես չեմ հարդարել անկողինս»: Ադելինի ձայնը դողաց։ «Եվ ես վատ վարվեցի Սիլվիայի հետ: Իմ կատարյալ օրը պաշտոնապես ավարտվեց»։

Մայրիկը գրկեց Ադելինին։ «Շատ դժվար է միշտ կատարյալ լինել։ Իրականում դա անհնար է»:

Ադելինը մռայլվեց: «Ուրեմն ես ինչպես կարող եմ կատարելագործվել Քրիստոսում»:

«Հենց դա ի նկատի ունեմ։ Մենք չենք կարող կատարելության հասնել՝ առանց Հիսուս Քրիստոսի»,- ասաց մայրիկը: «Նա տվեց Իր կյանքը մեզ համար, քանի որ Երկնային Հայրը գիտեր, որ մենք սխալներ կանենք և օգնության կարիք կունենանք: Հիսուսն ընդունում է մեր անկատար փորձերը և դրանք ավելի հաջող դարձնում»։

Ադելինը մտածեց այդ մասին։ «Ուրեմն ես չեմ կարող միշտ կատարյալ օր ունենալ»,- հարցրեց նա։

Մայրիկը շարժեց գլուխը։ «Ոչ։ Դու կունենաս դժվար օրեր։ Բայց դու նաև լավ օրեր կունենաս»։ Մայրիկը Ադելինի մազերը տարավ դեպի ականջը։ «Կարևորն այն է, որ դու փորձում ես գործադրել քո լավագույն ջանքերը: Նույնիսկ, եթե օրը սկսվում է սխալ ընտրությամբ, մենք միշտ կարող ենք աղոթել, որպեսզի ապաշխարենք և նորից փորձենք: Հիսուս Քրիստոսի օգնությամբ քո ջանքերը բավարար կլինեն»։

Ադելինը ներքուստ ջերմություն զգաց։

«Իսկ ինչ վերաբերում է քո ցուցակին,- մայրիկը մատնացույց արեց այն,- Ի՞նչ կասես միայն մեկ բանի վրա կենտրոնանալու մասին»։

Աղջիկը ծնկի իջած աղոթում է

Ադելինը նայեց իր ցուցակին: Նա պոկեց թղթի մի մասը, իսկ մնացածը կրկին փակցրեց դռանը։ Տողերից մեկում ասվում էր՝ Աղոթել առավոտյան և երեկոյան։

Ադելինը ժպտաց։ «Միգուցե իմ օրը կատարյալ չի սկսվել, բայց ես դեռ կարող եմ աղոթել հիմա: Եվ Հիսուս Քրիստոսի օգնությամբ դա բավական կլինի»։

Էջ PDF

Նկարները` Ջովանի Աբեյլեի