Ստվերածածկ տարածք
«Գուցե մենք ծառե՞ր տնկենք»,- հարցրեց Քրիստալը։
Իրական պատմություն Արգենտինայից:
«Կարո՞ղ ենք գնալ բացատ»,- հարցրեց Իվանի քույր Քրիստալը։
Իվանը նայեց դուրս։ «Լավ միտք է»,- պատասխանեց նա: «Բայց գուցե մենք պետք է սպասենք, մինչև արևը մայր մտնի։ Շատ շոգ է»:
Բացատը խոտածածկ մի տարածք էր նրանց տան մոտ։ Նրանք սիրում էին բռնոցի կամ պահմտոցի խաղալ այնտեղ իրենց ընկերների հետ։ Բայց բացատում շոգից պաշտպանվելու համար ստվերածածկ տեղ չկար։ Եվ այս ամառ դա մեծ խնդիր էր։
Քրիստալը մի պահ լուռ էր։ Ապա նա ասաց,- «Գուցե մենք ծառե՞ր տնկենք։ Այդպիսով բացատում կունենանք ստվերածածկ տարածք։ Այդ դեպքում մենք կարող էինք խաղալ նույնիսկ այն ժամանակ, երբ շոգ է»:
Իվանը ժպտաց։ «Ինձ դուր եկավ այդ գաղափարը»։
Իվանը և Քրիստալը ամեն բան պատմեցին հայրիկին իրենց ծրագրերի մասին։ «Ես քաղաքապետարանից թույլտվություն կխնդրեմ»,- ասաց նա:
Մի քանի շաբաթ անց նրանք ստացան իրենց անհրաժեշտ թույլտվությունը և պատրաստ էին սկսել։ Հայրիկը Իվանին և Քրիստալին տարավ մեծ ծառի մոտ, որն աճում էր նրանց տան հետնամասում: Ծառի տակ մի քանի փոքրիկ ծառեր էին աճում։
«Երբ մեծ ծառը ծաղկում է, սերմերն ընկնում են գետնին»,- բացատրեց հայրիկը: «Հետո դրանցից փոքրիկ ծառեր են աճում։ Դրանք բնության փոքրիկ հրաշքների են նման»:
Հայրը ցույց տվեց նրանց, թե ինչպես պետք է խնամքով փորել-հանել փոքրիկ ծառերը: Իվանը և Քրիստալը զգուշորեն տնկեցին դրանք ծաղկամանների մեջ:
Այնուհետև, մի շաբաթ օր՝ կեսօրից հետո, երբ արևը թաքնված էր ամպերի հետևում, Իվանն ու Քրիստալը փոքրիկ ծառերը բարձեցին սայլի վրա: Նրանք դանդաղ հրեցին այն դեպի բացատ։ Իվանի կրտսեր եղբայրներն ու քույրերը օգնեցին դույլերով ջուր բերել: Մայրիկն ու հայրիկը մի քանի բահ բերեցին։
Նրանք միասին ընտրեցին յուրաքանչյուր ծառի տեղը: Նրանք փոսեր փորեցին և սիրով տնկեցին յուրաքանչյուր ծառը: Մայրը ցույց տվեց նրանց, թե ինչպես պետք է փորել ծառերի շուրջը՝ դրանք ջրելու համար: «Ծառերին անհրաժեշտ է արևի լույս, ջուր և շատ պարարտանյութեր՝ ամրանալու համար»,- ասաց նա: «Ճիշտ, ինչպես երեխաների դեպքում»։
Իվանը մտածեց իրենց տան հետնամասում գտնվող ծառի մասին և պատկերացրեց, թե ինչ տեսք կունենան ծառերը մի օր: «Կարո՞ղ եք հավատալ»,- ասաց նա: «Մի օր այս ծառերը մեզանից ավելի մեծ կլինեն»։
Գարնանը ծառերը կշլացնեն բոլորին իրենց գեղեցիկ, վարդագույն ծաղիկներով։ Ամռանը նրանց ստվերը կձգվի բացատով մեկ։ Իսկ աշնանը տերևները կծածկեն գետինը դեղին գորգի պես։
Ամեն օր Իվանն ու Քրիստալը այցելում էին բացատ՝ ստուգելու ծառերը։ Նրանք համոզվում էին, որ յուրաքանչյուր ծառ բավականաչափ ջրված է: Եվ ամեն անգամ, երբ նոր տերև կամ ճյուղ էր բողբոջում, նրանք մեծ գոհունակություն էին զգում։ Նրանք տեսնում էին իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը։
Իվանն իրեն երջանիկ էր զգում՝ մտածելով բոլոր այն մարդկանց մասին, որոնք մի օր կվայելեին բացատի ստվերածածկ տարածքը: Նա օգնել էր երկիրը դարձնել ավելի գեղեցիկ վայր Երկնային Հոր բոլոր զավակների համար:
Նկարները՝ Քոլին Մակքոունի