2025
Մի քիչ նման երկնքին
Մայիս 2025


Ռահվիրաներ ամեն երկրում

Մի քիչ նման երկնքին

«Կցանկանայի՞ր գալ եկեղեցի»,- հարցրեց մորեղբայր Ռեզան։

Իրական պատմություն Հնդկաստանից և Կանադայից։

Թահիրան ծալեց վերջին վերնաշապիկը և դրեց ճամպրուկի մեջ։ Նա պատրաստվում էր ճամփորդության՝ իր մորաքրոջ և մորեղբոր հետ ամառը Կանադայում անցկացնելու համար: Նա շատ ուրախ էր, բայց նաև մի փոքր անհանգիստ։ Կանադան հեռու էր Հնդկաստանում գտնվող իր տնից:

«Ամեն բան պատրա՞ստ է»,- հարցրեց մայրիկը։

«Կարծում եմ՝ այո»: Թահիրան փակեց ճամպրուկը։

«Դու հիանալի ժամանակ կանցկացնես։ Չմոռանաս ամուր գրկել մորեղբայր Ռեզային ու մորաքույր Միսուին իմ կողմից»,- ասաց մայրիկը։

Երբ Թահիրան Կանադայում իջավ ինքնաթիռից, նա ամուր գրկեց քեռի Ռեզային և մորաքույր Միսուին: «Սա իմ մայրիկի կողմից»,- ասաց նա։

Նրանք հաջորդ մի քանի օրն անցկացրին քաղաքը և մոտակա վայրերն ուսումնասիրելով: Նա հնարավորություն ունեցավ առաջին անգամ այցելելու զվարճանքի այգին և տեսնելու Նիագարայի ջրվեժը: Նրանք շատ ուրախ ժամանակ անցկացրին:

Շաբաթ օրը կեսօրին Թահիրան օգնեց պատրաստել հավով հնդկական ուտեստ ընթրիքի համար: Երբ նրանք կերան, մորեղբայր Ռեզան նրան հարցրեց։

Տղամարդն ու աղջիկը նստած են սեղանի շուրջ և զրուցում են

«Կցանկանայի՞ր մեզ հետ գալ եկեղեցի վաղը»,- հարցրեց նա: «Մենք գնում ենք քրիստոնեական եկեղեցի։ Այնտեղ մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

«Իհարկե»,- ասաց Թահիրան։ Մայրիկն ու հայրիկը այլ կրոնի էին հավատում, բայց Թահիրան Հնդկաստանում գնացել էր քրիստոնեական գիշերօթիկ դպրոց: Նոր եկեղեցի գնալն այդքան էլ տարբեր չի լինի:

Եկեղեցու նստարաններին նստած՝ մարդիկ օրհներգ են երգում

Հաջորդ օրը Թահիրան հագավ իր մորաքրոջ տված զգեստը։ Երբ նրանք հասան հավաքատուն և ներս մտան, բոլորը երգում էին: Թահիրան կանգ առավ և նայեց բոլոր մարդկանց։ Այնտեղ մայրիկներն ու հայրիկները նստած էին իրենց երեխաների հետ: Բոլորը երջանիկ տեսք ունեին։ Երգն այնքան գեղեցիկ էր։

Սա նման է երկնքին, մտածեց Թահիրան։

Թահիրան մորաքույր Միսուի և մորեղբայր Ռեզայի հետ նստեց նստարաններից մեկին։ Նա նայեց, թե ինչպես են փոխանցվում հացի և ջրի սկուտեղները: Նա լսեց ելույթներ Հիսուս Քրիստոսի մասին: Եվ նա լսեց ևս մի քանի երգ։ Վերջին երգը ընտանիքի հավերժ միասին լինելու մասին էր: Նրան դուր էր գալիս, թե բառերն ինչ զգացողություններ էին առաջացնում:

Վերջին աղոթքից հետո Թահիրան դիմեց մորեղբայր Ռեզային։ «Ի՞նչ է նշանակում հավերժ միասին լինել»։

Մորեղբայր Ռեզան ժպտաց։ «Մենք հավատում ենք, որ եթե հետևենք Հիսուս Քրիստոսին և խոստումներ տանք Աստծուն ու պահենք դրանք, մենք կարող ենք մի օր ապրել երկնքում մեր ընտանիքների հետ՝ բոլորս միասին»:

Թահիրան ներսից ջերմություն էր զգում՝ գլխից մինչև ոտքի մատները։ Նրան դուր եկավ հավերժ իր ընտանիքի հետ լինելու գաղափարը։

Եկեղեցուց հետո Թահիրան շարունակ մտածում էր գեղեցիկ երաժշտության մասին։ Նա ցանկանում էր ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի և հավերժական ընտանիքների մասին: Նա որոշեց հանդիպել միսիոներների հետ: Մինչ շաբաթներն անցնում էին, Թահիրան ավելի ու ավելի էր համոզվում, որ ավետարանը ճշմարիտ է։

Թահիրան զանգահարեց ծնողներին՝ պատմելու իր սովորածի մասին։ Հետո նա նրանց մի կարևոր հարց տվեց։ «Կարո՞ղ եմ ես մկրտվել»: Նրանք ասացին՝ այո։

Նրա մկրտության օրը Թահիրան, մորեղբայր Ռեզան և մորաքույր Միսուն երգեցին «Աստծո զավակն եմ» օրհներգը: Մորեղբայր Ռեզան այն թարգմանել էր, որպեսզի նրանք կարողանային երգել հինդի լեզվով։ Հինդին այն լեզուն էր, որով նա խոսում էր տանը՝ Հնդկաստանում:

Երբ Թահիրան երգում էր, նա ջերմություն էր զգում իր սրտում: Դա նման էր երկնքում լինելուն։ Եվ Թահիրան գիտեր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, եթե պահեր Երկնային Հորը տված իր խոստումները, կարող էր մի օր նորից ապրել Նրանց հետ:

Էջ PDF

Նկարները՝ Էկատա Մանդալի