Տերը արագացնում է Իր աշխատանքը
Մինչ Տերը արագացնում է Իր աշխատանքը, մենք պետք է սիրենք, հոգ տանենք և ծառայենք նրանց, ովքեր ընդունում են Նրա ավետարանը։
Չարլզ Դիքենսը իր՝ Երկու քաղաքների պատմությունը դասական վեպը սկսել է հետևյալ հայտնի պնդումով. «Դա լավագույն ժամանակն էր, դա ժամանակներից վատագույնն էր»։ Որոշ իմաստով սա ճշմարիտ է մեր օրերում։
Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում, երբ «ողջ երկիրը խառնաշփոթի մեջ» է։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդների խաղաղարարներ լինելու հորդորը, այսօր առավոտյան գեղեցիկ կերպով ընդգծվեց երեց Գարի Է. Սթիվենսոնի կողմից։ Սա միասնությանը, խաղաղությանը և «ամենավատ ժամանակների» համար բժշկմանը նպաստելու կարևոր մասն է կազմում։
Մենք նաև ապրում ենք «լավագույն ժամանակներում», որը կլինի իմ շեշտադրումը։ Տերը Վարդապետություն և Ուխտերի բաժին 1 նախաբանում, հայտարարել է, որ ավետարանի լրիվությունը պիտի «հռչակվի աշխարհի ծայրերում»։ Տերն իսկապես արագացնում է Իր աշխատանքը մեր ժամանակներում: Մենք պետք է խորապես երախտապարտ լինենք այս դժվարին ժամանակներում տեղի ունեցած և շարունակվող արագացման համար։ Մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ Տիրոջ հետևորդները արտոնություն ունեն լսելու Նրա ձայնը և արձագանքելու բաց սրտով ու մտքով։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները, որոնք նվիրված են Փրկչին և Նրա պատվիրաններին, գտնում են նպատակ և լիակատար անձնական խաղաղություն։
Եկեղեցու պատմության տարբեր ժամանակներում զգալիորեն աճել է ուխտի ուղին ընտրածների թիվը։ Այդպիսի մի ժամանակաշրջան տեղի ունեցավ 1837-1850 թթ․ ընթացքում։ Տիրոջ վերականգնված Եկեղեցու վաղ շրջանի առաքյալներից մի քանիսը միսիաներ էին ծառայում Միացյալ Թագավորությունում։ Այդ միսիաների արդյունքում հազարավոր մարդիկ միացան Եկեղեցուն, և 1850 թ. Միացյալ Թագավորությունում Եկեղեցու ավելի շատ անդամներ էին ապրում, քան Միացյալ Նահանգներում։ Այդ ժամանակ Տերը հրահանգեց այդ Սրբերին հավաքվել Յուտայում։ Տեղի ունեցավ զանգվածային արտագաղթ, որի մի մասը ֆինանսավորվում էր Մշտական արտագաղթի հիմնադրամի կողմից տրամադրված վարկերի շնորհիվ։
Ես սիրում եմ 1852 թ․ Անգլիայից և Ուելսից մեծ թվով նորադարձների՝ Սոլթ Լեյքի հովիտ ժամանելու պատմությունը։ Արտագաղթի կիրճի մուտքի մոտ խմբին դիմավորեց Առաջին Նախագահությունը՝ կապիտան Փիթի նվագախմբի ուղեկցությամբ։ Deseret News-ը նրանց նկարագրել է որպես «քայլող ուխտավորների խումբ, որը [ներառում էր] քույրեր և երեխաներ, որոնք արևահարված էին և եղանակից տուժած, բայց ոչ լքված. նրանց սրտերը թեթև ու կենսուրախ էին, ինչը հստակ երևում էր նրանց երջանիկ և ուրախ դեմքերից»։
Երբ նրանք «անցան տաճարի թաղամասի կողքով, … քաղաքի տարբեր մասերից հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ հավաքվել էին՝ միանալու փառահեղ և ուրախ ընդունելությանը»։ Նախագահ Բրիգամ Յանգը դիմեց նրանց. «Թող Իսրայելի Տեր Աստվածը օրհնի ձեզ։ … Մենք անդադար աղոթել ենք ձեզ համար. հազարավոր աղոթքներ են օրեցօր հղվել ձեզ համար Նրան, ով մեզ պատվիրել է հավաքել Իսրայելը, փրկել մարդկանց զավակներին՝ քարոզելով ավետարանը և պատրաստել նրանց Մեսիայի գալուստին»։
Այդ ուրախ իրադարձության ոգով թույլ տվեք ևս մեկ անգամ վստահեցնել բոլոր նորադարձներին և Տիրոջ Եկեղեցի վերադարձողներին. մենք սիրում ենք ձեզ, մենք ձեր կարիքն ունենք, Տերը ձեր կարիքն ունի։ Մենք գուցե ձեզ չողջունենք երթային նվագախմբերով, սակայն աղոթում ենք, որ երկնքի օրհնությունները ուղեկցեն ձեր ջանքերը՝ առաջ շարժվելու ուխտի ճանապարհով, որը տանում է դեպի Հայր Աստված և Հիսուս Քրիստոս՝ սելեստիալ արքայությունում։
Կա հստակ ապացույց, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեր օրերում աճում է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում նորադարձների թիվը զգալիորեն աճել է։ Վերջին 36 ամիսների ընթացքում մոտ 900000 նորադարձ միացել է Եկեղեցուն։ Այս նորադարձները կազմում են Եկեղեցու անդամների ընդհանուր թվի մոտավորապես 5 տոկոսը։ Մենք նոր անդամներին ողջունում ենք գրկաբաց և խորին գնահատանքով՝ ձեր ընտրած ուղու համար։
Վերջին 36 ամիսների ընթացքում այս 900000 նորադարձները գերազանցում են Եկեղեցու անդամների ընդհանուր թիվը 1940թ․՝ Եկեղեցու 110-ամյակի օրվա համեմատ, երբ անդամների թիվը փոքր-ինչ գերազանցում էր 860000-ը։ Սա այն տարին էր, երբ ծնվեցին նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը, երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը և ես։
Այս հրաշալի նորադարձները գալիս են աշխարհի բոլոր ծայրերից։ Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում դարձը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 20 տոկոսով։ Միացյալ Նահանգներում մենք տեսել ենք 17 տոկոս աճ։ Տիրոջ աշխատանքը շարունակում է առաջ ընթանալ հզոր եղանակներով։ Այս աճող թվերը հստակ վկայություն են այն մասին, որ ավետարանը դիպչում է սրտերին և կյանքեր փոխում ամենուրեք։
Մեր օրերում այս թանկագին նորադարձները այլևս չեն հավաքվում որևէ կենտրոնական վայրում։ Եկեղեցու անդամների հավատքի և նվիրաբերումների շնորհիվ առկա են ռեսուրսներ՝ աջակցելու համայնքներին՝ ամբողջ աշխարհում հավաքատների և տաճարների կառուցման միջոցով։ Անհրաժեշտ քահանայության բանալիների և տրամադրված ռեսուրսների շնորհիվ փրկարար արարողություններն այժմ հասանելի են աշխարհի մեծ մասում։
Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, ներկայիս անդամները պետք է ողջունեն հարյուր հազարավոր նոր անդամների, ինչպես մենք ողջունել ենք անգլիացի և ուելսացի Սրբերին, որոնց ես նկարագրել եմ մեր վաղ պատմությունից։ Ինձ շատ դուր եկավ երեց Գերիթ Վ. Գոնգի ելույթը այս նիստում, որտեղ նա մեզ ուսուցանեց, որ ոչ ոք չպետք է մենակ նստի՝ ո՛չ հուզական, ո՛չ հոգևոր առումով։
Մեր սրբազան պարտականությունն է ընդունել և ողջունել նոր և վերադարձող անդամներին։ Մինչ Տերը արագացնում է Իր աշխատանքը, մենք պետք է սիրենք, հոգ տանենք և ծառայենք նրանց, ովքեր ընդունում են Նրա ավետարանը։ Մենք կարող ենք դառնալ Սիոնի ժողովուրդ, որտեղ մենք «մեկ սրտի և մեկ մտքի [կլինենք և կբնակվենք] արդարության մեջ»։ Տիրոջ հետ մեկ լինելու համար մենք պետք է մեկ լինենք Տիրոջ առաջ։ Բոլոր անդամները՝ անկախ մկրտության ամսաթվից, պարտականություն ունեն ողջունելու մյուսներին։
Եկեղեցու անդամներին իմ խորհուրդն է՝ գրկաբաց ընդունել այս թանկագին ընտրյալ մարդկանց, որոնք ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը։
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մեզ ուսուցանել է, որ նորադարձները կարիք ունեն «ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցման (Մորոնի 6․4)» Մենք կարող ենք լինել այն ընկերների շարքում, որոնք վստահեցնում են այս նորադարձներին, որ նրանք պատկանում են Աստծուն և պարզապես հյուրեր չեն։ Մենք կարող ենք օգնել նրանց հասկանալ, որ իրենք Հիսուս Քրիստոսի աշակերտներ են, ովքեր կարող են սպասավորել ուրիշներին և ընդունել ծառայելու կոչումներ։ Երիտասարդ նորադարձները պետք է մտածեն լիաժամկետ միսիա ծառայելու մասին։ Բոլորը պետք է վճռականորեն ձգտեն ապրել քրիստոսանման կյանքով։
Շատերը միանում են Եկեղեցուն մեծ անձնական զոհաբերության շնորհիվ և շատ ունեն իրենց ընկերակից Սրբերի սիրո և աջակցության կարիքը։
Դիմում եմ նրանց, ովքեր նոր են կամ վերադառնում են հավատքին, գուցե դուք բախվեք մարտահրավերների։ Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։ Միսիոներները ձեզ ուսուցանել են հիմնական վարդապետությունը և բացատրել արքայության ուխտերն ու արարողությունները, որոնք ներկայացված են սուրբ գրություններում և Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։
Արարողություններն ու ուխտերը ստանալը և պատվիրաններով ապրելը կարևոր է։ Կենտրոնացեք վեհացման համար անհրաժեշտ ուխտերի վրա։ Ավետարանը հնարավոր է դարձնում վեհացումը, որը պահանջում է Աստծո հետ սրբազան ուխտեր կնքել և պահել։ Բացի մկրտությունից, հաստատումից և տղամարդկանց համար Մելքիսեդեկյան քահանայության շնորհումից, մենք կապում ենք ուխտերը տաճարում։ Մահացածների համար փրկարար արարողություններից յուրաքանչյուրը կատարվում է միայն տաճարում: Հետևաբար, տաճարին պատրաստվելը պետք է լինի անհետաձգելի նպատակ։
Երբեմն դուք կզգաք, որ ձեր իմացածը բավարար չէ։ Ավետարանի գիտելիքը մեծ օրհնություն է, որը ձեռք է բերվում աստիճանաբար՝ ժամանակի ընթացքում, բայց այն փրկարար արարողություն չէ։ Ավետարանը գիտելիքի ստուգում չէ։ Սակայն, ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է խոստացել. «Երբ դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր: … Մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր սեփական հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր անձնական կյանքի համար»։
Բացի այդ, ամեն տարի կիրակնօրյա ժողովների Եկեղեցու ուսումնական ծրագիրը հերթով ներառում է Հին Կտակարանը, Նոր Կտակարանը, Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը։ Ժամանակի ընթացքում դուք ավելի վստահ կզգաք ձեզ, քանի որ ավետարանի ձեր գիտելիքները կաճեն։ Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կօրհնի և կհարստացնի ձեր կյանքը՝ խորացնելով ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը։
Հիսուս Քրիստոսի մաքուր վարդապետությունը սովորելը ողջ կյանք տևող գործընթաց է՝ թե՛ վարդապետությունը հասկանալու, թե՛ քրիստոսանման կյանքով ապրելու առումով։ Հիմնական ուխտերից է կազմվում ուխտի ուղին։ Այս սկզբունքները հզոր կերպով ուսուցանվել են նախագահ Նելսոնի կողմից։ Բոլոր անդամները, հատկապես նոր և վերադարձող, կօրհնվեն՝ ուսումնասիրելով և ընդունելով նրա մարգարեական ուղերձները ուխտերի և ուխտի ուղու վերաբերյալ։
Եթե նպատակ դնեք արժանավորությամբ ընդունելու վեհացման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ուխտ, դուք կլինեք այն ուղու վրա, որը տանում է դեպի սելեստիալ արքայություն։ Տաճարը և տաճարի արարողությունները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Ուխտերի մեծ մասը հասանելի է յուրաքանչյուր անհատի։ Ուխտերից մեկը՝ հավերժական ամուսնությունը, ներառում է ջանքերի միավորում զուգընկերոջ հետ։ Մեր նպատակը պետք է լինի գտնել այդ հավերժական զուգընկերոջը։
Այնուամենայնիվ, մի՛ հուսահատվեք, եթե հավերժական ամուսնությունը հնարավոր չէ այս պահին։ Մարգարեները ուսուցանել են, որ ոչ մի օրհնություն հետ չի պահվի հավատարիմ անդամներից, որոնք պահում են պատվիրանները։ Մորմոնի Գրքի մարգարեներից մեկը՝ Բենիամին թագավորը, գեղեցիկ կերպով է ձևակերպել այդ միտքը․ «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, … օրհնված են բոլոր բաներում, … և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, … նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»:
Դուք կտեսնեք, եթե դեռ չեք տեսել, որ անդամները կատարյալ չեն։ Հայտնված վարդապետությունը հստակեցնում է, որ երկրի վրա գտնվելու ընթացքում մենք սխալներ կգործենք։ Մենք ապրում ենք անկատար և ընկած աշխարհում, այլ ոչ թե սելեստիալ աշխարհում։ Այս կյանքը ստուգարքի ժամանակ է՝ ապաշխարելու և մեր արժանավորությունը ցույց տալու մշտական հնարավորություններով։
Մենք բոլորս զգում ենք անհամապատասխան, երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի նման։ Նրա Քավությունը թույլ է տալիս մեզ ամեն օր ապաշխարել, երբ մենք թերանում ենք։ Ինչպես ասել է Մորմոնի Գրքի մեկ այլ մարգարե՝ Նեփին․ «[Մենք] պետք է առաջ մղվե[ն]ք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:
Երբ մենք խորհում ենք մեր օրերի մարտահրավերների մասին, պետք է հիշենք, որ Փրկիչը Իր երկրային ծառայության ընթացքում նույնպես ապրել է անհանգիստ և դաժան ժամանակներում։ Նրա ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե օրվա քաղաքական մարտահրավերների, այլ Սրբերին կատարելագործելու վրա։
Փրկչին, Նրա վարդապետությանն ու ուսմունքներին հետևելը երբեք հեշտ չի եղել մշտապես խառնաշփոթի մեջ գտնվող աշխարհում։ Փրկչի համար հեշտ չէր անկայուն աշխարհում՝ իր մահկանացու ճամփորդության ընթացքում, հեշտ չէր նաև մեր վաղ շրջանի ղեկավարների և անդամների համար, հեշտ չէ մեզ համար ևս։ Բարեբախտաբար, ապրող մարգարեները մեզ տալիս են այն առաջնորդությունը, որը մեզ հատկապես անհրաժեշտ է մեր օրերի համար։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը կշարունակի այդ հոգևոր հզոր ժառանգությունը։
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վարդապետությունը հավերժական է և ճշմարիտ։ Ես բերում եմ իմ վստահ և հատուկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք լինել մեկ Նրա հետ: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։