2025
Ձեր սիրտը ներդաշնակեք Հիսուս Քրիստոսի հետ․ Երեխաների միության երաժշտության սուրբ պարգևը
Նոյեմբեր 2025


10:37

Ձեր սիրտը ներդաշնակեք Հիսուս Քրիստոսի հետ․ Երեխաների միության երաժշտության սուրբ պարգևը

Երեխաների միության երգերը Հիսուս Քրիստոսի աշակերտների համար քարոզներ են, վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին վկայություններ և երաժշտության ներքո հնչող աղոթքներ։

Երեխաների միությունում իմ ծառայության օրհնություններից մեկն այն է, որ սիրտս սովորել է սիրել այն լեզուներով, որոնցով իմ լեզուն չի խոսում։ Ես ուրախություն եմ գտել՝ կապվելով մեր Սրբերի հետ՝ սուրբ երաժշտության ընդհանուր լեզվի միջոցով։ Եվ հատկապես Երեխաների միության պարզ երգերի միջոցով Սուրբ Հոգին հաղթահարել է լեզվական խոչընդոտները և լցրել է սիրտս Իր մեղմ շշնջոցով։ Մանկական ձայների միջոցով հռչակվել է Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի սերը՝ հստակ և սիրտ թափանցող ճշմարտությամբ։

Թեև ես չեմ մեծացել Երեխաների միությունում, Սուրբ Հոգին շուտով ուսուցանեց ինձ այդ միության երգերի սրբությունը, և դրանք դարձան իմ անձնական երկրպագության մասը։ Երեխաների միության երգերը սուրբ ազդեցություն են ունեցել իմ կյանքի վրա՝ բարձրացնելով հոգիս, ուսուցանելով հավերժական ճշմարտություններ և մոտեցնելով ինձ Փրկչին ու Նրա ավետարանին։

Նախագահ Դալլին Հ. Օուքսը մի առիթով ուսուցանել է. «Օրհներգերի կատարումը վերականգնված ավետարանի վարդապետությունը սովորելու լավագույն միջոցներից մեկն է»։ Այդ խոսքերն իրավացի են յուրաքանչյուրիս, և հատկապես՝ երեխաների համար։ Երեխաների միության երաժշտությունը Աստծո ամենանուրբ գործիքներից մեկն է՝ Փրկչի կրտսեր աշակերտների սրտերում վկայություն սերմանելու համար։ Ծնողները, ղեկավարներն ու ուսուցիչները սնուցում են այդ սերմը՝ վկայելով և խրախուսելով երեխաներին կիսվել իրենց վկայություններով այն ամենի մասին, ինչ նրանք գիտեն Երկնային Հոր, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու վերաբերյալ։

Իմ ծառայության վերջին մի քանի տարիների ընթացքում ես առիթ եմ ունեցել երգել և սովորել Երեխաների միության երգերը՝ միաժամանակ խորհելով մի քանի կարևոր հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող են մանկության տարիներին սովորած Երեխաների միության երգերը դառնալ հոգևոր լեզու, որով երեխաները կվկայեն իրենց ողջ կյանքի ընթացքում։

  • Ավետարանի ճշմարտությունների երգեցողությունն ինչպե՞ս է օգնում երեխաներին հիշել Տիրոջը՝ որպես իրենց ուխտի մաս և պատրաստվել Նրա արարողություններին։

  • Եվ ինչպե՞ս կարող են Երեխաների միության երգերը օգնել, որ Աստծո օրենքը գրվի Փրկչի այս կրտսեր աշակերտների սրտերում:

Երբ 1878 թվականին հիմնադրվեց Երեխաների միությունը, առաջին նախագահ Օրելիա Սփենսեր Ռոջերսը նկատեց, որ «երգելը անհրաժեշտ էր»։ Երաժշտությունը միշտ էլ եղել է երեխաներին ավետարանն ուսուցանելու գործընթացի կենտրոնում։ Երեխաների միության երգերը կարող են դառնալ երեխայի առաջին հոգևոր լեզուն, քանի որ դրանց պարզ և հիշվող մեղեդիները հնչեցնում են ավետարանի ճշմարտությունները։ Այդ երգերը զորություն ունեն մնալու երեխաների հետ ողջ կյանքում՝ դառնալով նրանց աշակերտության մի մասը և Փրկչի մասին վկայելու բնական և սովորական միջոց։

Ուսուցանենք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը երգի միջոցով

Երեխաների մության երգերը կարող են լինել նաև վարդապետության ուսուցման հզոր գործիքներ։ Որոշ երգեր պատմում են Փրկչի կյանքի և ծառայության պատմությունները։ Այլ երգեր ուսուցանում են Նրա հատկանիշների, օրինակ՝ Նրա հավատքի, հույսի և գթության մասին։ Իսկ ամենասուրբ երգերը վկայում են Նրա անսահման Քավության և այն սիրո մասին, որը բխում է այդ փրկարար գործողությունից:

Տիրոջ մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Երաժշտությունը կարող է շարունակական դրական ազդեցություն ունենալ՝ շատ ավելի երկար ժամանակ, քան երեխաների փոքր տարիքում։ … [Այն] ունի հոգևոր սննդով ապահովելու զորություն։ Այն ունի բժշկող զորություն։ Այն զորություն ունի օժանդակելու երկրպագությանը, թույլ տալով մեզ խորհելու [Փրկչի] Քավության և ավետարանի Վերականգնման մասին՝ իր փրկարար սկզբունքներով և վեհացման արարողություններով։ Երաժշտությունը զորություն է տալիս, որպեսզի մենք արտահայտենք աղոթքով ծնված մտքերը և մեր վկայությունը բերենք սրբազան ճշմարտությունների վերաբերյալ»։

Որպես ծնողներ, առաջնորդներ և ուսուցիչներ՝ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նաև այդ խոստացված օրհնությունները երեխաներին հասանելի դարձնելուն ՝ նպատակային կերպով ուսուցանելով երգերի մեջ պարունակվող ավետարանի ճշմարտությունները։ Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է, որ «երեխաները կարող են վարդապետությունը սովորել երգել սովորելիս նույնքան, որքան կարող են այն սովորել դասի ընթացքում»։ Այս երգերը կարող են դառնալ հավատով լցված քարոզների աղբյուր, որոնք երեխաներին ուղղում են դեպի Փրկիչը և օգնում են նրանց զարգացնել նվիրվածություն Նրա ավետարանին։

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ արդարների սրտից բխող երգերը հաճելի են Փրկչին: Ես միայն կարող եմ ենթադրել, թե որքան մեծ է այն բերկրանքը, որը պարգևում են Փրկչի կրտսեր աշակերտների ձայները։ Ես գիտեմ, որ նրանց աղոթքով լի երգերը հասնում են երկինք՝ որպես հավատքի արտահայտություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգուն՝ հաստատելու հավիտենական ճշմարտությունները, և մեղմորեն ու սիրով հրավիրում են մյուսներին ընդունելու մեր Փրկչի կոչը՝ հետևել Իրեն և վերադառնալ տուն։ Ինչպես մեզ հիշեցրել է երեց Հենրի Բ․ Այրինգը՝ հենց այն պահերին, երբ զգում ենք Սուրբ Հոգու ներկայությունը, մենք ունենք վկայություն, որ Փրկչի Քավությունը գործում է մեր կյանքում։

Ճշմարտությունը դրոշմելով սրտին

Մանկական երգերը կարող են հրաշքներ գործել, որոնք կուղեկցեն ողջ կյանքի աշակերտության ճանապարհին, որով կանցնեն մեր երեխաները։ Վեց տարեկանում սովորած մի երգ կարող է ուղեկցել մեզ ողջ կյանքում՝ վերադառնալով նույնիսկ տասնամյակներ անց՝ որոշումների, գայթակղության, վշտի կամ ուրախության պահերին։ Հնարավոր է, որ մեր կյանքի ուշ տարիներին «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» երգի բառերը դառնան հոգևոր խարիսխ՝ արձագանքելով Պողոս առաքյալի վկայությանը՝ մեզ տված Աստծո խոստումների հաստատունության վերաբերյալ։ Կամ դրանք կարող են հիշեցնել մեզ, որ քանի որ Աստված պահում է Իր խոստումները, Նրա ուխտերը մեզ առաջարկում են զորավոր մխիթարություն և ապաստան, ու հրավիրում են, որ մեր հույսն ու վստահությունը անսասանորեն դնենք Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զորության վրա։

Երկրի տարբեր անկյուններում ապրող չափահաս անդամները դժվարությունների պահին հաճախ հիշում և վերադառնում են մանկության տարիներին սովորած մանկական երգերին։ Շատերի համար այդ երգերը աջակցել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի սկզբնական կառուցվածքին և հաճախ դարձել են այն առաջին վայրը, որտեղ սկսվել է դարձի գործընթացը դեպի Նրա ավետարանը։ Ծնողները, ղեկավարներն ու ուսուցիչները, տարիների ընթացքում խնամքով ուսուցանելով, երգելով և վկայություն տալով՝ սնուցել են այդ հավատքը երեխաների մեջ։

Մի քույր կիսվեց ինձ հետ, որ մեծ սիրով է հիշում Երեխաների միության երաժշտությունը, և 20 տարի անց այն համարում է որպես գործոն, որը արագացրել է իր շարունակական դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Մեկ այլ անդամ վկայեց, որ Երեխաների միությունը իր մանկության տարիներին հավատքի մանանեխի հատիկ է տնկել, և դա է պատճառը, որ նա կարողացել է վերադառնալ Տիրոջ Եկեղեցի, երբ 30 տարեկան էր։ Փրկիչը խոստացել է․ «Մխիթարիչը … ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի»։ Երեխաների միության երաժշտությունը կարող է լինել այդ խոստումը կատարելու միջոցներից մեկը։

Երեխաների միության մեկ այլ սիրված երգ արտացոլում է պարզ հավատքի և տոկուն վկայության զորությունը.

Քայլում եմ Իր հետ ես տուն իմ երկնային,

Նա միշտ կօրհնի ինձ Իր հոգով և սեր կտա անգին,

Սիրտը իմ կփոխվի, աչքս սուր կդառնա։

Կքայլեմ Իր հետ ես, կքայլի ինձ հետ Նա։

Երբ երեխաները երգում են, նրանք արտահայտում են աշակերտի ցանկությունը և սովորում են ուխտի ապրելաձևը։ Սուրբ Հոգին կարող է օգտագործել երաժշտությունը, որպեսզի հավիտենական ճշմարտությունները փորագրի նրանց նուրբ սրտերում։ Ժամանակի ընթացքում երեխաները կարող են ընտրել՝ ներդաշնակել և ուղղել իրենց սրտերն ու կյանքը դեպի Հիսուս Քրիստոսը՝ Նրա հետ սուրբ ուխտեր կնքելով և դրանք պահելով։

Հիշենք մեր ուխտերը և պատրաստվենք արարողություններին

Սուրբ երաժշտությունը կարող է օգնել Քրիստոսի վարդապետությունը դրոշմել հոգու մեջ և պատրաստել մեզ՝ ընդունելու Նրա արարողությունները։ Այն կապում է Փրկչի վարդապետությունը մեր հիշողության հետ, իսկ այդ հիշողությունը՝ մեր աշակերտության հետ Նրանում։

Որպես Երեխաների միության ղեկավարներ՝ մենք ունենք հնարավորություն և սուրբ պատասխանատվություն՝ ապահովելու, որ երաժշտությունը Երեխաների միությունում ուսուցանվի ուրախությամբ, վարդապետական ըմբռնումով և Հոգու ներկայությամբ։ Դա նշանակում է հրավիրել երեխաներին երգելիս ուշադրություն դարձնել իրենց զգացածին և օգնել հասկանալ, որ այդ զգացումները գալիս են Սուրբ Հոգուց։ Այս ջանքերն օգնում են պատրաստել մեր երեխաներին սուրբ արարողություններին, ինչպիսիք են՝ մկրտությունը և հաստատումը, ինչպես նաև արթնացնում են նրանց ուխտերի հիշողությունը, երբ նրանք պարբերաբար նորոգում են իրենց խոստումները Աստծուն։

Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Փրկիչը սահմանեց հաղորդությունը, Մատթեոսը գրում է, որ «սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը»: Ամեն շաբաթ Տիրոջ վերականգնված Եկեղեցու մկրտված և հաստատված անդամները, այդ թվում ութ տարեկան մկրտված երեխաները, պատրաստվում են ընդունելու Տիրոջ հաղորդությունը։ Սուրբ երգերի կատարման միջոցով Աստծո զավակներին հնարավորություն է տրվում պատրաստել իրենց սրտերը սուրբ արարողությանը՝ վերցնելու Նրա անունը իրենց վրա, միշտ հիշելու Նրան և պահելու Նրա պատվիրանները։

Ամփոփիչ վկայություն

Թանկագին ընկերնե՛ր, ես վկայում եմ, որ Երեխաների միության երգերը ուսուցանում են հավիտենական ճշմարտություններ և վարդապետություն, որոնք մեզ առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը։ Հրավիրում եմ ձեզ խորհելու, թե ինչ հիմնարար ճշմարտություններ են գրվել ձեր սրտերում այս պարզ երգերի ուսմունքների միջոցով և վկայել այդ ճշմարտությունների մասին, երբ Փրկչի կրտսեր աշակերտներին ուսուցանում եք ավետարանի բարի լուրը՝ երգի միջոցով։

Գիտեմ, որ մեր Հայր Աստվածը Իր անսահման սիրով երկիր ուղարկեց Իր սիրելի Որդուն՝ մեզ ուսուցանելու, ճշմարիտ ճանապարհը ցույց տալու և Իր Քավությամբ մեզ փրկելու։

Գիտեմ, որ Փրկչի կյանքը և ծառայությունը իրական են և անձնական։ Սուրբ գրությունները լի են Նրա բժշկությունների, բարության և հրաշքների պատմություններով։

Գիտեմ, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է Իր զավակների անկեղծ աղոթքներին՝ անկախ նրանց տարիքից, հանգամանքներից կամ լեզվից։ Նա լսում է մեր սրտերի հանդարտ ու անկեղծ խնդրանքները։

Ես վկայում եմ, որ Գեթսեմանիում Հիսուս Քրիստոսը կրեց մեր մեղքերի, վշտերի և ցավերի ծանրությունը։ Նա կամովին տառապեց՝ մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ, և այդպիսով հնարավոր դարձրեց, որ մեր մեղքերը ներվեն և մենք վերադառնանք մեր երկնային տունը։

Գիտեմ, որ մենք Աստծո իրական զավակներն ենք՝ ստեղծված Նրա պատկերով, օժտված աստվածային ներուժով և հրավիրված՝ վերադառնալու և ապրելու Նրա հետ, եթե ընտրենք հետևել Հիսուս Քրիստոսին։

Գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է, և երբ հետևում ենք Նրան՝ ծառայելով, ներելով և սիրելով ուրիշներին, օրեցօր ավելի ենք նմանվում Նրան։

Եվ ես գիտեմ, որ Տիրոջ սուրբ տաճարները Նրա տունն են այստեղ՝ երկրի վրա։ Տաճարներում մենք կնքում ենք սուրբ ուխտեր, ստանում հավերժական օրհնություններ, ավելի լավ ճանաչում Նրան և զգում Նրա ներկայությունը։ Տաճարը ուսման, խաղաղության և մեր կյանքի համար պատրաստության վայր է։

Վկայում եմ, որ այն ջանքերը, որոնք գործադրում ենք Երեխաների միության երգերը մեր երեխաներին ուսուցանելու և երգելու ուղղությամբ, ոչ միայն մեր կրոնական ավանդույթի հաճելի մասն են։ Դրանք Հիսուս Քրիստոսի աշակերտների համար քարոզներ են, վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին վկայություններ և երաժշտության ներքո հնչող աղոթքներ։ Սուրբ երաժշտությունը կարող է Քրիստոսի Լույսը փայլեցնել ունկնդրի վրա և լցնել երգողի սրտի մեջ։ Թանկագին բարեկամնե՛ր, Հիսուսը, միևնույն է, ցանկանում է, որ մենք լինենք Նրա արևաշողը։ Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Dallin H. Oaks, “Worship Through Music,” Ensign, Nov. 1994, 10.

  2. «Արդարների երգն աղոթք է ինձ համար» (Վարդապետություն և Ուխտեր 25․12

  3. «Սուրբ երաժշտությունը հաղորդության ժողովի և Եկեղեցու մյուս ժողովների կարևոր մասն է։ … Անդամները հավաքվում են հաղորդության ժողովին՝ հիշելու Հիսուս Քրիստոսին՝ հաղորդությունը ճաշակելով։ Նրանք հավաքվում են՝ հավատք ու վկայություն զարգացնելու և Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու համար։ Երաժշտությունը պետք է ընտրվի այնպես, որ օգնի հասնել այս նպատակներին։ … Հաղորդության օրհներգը պետք է վերաբերի թե՛ հաղորդությանը, թե՛ Փրկչի զոհաբերությանը» (Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 19.3, 19.3.2, Ավետարանի գրադարան)։

  4. «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն» (Երեմիա 31.33):

  5. Aurelia Spencer Rogers, in “A History of the Primary Organization,” history.ChurchofJesusChrist.org.

  6. Russell M. Nelson, “Power and Protection Provided by Worthy Music” (Brigham Young University devotional, May 4, 2008), 4, 5, speeches.byu.edu.

  7. Russell M. Nelson, in “Keep Singing Songs That Teach Doctrine, Says President Nelson” (video), ChurchofJesusChrist.org.

  8. «Հուսով ենք, որ ղեկավարները, ուսուցիչներն ու անդամները, որոնք կոչված են խոսելու, հաճախ կդիմեն օրհներգերի գրքին՝ գտնելու քարոզներ, որոնք ներկայացված են հզոր և գեղեցիկ՝ չափածո ձևով։ …

    «Երաժշտությունն անսահման զորություն ունի մեզ առաջ մղելու դեպի ավելի մեծ հոգևորություն և ավետարանի հանդեպ նվիրվածություն: Վերջին Օրերի Սրբերը պետք է լցնեն իրենց տները արժանի երաժշտության հնչյուններով։ …

    Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել օրհներգերը։ Երգեք դրանք Հանգստության օրը, ընտանեկան երեկոյի ժամանակ, սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, աղոթքի ժամանակ։ Երգեք աշխատելիս, խաղալիս և միասին ճանապարհորդելիս։ Երգեք հիմները որպես օրորոցայիններ՝ ձեր երեխաների մեջ հավատք և վկայություն կառուցելու համար» (“First Presidency Preface,” Hymns, ix, x)։

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 25․12:

  10. «Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը, կարող եք դա ընդունել որպես վկայություն այն բանի, որ Քավությունը գործում է ձեր կյանքում» (Henry B. Eyring, “Gifts of the Spirit for Hard Times” [Brigham Young University devotional, Sept. 10, 2006], 5, speeches.byu.edu)։

  11. Տես Եբրայեցիներին 6.17-19:

  12. Sես Մորոնի 7․41։

  13. Հովհաննես 14.26:

  14. “I Will Walk with Jesus,” Hymns—For Home and Church, Gospel Library.

  15. Մատթեոս 26․30։

  16. «Թեև հաղորդությունը Եկեղեցու անդամների համար է, ոչ մի կերպ չպետք է խանգարել ուրիշներին ճաշակել դրանից (Ընդհանուր ձեռնարկ, 18.9.3): Մասնավորապես, տեղին է, որ փոքր երեխաները ճաշակեն հաղորդությունից նախքան պատասխանատվության տարիքի հասնելը, որպեսզի նրանք կարողանան ավելի մեծ գնահատանք զարգացնել Հիսուս Քրիստոսի զոհաբերության նկատմամբ և պատրաստվեն ապագայում Աստծո հետ սրբազան ուխտեր կնքելուն։

  17. See “He Sent His Son,” Children’s Songbook, 34–35.

  18. See “Tell Me the Stories of Jesus,” Children’s Songbook, 57.

  19. See “A Child’s Prayer,” Children’s Songbook, 12–13.

  20. See “Gethsemane,” Hymns—For Home and Church.

  21. See “I Am a Child of God,” Children’s Songbook, 2–3.

  22. See “I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79.

  23. See “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95.

  24. See “Jesus Wants Me for a Sunbeam,” Children’s Songbook, 60.