2025
Խրախուսենք միմյանց
Նոյեմբեր 2025


11:53

Խրախուսենք միմյանց

Միայն Տերն է լիովին ճանաչում մեր անհատական սահմանափակումներն ու կարողությունները, և հենց այդ պատճառով միայն Նա լիովին իրավունք ունի դատելու մեր գործելակերպը։

Վերջերս ես կարդացի մի պատմություն, որը խորապես հուզեց ինձ: Իրադարձությունը տեղի է ունեցել ԱՄՆ թեթև աթլետիկայի սպորտի վարպետների ազգային առաջնության ժամանակ։ Այս մրցույթը նախատեսված է տարեցների համար։

1500 մետր վազքի մասնակիցներից մեկը 100-ամյա Օրվիլ Ռոջերսն էր։ Հեղինակը գրում է․

«Երբ մեկնարկային ատրճանակը կրակեց, վազորդները մեկնարկեցին, իսկ Օրվիլը անմիջապես հայտնվեց վերջին տեղում, որտեղ մնաց մենակ ամբողջ մրցավազքի ընթացքում՝ շատ դանդաղ առաջ շարժվելով։ [Երբ] Օրվիլից բացի վերջին վազորդն ավարտեց մրցուղին, Օրվիլը դեռ երկուսուկես շրջան ուներ անցնելու։ Մոտ 3000 հանդիսատես լուռ նստած հետևում էին, թե նա ինչպես է դանդաղ առաջ շարժվում՝ լիովին մենակ, անհարմար լռության մեջ։

[Բայց] երբ նա սկսեց իր վերջին շրջանը, մարդիկ ոտքի կանգնեցին՝ ոգևորելով ու ծափահարելով նրան։ Իսկ երբ նա հասավ ուղու եզրափակիչ հատվածին, բացականչություններն ավելի ուժգին էին։ Հազարավոր մարզասերների ոգևորիչ խրախուսանքի ներքո Օրվիլը դիմեց իր էներգիայի վերջին պաշարներին։ Մարդիկ ցնծում էին ուրախությունից, երբ նա հատեց վերջնագիծը և մրցակիցները գրկեցին նրան։ Օրվիլը խոնարհաբար և երախտագիտությամբ ձեռքով արեց հանդիսատեսին և դուրս եկավ ուղուց՝ իր նոր ընկերների հետ։

Սա Օրվիլի հինգերորդ մրցավազքն էր մրցույթում, և մյուս բոլոր մրցումներում նա նույնպես զբաղեցրել էր վերջին տեղը։ Ոմանք գուցե գայթակղվեին դատել Օրվիլին՝ մտածելով, որ նա ընդհանրապես չպետք է մրցեր իր տարիքում, կամ տեղ չուներ մրցուղում, քանի որ նա զգալիորեն երկարացնում էր յուրաքանչյուր մրցավազքը։

Սակայն թեև Օրվիլը միշտ վերջինն էր ավարտում, նա այդ օրը սահմանեց հինգ համաշխարհային ռեկորդ։ Նրա մրցավազքը դիտողներից ոչ ոք չէր հավատա, որ դա հնարավոր էր, բայց ո՛չ դիտորդները, ո՛չ էլ մրցակիցները չէին հանդիսանում դատավորներ։ Օրվիլը որևէ կանոն չէր խախտել, և պաշտոնյաները որևէ չափանիշ չէին իջեցրել։ Նա մասնակցեց նույն մրցավազքին և բավարարեց նույն պահանջները, ինչ մյուս բոլոր մրցակիցները։ Բայց բարդության աստիճանը նրա դեպքում՝ տարիքն ու սահմանափակ ֆիզիկական կարողությունները հաշվի առնելով՝ նրան ընդգրկեցին 100-ից բարձր տարիքային խմբում։ Եվ այդ տարիքային խմբում նա սահմանեց հինգ համաշխարհային ռեկորդ։

Ինչպես Օրվիլը մեծ քաջություն էր ցուցաբերում ամեն անգամ այդ ուղու վրա դուրս գալով, նույն կերպ էլ մեր որոշ քույրեր ու եղբայրներ մեծ քաջություն են ցուցաբերում՝ ամեն օր կյանքի ասպարեզ մտնելով և գիտակցելով, որ կարող են անարդարացիորեն դատվել, նույնիսկ եթե ներդնում են իրենց լավագույն ջանքերը և հաղթահարում դժվարությունները՝ Հիսուսին հետևելու և Նրա հետ իրենց ուխտերը պահելու համար։

Անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում, անկախ մեր տարիքից, բոլորիս համար սովորական մարդկային պահանջ է՝ պատկանելության զգացում ունենալը, զգալ, որ մենք ցանկալի ենք և մեր կարիքն ունեն, և որ մեր կյանքն ունի նպատակ ու իմաստ՝ անկախ մեր հանգամանքներից կամ սահմանափակումներից։

Մրցավազքի վերջին փուլում հանդիսատեսը միաձայն խրախուսում էր Օրվիլին՝ նրան ուժ տալով շարունակելու համար։ Կարևոր չէր, որ նա վերջինն ավարտեց։ Մասնակիցների և ներկաների համար սա շատ ավելին էր, քան պարզապես մրցույթ։ Շատ առումներով սա Փրկչի սիրո գործնական դրսևորման գեղեցիկ օրինակ էր։ Երբ Օրվիլն ավարտեց, նրանք միասին ուրախանում էին։

Ինչպես թեթև աթլետիկայի սպորտի վարպետների ազգային առաջնությունը, մեր ծխական համայնքները և ընտանիքները կարող են դառնալ հավաքատեղիներ, որտեղ մենք խրախուսում ենք միմյանց, ուխտի համայնքներ, որոնք սնվում են միմյանց հանդեպ Քրիստոսի սիրով՝ օգնելով հաղթահարել ցանկացած փորձություն, ուժ ու քաջալերանք տալով միմյանց՝ առանց դատելու։ Մենք միմյանց կարիքն ունենք: Աստվածային ուժը գալիս է միասնությունից, և այդ պատճառով է, որ սատանան մտադիր է մեզ բաժանել։

Ցավոք, որոշ մարդկանց համար երբեմն դժվար է եկեղեցի հաճախելը տարբեր պատճառներով։ Դա կարող է լինել մեկը, ով մաքառում է հավատքի հարցերի հետ, կամ մեկը, ով ունի սոցիալական անհանգստություն կամ դեպրեսիա։ Դա կարող է լինել մեկը՝ այլ երկրից կամ ազգությունից, կամ մեկը, ով ունի կյանքի տարբերվող փորձ կամ աշխարհընկալման ձև, և համարում է, որ ինքը չի համապատասխանում ընդունված ձևին։ Նրանք կարող են լինել նույնիսկ նորածինների և փոքր երեխաների ծնողները, որոնք քնի պակաս ունեն և հուզականորեն լարված են, կամ մեկը, ով միայնակ է՝ զույգերով և ընտանիքներով լի ծխական համայնքում։ Դա կարող է նաև լինել մեկը, ով համարձակություն է հավաքում՝ տարիներ անց վերադառնալու համար, կամ մեկը, ով մշտապես տանջող զգացում ունի, որ պարզապես չի համապատասխանում չափանիշներին՝ այդ միջավայրին պատկանելու համար։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Եթե ձեր ծխում որևէ զույգ ամուսնալուծվում է, կամ երիտասարդ միսիոները շուտ է վերադառնում տուն, դեռահասը կասկածում է իր վկայության հարցում, նրանք ձեր դատի կարիքը չունեն: Նրանք պետք է զգան Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, որը բխում է ձեր խոսքերից և գործերից»:

Եկեղեցում մեր փորձառությունը նախատեսված է ապահովելու այն կենսական կապերը Տիրոջ և միմյանց հետ, որոնք շատ կարևոր են մեր ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ բարեկեցության համար: Աստծո հետ մեր կնքած ուխտերին, սկսած մկրտությունից, ներհատուկ է մեր պատասխանատվությունը՝ սիրել և հոգ տանել միմյանց մասին՝ որպես Աստծո ընտանիքի անդամներ, որպես Քրիստոսի մարմնի անդամներ, դա ստուգավանդակի նշում չէ՝ մեր անելիքների ցուցակում։

Քրիստոսանման սերն ու հոգատարությունը ավելի բարձր և սուրբ են։ Քրիստոսի մաքուր սերը գթությունն է։ Ինչպես ուսուցանել է նախագահ Նելսոնը․ «Գթությունը մղում է մեզ «կրելու մեկս մյուսի բեռը» [Մոսիա 18․8], ոչ թե՝ բեռնելու մեկս մյուսին»։

Փրկիչը ուսուցանել է. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»: Նախագահ Նելսոնը հավելել է․ «Գթությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդի հիմնական հատկանիշն է»։ «Փրկչի ուղերձը հստակ է. Նրա ճշմարիտ աշակերտները շենացնում, բարձրացնում, քաջալերում, համոզում և ոգեշնչում են: … Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք խոսում մարդկանց հետ և նրանց մասին»:

Փրկչի ուսմունքը սրա մասին շատ պարզ է։ Այն ամփոփվում է Ոսկե Կանոնի մեջ․ Արեք մյուսների համար այն, ինչ կկամենայիք, որ նրանք անեին ձեզ համար: Դրեք ձեզ այդ մարդու տեղը և վարվեք նրա հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեին, եթե դուք լինեիք նրա իրավիճակում։

Քրիստոսանման վերաբերմունքը մարդկանց հանդեպ շատ ավելի լայն տիրույթ է, քան մեր ընտանիքներն ու ծխական համայնքները։ Սա ներառում է նաև մեր քույրերին և եղբայրներին, որոնք պատկանում են այլ կրոնների կամ ընդհանրապես չեն պատկանում որևէ կրոնական խմբի։ Սա ներառում է մեր եղբայրներին ու քույրերին այլ երկրներից և մշակույթներից, ինչպես նաև տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց։։ Մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք, և Նա սիրում է Իր բոլոր զավակներին։ Նա ցանկանում է, որ Իր զավակները սիրեն Իրեն ու նաև միմյանց։

Փրկչի կյանքը՝ սիրելու, հավաքելու և բարձրացնելու օրինակ էր՝ նույնիսկ նրանց, ում հասարակությունը դատապարտել էր որպես մերժվածներ և անմաքուրներ։ Նրա կյանքը այն օրինակն է, որին մենք հետևելու պատվիրան ենք ստացել։ Մենք այստեղ ենք՝ քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու և, ի վերջո, մեր Փրկչին նմանվելու համար։ Նրա ավետարանը ստուգավանդակներ նշելու համար չէ. դա դառնալու ավետարան է՝ դառնալու, ինչպես Նա է, և սիրելու, ինչպես Նա է սիրում։ Նա ցանկանում է, որ մենք դառնանք Սիոնի ժողովուրդ։

Երբ 20 տարեկան էի, անցնում էի խոր ընկճախտի մի փուլով, և այդ ընթացքում կարծես Աստծո գոյության իրականությունը հանկարծ անհետացավ։ Չեմ կարող այլ կերպ բացատրել այդ զգացողությունը, միայն ասեմ, որ լիովին մոլորված էի զգում։ Մանուկ հասակից ես միշտ գիտեի, որ իմ Երկնային Հայրը գոյություն ուներ, և ես կարող էի խոսել Նրա հետ։ Բայց այդ ժամանակ ես այլևս չէի հասկանում՝ արդյոք Աստված գոյություն ուներ։ Իմ կյանքում երբևէ նման բան չէի զգացել, և թվում էր՝ իմ ամբողջ հիմքը փլուզվում է։

Արդյունքում, ինձ համար դժվար էր եկեղեցի հաճախելը։ Ես գնացի, բայց մասամբ այն պատճառով, որ վախենում էի, որ ինձ կդասակարգեն որպես՝ «ոչ ակտիվ» կամ «հավատքով թույլ», և վախենում էի դառնալ ինչ-որ մեկի նշանակված «նախագիծը»։ Այդ ժամանակ ինձ իսկապես անհրաժեշտ էր զգալ անկեղծ սեր, ըմբռնում և աջակցություն շրջապատի կողմից, ոչ թե դատապարտում։

Որոշ ենթադրություններ, որոնցից վախենում էի, որ մարդիկ կանեն իմ մասին, ես ինքս էի արել ուրիշների մասին, երբ նրանք կանոնավոր կերպով եկեղեցի չէին հաճախում։ Այդ ցավալի անձնական փորձառությունը ինձ արժեքավոր դասեր ուսուցանեց այն մասին, թե ինչու է մեզ պատվիրված չդատել միմյանց անարդար կերպով։

Մեր մեջ կա՞ն մարդիկ, որոնք լուռ տառապում են՝ վախենալով, որ ուրիշները կիմանան իրենց թաքնված մաքառումների մասին, քանի որ չեն կարող կանխատեսել, թե ինչ արձագանք կլինի։

Միայն Տերն է լիովին գիտակցում կյանքի մրցավազքում յուրաքանչյուրիս առջև դրված դժվարության իրական մակարդակը՝ բեռները, փորձությունները և խոչընդոտները, որոնց բախվում ենք և որոնք հաճախ անտեսանելի են ուրիշների համար։ Միայն Նա է լիովին հասկանում կյանքը փոխող վերքերը և տրավմաները, որոնք մեզանից ոմանք գուցե ունեցել են անցյալում, և որոնք մինչ օրս շարունակում են ազդել մեր վրա։

Հաճախ մենք նույնիսկ ինքներս ենք մեզ խիստ դատում՝ մտածելով, թե պետք է շատ ավելի առաջ լինեինք կյանքի ուղու վրա։ Միայն Տերն է լիովին ճանաչում մեր անհատական սահմանափակումներն ու կարողությունները, և հենց այդ պատճառով միայն Նա լիովին իրավունք ունի դատելու մեր գործելակերպը։

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, եկեք նմանվենք այդ պատմության դիտորդներին և միմյանց քաջալերենք աշակերտության մեր ճանապարհին՝ անկախ մեր հանգամանքներից։ Դա մեզանից չի պահանջում խախտել կանոնները կամ իջեցնել չափանիշները։ Սա իրականում երկրորդ մեծ պատվիրանն է՝ սիրել մեր մերձավորին՝ ինչպես ինքներս մեզ։ Եվ ինչպես մեր Փրկիչն է ասել․ «Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք», լինի դա բարու, թե չարի դրսևորում։ Նա նաև ասել է․ «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:

Մեր կյանքում կլինեն պահեր, երբ հենց մենք կլինենք այն մարդիկ, որոնք օգնության և քաջալերման կարիք կունենան։ Եկեք հենց հիմա պարտավորվենք միշտ այդպես վարվել միմյանց հանդեպ։ Երբ այդպես վարվենք, մեր մեջ կզարգանա ավելի մեծ միասնություն, և մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ Փրկիչը կարող է կատարել յուրաքանչյուրիս բժշկելու և փոխակերպելու Իր սուրբ գործը։

Ձեզանից յուրաքանչյուրին, ով գուցե զգում է, որ շատ հետ է մնացել կյանքի այս մրցավազքում, այս մահկանացու ճանապարհորդության մեջ, խնդրում եմ՝ շարունակեք առաջ շարժվել։ Միայն Փրկիչն է լիովին իրավասու դատելու, թե այս պահին որտեղ պետք է լինեք, և Նա կարեկցող ու արդար է։ Նա կյանքի մրցավազքի Մեծ Դատավորն է, և միակը, ով լիովին հասկանում է, թե ինչ դժվարությամբ եք դուք վազում, քայլում կամ փոքր քայլերով հազիվ առաջ շարժվում։ Նա հաշվի կառնի ձեր սահմանափակումները, կարողությունները, կյանքի փորձառությունները, ձեր կրած թաքնված բեռները, ինչպես նաև ձեր սրտի ցանկությունները։ Հնարավոր է՝ դուք իրականում նույնպես խորհրդանշական համաշխարհային ռեկորդներ եք սահմանում։ Խնդրում եմ, մի կորցրեք հույսը։ Խնդրում եմ, շարունակեք։ Խնդրում եմ, մնացեք։ Դուք իրոք դրա մասն եք։ Տերը ձեր կարիքն ունի, մենք՝ նույնպես:

Անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում եք ապրում, միշտ հիշեք՝ ձեր Երկնային Հայրը և ձեր Փրկիչը ձեզ լիովին ճանաչում են և սիրում են կատարյալ սիրով։ Դուք երբեք մոռացված չեք նրանց կողմից։ Նրանք ցանկանում են ձեզ տուն վերադարձնել։

Պահեք ձեր հայացքը Փրկչի վրա։ Նա է ձեր երկաթե ձողը։ Մի՛ հեռացեք Նրանից։ Ես վկայում եմ, որ Նա ապրում է և դուք կարող եք վստահել Նրան։ Ես նաև վկայում եմ, որ Նա քաջալերում է ձեզ։

Եկեք բոլորս հետևենք Փրկչի օրինակին և քաջալերենք միմյանց, սա է իմ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Ջեֆրի Ս. Սթրոնգ, անձնական նամակագրություն, օգտագործված է թույլտվությամբ։

  2. Մեր նախագահության առաջնահերթություններից մեկն այն է եղել, որ եկեղեցում, հատկապես Սփոփող միությունում, մեր քույրերն ունենան պատկանելության զգացում։ Ես առիթներ եմ ունեցել կարդալու նամակներ և լսելու պատմություններ, որոնք տխրեցրել են ինձ։

  3. Sես Ա Կորնթացիներին 12․26:

  4. Տես Հենրի Բ․ Այրինգ, «Մեր սրտերը միավորված են», Լիահոնա, նոյ. 2008, 68-71, տես նաև Ուլիսես Սոարես, «Մեկ եք Քրիստոսում», Լիահոնա, նոյ. 2018, 37-39, «One in Christ» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:

  5. Տես 3 Նեփի 11․29։

  6. Ռասսել Մ. Նելսոն. «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 100։ Նույն ելույթում նա ասել է, որ «վիճաբանությունը հեռացնում է Հոգուն՝ ամեն անգամ» (էջ 100)։ Ես կավելացնեի, որ դատող մտքերը ուրիշների մասին նույնպես կարող են հեռացնել Սուրբ Հոգուն։ Երբ քննադատական մտքերով վերից ենք նայում ուրիշներին, դա հպարտության վկայություն է, և նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է, որ «հպարտությունը միասնության մեծ թշնամին է» («Մեր սրտերը միավորված են», 70)։

  7. See J. Anette Dennis, in “Come and Take Your Place as Covenant Women” (address given by the Relief Society General Presidency at Brigham Young University Women’s Conference, May 1, 2024), Gospel Library, տես նաև Մոսիա 18․8-10։

  8. Տես Ա Կորնթացիներին 12.14-26։

  9. Տես Մորոնի 7.47:

  10. Ռասսել Մ. Նելսոն «Պահանջվում են խաղաղարարներ», 101, շեշտադրումն ավելացված է:

  11. Հովհաննես 13.35, շեշտադրումն ավելացված է։

  12. Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղարարարներ», 100, 99։

  13. Տես Մատթեոս 7.12։

  14. Նրան նայելով՝ մենք կձգտենք տեսնել բոլորին այնպես, ինչպես Նա է տեսնում։ Եվ երբ շարունակենք աղոթել սիրո և կարեկցանքի պարգևի համար, մեր սրտերում կարող է աստիճանաբար աճել անկեղծ սեր և հոգատարություն։ Մենք կզարգացնենք ցանկություն՝ «կառուցելու, բարձրացնելու, քաջալերելու, համոզելու և ներշնչելու» ուրիշներին՝ ոչ թե պարտականության զգացումից ելնելով, այլ որովհետև աստիճանաբար նմանվում ենք մեր Փրկչին (Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղաղարարներ», 100)։ Քրիստոսանման սպասավորությունը ուրիշներին կդառնա մեր էությունը, ոչ թե պարզապես մեր գործողությունը։

  15. Տես Մոսիա 23.15։

  16. Տես օրինակ՝ Մատթեոս 9․10-13, Մարկոս 1․40-42, Ղուկաս 8․43-48, 14․13-14, Հովհաննես 4․7-26, 5․2-9, 8․3-11։

  17. Տես 3 Նեփի 27․27, տես նաև Ռոբերտ Ս. Գեյ, «Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը», Լիահոնա, նոյ․ 2018, 97-100։

  18. «Մեզ բաժանող տարբերությունների միակ մշտական լուծումն այն է, որ բոլորս հետևենք մեր Փրկչի ուսմունքներին և աստիճանաբար նմանվենք Նրան» (Dallin H. Oaks, in Joel Randall, “Following Christ Is ‘a Continuous Commitment and Way of Life,’ President Oaks Teaches European Saints from Belgium,” Church News, July 14, 2025, thechurchnews.com)։

  19. See Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Liahona, Jan. 2001, 40–43.

  20. Տես Հովհաննես 13․34։

  21. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ուղղված հստակ կոչն է՝ ձգտել լինել Սիոնի ժողովուրդ, ովքեր մեկ սրտի և մեկ մտքի են, և բնակվում են արդարության մեջ» (Քվենտին Լ․ Քուք, «Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ», Լիահոնա, նոյ. 2020, 21)։

  22. See J. Anette Dennis, “Why I Choose to Stay” (address given at Brigham Young University Women’s Conference, May 2, 2024), Gospel Library.

  23. Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 7․1-2 (Մատթեոս 7․1, ծանոթագրություն ա), Ալմա 41․14։

  24. Ջ․ Անեթ Դեննիս, «Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև», Լիահոնա, նոյ․ 2022, 80-81։

  25. Տես Ալմա 7․11-12:

  26. Տես Մատթեոս 22.36-40։

  27. Մատթեոս 25․40:

  28. Վարդապետություն և Ուխտեր 38.27:

  29. Տես Սաղմոս 145․8-9, Եփեսացիներին 2․4-5։

  30. Տես Թամարա Վ․ Ռունիա, «Ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան», Լիահոնա, մայիս 2025, 91։

  31. Տես Վարդապետություն և Ուխտեր 137․9:

  32. Տես Հռոմեացիներին 8.38-39:

  33. Տես Պատրիկ Քիրոն, «Աստծո նպատակն է ձեզ տուն բերել», Լիահոնա, մայիս 2024, 87-89։

  34. Տես Հովհաննես 1, նախաբանը և հատված 1, 1 Նեփի 11․24-25։

  35. Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», Լիահոնա, մայիս 2016, 127: