2025
Վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը
Նոյեմբեր 2025


13:22

Վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը

Որքան շատ ենք նույնացնում մեզ Հիսուս Քրիստոսի հետ և հիշում Նրան, այնքան ավելի շատ ենք ձգտում նմանվել Նրան։

2018 թվականին Յուտայի ​​համալսարանում ստեղծվեց հատուկ պրոֆեսորական կոչում «Բժիշկ Ռասսել Մ. Նելսոնի և Դանցել Վ. Նելսոնի անվան նախագահական կոչում սիրտ-թոքային վիրաբուժության ոլորտում» անվամբ: Այդ կոչումը հարգանքի տուրք է նախագահ Նելսոնի՝ սրտի վիրաբույժի կարևոր աշխատանքին, ինչպես նաև այն աջակցությանը, որը նա ստացել է իր հանգուցյալ կնոջ՝ Դանցել Նելսոնի կողմից։ Այս պրոֆեսորական կոչումը ֆինանսավորվել է հիմնադրամի միջոցով, որը նախատեսված է երկարաժամկետ գործունեության համար։ Նման հեղինակավոր պրոֆեսորական կոչման համար ընտրված անհատը ստանում է ճանաչում, աշխատավարձի աջակցություն և հետազոտական միջոցներ։

Բժիշկ Սելզմանը և նախագահ Նելսոնը

Առաջին վիրաբույժը, որն ընտրվեց այդ պրոֆեսորական պաշտոնում, Քրեյգ Հ. Սելզմանն էր՝ հմուտ սրտային վիրաբույժ, որը մեր Եկեղեցու անդամ չէ: Բժիշկ Սելզմանին այդ պրոֆեսորական կոչումը շնորհելու արարողությանը ներկա էին բազմաթիվ կարևոր հյուրեր, այդ թվում՝ նախագահ Նելսոնը և նրա կինը՝ քույր Վենդի Վ. Նելսոնը։ Հանդիպման ընթացքում նախագահ Նելսոնը համեստորեն խոսեց իր ռահվիրա վիրաբուժական կարիերայի մասին։

Բժիշկ Սելզմանը այնուհետև կիսվեց, թե իր համար ինչ նշանակություն ունի այդ պրոֆեսորական պաշտոնին նշանակվելը։ Նա պատմեց, որ չորս օր առաջ՝ երկար վիրահատական օրվա ավարտից հետո, պարզել էր, որ իր հիվանդներից մեկը կրկին վիրահատության կարիք ունի։ Նա հոգնած էր և հիասթափված՝ գիտակցելով, որ ստիպված կլինի ևս մեկ գիշեր անցկացնել հիվանդանոցում։

Բժիշկ Սելզմանը, քույր Նելսոնը և նախագահ Նելսոնը

Այդ երեկո բժիշկ Սելզմանը կյանք փոխող զրույց ունեցավ ինքն իր հետ։ Այդ պահին նա մտածեց. «Ուրբաթ օրը ես կնշանակվեմ բժիշկ Նելսոնի անվան պրոֆեսորական պաշտոնին։ Նելսոնը միշտ հայտնի է որպես մեկը, ով զսպում է իր զգացմունքները, հարգանքով է վերաբերվում բոլորին և երբեք չի կորցնում ինքնատիրապետումը։ Հիմա, երբ իմ անունը կապված կլինի նրա անվան հետ, ես պետք է փորձեմ ավելի շատ նմանվել նրան»։ Բժիշկ Սելզմանն արդեն շատ ուշադիր և հոգատար վիրաբույժ էր։ Սակայն նա ցանկանում էր ավելի լավը լինել։

Նախկինում նրա վիրաբուժական թիմը կարողանում էր նկատել նրա հոգնածությունն ու հիասթափությունը, քանի որ նա դրանք արտահայտում էր իր պահվածքով և ձայնի տոնով։ Սակայն այդ գիշեր վիրահատարանում բժիշկ Սելզմանը գիտակցված ջանքեր էր գործադրում, որպեսզի հատկապես աջակցող և ըմբռնող լինի իր թիմի հանդեպ։ Նա զգաց, որ դա փոփոխություն առաջացրեց և որոշեց շարունակել ջանքերը՝ Նելսոնի անվան պրոֆեսորական պաշտոնին»։

Բժիշկ Սելզմանը կրում է ՌՄՆ կրծքանշանը

Հինգ տարի անց նախագահ Նելսոնը իր մասնագիտական ​​աշխատանքները նվիրաբերեց Յուտայի ​​համալսարանին։ Համալսարանի բարձրաստիճան պաշտոնյաները եկան պաշտոնապես շնորհակալություն հայտնելու նախագահ Նելսոնին։ Այդ միջոցառման ժամանակ բժիշկ Սելզմանը կրկին ելույթ ունեցավ։ Անդրադառնալով նախագահ Նելսոնի անվան սկզբնատառերին ՌՄՆ-ին, նա ասաց. «Յուտայի համալսարանի սիրտ-թոքային վիրաբուժության բաժանմունքում այժմ տիրում է «ՌՄՆ» ոգին»։

Բժիշկ Սելզմանը բացատրել է․ «Հիասթափեցնող իրավիճակներում ես անում եմ այն, ինչ մենք հիմա ուսուցանում ենք մեր պրակտիկանտներին՝ կենտրոնանալ, առաջ անցնել և գործադրել լավագույն ջանքերը։ Այս ոգին մեր մեջ ապրում է ամեն օր։ Մենք կրծքանշաններ ենք տալիս բաժնի յուրաքանչյուր անդամի և յուրաքանչյուր նոր պրակտիկանտի։ Գնդիկի ներքևի մասում գրված են «ՌՄՆ» տառերը։ ՌՄՆ ոգին մեր ուսուցման հիմքն է. մենք այն ուսուցանում ենք բոլորին»։ Բժիշկ Սելզմանը բարելավել էր իր նախկին վերաբերմունքն ու ձգտումները, քանի որ նրա անունն արդեն կապված էր նախագահ Նելսոնի անվան հետ։

Այս իրադարձությունների շարքը՝ Բժիշկ Սելզմանի հետ կապված, ստիպեց հարցնել ինքս ինձ. «Ինչպե՞ս եմ փոխվել այն պահից, երբ իմ անունը կապեցի Հիսուս Քրիստոսի անվան հետ։ Արդյո՞ք քրիստոսանման ոգի եմ որդեգրել դրա արդյունքում։ Արդյո՞ք ես իսկապես փորձել եմ ավելի նմանվել Նրան»։

Բժիշկ Սելզմանի փորձառության մեջ մենք կարող ենք տեսնել առնվազն հինգ նմանություն այն գործընթացին, որի միջոցով մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը։ Չնայած այդ գործընթացը սկսվում է մկրտությամբ, այն ամբողջական չի դառնում, մինչև մենք ավելի մաքուր ու սուրբ չենք դառնում և ավելի շատ նմանվում Նրան։

Առաջին զուգահեռը նույնացումն է։ Բժիշկ Սելզմանի նշանակումը Նելսոնի անվան պրոֆեսորական պաշտոնում կապեց նրա անունը նախագահ Նելսոնի անվան հետ, և բժիշկ Սելզմանը սկսեց ինքն իրեն նույնացնել նախագահ Նելսոնի հետ։ Երբ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, մենք մեր անունը կապում ենք Նրա անվան հետ։ Մենք մեզ նույնացնում ենք Նրա հետ։ Մենք ուրախությամբ հայտնի ենք դառնում որպես քրիստոնյաներ։ Մենք ընդունում ենք Փրկչին և համարձակորեն կանգնում ենք՝ Նրանը համարվելու համար։

Նույնացման հետ սերտորեն կապված է մեկ այլ զուգահեռ՝ հիշելը։ Երբ բժիշկ Սելզմանը մտնում է իր աշխատասենյակ, նրա հայացքն ուղղվում է մեդալիոնին, որը նա ստացել է Նելսոնի անվան պրոֆեսորական պաշտոնին նշանակվելիս։ Այս մեդալիոնը նրան ամեն օր հիշեցնում է ՌՄՆ ոգու մասին։ Մեր դեպքում՝ հաղորդությունը յուրաքանչյուր շաբաթ ընդունելը օգնում է հիշել Հիսուս Քրիստոսին ամբողջ շաբաթվա ընթացքում։ Երբ մասնակցում ենք հաղորդությանը, մենք դա անում ենք՝ հիշելով այն գինը, որ Նա վճարեց՝ մեզ փրկագնելու համար։ Մենք նորովի ուխտում ենք հիշել Նրան, ճանաչել Նրա մեծությունը և գնահատել Նրա բարությունը։ Մենք կրկին ընդունում ենք, որ միայն Նրա շնորհով և Նրա շնորհի միջոցով ենք փրկվում ֆիզիկական և հոգևոր մահից։

Հիշելը նշանակում է, որ մենք հետևում ենք Մորմոնի գրքի մարգարե Ալմայի տված խորհրդին։ «Թող բոլոր [մեր] արարքները լինեն ի Տերը, և ուր էլ որ [գնանք], թող դա լինի Տիրոջով, ․․․ թող [մեր] բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. ․․․ թող [մեր] սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան»: Նույնիսկ երբ զբաղված ենք այլ գործերով, մենք շարունակում ենք հիշել Նրան, ինչպես հիշում ենք մեր սեփական անունը, անկախ նրանից, թե ինչի վրա ենք կենտրոնանում։

Փրկչի՝ մեզ համար կատարած գործերը հիշելու արդյունքը երրորդ զուգահեռն է՝ ընդօրինակումը։ Բժիշկ Սելզմանը սկսեց ընդօրինակել նախագահ Նելսոնին և ՌՄՆ ոգուն։ Ես հավատում եմ, որ նախագահ Նելսոնի ոգին պարզապես նրա կողմից Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու դրսևորումն է ողջ կյանքի ընթացքում։ Մեր դեպքում, որքան շատ ենք մեզ նույնացնում Հիսուս Քրիստոսի հետ և հիշում նրան, այնքան ավելի ենք ցանկանում նմանվել Նրան։ Որպես Նրա աշակերտներ՝ մենք դեպի լավը փոխվում ենք, երբ կենտրոնանում ենք Նրա վրա ավելի շատ, քան, երբ կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա։ Մենք ձգտում ենք դառնալ Նրա նման և ձգտում ենք օրհնվել Նրա հատկանիշներով։ Մենք ջերմեռանդորեն աղոթում ենք, որպեսզի լցված լինենք գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրով։

Ինչպես նախագահ Նելսոնն ապրիլին ուսուցանել է․ «Երբ գթությունը դառնա մեր էության մասը, մենք կկորցնենք ուրիշներին նվաստացնելու ձգտումը: Մենք կդադարենք դատել ուրիշներին։ Մենք գթություն կունենանք հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հանդեպ։ Բոլոր մարդկանց հանդեպ գթություն ունենալը էական է մեր առաջընթացի համար: Գթությունը աստվածապաշտ բնավորության հիմքն է»: Գթության հետ մեկտեղ, մենք ձգտում ենք «մշակել, օգտագործել և ընդլայնել» Փրկչի տված այլ հոգևոր պարգևներ, այդ թվում՝ առաքինություն, ազնվություն, համբերություն, խոնարհություն և աշխատասիրություն։

Հիսուս Քրիստոսին ընդօրինակելը մեզ տանում է դեպի չորրորդ զուգահեռ՝ համապատասխանություն Նրա նպատակներին։ Մենք միանում ենք Նրան Իր գործում։ Որպես վիրաբույժ՝ Բժիշկ Նելսոնը հայտնի էր որպես ուսուցիչ, բուժող և հետազոտող։ Բժիշկ Սելզմանի բաժանմունքում օգտագործվող կրծքանշանը շեշտում է այս ջանքերը՝ ներառելով ուսուցանիր, բժշկիր և բացահայտիր բառերը։ Մեր դեպքում, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու մի մասը ներառում է՝ մեր նպատակները կամավոր, միտումնավոր և խանդավառությամբ համապատասխանեցնելը Նրա նպատակներին։ Մենք միանում ենք Նրան Իր գործում, երբ «սիրում, կիսվում և հրավիրում ենք»։ Մենք միանում ենք Նրան Իր գործում, երբ ծառայում ենք ուրիշներին, հատկապես խոցելիներին և նրանց, ովքեր վիրավորվել, կոտրվել կամ ջախջախվել են իրենց երկրային փորձություններից։

Մենք ամբողջությամբ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը՝ նույնացման, հիշելու, ընդօրինակման և համաձայնեցման միջոցով։ Այս չորսի կատարումը մեզ տանում է հինգերորդ զուգահեռին՝ զորացում։ Մեր կյանքում մենք օգտվում ենք Աստծո զորությունից և օրհնություններից։ Նելսոնի անվան պրոֆեսորական կոչումը Բժիշկ Սելզմանին ընձեռեց ճանաչում և աջակցություն, որը նա օգտագործում է իր բաժանմունքի ոգին փոխելու համար։ Նա կիրառում է այս «զորության օժտումը»՝ ուրիշներին օգնելու համար։ Նմանապես, երբ մենք մեզ վրա ենք վերցնում Փրկչի անունը, մեր Երկնային Հայրը օրհնում է մեզ Իր զորությամբ, որպեսզի օգնի մեզ կատարել մեր առաքելությունը մահկանացու կյանքում։

Երբ մենք լրացուցիչ ուխտեր ենք կապում Աստծո հետ, լիովին մեզ վրա վերցնում Հիսուս Քրիստոսի անունը։ Հետևաբար, Աստված օրհնում է մեզ Իր զորությամբ։ Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել․ «Ամեն ոք, ով ուխտ է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը։ … Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին»:

Մենք հոգևորապես ավելի ընկալունակ ենք դառնում։ Մենք ավելի շատ քաջություն ենք ունենում՝ անհնար թվացող հանգամանքներին դիմակայելու համար։ Մենք ավելի ենք զորանում Հիսուս Քրիստոսին հետևելու մեր վճռականությամբ։ Երբ մեղանչում ենք, ավելի արագորեն ենք ապաշխարում և վերադառնում Նրա մոտ։ Մենք առաջադիմում ենք Նրա ավետարանը Նրա զորությամբ և իշխանությամբ կիսվելու մեջ։ Մենք օգնում ենք կարիքավորներին՝ առանց դատելու։ Մենք շարունակում ենք օգտվել մեր մեղքերի թողության պարգևից։ Մենք կարող ենք ավելի մեծ խաղաղություն ունենալ, ավելի խանդավառ լինել, քանի որ կարող ենք միշտ ուրախանալ։ Նրա փառքը կպարուրի մեզ, և Նրա հրեշտակները կպահպանեն մեզ։

Փրկիչը հրավիրում է մեզ․ «[Եկեք] Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին [ստացեք] նրա լիությունը»։ Ես հորդորում եմ, որ դուք դա անեք: Եկեք մեր Երկնային Հոր մոտ։ Ձեզ վրա վերցրեք Հիսուս Քրիստոսի անունը։ Նույնացրեք ձեզ Նրա հետ։ Միշտ հիշեք Նրան։ Ձգտեք նմանվել Նրան։ Միացեք Նրան Իր գործում։ Ստացեք Նրա զորությունն ու օրհնությունները ձեր կյանքում։ Գրեք Նրա անունը ձեր սրտում՝ կամավոր և գիտակցաբար։ Սա ձեզ «դիրք» է տալիս Աստծո առաջ և արժանացնում Փրկչի բարեխոսությանը՝ ի նպաստ ձեզ։ Դուք կդառնաք մեր Երկնային Հոր արքայության վեհացված ժառանգորդներ, Նրա Առաջնեկի՝ մեր սիրելի Փրկչի և Քավիչի հետ ժառանգակիցներ։

Նա ապրում է: Ես դա բացարձակապես գիտեմ։ Նա սիրում է ձեզ։ Նա Իր կյանքը տվեց ձեզ համար: Նա խնդրում է ձեզ՝ Իր միջոցով մոտենալ Հորը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Հիմնադրամը նկատի ունենալ որպես օժտում։

  2. Մեկ նշանակալի նվաճում էր նախագահ Նելսոնի աշխատանքը՝ սրտի բաց վիրահատության համար օգտագործվող առաջին սիրտ-թոքային շրջանցիկ սարքի մշակման գործում։

  3. Նախագահ Նելսոնը հայտնել է, որ իր վիրաբուժական պրակտիկայի ժամանակ վիրահատարանում գտնվող մի վիրաբույժ կորցրեց համբերությունը և նետեց վիրահատական ​​դանակը, որը մխրճվեց նախագահ Նելսոնի նախաբազկի մեջ։ Նախագահ Նելսոնն ասել է. «Այդ փորձառությունն ինձ վրա մնայուն տպավորություն թողեց։ Հենց այդ պահին ես ինքս ինձ խոստացա, որ ինչ էլ որ պատահի իմ վիրահատարանում, ես երբեք չեմ կորցնի իմ հոգեկան կայունությունը։ Այդ օրը ես նաև երդվեցի, որ երբեք ոչինչ չեմ նետի զայրույթից դրդված՝ լինի դա վիրահատական ​​դանակ, թե՝ խոսքեր» («Պահանջվում են խաղաղարարներ» Լիահոնա, մայիս 2023)։

  4. Նվիրատվությունը ներառում էր ավելի քան 7000 վիրահատական հաշվետվություններ, ինչպես նաև գիտական ​​հոդվածներ և այլ մասնագիտական ​​գրառումներ, որոնք կազմվել են նախագահ Ռասսել Մ. Նելսոնի բացառիկ բժշկական կարիերայի ընթացքում։

  5. Մի քանի ղեկավարներ ելույթով դիմեցին նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, այդ թվում՝ Յուտայի ​​համալսարանի նախագահը՝ նախագահ Թեյլոր Ռ. Ռանդալը, որը նախագահ Նելսոնին բնութագրեց որպես Յուտայի ​​համալսարանի ամենանշանավոր շրջանավարտը։

  6. Ոգի բառը նկարագրում է «անձի, խմբի կամ հաստատության տարբերակիչ բնավորությունը, զգացմունքները, բարոյական բնույթը կամ առաջնորդող համոզմունքները» (Merriam-Webster.com Dictionary, “ethos”)։

  7. 2018 թվականին ես և կինս՝ Ռութը, կարողացանք ներկա գտնվել այն արարողությանը, որի ժամանակ Բժիշկ Սելզմանը նշանակվեց Նելսոնի անվան պրոֆեսորի պաշտոնում։ 2023 թվականին ես կարողացա մասնակցել պաշտոնական միջոցառմանը, երբ նախագահ Նելսոնը իր մասնագիտական ​​աշխատանքները նվիրաբերեց Յուտայի ​​համալսարանին։

  8. Տես Մորոնի 7.48։

  9. «Քրիստոսի անունը վերցնել» արտահայտության մեջ եբրայերեն «վերցնել» բառը նշանակում է «բարձրացնել» կամ «կրել», ինչպես մեկը դրոշով, որը իրեն նույնացնում է անհատի կամ խմբի հետ The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible [1984], Hebrew dictionary section, page 80, number 5375)։

  10. Տես 2 Նեփի 10․24, Մորոնի 10․32-33, Վարդապետություն եվ Ուխտեր 76․69։

  11. Ալմա 37․36:

  12. Բժիշկ Սելզմանի խոսքերը մեջբերվել են. «Երբ դուք սկսում եք [նախագահ Նելսոնի] հետ խոսել առողջապահության մասին, նրա աչքերում մի փոքր փայլ է առաջանում… Պարզապես հրաշալի է տեսնել, թե որքան է նա ոգևորվում այդ բոլոր բաների մասին խոսելիս» (in Sydney Walker, “As President Nelson Turns 100, His Family and Associates Reflect on His Life and Legacy,” Church News, Sept. 7, 2024, thechurchnews.com): Ես անձամբ տեսել եմ այդ «առողջապահական փայլը» նախագահ Ռասսել Մ. Նելսոնի աչքերում, բայց դա ոչինչ է այն փայլի համեմատ, որը նա ստանում է, երբ խոսում է Հիսուս Քրիստոսի մասին։

  13. Տես Մորոնի 7.47–48:

  14. Ռասսել Մ. Նելսոն․ «Վստահություն Աստծո ներկայության մեջ», Լիահոնա, մայիս 2025։

  15. Տես Ա Կորնթացիս 12․31, Վարդապետություն և Ուխտեր 46․8։

  16. Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Լիահոնա, նոյ․ 2018, 69:

  17. Sես Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023), 123-38։

  18. Տես Մովսես 1․39: Ահարոնյան քահանայության քվորումի թեման սկսվում է՝ «Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար» արտահայտությամբ (Gospel Library)։ Երիտասարդ կանանց թեմայում հայտարարվում է․ «Ես Երկնային Ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով» (Gospel Library):

  19. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022։

  20. Իր մահկանացու ծառայության սկզբում Փրկիչը մեզ բացատրեց Իր նպատակը՝ մեջբերելով Եսայու գրքից. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, [և] հարստահարվածներին ազատ արձակելու» (Ղուկաս 4․18):

  21. Նույնիսկ մեր Երկնային Հորը ուղղված մեր աղոթքները կփոխվեն։ Ինչպես նշված է Աստվածաշնչի բառարանի «Աղոթք» հոդվածում. «Քրիստոնյաներին սովորեցնում են աղոթել Քրիստոսի անունով»։ Մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, երբ մեր միտքը Քրիստոսի միտքն է, իսկ մեր ցանկությունները՝ Քրիստոսի ցանկությունները, երբ Նրա խոսքերը մնում են մեզանում։ Ապա մենք խնդրում ենք այն բաները, որոնք հնարավոր է, որ Աստված շնորհի: Շատ աղոթքներ անպատասխան են մնում, քանի որ դրանք ընդհանրապես չեն ասվում Քրիստոսի անունով. դրանք ոչ մի կերպ չեն ներկայացնում Նրա միտքը, այլ մարդու եսասիրության արդյունքն են»:

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․26:

  23. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ. 2022, շեշտադրումն ավելացված է։

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․21-22: «Երբ քո ժողովուրդը օրինազանցում է, նրանցից որևէ մեկը» արտահայտության մեջ օգտագործվում է «երբ» բառը, այլ ոչ թե «եթե» բառը։ Սա ենթադրում է, որ Փրկիչը գիտակցում է, որ մենք բոլորս կօրինազանցենք, սխալներ կգործենք և կմեղանչենք։ Բայց ծրագիրն այն է, որ մենք «արագ ապաշխարենք», որպեսզի «վերականգնվենք մեզ խոստացված օրհնություններին»։

  25. Տես Հովհաննես 16․33, Մոսիա 4․11, 18․26, Ալմա 36․2, 28–29, Եթեր 7․27, 10․2, Մորոնի 9․25։

  26. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․22:

  27. Վարդապետություն և Ուխտեր 93․19։

  28. Մորմոնը նկարագրել է, թե ինչ պատահեց իր ժողովրդի հետ, երբ Քրիստոսը չէր մասնակցում նրանց կյանքին։ Նրա ժողովուրդը «մի ժամանակ հրաշալի ժողովուրդ էին, և նրանք ունեին Քրիստոսին որպես իրենց հովիվ. այո, նրանք նույնիսկ առաջնորդվում էին Հայր Աստծո կողմից: Բայց այժմ ահա, նրանք այս ու այն կողմ են տարվում Սատանայի կողմից, ճիշտ ինչպես մղեղն է քշվում քամու առաջ կամ ինչպես նավն է տարուբերվում ալիքների վրա, առանց առագաստի կամ խարսխի, կամ առանց որևէ վարելու բանի. և ճիշտ ինչպես դա է, այդպես էլ նրանք են» (Մորմոն 5․17–18)։ Մեր կյանքում Փրկչի ներկայությամբ մենք օրհնվում ենք զորությամբ, կայունությամբ և ուղղորդումով։

  29. Վարդապետություն և Ուխտեր 109․24:

  30. Տես Վարդապետություն և Ուխտեր 45․3-5:

  31. Տես Հռոմեացիներին 8․17։