2025
Հիշենք նախագահ Նելսոնին
Նոյեմբեր 2025


«Հիշենք նախագահ Նելսոնին», Լիահոնա, նոյ․ 2025։

Եկեղեցու նորությունները

Հիշենք նախագահ Նելսոնին

Ընտանիքը, ընկերները և ղեկավարները մեծարում են Եկեղեցու 17-րդ նախագահին՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իր սիրո, ծառայության և նվիրվածության համար։

Գերագույն համաժողովի ավարտից երկու օր անց Եկեղեցու ղեկավարներն ու ընտանիքի անդամները գովաբանեցին նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ որպես սիրող հայր և ամուսին, սիրելի ընկեր, Տեր Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտ և Աստծո ոգեշնչված մարգարե։

Նախագահ Նելսոնի կյանքը «վկայում էր նրա նվիրված վկայության մասին՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի մարգարե և ծառա»,- ասաց նախագահ Դալլին Հ. Օուքսը նախագահ Նելսոնի հուղարկավորության արարողության ժամանակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին համաժողովների կենտրոնում: Նախագահ Օուքսը նախագահ Նելսոնին (որը խաղաղությամբ մահացավ իր տանը 2025 թվականի սեպտեմբերի 27-ին) անվանեց «իմ լավագույն ընկերը և ամենաարդյունավետ ուսուցիչը»։

Նախագահ Օուքսը նախագահ Նելսոնին անվանեց նաև «Իսրայելի ամենահզոր գործող միսիոներներից մեկը»։ Նա ասաց․ «Նրա ժպիտը, ձայնի ջերմությունը և ներկայության զորությունը [հալեցնում էին ազգերի և կրոնական առաջնորդների սրտերը]»։

Նախագահ Օուքսը և հինգ այլ խոսնակներ մեծարեցին նախագահ Նելսոնին՝ Տեր Հիսուս Քրիստոսի և Աստծո զավակների հանդեպ ցուցաբերած սիրո, ծառայության և նվիրվածության համար։

Մյուս խոսնակների հետ միասին նա շնորհակալություն հայտնեց քույր Վենդի Վաթսոն Նելսոնին՝ իրենց ամուսնության 19 տարիների ընթացքում նախագահ Նելսոնի մասին հոգ տանելու և աջակցելու համար։ Նա նաև երախտագիտություն հայտնեց նախագահ Նելսոնի հանգուցյալ կնոջը՝ Դանցել Ուայթ Նելսոնին, և նրանց 10 զավակներին՝ «նրա քարոզածի և նրա համար ապրածի» հանդեպ հավատարմության համար։

Երեց Հենրի Բ. Այրինգը, որը ծառայել է նախագահ Օուքսի և նախագահ Նելսոնի հետ Առաջին Նախագահությունում, վկայեց նախագահ Նելսոնի մարգարեական կոչման և ուրիշներին օրհնելու նրա ունակության ու ցանկության մասին։

«Երբ ծառայում էի նրա կողքին Առաջին Նախագահությունում, սկսած 2018 թվականի հունվարից, ես դարձա անձնական վկա այն փաստի, որ Տերը ոգեշնչում է իր մարգարեին»,- ասաց երեց Այրինգը։ «Ես շնորհակալ եմ, որ ճանաչել եմ նախագահ Ռասսել Մ. Նելսոնին»։

Իրենց խոսքում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը գովաբանեցին նախագահ Նելսոնին՝ Եկեղեցու ներսում և դրանից դուրս գտնվող մարդկանց հանդեպ նրա անսպառ բարության համար:

«Հնարավորություն ունենալը՝ տեսնելու, թե ինչպես է նա սիրում մարդկանց, և ինչպես են մարդիկ սիրում նրան, ստեղծել է ամենագեղեցիկ հիշողությունները»,- ասաց երեց Հոլլանդը։ Նա հիշեց նախագահ Նելսոնին որպես «ձեռքերը բռնողի և սրտերը բուժողի»։

Նախագահ Ջոնսոնը հավելեց. «Նախագահ Նելսոնը բառացիորեն փոխել է աշխարհը՝ մեկ անձով և մեկ փոխհարաբերությամբ միաժամանակ, և նա հրավիրել է մեզ անել նույնը՝ Աստծո զորությանը ապավինելով՝ որպես ուխտի կանայք և տղամարդիկ»։

Նախագահ Նելսոնի երկու զավակները՝ Լորի Ն. Մարշը և Ռասսել Մ. Նելսոն կրտսերը, ասացին, որ իրենց հայրը ուրախությամբ էր ապրում, քանի որ իր կյանքը կենտրոնացնում էր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ուրիշներին ծառայելը դարձնում էր առաջնահերթություն։

«Մենք մեծացել ենք Փրկչի վրա կենտրոնացած և ուրախությամբ լի տանը»,- ասաց քույր Մարշը։ Նա ասաց, որ ընտանիքի նպատակն էր դառնալ հավերժական ընտանիք։

Եղբայր Նելսոնը հավելեց, որ իր հայրը անխոնջ էր իր ծառայության մեջ։ «Նախագահ Նելսոնը մեզ անձամբ ցույց տվեց, որ «վերականգնում» բառի իր տարբերակում «կանգ» չկար»։ Նա ասաց, որ երբ կանչվեց առաջնորդելու Եկեղեցին, իր հայրը խոստացավ ծառայել Հորը և Որդուն մինչև իր մահվան օրը։ «Նա հենց այդպես էլ արեց»։

Ծառայության ժամանակ աղոթքներն ասացին նախագահ Նելսոնի դուստրերը՝ Մարջորի Ն. Լոուդերը և Գլորիա Ն. Իրիոնը: Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախումը մատուցեց երաժշտությունը։

Նախագահ Նելսոնի հուղարկավորությունը տեղի ունեցավ մեծարման միջոցառումից անմիջապես հետո, որը նրա պատվին կազմակերպվել էր հոկտեմբերի 1-ին և հեռարձակվել էր Տաճարային հրապարակում գտնվող Թաբերնաքլից։ Նախագահ Օուքսը, երեցներ Հոլլանդը և Այրինգը, նախագահող եպիսկոպոս Ժերալդ Կոսեն, Յոթանասունի նախագահությունից երեց Կառլ Բ. Քուքը և Երեխաների միության գերագույն նախագահ Սյուզան Հ. Փորթերը հարգանքի տուրք մատուցեցին՝ կիսվելով նախագահ Նելսոնի հետ ծառայելու անձնական քնքուշ փորձառություններով և նրա օրինակելի կյանքի, քրիստոսանման ծառայության և ոգեշնչված ուսմունքների վերաբերյալ իրենց զգացմունքներով։

Իր մեծարման խոսքում նախագահ Օուքսը նախագահ Նելսոնին անվանեց «սիրո մարգարե», որը «քարոզեց սիրո ավետարանը»։

Նախագահ Նելսոնի կյանքի և ծառայության մասին ավելին իմանալու համար տես Ի հիշատակ. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, 1924–2025 հոդվածը, որը հրատարակվել է Եկեղեցու 2025 թվականի նոյեմբեր ամսվա ամսագրերում՝ որպես հավելում։