Նայիր առ Աստված և ապրիր
Միայն Աստծուն նայելով է, որ մարդիկ, ընտանիքները և նույնիսկ ազգերը կարող են բարգավաճել։
Անցած հունիսին սարսափելի վթար տեղի ունեցավ Հարավային Աֆրիկայի Լեսոտո երկրում։ Եկեղեցու Մապուտսո ճյուղի 20 երիտասարդ կանանց և յոթ ղեկավարներին տեղափոխող փոքր ավտոբուսն ուղևորվում էր մայրաքաղաք Մասերու՝ իրենց շրջանի երիտասարդ կանանց հավաքին մասնակցելու համար։ Առավոտյան ժամերին նրանք երթևեկում էին երկկողմանի մայրուղով, երբ հանկարծ հանդիպակաց մի մեքենա, փորձելով վազանցել մեկ այլ մեքենայի, մտավ ավտոբուսի զբաղեցրած գոտին։ Ճակատային բախումից խուսափելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ էլ տեղ, և վայրկյանների ընթացքում մեքենաները բախվեցին, դուրս գլորվեցին ճանապարհից և բռնկվեցին։
Վթարի հետևանքով 15 մարդ էր զոհվել, որոնց թվում էին վեց երիտասարդ կին, Երիտասարդ կանանց երկու ղեկավար, ինչպես նաև ճյուղի նախագահը և նրա կինը։ Ողջ մնացածները, ընտանիքի անդամները և ընկերները համակված էին տարբեր զգացումներով՝ զայրույթի, ընկճախտի և նույնիսկ՝ մեղքի։ Չնայած այդ զգացումներին և անպատասխան հարցերին, նրանք մխիթարեցին միմյանց և դիմեցին Աստծուն՝ սրբազան երաժշտության, սուրբ գրությունների և աղոթքի միջոցով, այդպիսով մխիթարություն գտնելով։ Ողջ մնացած տասնյոթամյա Սեցոանա Սելեբելին վկայել է. «Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ և մեզ հետ է, նույնիսկ եթե մենք սրտաբեկ ենք»։
Մի երիտասարդ կին և ղեկավարներից մեկը, որոնք հոսպիտալացվել էին այրվածքներից բուժման համար, միասին ուսումնասիրում էին Մորմոնի Գիրքը։ Մեկն ասաց. «Վերջերս մենք կարդում էինք Մորոնիի գիրքը, և Մորոնին ասաց հենց այն, ինչ ես զգում էի։ … Երբ նա խոսում է, կարծես ասում է. «Դու պետք է սովորես այս խոսքերը, քանի որ դրանք գրված են քեզ համար, որպեսզի օգնեն քեզ հաղթահարել այս ամենը»։
Զոհվածների համար կազմակերպված համատեղ հուղարկավորության արարողության ժամանակ տարածքային յոթանասունական երեց Սիյաբոնգա Մխիզեն խորհուրդ տվեց. «Մենք բոլորս պետք է այս պահին դիմենք Տիրոջը և խնդրենք մխիթարել մեր սրտերը և … մեղմացնել մեր զգացած ցավը»։ Հարևան Լերիբե ճյուղի Երիտասարդ կանանց նախագահ Մամֆո Մակուրան հորդորեց. «Դիմեք Տիրոջը և գտեք ուժ՝ ընդունելու Նրա կամքը։ Հիսուս Քրիստոսը մեր «հավատի զորագլ[ուխն] ու այն կատարող[ն է]» [Եբրայեցիներին 12․2]: Ուրիշ կողմ մի նայեք, այլ նայեք Նրան»։
Նայեք Նրան: Քույր Մակուրայի խոսքերը նման են Ալմայի խորհրդին իր որդի Հելամանին. «Տես որ նայես առ Աստված և ապրես»։ Որպես օրինակ Ալման մեջբերեց Լեքիի և նրա ժողովրդի փորձառությունը կապված Լիահոնայի հետ. «Հեշտ է ուշք դարձնել Քրիստոսի խոսքին, որը ցույց կտա ձեզ մի ուղիղ ճանապարհ դեպի հավերժական երանություն, ինչպես դա մեր հայրերի համար էր՝ ուշք դարձնել այս կողմնացույցին, որը ցույց կտար նրանց մի ուղիղ ճամփա դեպի խոստացված երկիրը»: Ալման ասել է․ «Եթե նրանք նայեին, [նրանք] կկարողանային ապրել։ … Եվ եթե մենք կամենանք նայել, մենք կարող ենք ապրել հավիտյան»:
Մեկ ուրիշ անգամ Ալման խոսել է Մովսեսի բարձրացրած պղնձե օձի օրինակի մասին, երբ հնադարյան իսրայելացիներին տանջում էին թունավոր օձերը։ Տերը Մովսեսին ասաց, որ մի օձ պատրաստի և այն բարձրացնի ձողի վրա, խոստանալով, որ «ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։ Ալման բացատրել է, որ այդ պղնձե քանդակը Քրիստոսի նախատիպն էր կամ խորհրդանիշը, որը պետք է խաչի վրա բարձրացվեր։ Շատերը նայեցին և ապրեցին, բայց շատերն էլ՝ Ալմայի խոսքերով, «այնպես էին կարծրացած», որ պարզապես չնայեցին և կործանվեցին։
Ալման հարցրել է․
«Եթե ձեզ հնարավոր լիներ ապաքինվել, սոսկ աչք ածելով շուրջը, որպեսզի դուք կարողանայիք ապաքինվել, մի՞թե դուք կհրաժարվեիք նայել արագ, թե՞ դուք կկամենայիք ավելի շուտ կարծրացնել ձեր սրտերն անհավատությամբ և լինել ալարկոտ, այնպես որ կհրաժարվեիք աչք ածել շուրջը, որպեսզի մեռնեիք:
… Ուրեմն աչք ածեք շուրջը և սկսեք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ նրանց մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից, որը կիրականացնի հարությունը, այնպես որ բոլոր մարդիկ կկանգնեն նրա առաջ՝ դատվելու վերջին ու դատաստանի օրը՝ համաձայն իրենց գործերի»։
Իհարկե, «նայիր առ Աստված և ապրիր» խորհուրդը ոչ միայն հավերժության առումով մեծ նշանակություն ունի մեզ համար, այլև շատ բան է փոխում մեր մահկանացու կյանքի բնույթի և որակի մեջ։ Հիշենք Լեսոտոյից երիտասարդ քույր Սելեբելիի խոսքերը. «Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ և մեզ հետ է, նույնիսկ եթե մենք սրտաբեկ ենք»։
Դա ընկած աշխարհի բնույթն է՝ որտեղ սատանան է մոլեգնում, և բոլորն անկատար են, կլինեն հիասթափություններ և վիրավորանքներ, տառապանք և վիշտ, ձախողում և կորուստ, հալածանք և անարդարություն։ Միայն Աստծուն նայելով է, որ մարդիկ, ընտանիքները և նույնիսկ ազգերը կարող են բարգավաճել։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Քանի որ Փրկիչն Իր անսահման Քավության միջոցով բոլորիս փրկագնեց թուլություններից, սխալներից և մեղքից, ու քանի որ Նա զգաց ամեն ցավ, անհանգստություն և բեռ, որը դուք երբևէ ունեցել եք [տես Ալմա 7․11–13], ապա, եթե իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կկարողանաք վեր բարձրանալ ներկայիս փոփոխական աշխարհից»:
Մորմոնի Գրքի հատվածներում ոչ մի խոստում այնքան հաճախ չի կրկնվում, որքան սա. «Որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրի վրա. բայց որքան որ դուք չեք պահի իմ պատվիրանները, դուք կկտրվեք իմ ներկայությունից»: Մորմոնի Գրքի ժողովուրդների դարերի ապրած փորձը ցույց է տալիս այս խոսքերի ճշմարտացիությունը։ «Բարգավաճել» նշանակում էր վայելել երկնքի առաջնորդությունն ու օրհնությունները իրենց կյանքում։ «Բարգավաճել» նշանակում էր հասնել տնտեսական բարեկեցության այնպիսի մակարդակի, որը նրանց հնարավորություն կտար ամուսնանալ, ընտանիք կազմել և սպասավորել մյուսներին նրանց կարիքների դեպքում։ «Բարգավաճելը» ներառում էր դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու կարողությունը։ Քրիստոսի շնորհի միջոցով «ամեն ինչ գործակից [էր] լինում նրանց բարիքի համար», մաքրագործում նրանց և խորացնում նրանց կապը Փրկչի հետ։
Ալման բացատրել է, որ Աստծուն նայելը նշանակում է պահել Նրա պատվիրանները, միշտ աղաղակել առ Աստված աջակցության համար, խորհուրդ անել Նրա հետ ձեր բոլոր գործերում և օր ու գիշեր թույլ տալ, որ ձեր սիրտը լի լինի երախտագիտությամբ Նրա հանդեպ։ Աստծո պատվիրաններն ու խորհուրդները գտնվում են սուրբ գրություններում և Նրա ծառաների խոսքերում։ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրում ներկայացված սկզբունքներն ու կետերը վառ օրինակ են։ Մեկ այլ ուղեցույց է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Երիտասարդ տղամարդկանց և կանանց այս տարվա թեման է՝ «Նայեք Քրիստոսին», որը վերցված է Տիրոջ մխիթարական ուղղորդումից՝ տրված Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»։ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը խոսում է Աստծո մի քանի ամենահրատապ պատվիրանների և չափանիշների մասին և սովորեցնում, թե ինչպես նայել Տիրոջը՝ լավ որոշումներ կայացնելիս։ Այն ուղեցույց է ոչ միայն երիտասարդների, այլև բոլորիս համար։
Որպես շատ կարևոր օրինակ՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ունի կարևոր ուղեցույց՝ «Ձեր մարմինը սուրբ է» բաժնում։ Այն հրահանգում է. «Հարգանքով վերաբերվեք ձեր մարմնին և ուրիշների մարմիններին։ Երբ որոշումներ եք կայացնում ձեր հագուստի, սանրվածքի և արտաքինի վերաբերյալ, հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես հարգում եմ իմ մարմինը՝ որպես Աստծո սուրբ պարգև»:
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում նաև նշվում է. «Սեռը և սեռական զգացմունքները սուրբ պահեք: Դրանք չպետք է լինեն կատակների կամ զվարճանքի առարկա: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունից դուրս սխալ է դիպչել ուրիշի մարմնի անձնական, սուրբ մասերին, նույնիսկ եթե հագուստով են: Ձեր ընտրությամբ կատարվող գործողություններում, օրինակ, թե ինչ եք անում, ինչին եք նայում, ինչ եք կարդում ու լսում, ինչի մասին եք մտածում, գրառում տեղադրում կամ հաղորդագրություն ուղարկում, խուսափեք այն ամենից, ինչը դիտավորյալ ցանկություն է առաջացնում ձեր կամ ուրիշների մեջ»:
Սա հիշեցնում է նախագահ Նելսոնի վերջերս արված հորդորը.
«Քիչ բաներ կան, որ կարող են ավելի արագ բարդացնել ձեր կյանքը, քան այս աստվածային օրենքի[՝ մաքրաբարոյության] խախտումը։ Ձեզ համար, որ ուխտեր եք կապել Աստծո հետ, անբարոյականությունը հանդիսանում է վկայությունը կորցնելու ամենից արագ ուղիներից մեկը։
… Կյանք ստեղծելու զորությունը աստվածության համար միակ արտոնությունն է, որը Երկնային Հայրը թույլ է տալիս Իր մահկանացու զավակներին կիրառել։ Այսպիսով, Աստված հստակ ուղեցույցներ սահմանեց այս կենդանի, աստվածային զորության օգտագործման համար։ Սեռական հարաբերությունները վերապահված են միայն տղամարդու և կնոջ համար, որոնք ամուսնացած են միմյանց հետ։
Աշխարհի մեծ մասը չի հավատում դրան, բայց հասարակական կարծիքը ճշմարտության դատավորը չէ։ Տերը հայտարարել է, որ ոչ մի անմաքուր մարդ չի հասնի սելեստիալ արքայություն։ … Եթե դուք անմաքուր եք եղել, ես խնդրում եմ ձեզ, ապաշխարեք։ Եկեք Քրիստոսի մոտ և ստացեք Նրա լիակատար ներման խոստումը, երբ լիովին ապաշխարեք ձեր մեղքերից [տես Եսայի 1․16-18, Վարդապետություն և Ուխտեր 58․42-43]»։
Հիշե՛ք, որ Մորմոնի Գրքի խոստման մեջ բարգավաճելու հականիշը աղքատությունը չէր, այլ Տիրոջ ներկայությունից կտրված լինելը։ Նրա ներկայություն ասելիս հասկանում ենք Նրա Հոգու ազդեցությունը մարդու կյանքում։ Բոլորը լուսավորվում են Քրիստոսի Լույսով, երբ աշխարհ են գալիս։ Բացի այդ, ոմանք գործում են այն ուղղությամբ, որ մկրտվեն և ստանան Սուրբ Հոգու պարգևն ու լրացուցիչ լույսը։ Նա ոգեշնչում և առաջնորդություն է տալիս, հարստացնում և կատարելագործում է մարդու բնածին պարգևներն ու ունակությունները, և օգնում է խուսափել չար ազդեցություններից, վատ որոշումներից և փակուղիներից։
Ձեզ պես ես էլ եմ ճանաչում որոշ մարդկանց, ովքեր մի ժամանակ վայելել են Սուրբ Հոգու պարգևը, բայց Աստծո պատվիրանները չպահելու պատճառով կորցրել են այդ օրհնությունը։ Հատկապես միտքս է գալիս մեկը, որի Եկեղեցու անդամությունը դադարեցվել էր օրինազանցության պատճառով։ Նա ասել է, որ սկզբում վիրավորված էր։ Նա կարծում էր, որ իրեն դատել են անկատար ղեկավարները։ Նա գիտեր, որ իր վարքագիծը սխալ էր, բայց արդարացնում էր այն՝ մատնանշելով ուրիշների թերություններն ու ձախողումները։ Որոշ ժամանակ անց նա սկսեց իրեն հարմարավետ զգալ Եկեղեցուց դուրս ապրելով՝ առանց կոչումների և պաշտամունքի ծառայություններին մասնակցելու և ուրիշներին սպասավորելու ակնկալիքների։
Դա տևեց որոշ ժամանակ, բայց գնալով նա սկսեց ավելի սուր զգալ Սուրբ Հոգու՝ Աստծո ներկայության բացակայությունն իր կյանքում։ Իր փորձից ելնելով՝ նա գիտեր, թե ինչ էր նշանակում օրեցօր ունենալ Հոգուց ծնված մխիթարությունը, առաջնորդությունն ու վստահությունը, և նա կարոտում էր դա։ Վերջապես նա արեց այն, ինչ անհրաժեշտ էր՝ ապաշխարելու և կրկին ջրով ու Հոգով մկրտությանը արժանի դառնալու համար։
Թվում է, թե անվերջ են այն տարբեր աղբյուրները, որոնց դիմելով մարդիկ փնտրում են իմաստ, երջանկություն և օգնություն։ Մեծ մասը նայում է «նշանակետից այն կողմ»։ Բայց մենք կարիք չունենք լինելու «երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության [կամ նորաձևության] քամուց»։ Աստծուն նայելով՝ մենք կարող ենք խաղաղություն գտնել դժվար պահերին, և մեր հավատքը կշարունակի աճել, նույնիսկ երբ ունենում ենք կասկածներ և հոգևոր մարտահրավերներ։ Մենք կարող ենք ուժ ստանալ հակառակության և մեկուսացման բախվելիս։ Մենք կարող ենք հավասարակշռել կատարյալն ու ներկա իրականությունը։ Ուրիշ ճանապարհ իսկապես չկա, քան այն, որն Աստված Ինքն է կարգել. «Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա»։
Աստծուն նայելը նշանակում է, որ Նա ոչ թե մեր առաջնահերթություններից մեկն է, այլ՝ որ մեր բարձրագույն առաջնահերթությունն է։ Կրկին միտքս է գալիս անցյալ տարվա հունիսին Լեսոտոյում տեղի ունեցած սարսափելի վթարը։ Հիվանդանոցում պառկած՝ Երիտասարդ կանանց ղեկավարներից մեկը, որը ողջ էր մնացել և Եկեղեցուն միանալուց առաջ չէր հավատում Աստծուն, ասաց, որ իր նպատակն այժմ պարզելն է, թե ինչու իր կյանքը խնայվեց։ «Եթե ես պիտի գտնեմ այդ հարցի պատասխանը, ապա ես այն կգտնեմ միայն Աստծուն միշտ ծառայելով»,- նշել է նա։ «Նախկինում ես կարծում էի, որ սիրում եմ Աստծուն, բայց հիմա ես իսկապես, իսկապես, իսկապես, իսկապես, իսկապես սիրում եմ Նրան։ Այժմ Նա իմ կյանքի [թիվ մեկ] առաջնահերթությունն է»։
Ես վկայում եմ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, որոնք խոսքի, մտքի, նպատակի և գործողության կատարյալ միասնությամբ մեկ Աստված են, ում կարող ենք նայել՝ բոլոր լավ բաների համար։ Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որտեղից էլ գալիս է զորությունը՝ կատարելու այս հրաշալի խոստումը. «Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք. քանզի նրան, որ համբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: