2025
Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա
Նոյեմբեր 2025


10:28

Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա

Ես կցանկանայի նշել այն միսիոներներին, ովքեր կանչված են ծառայողական նշանակումների։ Նրանք մեր օրինակներն են։

Երբ Փրկիչը ճամփորդում էր Բեթսայիդայով, Նրա մոտ բերեցին մի կույր մարդու։ Հնարավոր է՝ նրանք սեփական աչքերով հրաշք տեսնելու հույս ունեին։ Փրկիչը «կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ»՝ նրան գաղտնի բժշկելու։ Սկզբում բուժումը, կարծես, այնքան էլ արդյունավետ չէր։ Մարդը նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ Հիսուսը կարեկցանքով «դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց»։ Փրկչի՝ երկրորդ անգամ դիպչելուց հետո, կույրն արդեն «պարզ տեսնում էր»։

Սա միայն մեկ օրինակ է, թե ինչպես է Փրկչի կյանքը բնութագրվում ծառայության խոնարհ արարքներով։ Նա հիշեցնում է մեզ, որ «չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի», ապա հրավիրում է հետևել Իր օրինակին՝ ևս մեկ մղոն առաջ գնալ, չմերժել մարդկանց, եթե մեզանից ինչ-որ բան են խնդրում, և սիրել մեր մերձավորին։ Երբ հարցրեցին. «Իմ ընկերն ո՞վ է»: Քրիստոսը պատմեց բարի սամարացու առակը այսպիսի հրավերով՝ «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները բարի սամարացու ժամանակակից օրինակներ են, ինչպիսին Քրիստոսն է հրավիրում մեզ դառնալ։ Ես կցանկանայի նշել այն միսիոներներին, ովքեր կանչված են ծառայողական նշանակումների։ Նրանք մեզ համար օրինակ են, թե ինչպես է ծառայությունը (1) բացում սրտերը Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջ, (2) թույլ տալիս մեզ ծառայել՝ անկախ մեր հանգամանքներից, և (3) մեր կյանք բերում Քրիստոսի զորությունը։

Նախ, ծառայությունը բացում է սրտերը Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջ։

Ք․ծ․ա․ մոտ 91 թվականին Ամմոնը, մի միսիոներ Մորմոնի Գրքում, ներկայացավ Լամոնի թագավորին՝ ասելով. «Ես ցանկանում եմ բնակվել այս ժողովրդի մեջ … [և] ես կլինեմ քո ծառան»։ Թագավորին մատուցած իր ծառայության շնորհիվ Ամմոնը հնարավորություն ունեցավ «խոսել համարձակորեն, և պատմել [թագավոր Լամոնիին] … [թե] ինչ զորությամբ» նա կատարեց իր ծառայությունը։ Ի պատասխան, թագավորը խոստացավ, որ «ինչ որ [Ամմոնը] ցանկանա… [ինքը] կտա [նրան]»։ Ամմոնի միակ խնդրանքն այն էր, որ թագավորը լսեր Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձը։ Ամմոնի ծառայության շնորհիվ «հազարավոր հոգիներ [բերվեցին] ապաշխարության»։

Մեր օրերում ծառայությունը շարունակում է մարդկանց բերել դեպի ավետարանը։ Երբ քույր Բիվանը ծառայում էր որպես ուսուցանող միսիոներ, նրա մոտ առողջական խնդիրներ առաջացան, և նա պետք է վերադառնար տուն՝ բուժվելու։ Ծառայությունից ազատվելու փոխարեն, նա շարունակեց գործել տնից որպես ծառայող միսիոներ։

Այգում քույր Բիվանը և նրա ընկերուհին հուշում ստացան խոսելու չորս փոքր երեխաներ ունեցող մի մոր հետ, բայց նրանք տատանվեցին և այդ ընտանիքը հեռացավ։ Հաջորդ օրը նրանք կրկին եկան այգի՝ աղոթելով, որ այդ ընտանիքն այնտեղ լինի։ Բարեբախտաբար, մայրը նստած էր այն նույն տեղում, ինչ նախորդ օրը։ Այս անգամ քույր Բիվանն ու իր ընկերուհու հետ մոտեցան այդ կնոջը, ծանոթացան նրա հետ և իմացան, որ նա օգնության ծայրահեղ կարիք ուներ։ Նրանք օգնեցին կնոջը, ապա հրավիրեցին սովորել ավետարանի մասին։

Այդ ծառայության և հրավերի շնորհիվ այդ մայրը և նրա ավագ զավակը մկրտվեցին, իսկ մեկ տարի անց՝ մկրտվեց նաև նրա երկրորդ զավակը։ Նրանք այսօր էլ ակտիվ անդամներ են։ Քույր Բիվանը գիտեր, որ այս փորձառությունը աստվածային ոգեշնչմամբ էր, և դա «ապացույց էր [իր համար], որ [ինքը] հենց այնտեղ էր, որտեղ Աստված ուզում էր, որ լիներ»։

Ամմոնի և քույր Բիվանի նման, երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք «ցույց [ենք տալիս] լավ օրինակ» և նրանք ցանկանում են իմանալ «[մեր] մեջ եղած հույսի մասին»։

Հիսուսը մեզ հրավիրում է․ «Գնա՛, դու էլ այդպես արա»։

Երկրորդ, ծառայությունը թույլ է տալիս մեզ սպասավորել՝ անկախ մեր հանգամանքներից։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կոչ է արել «յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում» և յուրաքանչյուր ընդունակ երիտասարդ քրոջ ասել է․ «Աղոթեք, որ իմանաք՝ արդյո՞ք Տերը ցանկանում է, որ դուք ծառայեք միսիայում»։ Նա խոստացել է․ «Միսիայում ծառայելու ձեր որոշումը, լինի դա քարոզիչ, թե ծառայողական միսիա, կօրհնի ձեզ և շատերին»: Ծառայողական միսիաները փոխեցին «ընդունակ» բառի սահմանումը։ Այժմ յուրաքանչյուր (շատ քիչ բացառություններով) արժանավոր տղամարդ և երիտասարդ կին, ով ցանկանում է ծառայել լիաժամկետ միսիա Տիրոջ համար, կարող է դա անել։

Երեց Հոլգադոն այդպիսի մի օրինակ է, ով կարողացավ ծառայել անկախ անձնական հանգամանքներից։ Նա ծնվել էր հազվագյուտ ժառանգական խանգարումով, որը թույլ չէր տալիս նրան ծառայել ուսուցանող միսիայում։ Երեց Հոլգադոն կանչվեց որպես ծառայող միսիոներ և կամավոր աշխատեց եպիսկոպոսի պահեստում, որտեղ նա օգնում էր մյուսներին ստանալ անհրաժեշտ օգնությունը։ Նա դասավորում էր դարակները, բանջարեղենը փաթեթավորում տոպրակների մեջ և սեղմում ստվարաթղթե տուփերը։

Երբ երեց Հոլգադոն միսիայից հետո ելույթ ունեցավ հաղորդության ժողովի ժամանակ, նա ասաց, որ «Աստծուն պետք են ծառայող միսիոներներ։ Նրան անհրաժեշտ են մարդիկ, որոնք կսիրեն և կծառայեն ուրիշներին։ Այդ մարդիկ դասավորում են զուգարանի թղթերը, բրոկկոլի են փաթեթավորում տոպրակներում, կահույք են պատրաստում և լավ են վերաբերվում մարդկանց»։

Բարի գործ անելու համար հարկավոր չէ ծառայության նշանակում ունենալ կամ անվանապիտակ կրել։ Փրկիչը նկատում է ծառայության ցանկացած արարք։ Մենք բոլորս կարող ենք օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ ծառայելով սիրառատ բարությամբ։ Մենք բոլորս կարող ենք Քրիստոսի անունով սպասավորել մեկին՝ Սուրբ Հոգու զորությամբ, և լինել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օրինակ։ Ծառայությունը թույլ է տալիս մեզ ներկայանալ որպես կենդանի զոհաբերություն և Աստված ընդունում է այդպիսիներին։

Հիսուսը մեզ հրավիրում է․ «Գնա՛, դու էլ այդպես արա»։

Երրորդ, ծառայությունը մեր կյանք է բերում Քրիստոսի զորությունը։

Մի երիտասարդ միսիոներ ուսուցանող միսիայի նշանակումից տեղափոխվեց՝ որպես ծառայող միսիոներ։ Նա որոշ անձնական խնդիրներ ուներ, և զգում էր Քրիստոսի բժշկող զորության կարիքը։ Նվիրված ծառայությունը այդ զորությունը բերեց նրա կյանք։ Նա ասել է. «Երբ դժվարանում էի, զգում էի, թե ինչպես է Քրիստոսը բարձրացնում ինձ»։ Ինչ-որ հատուկ բան կա նրանում, երբ տեսնում ես, թե ինչպես է Փրկիչը օրհնում մարդկանց՝ սննդի պահեստի, տաճարի և Իր ավետարանի միջոցով։

Այս երեցը սկսեց ավելի մեծ ուրախություն զգալ, և նրա նորահայտ ոգևորությունը օրհնություն եղավ իր և իր ընտանիքի համար։ Հոգին ավելի առատ դրսևորվեց նրանց տանը, նրանք սկսեցին միասին կանոնավոր այցելել տաճար, և Քրիստոսը դարձավ ավելի մեծ ուշադրության կենտրոնում նրանց ընտանիքում։ Այս միսիոները հավատում է, որ իր ծառայության միջոցով Քրիստոսը փրկել է իր կյանքը և օրհնել իր ընտանիքը։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Մյուսներին ծառայելու և զորացնելու պատրաստակամությունը մարդու բժշկվելու պատրաստակամության խորհրդանիշն է»՝ Փրկչի փրկագնող զորությամբ։

Հիսուսը մեզ հրավիրում է․ «Գնա՛, դու էլ այդպես արա»։

Ծառայող միսիոներները Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտների օրինակ են։

Երբ դուք կամ ձեր ընտանիքի անդամը օրհնվում եք ծառայող միսիոներ լինելու կոչումով, դա տոնելու առիթ է։ Ձեր ընտանիքն այժմ կունենա Տեր Հիսուս Քրիստոսի ի սպաս դրված ներկայացուցիչ, որը կապրի ձեր տանը։ Դա ձեզ բոլորիդ դեպի լավը կփոխի։ Ծառայելու ցանկացած կանչի դեպքում հիասթափություն չպետք է լինի։ Մենք երգում ենք. «Ես կգնամ, ուր կուգես Դու, իմ Տեր» և «Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր»։ Սա հնարավորություն է՝ ցույց տալու, որ խոսքը գործ է։

Դիմելով բոլորին, ովքեր ծառայում են, հատկապես ավելի քան 4000 երիտասարդ ծառայող միսիոներներին, ես ասում եմ՝ մենք սիրում ենք ձեզ։ Եթե ուսուցանող միսիոներները Տիրոջ բերանն են, ապա ծառայության միսիոներները Տիրոջ ձեռքերն են, և ամենևին երկրորդական չեն։ Յուրաքանչյուրդ կարևոր է Իսրայելի հավաքման գործում։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ «ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին … Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում ենք հավաքել Իսրայելը»։

Դուք՝ ծառայության միսիոներներդ հավաքում եք Իսրայելը բազմաթիվ ձևերով, և ձեր ծառայությունը կյանքեր է փոխում։ Հաճախ դուք չգիտեք, թե ով է ձեր ծառայության շահառուն, բայց Աստված գիտի։ Միշտ հիշեք այս բառերը․ «քանի որ այս փոքր եղբայրներից մեկին [ծառայեցիք], [Նրան ծառայեցիք]»: Մենք լսում ենք ձեր ձայները, երբ դուք կամավոր աշխատում եք Եկեղեցու զանգերի կենտրոններում, տեսնում ենք ձեր ժպիտները, երբ դուք օգնում եք համայնքային կազմակերպություններին, և զգում ենք ձեր լույսը, երբ դուք ծառայում եք տաճարներում։ Դուք կերակրում եք քաղցածներին, հագցնում եք մերկերին և ջուր եք տալիս ծարավներին։

Մենք բոլորս պետք է «Գնա՛[նք], … այդպես [անենք]»։

Ծառայությունը Քրիստոսի աշակերտների կենսական ուժն է։

Ծառայությունը զորություն ունի բացելու սրտերը Ավետարանի առաջ և թույլ է տալիս բոլորիս մեր ողջ հոգին նվիրել Քրիստոսին։ Այն փոխում է մեր սրտերը՝ որ նմանվենք Նրան, և այդ ընթացքում մենք բարձրացնում ենք ուրիշներին։ Նախագահ Նելսոնը մի անգամ հարցրեց. «Այս աշխարհում, որտեղ տիրում է հոգևոր քայքայումը, կարո՞ղ են անհատները … ինչ-որ բան փոխել»։ Նրա պատասխանն է՝ «Այո՛… Տիրոջ ուխտյալ ժողովուրդը … զինված … Աստծո զորությամբ, մեծ փառքով» … կարող է փոխել ողջ մարդկության կյանքը։ Ծառայության միջոցով մենք փոխում ենք սրտերը և աշխարհը։

Քրիստոսը «շրջում էր՝ բարիք գործելով»։ Նա սպասավորեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և այցելեց հալածյալներին։ Նա ուտելիք էր պատրաստում, օգնում էր հարսանեկան խնջույքներին, և կերակրում հազարավոր քաղցածների։ Երբ մենք ծառայություն ենք մատուցում Քրիստոսի անունով որևէ մեկին, ավելի սուրբ ենք դառնում և արժանի՝ հավերժական կյանքի պարգևին։ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նա է ի՛մ և ք՛ո Փրկիչը: Նա մեր Քավիչն է: Նա սպասավորության մեծ օրինակ է մեզ համար։ Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին գնալ և այդպես անել։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Մարկոս 8.22-26։

  2. Մատթեոս 20․28։

  3. Տես Մատթեոս 5.41:

  4. Տես Մատթեոս 5.42:

  5. Տես Մատթեոս 22.39:

  6. Տես Ղուկաս 10․29–37։

  7. Երիտասարդ ծառայող միսիոներ դառնալու վերաբերյալ տեղեկատվությունը և դիմելու կարգը տես՝ ChurchofJesusChrist.org/service-missionary կայքում։

  8. Ալմա 17․23, 25։

  9. Տես Ալմա 17․31–39, 18․9–10, 20։

  10. Ալմա 18․21:

  11. Տես Ալմա 18․22։

  12. Ալմա 26.22:

  13. Քույր Բիվանը ծառայել է որպես ուսուցանող միսիոներ Ֆլորիդա Տամպա միսիայում և որպես ծառայող միսիոներ Օրեմ Յուտա միսիայում։

  14. Անձնական հարցազրույցը Ջանաե Բիվանի հետ տեղի է ունեցել 2025 թ․ հունիսի 10-ին։ Պատմությունը և մեջբերումները օգտագործված են թույլտվությամբ։

  15. Ալմա 17.11:

  16. Ա Պետրոս 3.15:

  17. Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6–7։

  18. Ես շնորհակալ եմ քույր Էմի Ա. Ռայթին՝ Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդականին, ով ուսուցանել է հետևյալ սկզբունքը։

  19. Ռուբինշտեյն-Թեյբիի համախտանիշ։

  20. Անձնական հարցազրույցը Սքոթ և Փրիշա Հոլդագոների հետ տեղի է ունեցել 2025 թ․ հունիսի 3-ին։ Պատմությունը և մեջբերումները օգտագործված են թույլտվությամբ։

  21. Ծառայող միսիոների նպատակն է․ «Օգնել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ ծառայելով սիրառատ բարությամբ, ինչպես Փրկիչը կաներ: Նրա անունով սպասավորել մարդկանց Սուրբ Հոգու զորությամբ և ապրել որպես՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, Աստծո հետ կապած ուխտերը պահելու և մինչև վերջ համբերելու օրինակ» (Missionary Standards for Disciples of Jesus Christ—Service Missionaries, 1.0, Gospel Library)։

  22. Տես Հռոմեացիներին 12․1։

  23. Անձնական հարցազրույցը Ջորդան Ֆրայի հետ տեղի է ունեցել 2025 թ․ հունիսի 12-ին։ Պատմությունը և մեջբերումները օգտագործված են թույլտվությամբ։

  24. Ռասսել Մ. Նելսոն, «Հիսուս Քրիստոսը՝ ամենամեծ բժիշկը», Լիահոնա, նոյ. 2005, 87։

  25. 2022 թվականի հուլիսին քույր Էվանսոնը և ես ծառայում էինք որպես Յուտա Օրեմ միսիայի ղեկավարներ։ Աշխարհում ևս ինը միսիաների հետ մեկտեղ, մեզ տրվեց արտոնություն մասնակցելու փորձնական նախագծի, որը մեր միսիայի մեջ ներառեց երիտասարդ ծառայող միսիոներների։ Մեր առաջին հանդիպումից հետո ես իմ օրագրում գրեցի. «Այսօր երեկոյան մենք շատ յուրահատուկ հանդիպում ունեցանք»։ Մենք մեր միսիայում հանդիպեցինք ավելի քան 140 նոր միսիոներների և նրանց ծնողների հետ։ Հավաքատեղին և մարզասրահը լեփ-լեցուն էին մարդկանցով, և մենք Հոգով լի, խանդավառ հանդիպում անցկացրինք՝ Յուտա Օրեմ միսիայի ծառայող միսիոներներին ողջունելու համար։ Ես լցված էի սիրո զգացումով նրանց հանդեպ։ Բոլորը պատրաստակամ էին ծառայելու։ Շատ գեղեցիկ պահ էր։ Այս միսիոներների հանգամանքները տարբեր էին՝ վնասվածքներից ապաքինվող նախկին ուսուցանող միսիոներներից մինչև անվասայլակներ օգտագործող համր միսիոներները։ Այդ հանդիպումից հետո քույր Էվանսոնն ինձ ասաց. «Այժմ մեր միսիան ավարտված է»։

  26. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Գործին կանչված», Լիահոնա, մայիս 2017, 67-70։

  27. «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր», Հիմներ, էջ 46։

  28. Տես Մատթեոս 23․11:

  29. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-93։

  30. Մատթեոս 25․40:

  31. Տես Մատթեոս 25․34-36։

  32. Տես Օմնի 1.26։

  33. Russell M. Nelson, “Personal Preparation for Temple Blessings,” Liahona, July 2001, 39.

  34. Գործք Առաքելոց 10.38:

  35. Տես Մարկոս 1.30–31։

  36. Տես Մարկոս 8.22-26։

  37. Տես Ղուկաս 19․1-10։

  38. Տես Հովհաննես 21․9։

  39. Տես Հովհաննես 2․1-10։

  40. Տես Հովհաննես 6․5-13։

  41. Տես Մատթեոս 25․34, Հռոմեացիներին 12․1։