2025
Երջանիկ կյանքի բաղադրատոմսը
Նոյեմբեր 2025


10:39

Երջանիկ կյանքի բաղադրատոմսը

Ինչպե՞ս է դա լինում, երբ մեր կյանք ավելի շատ ենք բերում Հիսուս Քրիստոսին։

Եթե երբևէ այցելել եք իմ հայրենի Լուիզիանա նահանգը, ապա հավանաբար ծանոթ եք մեր համեղ ուտեստներից շատերին՝ գամբո, ջամբալայա, էթուֆե, և ցանկը կարող է շատ երկար լինել։

Ժամանակ առ ժամանակ ես ինձ բավականաչափ համարձակ եմ զգում և պատրաստում եմ այդ համեղ ուտեստներից մեկը։ Բոլոր բաղադրիչները խառնելուց և պատրաստման եղանակին ուշադիր հետևելուց հետո վերջին քայլը՝ վերջնական համտեսն է, որ պարզենք, թե արդյոք ինչ-որ բան պակասում է: Այդ պահին ես լսում եմ, թե ինչպես են կրեոլական խոհարարական լեգենդները շշնջում ականջիս. «Ավելի շատ Թոնի՛ս ավելացրու»։ Թոնի՛սը կրեոլական համեմունք է, որը պատրաստվում է իմ հայրենի քաղաքում՝ Օպելուսասում (Լուիզիանա)։ Այն հաճախ օգտագործվում է որպես «գաղտնի բաղադրիչ»՝ պատրաստելու ընթացքում թույլ տված թերությունները բալանսավորելու համար։

Կինս՝ Միշելը, և ես պատիվ ունեցանք ծառայելու որպես միսիայի ղեկավարներ Լուիզիանայում։ Մենք ավանդույթ ունեինք՝ միսիոներների տուն վերադառնալուց առաջ, վերջին օրը միսիայի տանը գտնվելիս, նրանց սովորեցնում էինք հատուկ բաղադրատոմսով ջամբալայա պատրաստել։ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին իրենց վկայություններից բացի, մեր միսիոներները միսիայից տուն էին գնում բաղադրատոմսերի հանդեպ երախտագիտությամբ։

Մի քանի ամիս առաջ ես նայում էի Եկեղեցու մեդիա գրադարանը և տեսա հղում դեպի կարճ տեսանյութերի հավաքածու, որը կոչվում էր «Վերականգնման մասին զրույցներ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ»։ Ցանկում ներառված կարճ տեսանյութերից մեկի վերնագիրը գրավեց իմ ուշադրությունը և ստիպեց ինձ ժպտալ։ Այն կոչվում է «Սուրբ գրությունները Աստծո բաղադրատոմսերն են երջանիկ կյանքի համար»։ Ես անմիջապես սեղմեցի այդ երկու րոպեանոց տեսանյութի վրա և դիտեցի, թե նախագահ Նելսոնը ինչպես Երեխաների միության սաներին ուսուցանեց մի պարզ ու զորավոր ուղերձ այն մասին, թե ինչպես երջանիկ լինել։ Նա ուսուցանեց. «Երբ դուք տորթ եք թխում, հետևում եք ցուցումներին, այնպես չէ՞։ Եվ դուք ամեն անգամ լավ արդյունք եք ունենում, ճի՞շտ է»։

Նա շարունակեց, ասելով, որ շուտով 95 տարեկան է դառնալու. «Մարդիկ ասում են՝ «Ի՞նչ եք դուք ուտում»։ Ո՞րն է ձեր գաղտնիքը»։ Նա պատասխանեց. «Գաղտնիքը կոչվում է սուրբ գրություններ։ Կարող եք կարդալ դրանք և փորձել դրանք»։

Ահա, մենք ունենք այն։ Երջանիկ կյանքի պարզ գաղտնիքը պարզապես հետևելն է Աստծո բաղադրատոմսին այնպես, ինչպես մանրամասն տրված է սուրբ գրություններում։ Ես դա անվանում եմ «Երջանիկ կյանքի բաղադրատոմս»։

Դուք ի՞նչ եք անում, երբ բաղադրատոմսին հետևելիս մի բան սխալ է ընթանում։ Դե, երջանիկ կյանքի բաղադրատոմսում կա «գաղտնի բաղադրիչ», որը կօգնի ձեզ միշտ ճիշտ արդյունքի հասնել վերջում։ Պատասխանը միշտ Հիսուս Քրիստոսն է։

Կարծում եմ, բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ զգում ենք, որ բաղադրիչները այնքան էլ լավը չեն, կամ դժվարանում ենք հետևել հրահանգներին, կամ գուցե ինչ-որ բան անում ենք սխալ հերթականությամբ, կամ պատահում է մի բան, որը մեր վերահսկողությունից դուրս է, և այլն։

Ուրեմն, ո՞րն է միջոցը։ Պարզապես ավելացնելն է այնպիսի բաներ, որոնք հրավիրում են Հիսուս Քրիստոսին ձեր կյանք։

Այսպիսով, ինչպե՞ս է դա լինում, երբ մեր կյանք ավելի շատ ենք բերում Հիսուս Քրիստոսին։

Միսիայի նախագահ ծառայելիս հաճելի էր անձամբ հանդիպել մեր երիտասարդ միսիոներներից յուրաքանչյուրի հետ ամեն վեց շաբաթը մեկ։ Առանձնազրույցների ժամանակ միսիոներները հիմնականում առաջնորդություն էին փնտրում, թե ինչպես արդյունավետ զուգընկերություն ունենան։

Մի անգամ մի միսիոներ եկավ իր անձնական հարցազրույցին։ Նրա շարժուձևից հասկացա, որ ինչ-որ բան մտահոգում է նրան։ Ես հարցրի. «Երեց, ի՞նչ կցանկանայիր քննարկել այսօր»։ Նա սկսեց նկարագրել իր զուգընկերոջ հետ ունեցած դժվարությունները և թե ինչպես է դա ազդում միսիոներական աշխատանք կատարելու նրանց ունակության վրա։ Արցունքն աչքերին նա նայեց ինձ և հարցրեց. «Նախագահ, ի՞նչ պետք է անեմ»։

Այդ դեպքում, ես, անկեղծ, չգիտեի՝ ինչպես արձագանքել։ Կարճ ժամանակ անց ես նրան հարցրի, թե արդյոք մենք կարող ենք միասին ծնկի իջնել՝ աղոթքով Հոգուց առաջնորդություն ստանալու համար։ Նա համաձայնվեց, և մենք միասին ծնկի իջանք ու աղոթեցինք ոգեշնչման համար։

Աղոթքից հետո մենք կարճ ժամանակ մնացինք ծնկների վրա, ապա նստեցինք մեր աթոռներին՝ դեմ առ դեմ։ Ես հարցրի, թե կարո՞ղ ենք միասին սուրբգրային հատված կարդալ։ Երբ մենք բացեցինք մեր սուրբ գրությունները, ես ասացի նրան. «Երեց, երբ մենք կարդանք այս հատվածը, խնդրում եմ, հարց տուր ինքդ քեզ՝ եթե ես ապրեմ այս հատկանիշներով, արդյո՞ք դա կբարելավի իմ հարաբերությունները զուգընկերոջս հետ և մեր միսիոներական աշխատանքը»։

Ապա մենք բացեցինք Մորոնի 7․45-ը և բարձրաձայն կարդացինք. «Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքված չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, չարը չի մտածում և չի հրճվում անօրինությամբ, այլ հրճվում է ճշմարտությամբ, տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»։

Ապա երեցը արցունքն աչքերին նայեց ինձ և ասաց. «Այո՛, նախագահ, բայց դա դժվար է անել»։ Ես համաձայնեցի և հիշեցրի նրան, որ նա Աստծո որդի է՝ աստվածային ներուժ ունի, որ դա անի Տիրոջ հետ միասին։

Այնուհետև մենք համառոտ քննարկեցինք Յոթանասունից երեց Քլարկ Գ. Գիլբերտի սովորեցրած թեք գծի առակը, որը մեզ հիշեցրեց, որ մենք պետք է սկսենք այնտեղից, որտեղ գտնվում ենք, և Տիրոջ հետ միասին շարժվենք առաջ ու վերև՝ դրական ուղղությամբ։ Ես նկատեցի, որ նա դեռ վստահ չէր առաջիկա քայլերի վերաբերյալ ուստի ես խնդրեցի նրան նկարագրել, թե ինչպես է հասկանում հետևյալ հատվածը. «Փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները»։ Նա արտաբերեց այն գաղափարը, որ փոքր և հասարակ բաներ անելով՝ կարող են մեծ բաներ տեղի ունենալ։ Ես խնդրեցի նրան մեկ րոպե հատկացնել և նշել երկու փոքր ու հասարակ բան, որ կարող է անել՝ իր զուգընկերոջ հանդեպ բարի լինելու համար։

Մի քանի րոպե անց նա կիսվեց իր մտքերով։ Ապա ես խնդրեցի նրան մեկ րոպե հատկացնել և նշել երկու փոքր ու հասարակ բան, որը կարող է անել՝ իր զուգընկերոջ հետ համբերատար լինելու համար։ Նա գրեթե անմիջապես կիսվեց իր երկու մտքերով։ Ակնհայտ էր, որ նա արդեն մտածել էր այդ մասին մեր հանդիպումից առաջ։ Ես հրավիրեցի նրան այդ մի քանի կետերը աղոթքով ներկայացնել Աստծուն և խնդրել հաստատում, ուղղորդում և ոգեշնչում, թե ինչպես անկեղծ միտումով իրականացնել իր ծրագիրը։ Նա համաձայնվեց: Երբ ավարտեցինք, ես խնդրեցի նրան իր շաբաթական նամակում հակիրճ տեղեկացնել ինձ,թե ինչպես են ընթանում գործերը։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրա շաբաթական նամակներում ես տեսնում էի, որ իրավիճակը բարելավվում է։ Այդ բարելավումը ես տեսնում էի ոչ միայն նրա շաբաթական նամակներում, այլև՝ նրա զուգընկերոջ նամակներում։ Մեր հաջորդ անձնական հարցազրույցի ժամանակ ես նրա դեմքին և հոգում մեծ տարբերություն նկատեցի։ Ես նրան հարցրի. «Երեց, արդյոք ճի՞շտ է, որ գթությունը երբեք չի խափանվում»։ Նա պատասխանեց լայն ժպիտով. «Այո՛, և փոքր ու հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»։

Երբ հետևում եք երջանիկ կյանքի բաղադրատոմսին, հիշեք նախագահ Նելսոնի ուսմունքը. «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ։ Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող և զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան»։

Երբ դուք պետք է «լսեք Նրան» և իմանաք, թե ինչպես հրավիրել Հիսուս Քրիստոսին ձեր կյանք, մտածեք այն քայլերի մասին, որոնք նախագահ Նելսոնը մեզ սովորեցրեց անձնական հայտնության մասին.

«Գտեք մի խաղաղ տեղ, որտեղ կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսեք։ Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա իրագործել է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: