Մորմոնի Գիրքը՝ անչափելի գանձ մեր ճանապարհորդության ընթացքում
Երբ մենք սնվենք Մորմոնի Գրքում գտնվող Քրիստոսի խոսքերով, Հոգին կօգնի մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները։
Կարո՞ղ եք հիշել մի պահ, երբ ինչ-որ մեկը ձեզ նվեր տվեց, որը փոխեց ձեր կյանքը։ Այս հոկտեմբերին լրանում է 40 տարի այն օրից, երբ ես ստացա կյանքիս մեծագույն նվերներից մեկը։ Երբ ավագ դպրոցում էի, նկատեցի, որ մեր դասընկերներից մեկը ավելի երջանիկ էր, քան մյուս երիտասարդների մեծ մասը։ Ինձ դուր էր գալիս նրա հետ ընկերություն անել։ Մի օր նա ինձ ասաց, որ ինքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է։ Ապա նա ինձ նվեր առաջարկեց՝ Մորմոնի Գրքի օրինակը։ Նա ինձ խնդրեց կարդալ մի քանի էջ, ապա հանդիպել երկու ընկերների հետ, որոնք կարող էին պատասխանել իմ հարցերին։ Այդ ընկերները միսիոներներն էին։
Երբ ես հանդիպեցի միսիոներների հետ, նրանք ինձ սովորեցրին Քրիստոսի վարդապետությունը և հրավիրեցին հետևել մարգարե Մորոնիի հրավերին. «Երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):
Ես կարդացի Մորմոնի Գրքի մի քանի էջ և աղոթեցի։ Չնայած ես դեռ խոր պատկերացում չունեի միսիոներների ուսուցանած բոլոր բաների մասին, սրտումս զգում էի, որ կարդացածս բարի է և Աստծուց է գալիս։ Ես ստացա Մորոնիի խոստման հաստատումը. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10․5)։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտվելուց հետո ընկերներիցս մի քանիսը փորձեցին համոզել ինձ, որ ես սխալ որոշում էի կայացրել։ Բայց ամեն անգամ, երբ ես բախվում էի նման կասկածների կամ ընդդիմության, ես նորացված հաստատում էի ստանում՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները և աղոթելով՝ հավատարիմ մնալու Աստծո հետ կնքած ուխտերին։ Այդ ժամանակից ի վեր Մորմոնի Գիրքը եղել է իմ ուղեկիցը և դարձել անչափելի գանձ իմ մահկանացու ճանապարհորդության ընթացքում։
Մորմոնի Գիրքը ավելին է, քան պարզապես գիրք։ Այն ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, որը գրվել է բազմաթիվ հին մարգարեների կողմից՝ մարգարեության և հայտնության ոգով։
Գլխավոր իրադարձությունը, որն արձանագրված է Մորմոնի Գրքում, Տեր Հիսուս Քրիստոսի անձնական ծառայությունն է Նեփիացիների մեջ՝ Նրա հարությունից կարճ ժամանակ անց: Մորմոնի Գիրքը «մեկնում է ավետարանի վարդապետությունները, ուրվագծում է փրկության ծրագիրը և ասում է մարդկանց, թե ինչ պետք է անեն, որպեսզի ձեռք բերեն խաղաղություն այս կյանքում և հավերժական փրկություն՝ գալիք կյանքում» (Մորմոնի Գրքի նախաբան)։
«Մորմոնի Գիրքը․ Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» գրքի առաջին հրատարակությունը թողարկվել է Նյու Յորք նահանգի մի փոքրիկ քաղաքում՝ 1830 թվականի մարտին։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը 23 տարեկան էր, երբ 1829 թվականին ավարտեց գրքի թարգմանությունը։ Գրեթե ամբողջ գիրքը նա թարգմանեց 75 օրից էլ պակաս ժամանակում, իսկ տպագրության գործընթացը տևեց մոտ յոթ ամիս։
Այսօր մոտավորապես 80000 լիաժամկետ միսիոներներ ավելի քան 150 երկրներում ծառայում են որպես կամավորներ՝ նվիրելով իրենց կյանքը և վկայելով, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և որ այն վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։
Այս տարվա հունիսին՝ նոր միսիայի նախագահների համար անցկացրած վերջին սեմինարի ժամանակ, մեր սիրելի մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվեց Մորմոնի Գրքի մասին իր հզոր վկայությամբ. «Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է։ Այն ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը և ավելի շատ բան է բացատրում Փրկչի քավության մասին, քան որևէ այլ գիրք»։
Ես կցանկանայի երեք առաջարկ անել, որոնք կարող են օգնել խորացնել մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը՝ Մորմոնի Գրքի ուսումնասիրության միջոցով.
1. Եղեք ջանասեր և հետևողական ձեր ամենօրյա ուսումնասիրության մեջ
Ինչպես Ալման և Մոսիայի որդիները, մենք պետք է «[քննենք] սուրբ գրքերը ջանասիրաբար, որպեսզի [կարողանանք] իմանալ Աստծո խոսքը» և զորանանք ճշմարտության մեջ (Ալմա 17․2):
Ջորջիա Ատլանտա միսիայում որպես միսիայի ղեկավարներ ծառայելիս մենք խրախուսում էինք յուրաքանչյուր միսիոների ուսումնասիրել Մորմոնի Գիրքը օրական առնվազն 30 րոպե։ Այդ նվիրվածությունը մեծացրեց մեր հավատքը և օգնեց մեզ ակնկալել հրաշքներ։
Հնարավոր է, որ միսիայից հետո մենք ամեն օր սուրբ գրությունները ուսումնասիրելու նույնքան ժամանակ չունենանք, բայց ես խոստանում եմ, որ եթե դուք անկեղծորեն առաջնահերթություն տաք Մորմոնի Գրքի՝ աղոթքով ուսումնասիրությանը ամեն օր, դուք կգտնեք ավելի մեծ հոգևոր ուժ և վստահություն՝ Տիրոջ և Նրա խոստումների հանդեպ։
2. Ձեր ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձրեք՝ սնվելով Քրիստոսի խոսքերով
Նեփին ուսուցանել է. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):
Սնվել՝ նշանակում է ոչ միայն կարդալ, այլև համտեսել, խորհրդածել և կիրառել։ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնել։ Օրինակ.
-
Այդ գործառույթը հասանելի է Gospel Library հավելվածում:
-
Բացահայտելով հավերժական ճշմարտություններ, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո ծրագիրը և առաջնորդում են մեզ ուխտեր կապել ու պահել մեր Երկնային Հոր հետ։
-
Ընդգծելով կարևոր արտահայտությունները և գրի առնելով ձեր տպավորությունները՝ ուսումնասիրության ընթացքում սովորածը պահպանելու համար։
Մորմոնի Գիրքը զորություն ունի պատասխանելու մեր հոգու հարցերին։ Նեփին ասել է, որ մենք պետք է «բոլոր սուրբ գրությունները նմանեցն[ենք] մեզ, որպեսզի դա լին[ի] մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23):
Երբ մենք սնվենք Քրիստոսի խոսքերով, դրանք կբացեն հայտնության դուռը և ցույց կտան մեզ, թե ինչ պետք է անենք՝ մեր կյանքի տարբեր հանգամանքներում՝ Նրան ավելի մոտենալու համար։
3. Բերեք ձեր վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին
Ինչպես Լեքին ցանկացավ կենաց ծառի պտուղը կիսել իր ընտանիքի հետ (տես 1 Նեփի 8․12), այնպես էլ մենք պետք է Մորմոնի Գրքի մասին վկայություն ենք ստանալուց հետո ցանկություն զարգացնենք կիսվելու այն ուրախությամբ, որը բխում է Հիսուս Քրիստոսի ավետարանը ճանաչելուց։
Մեր միսիոներներից մեկը՝ քույր Բենսոնը, որը մեզ հետ մասնակցում է այս նիստին, ինձ հետ կիսվեց իր կրտսեր եղբորը օգնելու ցանկությամբ։ Այդ ժամանակ նա պատրաստվում էր քոլեջ ընդունվել և վստահ չէր միսիա ծառայելու հարցում։ Ես ոգեշնչվեցի և հրավիրեցի քույր Բենսոնին կարդալ Մորմոնի Գիրքը իր միսիայի առաջին չորս ամիսների ընթացքում՝ նշելով իր սիրելի հատվածները, ապա այդ օրինակն ուղարկել իր եղբորը։
Քույր Բենսոնն ուղարկեց Մորմոնի Գրքի նշումներով օրինակը և հրավիրեց իր եղբորը ամեն երեկո կարդալ այն։ Հետագայում նա ինձ հետ կիսվեց. «Մինչև իմ միսիան, եղբայրս վստահ չէր՝ արդյոք ուզում է ծառայել լիաժամկետ միսիայում։ Աստիճանաբար, ժամանակի ընթացքում, Մորմոնի Գիրքը կարդալիս նա աճող ուրախություն գտավ իր կյանքում և սկսեց մտածել միսիա ծառայելու մասին»։
Քույր Բենսոնի միսիայի ավարտից երկու շաբաթ առաջ նրա եղբայրը ստացավ իր միսիոներական կանչը։ Նա այժմ ծառայում է Մեքսիկա Տուստլա Գուտիերես միսիայում։ Մորմոնի Գրքի միջոցով երեց Բենսոնը սկսեց իր կյանքը տեսնել հոգևոր պարզությամբ, ինչը նրան մղեց ծառայել Տիրոջը և վստահել, որ ամեն ինչ կկարգավորվի։ Այդ որոշումը հրաշք էր՝ Քրիստոսի խոսքերի զորությամբ ներգործված։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես խրախուսում եմ ձեզանից յուրաքանչյուրին խորացնել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը։ Ես գիտեմ, որ երբ մենք սնվենք Մորմոնի Գրքում գտնվող Քրիստոսի խոսքերով, Հոգին կօգնի մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները և համոզվածությամբ կիսվել մեր վկայությամբ նրանց հետ, ում Տերը պատրաստել է՝ լսելու Իր ուղերձը։ Տերն ասել է․ «Իմ ընտրյալները լսում են իմ ձայնը և չեն կարծրացնում իրենց սրտերը» (Վարդապետություն և Ուխտեր 29․7)։ Ես վկայում եմ, որ նրանք, ովքեր հավատքով են խնդրում Աստծուն, Սուրբ Հոգու զորությամբ կստանան վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտության և աստվածային լինելու մասին։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: