2025
Ընտանիքի հռչակագիրը՝ Աստծուց տրված խոսքեր
Նոյեմբեր 2025


13:58

Ընտանիքի հռչակագիրը՝ Աստծուց տրված խոսքեր

Հռչակագիրն աստվածային ծագում ունի, ուստի մենք պետք է Աստծո խոսքերին վայել ակնածանք ցուցաբերենք դրա հանդեպ։

2025 թ․ հոկտեմբերի այս գերագույն համաժողովը նշանավորում է «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի հրապարակման 30-ամյակը։ Աստվածային այս հռչակագիրը՝ իր ոգեշնչված հայտնության խոսքերով, ծառայում է «ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը»։

Բոլորը պատկանում են մի ընտանիքի, անկախ նրանից՝ դուք մայր եք, հայր, դուստր, որդի, թոռ, տատիկ, պապիկ, մորաքույր, հորեղբայր, եղբայր, քույր, թե զարմիկ։ Ամենակարևորը, մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նշված է հռչակագրում, «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, … [և ունի] աստվածային բնույթ և ճակատագիր»։

Երբ 2015 թ․ ես կանչվեցի սուրբ առաքելության, ինձ ասվեց. «Այս հռչակագիրն այժմ քոնն է։ Քո անունը [մատնանշելով վերնագրում գրված «Տասներկու Առաքյալների Քվորում» բառերը] հենց այստեղ է։ Զգա այն և սովորեցրու այնպես, կարծես այն քեզ է պատկանում»։

Ես սիրում եմ ընտանիքի հռչակագիրը։ Ես վկայել եմ ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչև Ավստրալիա և դրանց միջև գտնվող բոլոր վայրերում՝ Աստծո հավերժական ծրագրում ընտանիքի դերի մասին։ Հռչակագիրն աստվածային ծագում ունի, ուստի մենք պետք է Աստծո խոսքերին վայել ակնածանք ցուցաբերենք դրա հանդեպ։

Հիշե՛ք, եղբայրներ և քույրեր, ինչպես ասել եմ նախորդ գերագույն համաժողովում այս ամբիոնից. «Խոսքերը կարևոր են»։

Թույլ տվեք ձեզ որոշ նախապատմություն ներկայացնել հռչակագրի վերաբերյալ՝ որպես մեր համոզմունքների հիմնական ուղերձ։

Հռչակագիրը ներկայացնելուց մեկ տարի առաջ՝ 1994 թ․, Տասներկու Առաքյալների Քվորումը քննարկեց, թե ինչպես են հասարակությունը և կառավարությունները հեռանում ընտանիքի, ամուսնության և սեռի վերաբերյալ Աստծո օրենքներից։ «Սակայն դա ամենը չէր, որ մենք տեսնում էինք»,- ավելի ուշ բացատրել է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը։ «Մենք տեսնում էինք տարբեր համայնքների ջանքերը՝ սեռական գործունեության բոլոր չափանիշները և սահմանափակումները վերացնելու համար։ Մենք տեսնում էինք սեռի հետ կապված խառնաշփոթը։ Մենք կանխազգում էինք այդ ամենի հետ կապված մոտալուտ վտանգը»։

Տասներկուսը որոշեցին պատրաստել մի փաստաթուղթ՝ պաշտոնական հռչակագիր, որը կամփոփեր Եկեղեցու դիրքորոշումը ընտանիքի վերաբերյալ։ Այդ տարվա ընթացքում այս առաքյալները՝ Աստծո կողմից կանչված տեսանողները, պատրաստեցին հռչակագիր ընտանիքի մասին։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը հիշում է, որ նրանք աղոթքով դիմում էին Տիրոջը՝ հարցնելով, թե «ինչ պիտի ասեն և ինչպես պիտի ասեն»։ Նրանք ներկայացրին այն Առաջին Նախագահությանը՝ նախագահ Հովարդ Վ. Հանթերին, նախագահ Գորդոն Բ. Հինքլիին և նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին՝ քննարկման համար։

Մի քանի ամիս անց՝ 1995 թ․ մարտին, նախագահ Հանթերը մահացավ, և նախագահ Հինքլին դարձավ Եկեղեցու 15-րդ նախագահը։ Հռչակագիրն այժմ նրա ձեռքում էր։ Ե՞րբ կլինի այս հռչակագիրը Եկեղեցուն հայտնելու ճիշտ ժամանակը։ Այդ պահը եկավ վեց ամիս անց։

Սեպտեմբերի 23-ի կանանց ընդհանուր ժողովից մի քանի օր առաջ, որը նախորդում էր գերագույն համաժողովին, նախագահ Հինքլին և նրա խորհրդականները հանդիպեցին Սփոփող միության գերագույն նախագահության հետ։ Քույրերը, ինչպես առաքյալները, խորհում էին կանանց և ընտանիքների վերաբերյալ մտահոգությունների շուրջ։ Նրանք առաջիկա հանդիպմանը կենտրոնանալու էին ընտանիքների վրա։

Նախագահ Հինքլին նախատեսում էր ելույթ ունենալ հավաքված կանանց առջև։ Նա խորհում էր իր ուղերձի բովանդակության շուրջ։ Քննարկման ընթացքում նա անունով անդրադարձավ նորաստեղծ, բայց դեռևս չհրապարակված «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրին։ Արդյո՞ք կանանց այս ժողովը հարմար միջավայր էր՝ ընտանիքի վերաբերյալ վճռորոշ հայտարարություն անելու համար։

Սփոփող միության գերագույն նախագահ Էլեյն Ջեքը հետագայում բացատրել է. «Մենք այդ ժամանակ չգիտեինք, թե ինչ էր Ընտանիքի մասին հռչակագիրը։ … [Մենք] հասկանում էինք վերնագրից, բայց զգում էինք, որ ընտանիքին վերաբերող ցանկացած բան … դրական էր լինելու։ … Ես շատ դրական զգացում ունեցա, քանի որ ունեինք Տասներկուսի Քվորումի անդամներ, որոնք հայտնություն էին ստանում»։

Սփոփող միության այդ շաբաթ օրվա ժողովը պատմական էր։ Նախագահ Հինքլին ընտանիքի հռչակագիրը ներկայացրեց այս կարևոր խոսքերով. «Այդքան մեծ չափերով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվել են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել … ընտանիքին վերաբերող չափանիշների, վարդապետությունների և սովորույթների մասին, որոնք այս Եկեղեցու մարգարեները, տեսանողները և հայտնողները բազմիցս հայտարարել են դրա պատմության ընթացքում»։

Ապա նա ամբողջությամբ կարդաց հռչակագիրը։ Ինչպես Տերն է ասել․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։

Հռչակագրում ասվում է․ «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից»: Ինձ դուր է գալիս այդ հայտարարության պարզությունը։ Հայտարարությունը կոչ է մեզ համար՝ ապրելու մահկանացու կյանքում՝ միշտ հիշելով մեր ներսում գտնվող աստվածային էությունը և մեզ սպասվող հավերժական ապագան։ Նախագահ Նելսոնը ուսուցանել է․ «Դուք բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն եք: … Սխալ մի հասկացեք․ ձեր ներուժն աստվածային է: Երբ ջանասիրաբար փնտրեք, Աստված ձեզ հուշումներ կտա, թե ով կարող եք դառնալ»:

Ներկայացված հռչակագիրը չէր համապատասխանում աշխարհում շատ մարդկանց տեսակետներին։ Ոչ այն ժամանակ։ Ոչ այժմ։ Կան մարդիկ, որոնք վիճարկում են ընտանիքի, ամուսնության և սեռի վերաբերյալ հռչակագիրը։ Ոմանք առաջարկում են, որ Եկեղեցին մեղմացնի իր դիրքորոշումը, վերանայի կամ նույնիսկ մի կողմ դնի հռչակագիրը։

Ընտանիքի վերաբերյալ այս հռչակագիրը, ինչպես նշել է նախագահ Հինքլին, վարդապետություն է, թանկագին եղբայրնե՛ր և քույրե՛ր։ Սկզբունքները ոչ թե շեղվում, այլ կատարելապես համահունչ են Տիրոջ ճանապարհների և Նրա ուխտի ուղու հետ։ Հռչակագրի ուսմունքները մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց Իր առաքյալներին այն ժամանակ և այժմ։ Սա Նրա Եկեղեցին է. Նա հաստատել է այն ճշմարտությունները, որոնցով մենք ապրում ենք։

Ձեզանից ոմանք կարող են մտորել հռչակագրի շուրջ և ասել. «Սա ինձ համար չէ»։ «Որոշ նրբություններ հաշվի չեն առնված»։ «Իմ ընտանիքը այդպիսին չէ»։ «Սա ինձ հարմար չէ»։

Եթե նման մտահոգություններ ունեք, իմացեք, որ դուք երկնային ծնողների զավակ եք, ձեր Երկնային Հոր ընտանիքի անդամ։ Ոչ ոք ձեզ ավելի լավ չի ճանաչում կամ ձեր մասին ավելի շատ չի հոգում, որքան Նա։ Դիմե՛ք Նրան, բացե՛ք ձեր սիրտը Նրա առաջ, վստահե՛ք Նրան և Նրա խոստումներին։ Դուք ընտանիք ունեք՝ ի դեմս ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ով սիրում է ձեզ։ Նա եկավ երկիր՝ մեր մեղքերը քավելու և մեր սխալների ու շատ վատ օրերի բեռը կրելու համար։ Նա հասկանում է, թե ինչի հետ եք դուք բախվում և ինչ եք զգում։ Դիմեք Նրան, վստահեք, որ Նա ուղարկի Սուրբ Հոգուն, որ լինի ձեզ հետ, բարձրացնի ձեզ և առաջնորդի ձեզ։ Զգացեք Նրանց սերը, որ «տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում, … ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի … և հոգու համար ամենաբերկրալին»:

Տիրոջ բոլոր Առաքյալները խորապես սիրում ձեզ։ Մենք աղոթում ենք ձեզ համար և խնդրում ենք Տիրոջ առաջնորդությունը ձեզ համար։ Մնացեք մեզ հետ։ Դուք ապրում եք դժվարին ժամանակներում, երբ հակառակորդը ձգտում է ձեզ դարձնել իրենը։ Մ՛ի շեղվեք։ Իսկ եթե շեղվել եք, վերադարձեք։ Մենք մեկնում ենք ձեզ մեր ձեռքը, ինչպես և նրանք, ովքեր սիրում են ձեզ։

Հռչակագրում ասվում է․ «Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում»: Մորմոնի Գիրքը երկրորդ վկայությունն է տալիս այս ճշմարտության մասին։ Առաջին գլխի առաջին հատվածում կարդում ենք. «Ես՝ Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից»։ Մեզանից քանի՞սն են սկսել կարդալ Մորմոնի Գիրքը, սկսել են կրկին ու կրկին, և այդ ընթացքում անգիր են սովորել այդ խոսքերը։ Պահեք դրանք ձեր սրտում։

Մեկ սկզբունք, որը մենք սովորում ենք ընտանիքի հայտարարությունից այն է, որ «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է … Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։

Ո՞վ չի ուզում երջանիկ լինել։

Իսկ որո՞նք են Հիսուս Քրիստոսի ուսմունքները։ «Հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներ»:

Ո՞ւմ կյանքը ավելի լավը չի լինի այս հիմնական սկզբունքները կիրառելիս։ Մեզանից ոչ մեկը կատարյալ չի լինի, բայց մենք կարող ենք հետևել նախագահ Հինքլիի իմաստուն խոսքերին. «Արա ամեն ինչ քո ուժերի ներածին չափով»։

Հռչակագրում մենք կարդում ենք․ «Հայրերը պետք է ղեկավարեն սիրով ու առաքինությամբ», և «մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար»։ Ղեկավարել չի նշանակում գերիշխել, իսկ դաստիարակել չի նշանակում երկրորդական դեր ունենալ։ Աստված տղամարդկանց և կանանց տվել է տարբեր, բայց հավասար և կարևոր դերեր, որոնք լրացնում են միմյանց։

Թույլ տվեք կիսվել իմ անձնական պատմությունով։

Ես և կինս ավելի լավ սովորեցինք լինել հավասար գործընկերներ, երբ ես մի օր կարևոր որոշում կայացրի՝ առանց նրա հետ խորհրդակցելու։ Իմ արարքը զարմացրեց նրան, անակնկալի բերեց և շատ բարդ իրավիճակի մեջ դրեց։ Այնուհետև, Նա ձեռքը դրեց ուսիս և վճռականորեն ասաց. «Ռոն, խնդրում եմ, այլևս երբեք ինձ հետ նման կերպ չվարվես»։ Այդ ժամանակից ի վեր մենք գրեթե միշտ համաձայնության ենք եկել։

Ընտանիքի հռչակագրում կարդում ենք․ «Հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»։

Հավասար բառը շատ կարևոր է։ Տարիների ընթացքում, երբ ես և քույր Ռասբենդը միասին աշխատել ենք կատարել այն, ինչը հռչակագրում նկարագրվում է որպես «մեր սրբազան պարտականություններ», մենք ձևավորել ենք հավասար հարաբերություններ ամուսնության մեջ։ Քանի որ մեր երեխաներից յուրաքանչյուրն այժմ ամուսնացած է, ես և քույր Ռասբենդը շարունակում ենք խորհուրդներ տալ նրանց և նրանց կողակիցներին, թե ինչպես լինել հավասար զուգընկերներ։

Եթե մեր աչքը պարզ լինի՝ ուղղված Աստծո փառքին, մենք կհարգենք և կաջակցենք միմյանց։ Առաքինության այդ աստվածային օրինաչափությունները հանգեցնում են կայունության մեր անհատական կյանքում, մեր ընտանիքներում և հասարակության մեջ։

Մեր Երկնային Հայրը տվել է ընտանիքի վերաբերյալ հռչակագիրը, որպեսզի օգնի և ուղղորդի մեզ դեպի տուն՝ Իր մոտ, որպեսզի օգնի մեզ սովորել և լցվել սիրով, ուժով, նպատակով և հավերժական հասկացողությամբ։ Ամբողջ հոգով աղերսում եմ ձեզ՝ ապրեք Նրան և Նրա Սիրելի Որդուն մոտ լինելով։ Ես խոստանում եմ, որ այդ ժամանակ Հոգին կոգեշնչի և կառաջնորդի ձեզ և կօգնի ձեր սրտում զգալ Նրանց կողմից խոստացված խաղաղությունը, որը «ամեն մտքից վեր է»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  2. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  3. Sես Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Խոսքերը կարևոր են», Լիահոնա, մայիս 2024, 70–76։

  4. Տես Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 208:

  5. Սա Եկեղեցու առաջին պաշտոնական հռչակագիրը չէր։ 1995 թ․ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրից առաջ Եկեղեցու պատմության մեջ հռչակագրեր էին հրապարակվել 1841, 1845, 1865 և 1980 թթ․-ին: Վերջին հռչակագիրը հրապարակվել է 2020 թվականին․ «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»: (See Emma Benson, “What We Learn from the Proclamations of the Restoration” [digital-only article], Liahona, Dec. 2021, Gospel Library.)

  6. Դալլին Հ. Օուքս, «Ծրագիրը և Հռչակագիրը», Լիահոնա, նոյ. 2017, 30։

  7. See Dew, Insights from a Prophet’s Life, 209–10.

  8. Sես Barbara Morgan Gardner and Olivia Osguthorpe, “Delivering the Family Proclamation: Insights from Former Relief Society President Elaine L. Jack,” Religious Educator, vol. 24, no. 2 (2023), 164։

  9. See Gardner and Osguthorpe, “Delivering the Family Proclamation,” 162–65; see also Elaine L. Jack, “Relief Society: A Balm in Gilead,” Ensign, Nov. 1995, 92. Իր ելույթում նախագահ Ջեքն ուսուցանել է. «Ընտանիքները մեզ բերում են մեր ամենամեծ ուրախությունները, իսկ երբեմն՝ մեր ամենասարսափելի վշտերը։ Ընտանիքները ապահովում են ուսումնական միջավայր, մի դպրոց, որտեղ մենք երբեք չենք ավարտում ուսումը, այլ միշտ կարող ենք սովորել։ Մեր ընտանիքներում մենք սովորում ենք գնահատել հոգևոր խաղաղությունը, որը գալիս է գթության, համբերության, ազնվության, բարության, առատաձեռնության, ինքնատիրապետման և ծառայության սկզբունքները կիրառելուց։ Սրանք ավելին են, քան ընտանեկան արժեքները, քույրե՛ր, սրանք կյանքի ճանապարհն են՝ ըստ Տիրոջ կամքի»։

    Հանդիպմանը ներկա էր նաև այդ ժամանակ Քահանայության Գործադիր Խորհրդի նախագահ երեց Դալլին Հ. Օուքսը (see Gardner and Osguthorpe, “Delivering the Family Proclamation,” 167):

  10. See Gardner and Osguthorpe, “Delivering the Family Proclamation,” 165.

  11. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը կլինի Եկեղեցու առաջին պաշտոնական հռչակագիրը 1980 թվականի ապրիլի 6-ից ի վեր։ Մինչ այդ Եկեղեցին հրապարակել էր ընդամենը չորս պաշտոնական հռչակագիր, որոնք վերաբերում էին վարդապետության, հավատքի, պատմության, նախազգուշացումների, հրավերների և Եկեղեցու աճի ու առաջընթացի վերաբերյալ հայտարարությունների հարցերին (see Encyclopedia of Mormonism [1992], “Proclamations of the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” 3:1151–57)։

  12. Elaine L. Jack, in Gardner and Osguthorpe, “Delivering the Family Proclamation,” 166.

  13. (Գորդոն Բ. Հինքլի, «Stand Strong against the Wiles of the World», Ensign, նոյեմբեր, 1995, 100): 1976 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովում նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մեջբերեց մի ամերիկացի հեղինակի խոսքերը. «Պատմության ընթացքում ազգերը կարողացել են գոյատևել բազմաթիվ հիվանդությունների, ներխուժումների, սովերի, երկրաշարժերի, համաճարակների, ճգնաժամերի ժամանակ, բայց նրանք երբեք չեն կարողացել գոյատևել ընտանիքի քայքայման ժամանակ» (in “A Report and a Challenge,” Ensign, Nov. 1976, 7–8)։

  14. Վարդապետություն և Ուխտեր 1․38։

  15. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  16. Ռասսել Մ. Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան։

  17. See Gordon B. Hinckley, “Stand Strong Against the Wiles of the World,” 100.

  18. Տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  19. 1 Նեփի 11.22-23։

  20. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  21. 1 Նեփի 1․1:

  22. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  23. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  24. Gordon B. Hinckley, “Women of the Church,” Ensign, Nov. 1996, 69.

  25. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։ «Երբ տանը ամուսին կամ հայր չկա, ընտանիքը գլխավորում է մայրը» (Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 2.1.3

  26. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  27. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  28. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան։

  29. 1991 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովում նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանեց, որ Ադամն ու Եվան «պարտեզում կանգնած էին կողք կողքի։ Նրանք միասին վտարվեցին պարտեզից, և նրանք միասին աշխատում էին կողք կողքի՝ իրենց ճակատի քրտինքով հաց վաստակելով» (“Our Solemn Responsibilities,” Ensign, Nov. 1991, 51)։

  30. Փիլիպպեցիներին 4.7: