Երբ փորձությունները չափազանց մեծ են թվում
Մարտահրավերները կյանքի մի մասն են։ Բայց օգնութուն փնտրելով՝ մենք կարող ենք նայել դրանց Աստծո տեսանկյունից:
Տիմպանոգոս լեռը Յուտա նահանգում (ԱՄՆ) ունի 11,000 ոտնաչափ (3,353 մ) բարձրություն և լի է ջրվեժներով, ժայռապատերով, մարգագետիններով և վայրի բնությամբ։ Նման լեռան ստորոտում կանգնելը կարող է ստիպել քեզ փոքր զգալ։ Դու ոչ մի կերպ չես կարող տեսնել մյուս կողմը։ Այն կարող է չափազանց մեծ և անանցանելի թվալ։
Այնուամենայնիվ, Տիմպանոգոս լեռից ընդամենը 10 րոպե մեքենայով հեռանալը թույլ է տալիս տեսնել այն այլ կերպ։ Այս տեսանկյունից կարող ես նկատել արահետներ և ճանապարհներ, որոնք կտրում անցնում են լեռան միջով։ Դրանք ցույց են տալիս, որ ուրիշներն արդեն եղել են այնտեղ, և լեռան վրայով կամ շրջակայքով անցնելու անվտանգ ուղի կա։
Քո կյանքի դժվարությունները հիմա կարող են նույն կերպ թվալ։ Իսկապես դժվար մարտահրավերների հանդիպելը կարող է նմանեցվել լեռներին նայելուն, որոնք այնքան մեծ են, որ չես կարող տեսնել մյուս կողմը։ Դրանք կարող են թվալ չափազանց մեծ և, գուցե, անանցանելի։ Այդ դժվարությունները նույնիսկ կարող են ստիպել քեզ զգալ փոքր, հիասթափված, վախեցած կամ միայնակ։
Բայց կա մեկ այլ բան, որը կարելի է փորձել։ Հետադարձ քայլ արա և փորձիր տեսնել քո դժվարությունները այլ տեսանկյունից՝ Աստծո տեսանկյունից։
Այդ տեսանկյունից դու կարող ես նաև հասկանալ, որ դու միայնակ չես թողնվել քո խնդիրները լուծելու համար։ Դու ունես Երկնային Հայր, ով սիրում է քեզ և կօգնի քեզ։ Ուրիշները, հատկապես Տերը, նույնպես անցել են դժվար ժամանակների միջով։ Նրանք ուզում են քեզ տալ այն առաջնորդությունը, որն անհրաժեշտ է քո դժվարությունները հաղթահարելու համար, նույնիսկ իսկապես մեծերը։
Ինչպե՞ս կարող ենք փոխել մեր տեսանկյունը
1 Հետևիր Երկնային Հոր ծրագրին
Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է Նրա ուսուցանած սկզբունքները պարզ են, հզոր և հեշտ հասկանալի։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դրանց հեշտ է հետևել: Իհարկե՝ ոչ։ Ոչ միշտ։ Բայց ամեն անգամ, երբ հավատքով հետևում ենք Նրան, մեր տեսանկյունը սկսում է փոխվել։ Մենք սկսում ենք տեսնել դժվարությունները՝ որպես հնարավորություններ Տիրոջը մոտենալու համար, այլ ոչ թե որպես պատիժներ, խոչընդոտներ կամ արգելքներ, որոնք հեռացնում են մեզ։
2 Օգնություն խնդրիր Աստծուց
Աստված քո Երկնային Հայրն է։ Նա ճանաչում և սիրում է քեզ և պատրաստ է օգնել ցանկացած ժամանակ, երբ խնդրես։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «Տիրոջ հեռանկարը գերազանցում է ձեր մահկանացու իմաստությանը։ Նրա պատասխանը ձեր աղոթքներին կարող է զարմացնել ձեզ և օգնել ձեզ սելեստիալ մտածելակերպ ունենալու հարցում»։
Երբ աղոթում ես, Աստված կարող է օգնել քեզ տեսնել այն, ինչ չես կարող հիմա տեսնել։ Նա կարող է առաջնորդել քեզ քո դժվարությունների միջով և անգամ խաղաղություն և ուժ տալ, երբ հետևում ես Նրան։
3 Օգնություն խնդրիր ուրիշներից
Երկնային Հայրը լավ մարդկանց է ուղարկել քո կյանք, որոնք կարող են օգնել քեզ։ Երբ պայքարում ես դժվարությունների դեմ, որոնք կանգնած քո առաջ, կարող ես խոսել վստահելի ընտանիքի անդամի, ընկերոջ, եկեղեցու ղեկավարի կամ եպիսկոպոսի հետ։
Արժանավոր քահանայություն կրողից մխիթարության և առաջնորդության օրհնություն խնդրելը ևս մեկ հրաշալի եղանակ է՝ տեսնելու քեզ և կյանքը Աստծո տեսանկյունից։
Պարզորեն տեսնել
Ինչպես մի մեծ լեռ, որը կանգնած է քո ուղու վրա, երբեմն քո դժվարությունները կարող են թվալ չափազանց մեծ։ Բայց երբ ապրում ես Աստծո ծրագրով և թույլ տալիս, որ Նա և մյուսներն օգնեն քեզ, կարող ես այլ կերպ տեսնել քո դժվարությունները։
Դու կարող ես հետադարձ քայլ անել և տեսնել, որ կա ուղի, որով կարող ես հաղթահարել քո դժվարությունները։ Տեր Հիսուս Քրիստոսն առաջարկում է անցանելի ուղի։ Անկախ նրանից, թե որքան մեծ կարող են թվալ քո դժվարությունները, Աստված ավելի զորեղ է։