Արևի լույսը իմ փոթորիկներում
Տատիկիս մահից հետո ես մտածում էի իմ կյանքին վերջ տալու մասին։ Բայց Երկնային Հոր երջանկության ծրագրին ապավինելն օգնեց ինձ շարունակել առաջ գնալ։
Լուսանկարները՝ Նիել Քաբիլինգ
Ողջույն։ Ես Հանի Գրեյսն եմ։ Ես 17 տարեկան եմ։ Ես ապրում եմ Իլոիլոյում, Ֆիլիպիններ։
Տատիկիս կորուստը
Վերջերս ես անցա մի շատ ծանր փորձության միջով։ Իմ հայրը և մայրը բաժանված են, և իմ մայրն աշխատում է արտերկրում։ Ես մեծացել եմ իմ տատիկի հետ՝ նա է եղել այն մարդը, որը ծանոթացրել է ինձ ավետարանի և Եկեղեցու հետ։ Բայց այս տարի նա անսպասելիորեն մահացավ։
Նա վերջին մարդն էր, որը երբևէ կարծել եմ, որ կմահանա։ Երբեմն մտածում էի եմ, որ ես նրանից առաջ կմահանամ, քանի որ նա այնքան առողջ էր։ Նա երբեք թուլություն չէր ցուցաբերում և միշտ ուժեղ էր իմ առջև։ Ես երբեք չէի պատկերացրել իմ կյանքն առանց նրա։
Հասկանալ ծրագիրը
Նրա մահից հետո երբեմն ես նույնպես ցանկանում էի մահանալ։ Ես մտածում էի իմ կյանքին վերջ տալու մասին։ Բայց շուտով գնացի երիտասարդների միջոցառման, որտեղ մենք դաս ունեցանք փրկության ծրագրի մասին։
Ես գիտեի փրկության ծրագրի մասին, բայց հնարավոր է, որ իմ ընկալումը մի փոքր մթագնած էր այն պատճառվ, թե ինչ տեղի ունեցավ իմ տատիկի հետ։ Երբ լսում էի, մտածեցի. «Ես մոռացել էի Հիսուս Քրիստոսի զոհաբերության օրհնություններն ինձ համար»:
Ես հասկացա, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ փրկելու համար: Ես չպետք է ավարտեմ իմ կյանքը իմ ունեցած դժվարությունների համար: Երջանկության ծրագիրը հույս է տալիս, որ մի օր կտեսնեմ իմ տատիկին, քանի որ կյանքը չի ավարտվում, երբ մենք մահանում ենք: Ես պետք է շարունակեմ հետևել Փրկչին, որպեսզի նորից տեսնեմ նրան:
Զորություն գտնել տաճարում
Տատիկիս մահից հետո իմ զարմիկը տեղափոխվեց բնակվելու ինձ հետ և դարձավ իմ խնամակալը: Իմ զարմիկներն իմ լավագույն ընկերներն են, բայց փոփոխությունը դեռ իսկապես ծանր էր: Ես ստիպված էի սովորել անել բոլոր այն գործերը, որոնք տատիկս նախկինում անում էր: Ես ստիպված էի արթնանալ դպրոց գնալու համար և հոգ տանել տան մասին:
Իմ եպիսկոպոսը միշտ խոսում էր ինքնապահովման մասին, ուստի ես նյութեր փնտրեցի դրա մասին Ավետարանի գրադարանում: Դա օգնեց ինձ սովորել կանգնել սեփական երկու ոտքերի վրա:
Ես դեռ պահպանում եմ կապը իմ հայրիկի հետ։ Մի օր մենք վիճեցինք։ Ես իսկապես պայքարում էի դրա դեմ, բայց հանկարծ առիթ ստեղծվեց գնալ երիտասարդների տաճարային ուղևորության: Մինչ տաճարում էի, ես խաղաղություն էի զգում: Ես չէի մտածում տան խնդիրների մասին: Ես չէի մտածում իմ հոր հանդեպ ունեցած զայրույթի մասին: Ես մտածում էի այն բաների մասին, որոնք կարող էի անել, որպեսզի օգնեմ նրան: Ես մտածում էի լավ օրինակ լինելու մասին: Ես մտածում էի հավերժական բաների մասին, մի օր տաճարում ծնողներիս հետ կնքվելու մասին: Որոշեցի ներողություն խնդրել հայրիկիցս՝ նրա հետ կռվելու համար:
Փրկիչը երեխաների հետ, Մայքլ Մալմ
Ապավինելով իմ Փրկչին
Ես սովորել եմ միշտ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր վրա: Ես ստանում եմ իմ ուժերը Նրանցից և հիշում եմ, որ նրանք միշտ իմ կողքին են։
Փրկության ծրագիրը, հատկապես Փրկչի Քավության ընկալումը, օգնեց ինձ հաղթահարել ինքնասպանության մտքերը: Դա օգնում է ինձ խաղաղություն զգալ կյանքում: Դա ինձ հույս է տալիս, որ մի օր ես կարող եմ կրկին հանդիպել տատիկիս՝ վարագույրի մյուս կողմում:
Հիսուս Քրիստոսն իմ կյանքը շարունակելու հույսն է, չնայած որ շատ դժվարություններ ունեմ: Նրա սերն իմ հանդեպ անսահման է: Նա արևի լույսն է իմ կյանքում։ Փոթորկի և անձրևի ժամանակ Նա իմ կողքին է։ Նա իմ Փրկիչն է: Նա իմ տունն է: Նա իմ կյանքն է: Նա օգնում է ինձ առաջ գնալ։ Նա պատճառներից մեկն է, որ ես սիրում եմ կյանքը։
Հեղինակն ապրում է Իլոիլոյում, Ֆիլիպիններ: