2025
Աստված միշտ քեզ հետ է
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Աստված միշտ քեզ հետ է

Անգամ երբ ես չէի հավատում Աստծուն, Նա, միևնույն է, սիրում էր ինձ և հոգ տանում իմ մասին։

Երիտասարդ աղջիկը ավտովթար է տեսնում

Նկարները՝ Ուրան Դուոյի

Աստված ճանաչում էր ինձ՝ նախքան ես ճանաչեցի Նրան

Երբ ես ութ տարեկան էի, միսիոներները փողոցում հանդիպեցին իմ տատիկին և մորաքրոջը։ Ավետարանի մասին իմանալուց հետո մենք բոլորս մկրտվեցինք։ 2020 թվականին, այնուամենայնիվ, մենք դադարեցինք եկեղեցի գնալ COVID-ի պատճառով։ Ի վերջո, մենք դադարեցինք հավատալ։

Երկու տարի առաջ ես չէի հավատում Աստծուն կամ չգիտեի՝ արդյոք իրական է Նա։ Մի օր դասերից հետո ես ցանկացա անցնել փողոցի մյուս կողմը՝ ուտելիք գնելու։ Բայց մի ձայն ասաց ինձ, որ չանցնեմ փողոցը։ Ես կանգ առա և երկու ավտոմեքենա բախվեցին անմիջապես իմ առջևում։ Եթե անցնեի փողոցը, ավտոմեքենաները կհարվածեին ինձ կամ անգամ կսպանեին։ Այդ պահին ես իմացա, որ Աստված ճանաչում և սիրում է ինձ։ Անգամ երբ ես չէի հավատում Նրան և եկեղեցի չէի հաճախում այդ ժամանակ, Նա միևնույն է սիրում և պաշտպանում էր ինձ։

Ես սկսեցի կրկին կարդալ Մորմոնի Գիրքը և իմացա, որ այն Աստծո խոսքն է։ Ես սկսեցի նաև վերադառնալ եկեղեցի։ Երբ գնում եմ եկեղեցի, զգում եմ խաղաղություն, Աստծո սերը և Նրա օգնությունը։ Ես զգում եմ, որ Նա միշտ իմ կողքին է և դա ուրախություն է պատճառում ինձ։

«I Am a Child of God» [Զավակն եմ Աստծո] օրհներգն իմ սիրելին է, որովհետև այն հիշեցնում է ինձ, որ Երկնային Հայրը սիրում և օգնում է մեզ։ Իմ սիրելի սուրբ գրության հատվածը 2 Նեփի 2․27 է, որտեղ ասվում է, որ մենք ազատ ենք ընտրել ճշտի և սխալի միջև։

Աստված ինձ հետ է իմ փորձությունների ժամանակ

Շատ ամիսներ առաջ իմ եղբայրը սկսեց հաճախել ինձ հետ եկեղեցի, բայց որոշ ժամանակ անց դադարեց։ Նա մտահոգված է, թե ինչ կմտածեն իր մասին իր ընկերները և ուրիշները։ Նա կարծում է, որ մեր եկեղեցի գնալն ամոթալի է, իսկ ես միշտ ասում եմ, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում ընկերները։ Կարևոր է, թե ինչ է Աստված մտածում։

Իմ ընտանիքը չի հաճախում եկեղեցի։ Ես գնում եմ մենակ։ Քանի որ մեր փողոցով չի անցնում համապատասխան ավտոբուս, ես քայլում եմ 30 րոպե՝ եկեղեցի հասնելու համար։ Իմ ընտանիքն անհանգստացած է, թե ինչ կմտածեն ուրիշները, բայց ինձ համար դա կարևոր չէ, քանի որ ես գիտեմ, որ այն ճշմարիտ է։

Երբ հանդիպում եմ ընկերներիս հետ, նրանք հաճախ սուրճ են խմում։ Երբ տեսնում եմ դա, երբեմն ինքս եմ ցանկանում խմել սուրճ։ Բայց հիշում եմ, որ Աստված ինձ հետ է։ Նա բռնում է ձեռքս և օգնում ինձ։ Ես լսում եմ ձայն, որը հուշում է ինձ չանել դա, և ես գիտեմ, որ Աստված օգնում է ինձ հաղթահարել այս մարտահրավերները։

երիտասարդ կին

Դժվար է հաճախել եկեղեցի առանց ընտանիքի, բայց Նառան գիտի, որ Աստված սիրում և օրհնում է իրեն։ Նա անգամ պաշտպանեց նրան ավտովթարից։

Իմ խորհուրդը նրանց, ովքեր ինձ նման են

Եթե ես խորհուրդ տայի իմ իրավիճակում գտնվող մեկին, ես կքաջալերեի նրան՝ ասելով, որ նա շատ օրհնված է, և ունի մեծ հավատք։ Դու միայնակ չես, որովհետև եկեղեցու անդամները և միսիոներները կարող են քեզ բարի խորհուրդներ տալ։ Աստված սիրում է քեզ: Դու Նրա որդին կամ դուստրն ես, և Նա ցանկանում է օգնել քեզ։

Հեղինակն ապրում է Երևանում, Հայաստան: