Եկ խոսենք դրամի մասին
Ավելի ճիշտ, եկ կարդանք, թե ինչ է Հիսուսը ուսուցանել դրամի մասին։
Նկարները՝ Ալիսա Փիթերսենի
Հիսուսը շատ անգամներ է խոսել դրամի մասին սուրբ գրություններում։
Ծանո՞թ են «երկնքում գանձեր» (Մատթեոս 6․20), քանքարների առակը (Մատթեոս 25․14-30) կամ «ամբողջ տասանորդը գանձատուն տարեք» (Մաղաքիա 3․10) արտահայտությունները։ Եկ վերանայենք։
Կարիքների և ցանկությունների տարբերությունը
Հիսուսը գիտի, որ կան շատ բաներ, որոնց կարիքը դու ունես (օրինակ՝ ուտելիք) և որոնք ցանկանում ես (օրինակ՝ խաղեր)։ Նա սովորեցնում է․ «ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում» (Մատթեոս 6․19-21)։ Դրամով գնվածի մեծ մասը մաշվում է, այնպես որ իմաստուն եղիր գնումներ կատարելիս։
Դու ավելի իմաստուն կօգտագործես դրամն այն ժամանակ, երբ տարբերակես քո կարիքները և ցանկությունները։ Մտածիր՝ «Ես գնում եմ սա, որովհետև դրա կարի՞քն ունեմ, թե որովհետև ցանկանում եմ այն»։ Եթե դեռ վստահ չես, սպասիր մեկ ամիս, և երբ ժամանակն անցնի, կրկին տուր քեզ այդ հարցը։ Այդպիսով դու կխուսափես չմտածված գնումներ կատարելուց և ուրիշներին զարմացնելու փորձերից։ Փոխարենը, դու ավելի խելացի որոշումներ կկայացնես դրամ խնայելիս և այն ծախսելիս։
Օգտագործել դրամը ուրիշներին օրհնելու համար
Քանքարների առակում Հիսուսը նկարագրում է մի տիրոջ, որը տարբեր քանակով դրամ (որը քանքար էր կոչվում) բաժանեց իր երեք ծառաներին։ Ծառաներից երկուսը կրկնապատկեցին իրենց դրամը, իսկ երրորդը թաղեց իր դրամը։ Երբ ծառաների տերը վերադարձավ, նա ուրախացավ երկու ծառաների համար, որոնք կրկնապատկել էին իրենց քանքարները և տխրեց այն ծառայի համար, որը ոչինչ չէր արել (տես Մատթեոս 25․14-30)։
Ինչպես առակի տերն էր իր ծառաներին քանքարներ տվել, այնպես էլ Աստված է օրհնում քեզ դրամով, և Նա ակնկալում է, որ դու օգտագործես քո ֆինանսները՝ օրհնելու քեզ և ուրիշներին: Երբ հոգ ես տանում ուրիշների մասին, դու կատարում ես Հիսուսի պատվիրանը՝ «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես» (Մարկոս 12․31)։
Լավ է գեղեցիկ բաներ գնել, բայց պետք է հաշվի առնես քո և մյուսների կարիքները՝ նախքան գնում կատարելը: Երբ մտածես ուրիշների կարիքների մասին, Աստված կօգնի քեզ իմանալ, թե ինչպես օգտագործել դրամը՝ օրհնելու մարդկանց քո կյանքում:
Տասանորդի օրհնությունները
Եթե անհանգստանում ես, որ չես ունենա բավականաչափ դրամ տասանորդ վճարելու պատճառով, կարդա Աստծո այս սփոփիչ խոսքերը․ «Ամբողջ տասանորդը գանձատուն տարեք, … և սրանով ինձ փորձե՛ք, … թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի» (Մաղաքիա 3․10)։ Եթե վճարես քո տասանորդը, Աստված կօրհնի քեզ ավելի շատ, քան կարող ես պատկերացնել:
Հնարավոր է, որ չես օրհնվի ֆիզիկական բաներով՝ գուցե չես ունենա դրամ՝ գնելու քեզ դուր եկած թանկարժեք վերնաշապիկը, այնպես որ գուցե անհրաժեշտ կլինի հետաձգել ակնթարթային բավականությունը: Բայց Տերը կօրհնի քեզ։ Ժամանակի ընթացքում դու ավելի հեշտ կվճարես տասանորդը, և քո հոգին ավելի դիմացկուն կլինի քո ունեցած ֆինանսական անհանգստությունների դեմ:
Աստված կօգնի քեզ
Վստահիր նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերին, «Ձեզ օգնելու Փրկչի կարողությունը սահմանափակում չունի» (հոկ․ 2024 գերագույն համաժողով [Լիահոնա, նոյ․ 2024, 122])։ Իմաստուն օգտագործելով դրամը՝ քո կարիքները բավարարելու, ուրիշների մասին հոգալու և տասանորդ վճարելու համար, դու կբացահայտես ավելի խոր սեր Աստծո և ուրիշների հանդեպ և գնահատանք՝ քո ունեցածի հանդեպ: