2025
Կիսվել արևի լույսով
Մայիս 2025


«Կիսվել արևի լույսով», Ընկեր, մայիս 2025, 30-31:

Ռահվիրաներ ամեն երկրում

Կիսվել արևի լույսով

«Դա իմ եկեղեցու երգերից է»,- ասաց Անգելը։

Իրական պատմություն Արգենտինայից:

Տղան ու տղամարդը ձիաքարշ սայլի մեջ’’

Անգելը բարձրացավ սայլի վրա և նստեց հայրիկի կողքին։ Կաթի ապակե շշերը թիկունքում մեղմ զրնգում էին, մինչ նրանց ձին առաջ էր շարժվում։ Արևը շողում էր, և դա նրան հիշեցրեց իր սիրելի երգը։

«Հիսուսն ուզում է, որ ես լինեմ արևի ճառագայթ»,- երգեց Անգելը:

Մի քանի ամիս առաջ Անգելը մկրտվել էր։ Մայրիկը և նրա կրտսեր եղբայրը՝ Օսկարը, նույնպես մկրտվել էին։ Հայրիկը չէր միացել Եկեղեցուն, բայց նա ուրախ էր նրանց համար։ Անգելը դեռ հիշում էր, թե ինչ զգաց, երբ դուրս եկավ ջրից։ Կարծես արևի ջերմությունն էր զգում մեջքին, բայց ներսից:

Անգելը շարունակում էր երգել քթի տակ, երբ հայրիկը կանգնեցրեց սայլը սենյորա Պերեսի տան մոտ: Անգելը ցած իջավ և ետևից վերցրեց կաթի մի շիշ: Սենյորա Պերեսը իր ընտանիքի հաճախորդներից էր:

— Առաքում,- ասաց նա:

Սենյորա Պերեսն աշխատում էր իր այգում։ — Շնորհակալություն,- ասաց նա՝ վերցնելով շիշը: Նա նրան մի քանի մետաղադրամ տվեց: — Այդ ի՞նչ երգ էիր երգում:

Տղան կաթի շիշ է տալիս կնոջը

Անգելը զգաց, որ այտերը կարմրեցին։ Նա չէր պատկերացրել, որ կինը կլսեր իրեն:

— Դա իմ եկեղեցու երգերից է,- ասաց Անգելը,- Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։

Սենյորա Պերեսը ժպտաց․ — Ինչո՞ւ ինձ ինչ-որ բան չես պատմում քո եկեղեցու մասին:

Մի պահ Անգելը վստահ չէր, թե ինչ ասել։ Այնուհետև նա ասաց. — Մենք հավատում ենք, որ նույն եկեղեցին, որը ստեղծեց Հիսուս Քրիստոսը, երբ նա ապրում էր երկրի վրա, նորից այստեղ է:

— Հետաքրքիր է,- ասաց սենյորա Պերեսը,- Ես երբեք չեմ լսել եկեղեցու մասին, որը հավատում է դրան:

— Միգուցե դուք կարողանաք մի օր գալ,- ասաց Անգելը,- Ձեզ լավ օր եմ մաղթում։ Հետո նա հետ վազեց հայրիկի մոտ, որպեսզի օգնի բաժանել մնացած կաթը:

Կիրակի վաղ առավոտյան Անգելն արթնացավ։ Նա լսում էր, թե ինչպես է մայրիկը խոհանոցում նախաճաշ պատրաստում:

— Օսկար,- ասաց Անգելը,- ժամանակն է պատրաստվել եկեղեցուն:

Անգելն ու Օսկարը հագան իրենց եկեղեցու հագուստները և պատրաստվեցին մեկնել։ Եկեղեցու շենքը գրեթե երկու մղոն հեռավորության վրա էր։ Երկար ճանապարհ ունեին ոտքով անցնելու, ուստի նրանք ստիպված էին շուտ մեկնել:

— Հաճելի ժամանակ եմ մաղթում,- ասաց հայրիկը, երբ նրանք հեռանում էին:

Երբ նրանք քայլում էին, Անգելը նորից սկսեց կամացուկ երգել իր սիրելի երգը։ Նա երգում էր, երբ անցնում էին այն տների մոտով, որտեղ նա կաթ էր մատակարարում: Նա ցածրաձայն երգում էր, երբ նրանք անցան շուկայի մրգավաճառների մոտով։ Եվ նա դեռ երգում էր, երբ նրանք շրջվեցին դեպի այն փողոցը, որտեղ եկեղեցու շենքն էր:

Երբ նրանք ներս մտան, Անգելը զարմացավ։ Սենյորա Պերեսը այնտեղ էր։ Նա իր հետ բերել էր ամբողջ ընտանիքը։

— Դուք եկել եք եկեղեցի,- ասաց Անգելը։

Սենյորա Պերեսը գլխով արեց։ — Ինձ ոգեշնչեց քո երգը,- ասաց նա,- Ես զանգահարեցի ձեր մորը՝ հասցեն ճշտելու համար: Ես ուզում էի գալ և անձամբ սովորել այս եկեղեցու մասին:

Անգելը ժպտաց։ Նա կիսվել էր ավետարանով՝ միայն մի երգ երգելով: Նա հույս ուներ, որ սենյորա Պերեսն այսօր նույնպես կարող է արևի լույս զգալ իր սրտում:

Պատմություն PDF

Նկարները՝ Ջոմայք Տեհիդոյի