«Խորհրդավոր տարա», Ընկեր, մայիս 2025, 18-20։
Խորհրդավոր տարա
«Մենք երբևէ մարդկանց այդպես պիտակավորո՞ւմ ենք»,-հարցրեց հայրիկը:
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
— Սա ի՞նչ է, մայրիկ,- Սադին պահարանի ետնամասից մի մեծ թիթեղյա տարա հանեց,- Դրա վրա ոչ մի պիտակ չկա:
— Ես մոռացել էի դրա մասին,- ասաց մայրիկը,- մի քանի պահածոների պիտակները պոկվել էին, ուստի խանութը դրանք վաճառում էր էժանացված գներով: Ես գնեցի դրանցից մեկը: Ես մտածեցի, որ դա հավանաբար պահածոյացված ոլոռ էր:
Սադին ծամածռեց դեմքը: Պահածոյացված ոլոռը նրա սիրելի ուտեստը չէր ։
Մայրիկը վերցրեց պահածոն և շրջեց․ — Սա շուտով այլևս պիտանի չի լինի։ Ավելի լավ է այսօր սա ուտենք։ Նա տարան դրեց սեղանին:
— Ի՞նչ է դա,- հարցրեց Սադիի ավագ եղբայրը՝ Ջեյսոնը։
— Ո՞վ գիտի,- ասաց Սաիդը,- Մայրիկը կարծում է՝ դա ոլոռ է։
Ջեյսոնը թափահարեց տարան․ — Սա ոլոռի նման չէ։ Կարծում եմ՝ լոբի է:
Դա Սադիին մի միտք տվեց: Նա վերցրեց մի երիզ և մարկեր և մի թերթիկի վրա գրեց «ոլոռ», մյուսի վրա՝ «լոբի»: Նա ամրացրեց դրանք տարայի վրա։
Հետո նա մի րոպե մտածեց և մեկ այլ թերթիկի վրա գրեց «Տոմատի մածուկ»:
Հենց այդ պահին հայրիկը մտավ խոհանոց․ — Ի՞նչ է պատահել։
— Մենք խաղ ենք խաղում,- ասաց մայրիկը,- Գուշակիր, թե ինչ կա տարայի մեջ:
Հայրիկը վերցրեց պահածոն, ուժգնորեն թափահարեց և հոտոտեց։ — Սունկ,- հայտարարեց նա։
Բոլորը հառաչեցին։ — Ոչ, դա սունկ չէ,- ասաց Սադին։ Դա ավելի վատ գաղափար էր, քան ոլոռը, լոբին և տոմատի մածուկը: — Միգուցե մենք պետք է պարզապես դեն նետենք այդ տարան:
— Ձեզ համար հետաքրքիր չէ՞ իմանալ, թե իրականում ինչ կա ներսում,- հարցրեց մայրիկը։
Հայրիկը վերցրեց տարայի բացիչը․ — Հետաքրքիր է:
Երբ հայրիկը բացեց տարան, Սադին փակեց իր աչքերը: Բայց երբ նա ետ քաշեց կափարիչը, աղջիկը զարմացավ։ Տարան լի էր համեղ մրգով։
— Համե՜ղ է,- ասաց նա, մինչ նայում էր կտրատած տանձերին, խաղողին, կեռասին և դեղձին:
Ջեյսոնը բերեց ափսեներ և գդալներ․ — Եկեք ուտենք:
Սադին տարայից մի քանի միրգ լցրեց իր ափսեի մեջ: — Չեմ հավատում, որ բոլորս սխալ էինք,- ասաց նա,- Ես համոզված էի, որ ներսում ինչ-որ զզվելի բան է։
— Մենք երբևէ մարդկանց այդպես պիտակավորո՞ւմ ենք,-հարցրեց մայրիկը:
— Ի՞նչ նկատի ունես,- հարցրեց Սադին։
Հայրիկը իր ափսեն դրեց սեղանին․ — Մենք որոշում ենք, թե ինչպիսին են նրանք ներսից, մինչ այն ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել, դա արտաքինն է:
Սադին մտածեց այդ մասին․ — Երբ Սամարան նոր էր եկել դպրոց, ես մտածում էի, որ նա ընկերասեր չէ: Բայց հետո ես իմացա, որ նա պարզապես չի կարող լավ խոսել մեր լեզվով: Հիմա մենք անընդհատ խաղում ենք:
— Դա լավ օրինակ է,- ասաց մայրիկը:
— Ես ինձ երբեմն պիտակավորված եմ զգում,- կամացուկ ասաց Ջեյսոնը,- Դպրոցում երեխաներն ասում են, որ ես միայն լավ գնահատականներ եմ ստանում, քանի որ ուսուցչուհին ինձ սիրում է: Բայց ճշմարտությունն այն է, որ ես ջանասիրաբար աշխատում եմ և անում բոլոր տնային աշխատանքները։
— Պիտակները կարող են ցավ պատճառել, այդպես չէ՞,- ասաց հայրիկը։
Ջեյսոնը գլխով արեց։
Սադին ավարտեց մրգի իր վերջին կտորը․ — Բայց արդյո՞ք բոլոր պիտակները վատն են: Խանութում դուք պետք է իմանաք, թե իրականում ինչ եք գնում:
— Դու ճիշտ ես,- ասաց հայրիկը,- Ուրեմն ե՞րբ են պիտակները լավ:
Ջեյսոնը ցուցադրեց իր գդալը․ — Երբ դրանք ճշմարիտ են։
— Իսկ ո՞վ գիտի, թե իրականում ինչ կա մարդու ներսում,- հարցրեց մայրիկը։
— Երկնային Հայրը,- ասացին Սադին և Ջեյսոնը միասին:
— Ես հասկանում եմ,- ասաց Սադին,- Ես Աստծո զավակ եմ: Դա ճիշտ պիտակ է ինձ համար։
— Եվ ինձ համար,- ասաց Ջեյսոնը։
— Եվ ինձ համար,- ասաց հայրիկը։
— Բոլորի համար,- ժպտաց մայրիկը,- Այնպես որ, մենք չպետք է մարդկանց պիտակավորենք՝ ելնելով այն ամենից, ինչ տեսնում ենք դրսում, կամ հավատալ մեզ տրված կեղծ պիտակներին: Որովհետև միայն Աստված գիտի, թե իրականում ինչպիսին ենք մենք ներսից։
Սադին նոր երիզի վրա գրեց ու փակցրեց իր սվիտերին։ — Աստծո զավակ,- ասաց նա: Սադին ժպտաց։ Նա ամենից շատ այդ պիտակն էր սիրում։
Նկարները՝ Ռոզին Հահեսիի