«Լսենք Սուրբ Հոգուն», Ընկեր, մարտ 2025, 40-41։
Լսենք Սուրբ Հոգուն
«Կռահեք, թե ինչի մասին եմ սովորել Երեխաների միությունում»,- ասում է Չիմը:
Իրական պատմություն Ֆիլիպիններից
Չիմը բացեց իր քնկոտ աչքերը: Վերջապես հանգստյան օրերն էին։
«Արթնանալու ժամանակն է, թե չէ կուշանանք»,- կանչեց մայրիկը։
Չիմը կուզենար ավելի երկար քնել, բայց այսօր շուկայի օրն էր: Նա պետք է օգներ մայրիկին շաբաթվա համար ուտելիք գնել։ Ուստի վեր կացավ և արագ նախաճաշեց։
Մայրը շատ բան էր անում Չիմի և նրա երկու եղբայրների համար։ Նա շատ զբաղված էր աշխատանքով և տանը լինելու համար շատ ժամանակ չուներ: Չիմն ու իր եղբայրները միասին կատարում էին տնային գործերի մեծ մասը։ Չիմն ուրախ էր, որ կարող էր օգնել:
Երբ Չիմն ու մայրիկը վերադարձան շուկայից, մայրիկը ստիպված էր գնալ աշխատանքի։ Մինչ նա բացակայում էր, Չիմն ու նրա եղբայրները պատրաստվեցին կիրակի օրվան։ Չիմը պատրաստեց կոշիկները, տաբատն ու վերնաշապիկը, որ հաջորդ օրը հագնելու էր եկեղեցում: Նրա ավագ եղբայրը՝ Ռոբինը, օգնեց նրան արդուկել վերնաշապիկը: Ապա նրանք պատրաստեցին ընթրիքը։
Երբ մայրիկը տուն վերադարձավ, Չիմը մաքրում էր խոհանոցը։ Նա շատ հոգնած տեսք ուներ:
«Ահա և մայրիկը»։ Չիմը նրան ափսեով տաք կերակուր տվեց։
Մայրիկը ժպտաց։ «Շնորհակալություն այսօր օգնելու համար: Շատ համեղ տեսք ունի»։
Հաջորդ առավոտյան Չիմը վաղ արթնացավ և պատրաստվեց եկեղեցի գնալ։ Նա անհամբեր սպասում էր, որ տեսնի իր ընկերներին Երեխաների միությունում և սովորի Հիսուս Քրիստոսի մասին։
- Մա՞մ,- կամացուկ կանչեց նա՝ թակելով նրա դուռը։ «Այսօր մեզ հետ եկեղեցի գալո՞ւ ես»։
«Չեմ կարող»,- ասաց մայրիկը: «Այսօր կեսօրին պետք է աշխատեմ»։
«Լավ»։ Չիմը մի քիչ տխրեց: Գրեթե մեկ տարի էր անցել այն ժամանակից, երբ մայրիկն իրենց հետ եկեղեցի էր եկել։ «Անվտանգ վարիր և լավ օր եմ մաղթում»,- ասաց նա մայրիկին։
«Պատրա՞ստ ենք գնալու»,- հարցրեց նրա փոքր եղբայր Մաթյուն։
«Այո»։ Չիմը հագավ կոշիկները և եղբայրների հետ դուրս վազեց դռնից, որ հասնեն ավտոբուսին։
Չիմը իրեն երջանիկ էր զգում, երբ մտնում էր եկեղեցու շենք։ Հաղորդության ժամանակ նա փորձում էր մտածել Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ Երեխաների միությունում նա լրացուցիչ ջանքեր էր գործադրում, որպեսզի լսի քույր Օրտեգայի դասը:
«Այսօր մենք սովորելու ենք Սուրբ Հոգու մասին»,- ասաց քույր Օրտեգան: «Սուրբ Հոգին մեզ ուղերձներ է բերում Երկնային Հորից։ Նա կարծես նման է ռադիոյի»։
Չիմը նայեց ռադիոյի նկարին, որը բռնել էր քույր Օրտեգան:
«Ռադիոն աշխատում է ազդանշան ստանալով և այն վերածելով ձայնային ալիքների, որոնք մենք կարող ենք լսել»,- բացատրեց նա: «Դուք պետք է այն ճիշտ ալիքի վրա դնեք, որ լսեք։ Սուրբ Հոգուն լսելու համար մենք պետք է մեր սրտերն ու մտքերը նույնպես դնենք ճիշտ ուղու վրա։ Ինչպե՞ս կարող ենք անել դա»:
Բոլորը մտածում էին։ Ապա Չիմն ասաց․ «Հետևելով Հիսուս Քրիստոսին և պահելով պատվիրանները»:
Քույր Օրտեգան ժպտաց։ «Ճիշտ է»։
Եկեղեցուց հետո Չիմը կրկին օգնեց ճաշ պատրաստել։ Նա ջերմություն զգաց ներքուստ, երբ օգնում էր։ Նա գիտեր, որ իր ընտանիքին ծառայելով, իր սիրտը դնում էր ճիշտ ուղու վրա՝ զգալու Սուրբ Հոգուն։
Երբ մայրիկը տուն եկավ, Չիմը նրան ամուր գրկեց։ Հետո նրանք օրհնեցին ուտելիքը և սկսեցին ուտել։
«Կռահեք, թե այսօր ինչ եմ սովորել եկեղեցում»,- ասաց Չիմը։ Նա սիրում էր մայրիկին պատմել Երեխաների միության մասին։
«Ի՞նչ»,- հարցրեց մայրիկը։
«Մենք սովորեցինք Սուրբ Հոգու մասին»,- ասաց Չիմը։ «Այն ռադիոյի նման է։ Երբ մենք պահում ենք պատվիրանները, մենք կարող ենք մեր սրտերը դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի լսենք Նրան»:
Մայրը գլխով արեց։ «Հրաշալի է: Ուրեմն, ո՞րն է պատվիրանները պահելու օրինակը»:
Չիմը ժպտաց: «Օգնեք ձեր մայրիկին»,- ծիծաղեց նա: «Ես սիրում եմ քեզ, մայրիկ»:
Նկարները՝ Ուրան Դուոյի