2025
Երգենք, մինչև ստվերները կհեռանան
Մարտ 2025


«Երգենք, մինչև ստվերները կհեռանան», Ընկեր, Մարտ 2025, 16-17:

Երգենք, մինչև ստվերները կհեռանան

Հանկարծ նրա գլխում հայտնվեցին Երեխաների միության նրա սիրելի երգի բառերը։

Իրական պատմություն Մեքսիկայից:

Անկողնում նստած տղան վախեցած նայում է իր վրա կախված հրեշի կերպարին

«Քնելու ժամանակն է»,- ժպտալով ասաց մայրիկը:

Լոգանը գնաց իր սենյակ: Նա ասաց իր աղոթքը և մտավ անկողին։ Ապա մայրիկը նրա համար մի պատմություն կարդաց: Նա կամաց-կամաց փակեց աչքերը: Շուտով նա քնեց:

Բայց Լոգանը սարսափելի երազ տեսավ: Նա մենակ էր մի մութ վայրում։ Նա տեսավ մի մեծ հրեշ, որը հսկայական ատամներ ուներ։ Հրեշը մռնչաց նրա վրա։ Հետո սկսեց վազել դեպի նա։

Լոգանը փորձեց փախչել: Բայց նա սայթաքեց ու ընկավ։ Հրեշն ավելի ու ավելի էր մոտենում, ավելի էր մեծանում, մինչև—

Լոգանը արթնացավ և նստեց անկողնում: Նա սրբեց արցունքները և տեսավ, որ դրսում դեռ մութ է։

Նա ցանկանում էր ծնողների հետ խոսել երազի մասին։ Բայց նա չէր ուզում դուրս գալ իր անկողնուց: Մթնշաղն այնպիսի զգացողություն էր առաջացնում, ասես հրեշն ինչ-որ տեղ թաքնված է։ Ամեն ստվեր վախ էր ներշնչում։ Դրսում հաչող շունը կարծես մռնչացող հրեշ լիներ։

Լոգանը քաշեց սավանը մինչև քիթը: Նա չափազանց վախեցած էր, որպեսզի շարժվեր։

Նա ցանկանում էր կրկին քնել։ Բայց ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, նա տեսնում էր հրեշի զայրացած դեմքը և սուր ատամները: Նա չէր դադարում նայել սարսափելի ստվերներին:

Ապա իր անկողնու մոտ սեղանի վրա մի նկար տեսավ: Դա նրա, երկու եղբայրների, հայրիկի և մայրիկի լուսանկարն էր Մոնտերեյի (Մեքսիկա) տաճարի բակում։ Նրանք շատ երջանիկ տեսք ունեին։

Հանկարծ Երեխաների միության նրա սիրելի երգի բառերը հայտնվեցին նրա գլխում։ «Կուզեմ տեսնել տաճարը»,- Լոգանը սկսեց ցածրաձայն երգել։ «Այնտեղ եմ գնալու` Լսելու, աղոթելու և Սուրբ Հոգին զգալու»:*

Մինչ երգում էր, Լոգանը մտածեց իր ընտանիքի հետ տաճարում անցկացրած այդ օրվա մասին։ Նա այնքան խաղաղ զգացողություն էր ունեցել։ Տաճարի շնորհիվ նա կարող էր հավերժ լինել իր ընտանիքի հետ։

Տղան նստած է անկողնում և երգում է, մինչ կողքին գտնվող սեղանի վրա դրված է տաճարի նկարը

Մինչ երգում էր, Լոգանն այլևս չէր լսում, թե ինչպես է շունը հաչում: Նա փակեց աչքերը և շարունակեց երգել։ «Որպես Աստծո զավակ ես գիտեմ՝ ընտանիքը հավերժ է»: Նա իր սրտում խաղաղություն էր զգում, որի շնորհիվ ժպտում էր։ Նա գիտեր, որ այնտեղ հրեշ չկար։

Սենյակը մութ էր ու ահազդու։ Բայց այժմ այն հանգիստ, ապահով վայր էր։ Լոգանը հետ հենվեց բարձին և խաղաղ քուն մտավ։

Երբ նա արթնացավ, դրսում արև էր: Նա վեր կացավ և նայեց տաճարի իր նկարից արտացոլվող արևի ճառագայթներին։ Նա երգում էր իր սիրելի երգը, մինչ պատրաստվում էր եկեղեցի գնալ։

Եկեղեցի գնալու ճանապարհին նա իր ընտանիքին պատմեց իր մղձավանջի և երգի մասին: Հավաքատանը նա լսեց ելույթներ և օրհներգեր երգեց։ Ապա եկավ Երեխաների միություն գնալու ժամը։

Լոգանը սիրում էր լսել դաշնամուրի կատարումը: Եվ հիմա նա գիտեր, որ որոշ երգեր այնքան հզոր են, որ նույնիսկ սարսափազդու հրեշները հեռանում են։

«Բարի գալուստ Երգեցողության ժամ»,- ասաց Երեխաների միության նախագահը: «Ի՞նչ երգ երգենք առաջինը»:

«Ես գիտեմ»,- ասաց Լոգանը՝ ձեռքը բարձր թափահարելով։ «Եկեք երգենք «Կուզեմ տեսնել տաճարը»։

Պատմություն PDF

Նկարները՝ Կարոլինա Ֆարիասի

  • “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95.