2025
Թխվածքաբլիթի հրաշքը
Մարտ 2025


«Թխվածքաբլիթի հրաշքը», Ընկեր, մարտ 2025, 30-31։

Ռահվիրաներ ամեն երկրում

Թխվածքաբլիթի հրաշքը

«Հայր Երկնային, մենք ուտելիք չունենք ընթրիքի համար։ Խնդրում եմ, օգնիր ինձ»:

Իրական պատմություն ԱՄՆ-ից:

Ռահվիրա աղջկա դիմանկարը և չոր թխվածքաբլիթների կույտի նկարը

Սառը քամին ոռնում էր, և ձյունը պտտվում էր ձեռնասայլի շուրջը։ Ջեյնը իր բարակ վերմակը ավելի ամուր փաթաթեց ուսերին: Նրա ոտքերը անզգայացած էին, բայց նա շարունակում էր քայլել։ Նրանք գնում էին Սոլթ Լեյք Սիթի (Յուտա)։

Ջեյնը և նրա ընտանիքը Անգլիայում էին իմացել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին։ Երբ մարգարեն խնդրեց Եկեղեցու անդամներին գալ Յուտա, նրա ընտանիքը խնայեց ամեն մի դրամը, որպեսզի նրանք կարողանային ճամփորդել։ Նրանք նավարկեցին օվկիանոսով։ Այժմ նրանք սայլերով ճամփորդում էին հարթավայրերով։ Նրանք մի քանի ամիս քայլել էին, և ուտելիքը սպառվում էր։

Արցունքներ հոսեցին Ջեյնի այտերով: «Ես այնքան քաղցած եմ»,- ասաց նա իր ավագ եղբորը՝ Թոմասին։ «Ես չեմ կարծում, որ կարող եմ ևս մեկ քայլ կատարել»։

Թոմասը սայլի անիվից կտրեց չամրացված կաշվի մի կտոր։ «Ահա, ծամիր սա»,- ասաց նա։ «Ամեն ինչ լավ կլինի»:

«Շնորհակալություն»,- շշնջաց Ջեյնը, մինչ ծամում էր կոշտ կաշվե կտորը։

Շուտով եկավ ճամբարի գիշերելու ժամանակը։ Տղամարդկանցից ոմանք հեռացան գոմեշ որսալու։ Ջեյնը հույս էր փայփայում, որ նրանք կգտնեն մի քանիսը։ Նրա ստամոքսն այնքան դատարկ էր։ Մինչ սպասում էին, Ջեյնն ու իր ընտանիքը կուչ էին եկել փոքրիկ կրակի շուրջը՝ հոգնած, քաղցած ու սառած։

«Եկեք աղոթենք»,- ասաց Ջեյնը։

Ընտանիքը ծնկի եկավ, և մայրը աղոթեց։ «Հայր Երկնային, մենք ուտելիք չունենք ընթրիքի համար։ Խնդրում եմ, օգնիր մեզ»:

Ջեյնը և նրա եղբայրներն ու քույրերը մի պահ լուռ նստեցին։ Հետո մայրը ավելի ուղիղ նստեց։

«Ի՞նչ է պատահել»,- հարցրեց Թոմասը։

«Ես ուղղակի մի բան հիշեցի»։ Մայրը շտապեց դեպի ձեռնասայլը և բացեց ընտանեկան սնդուկը։ Հետո մի փոքրիկ մետաղյա արկղ հանեց և բացեց։ Ներսում երկու շատ չոր թխվածքաբլիթ կար։ Դրանք մնացել էին ամիսներ առաջ կատարած իրենց օվկիանոսային ճամփորդությունից։

Ջեյնը հուզմունք զգաց իր ներսում։ Նրանք ուտելիք ունեին։ «Մենք կարող ենք դրանք բաժանել ավելի փոքր մասերի, որպեսզի կիսվենք»,- ասաց նա:

Բայց երբ նրանք փորձեցին, շատ դժվար էր նույնիսկ դրանք կիսելը։

«Եկեք այսպես փորձենք»,- ասաց մայրիկը։ Նա թխվածքաբլիթները դրեց հոլանդական ջեռոցում և մի քիչ ջուր լցրեց դրանց վրա: Հետո կափարիչը դրեց և ծանր կաթսան դրեց ածուխների վրա։

Ռահվիրա ընտանիքը հավաքվել է կրակի վրա գտնվող կաթսայի շուրջը

Ջեյնը և նրա ընտանիքը կրկին աղոթեցին։ Նա մտածեց սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսի պատմության մասին, երբ Նա կերակրեց հինգ հազարին միայն մի քանի հացով և ձկով: Նա գիտեր, որ Երկնային Հայրը կարող է նաև իրենց օգնել։

Մի փոքր ժամանակ անց մայրիկը կամաց-կամաց բացեց կաթսան: Այն ամբողջությամբ լցված էր ուտելիքով։ Բավական էր՝ նրանց ողջ ընտանիքը կերակրելու համար։

Ջեյնն ամուր գրկեց մորը։ «Սա հրաշք է»։

Պատմություն PDF

Նկարները՝ Սիմինի Բլոքերի