«Տխրության զգացում», Ընկեր, մարտ 2025, 36-37։
Տխրության զգացում
Ինչո՞ւ չեմ կարող բոլորի նման երջանիկ լինել:
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Սավաննան վերմակով ծածկել է գլուխը։ Այսօր շատ վատ օր էր:
Դասերի ընթացքում Սավաննան այսօր չէր կարողանում կենտրոնանալ ոչ մի բանի վրա: Նա հոգնած էր, հիասթափված ու տխուր։ Նրա ստամոքսում ծանրություն կար, որը չէր անցնում: Օրվա վերջում նա միայն ուզում էր սողոսկել իր գրասեղանի տակ և թաքնվել։
Վերջին շրջանում Սավաննան գրեթե ամբողջ ժամանակ տխուր էր զգում։ Նրա ընկերները փորձում էին ուրախացնել նրան, բայց երբեմն Սավաննան չէր ուզում նրանց կողքին լինել: Նրանք միշտ շատ երջանիկ էին թվում։ Երբեմն նա մտածում էր, որ առանց իրեն նրանք ավելի երջանիկ կլինեն։
Ի՞նչ է պատահել ինձ հետ: Մտածում էր Սավաննան։ Ինչո՞ւ չեմ կարող բոլորի նման երջանիկ լինել:
Նա իրեն սառն ու միայնակ էր զգում, ինչպես մոխրագույն ամպերը դրսում։ Եվ հիմա նա պարզապես ուզում էր քնել:
Սավաննան լսեց, թե ինչպես է իր ննջասենյակի դուռը բացվում։
«Սավաննա,- ասաց մայրիկը, մահճակալի ծայրին նստելով,- ի՞նչ է պատահել»:
«Ոչինչ»,- ասաց Սավաննան։ «Ես պարզապես հոգնած եմ»:
«Համոզվա՞ծ ես»,- հարցրեց մայրիկը։ «Ես անհանգստանում եմ քեզ համար»:
«Ես լավ եմ»,- ասաց Սավաննան:
«Լավ»: Մայրիկը ոտքի ելավ։ «Միայն հիշիր, որ դու կարող ես ինձ հետ խոսել ցանկացած բանի մասին։ Ես սիրում եմ քեզ»։
Սավաննան մինչև ընթրիք մնաց անկողնում: Այդ գիշեր նա չէր կարողանում քնել: Նրա ուղեղը չէր դադարում մտածել ամեն ինչի մասին:
Հաջորդ օրը նա դեռ հոգնած էր։ Դա ևս մեկ երկար օր էր։ Սավաննան դպրոցից տուն եկավ և նստեց խոհանոցի սեղանի մոտ։ Նա հառաչեց ու պատուհանից դուրս նայեց։ Նորից ձյուն էր տեղում։
«Սավաննա՞»։
Սավաննան շրջվեց և զարմացավ՝ տեսնելով, թե ինչպես է տատիկը մտնում սենյակ։
«Բարև, տատիկ,- ասաց Սավաննան,- Ի՞նչ ես անում այստեղ»։
Տատիկը նստեց։ «Մայրիկդ ուզեց, որ ես գամ»,- ասաց նա։ «Նա անհանգստացած է քեզ համար»։
«Ես ուղղակի շատ հոգնած եմ: Ես, այնուամենայնիվ, լավ եմ»,- ասաց Սավաննան:
Տատիկը մեղմ ժպտաց։ «Ես երբևէ պատմե՞լ եմ ամառվա մասին, երբ ես ու պապիկը տեղափոխվեցինք այստեղ»:
«Չեմ կարծում»,- ասաց Սավաննան:
«Ես միշտ տխուր էի»,- ասաց տատիկը։ «Ես ուզում էի երջանիկ լինել, բայց ինձ պարզապես ոչինչ չէր հետաքրքրում։ Ես ինձ շատ միայնակ էի զգում»։
«Բայց պապիկն ու մայրս քո կողքին էին»: Սավաննան հայացքն իջեցրեց և նայեց իր կոշիկներին: «Ինչո՞ւ էիր քեզ միայնակ զգում»։
«Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում»,- ասաց տատիկը: «Նախկինում երբեք նման զգացողություն չէի ունեցել։« »Ի վերջո, ես գնացի բժշկի մոտ»։
«Ի՞նչ էր պատահել»:
Տատիկը փաթաթվեց աղջկան: «Ես հասկացա, որ ճնշված հոգեվիճակում եմ»։
«Օհ, ուրեմն դու ուղղակի տխրությո՞ւն էիր զգում»,- հարցրեց Սավաննան։
«Ոչ, դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրություն զգալը»,- բացատրեց տատիկը։ «Տխրությունս կարծես չէր հեռանում: Ես դժվարանում էի անել այն ամենը, ինչ սովորաբար անում էի։ Եվ ես դժվարանում էի կապ հաստատել ուրիշների, նույնիսկ իմ ընտանիքի հետ։ Ես իսկապես օգնության կարիք ունեի»։
Սավաննան բարձրացրեց հայացքը։ «Ինչպիսի՞ օգնության»։
«Բժիշկը բացատրեց, թե ինչն է սխալ, և մենք միասին ծրագիր կազմեցինք, որպեսզի օգնենք ինձ ավելի լավ զգալ»,- ասաց տատիկը: «Բայց դեռ երբեմն տխրություն էի զգում: Ես շատ ժամանակ էի տրամադրում աղոթելուն։ Երբ ես միայնակ էի, պատկերացնում էի, թե ինչպես է Փրկիչը նստած կողքիս։ Ես ինձ ավելի լավ էի զգում Նրա մասին մտածելիս»:
Սավաննան նայեց ձյան փաթիլներին ու դողդողալով ասաց. «Ես նույնպես շատ եմ տխրում։ Փորձում եմ ինձ երջանիկ զգալ, բայց երբեմն պարզապես չեմ կարողանում, իսկ հետո ինքս ինձ վրա զայրանում եմ, որ այդպես եմ զգում»:
«Գիտեմ, քաղցրիկս»: Տատիկը գրկեց Սավաննային։ «Ես էլ երբեմն այդպես եմ զգում: Բայց դու մենակ չես: Ես սիրում եմ քեզ, ծնողներդ սիրում են քեզ, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են քեզ: Նրանք հասկանում են քո ցավը և երբեք չեն լքի քեզ»:
Երևի տատիկը ճիշտ է,- մտածեց Սավաննան: Ես մենակ չեմ։ Սավաննայի ստամոքսում ծանրությունը կարծես թեթևանում էր։
«Կարծում եմ, մայրիկի հետ պետք է խոսեմ»,- ասաց Սավաննան: «Նա նույնպես ուզում է օգնել ինձ»։
«Շատ լավ միտք է»։ Տատիկը վերցրեց Սավաննայի ձեռքը:
Սավաննան ժպտաց ու հենվեց տատիկի ուսին։ Նա այլևս իրեն այնքան սառը ու միայնակ չէր զգում:
Նկարները՝ Մարինա Փեսարոդոնայի