«Սուրբ Զատիկի ներկայացում», Ընկեր, մարտ 2026, 16-23։
Սուրբ Զատիկի ներկայացում
Դուք կարող եք այս ծրագիրը կազմակերպել ձեր ընտանիքի և ընկերների հետ՝ Սուրբ Զատիկի պատմությունը պատմելու համար։ Դուք կարող եք նույնիսկ հագնվել այնպես, ինչպես մարդիկ հագնվում էին Երուսաղեմում Փրկչի օրոք։
Ծրագիրը բեմադրելիս պատկերացրեք, թե դուք այնտեղ եք՝ Հիսուսի հետ։ Ի՞նչ զգացողություն կունենայիք։ Ներկայացումից հետո խոսեք ձեր սովորածի և զգացածի մասին։
Տեսարան 1
Ծաղկազարդի կիրակի
Աշակերտները շարք են կազմում և արահետ պատրաստում նկարը ցուցադրողի համար և թափահարում են իրենց արմավենու տերևները։
Հեղինակ․ Մահվանից առաջ՝ կիրակի օրը, Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ եկավ ավանակի վրա նստած։ «Եվ երբ նա արդեն … մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր»։
Նկարը բռնողը քայլում է արահետով՝ ցուցադրելով նկար 1-ը (Հիսուս Քրիստոսը՝ ավանակի վրա նստած)։ Աշակերտները մի քանի անգամ գոչում են «Օվսաննա՜», մինչ թափահարում են իրենց արմավենու տերևները։
Աշակերտ 1․ «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը․ խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։
Հեղինակ․ «Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։
Աշակերտ 2․ «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։
Բոլորը երգում են «Beautiful Savior» երգի երրորդ տունը (Children’s Songbook, 62-63)։
Տեսարան 2
Խորհրդավոր ընթրիքը
Հեղինակ․ Հինգշաբթի օրը Հիսուս Քրիստոսը հավաքեց Իր աշակերտներին և նրանց տվեց հաղորդությունը։
Նկարը բռնողը ցուցադրում է նկար 2-ը (Հիսուսը՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ)։ Աշակերտները նստում են կողք կողքի և նայում Հիսուսի նկարին։
Հեղինակ․ «Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։
Աշակերտներից մեկը ակնածանքով բարձրացնում է հացը։
Հեղինակ․ «Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար»։
Աշակերտներից մեկը ակնածանքով բարձրացնում է բաժակը։
Հեղինակ․ Հիսուսը նրանց նաև մի կարևոր բան սովորեցրեց։ Նա ասաց. «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի։ … Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Բոլորը երգում են «Love One Another» երգը (Children’s Songbook, 136)։
Տեսարան 3
Գեթսեմանիի պարտեզը
Հեղինակ․ «Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»»։
Աշակերտները միասին նստում են բեմահարթակի մի կողմում։ Նկարը բռնողը կանգնում է բեմահարթակի մյուս կողմում՝ ցուցադրելով նկար 3-ը (Հիսուսը աղոթում է այգում)։
Հեղինակ․ «Եվ [Հիսուսը] մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»»։
Աշակերտները պառկում են հատակին և քնած ձևանում:
Հեղինակ․ Մինչ Փրկիչը աղոթում էր, Նրա աշակերտները քնեցին։ Հիսուսը միայնակ տառապեց պարտեզում։ Նա զգաց մեր բոլոր ցավերն ու տխրությունները, որպեսզի կարողանար հասկանալ և օգնել մեզ։ Նա տառապեց՝ մեր մեղքերի գինը վճարելու համար։
Բոլորը երգում են «Gethsemane» երգը (Hymns—For Home and Church, no. 1009)։
Տեսարան 4
Խաչը
Հեղինակ․ Երբ Հիսուսն ավարտեց աղոթքը, զինվորները տարան Նրան և կապեցին։ Չնայած Նա ոչ մի վատ բան չէր արել, առաջնորդները որոշեցին մահվան դատապարտել Նրան։
Նկարը բռնողը ցուցադրում է նկար 4-ը (Փրկիչը խաչի վրա)։ Աշակերտները ծնկի են իջնում և նայում նկարին։
Հեղինակ․ Մինչ խաչի վրա էր, Հիսուսն ասաց․ «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Նույնիսկ Իր մեծ ցավի մեջ Նա սիրո և ներման կատարյալ օրինակ էր։
Բոլորը երգում են «There Is a Green Hill Far Away» երգը (Hymns, no. 194)։
Տեսարան 5
Գերեզմանը
Հեղինակ․ Հիսուս Քրիստոսի մահից հետո Նրա մարմինը երեք օր մնաց գերեզմանում։ Երրորդ օրը Մարիամ Մագդաղենացին և այլ կանայք այցելեցին գերեզմանը։ «Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ … Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան»։
Մարիամը և կանայք տխուր քայլում են բեմի վրա և շփոթված իրենց շուրջը նայում։
Հեղինակ․ Երկու հրեշտակ են հայտնվում և խոսում կանանց հետ։
Հրեշտակ 1-ը և Հրեշտակ 2-ը բեմահարթակում կանգնում են Մարիամի կողքին։
Հրեշտակ 1․ «Մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում»։
Հրեշտակ 2․ «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ»։
Հեղինակ․ «Եվ նրանք փութով … դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին [մյուս] աշակերտներին պատմելու»։
Մարիամը և կանայք ուրախությամբ վազում են բեմից՝ բարի լուրով բոլորի հետ կիսվելու համար։
Մարիամ․ Նա հարություն է առել։ Հիսուս Քրիստոսն ապրում է։
Նկարը բռնողը ցուցադրում է նկար 5-ը (հարություն առած Քրիստոսը)։ Բոլորը վերադառնում են բեմահարթակ։
Հեղինակ․ Մեր Փրկիչը հարություն առավ Սուրբ Զատիկի առավոտյան։ Նրա շնորհիվ ամեն ինչ փոխվեց։ Մենք կարող ենք ունենալ հույս, խաղաղություն և երջանկություն։ Քանի որ Նա ապրում է, Նա մեզ հետ է այսօր և միշտ։
Բոլորը երգում են «Jesus Has Risen» երգը (Ընկեր, ապրիլ 2025, 18-19)։
Նկարները՝ Ռոզին Հահեսիի։ Գեղանկարները՝ Դեն Բարրի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։