«Միայի Ավագ Շաբաթը», Ընկեր, մարտ 2026, 12-13:
Միայի Ավագ Շաբաթը
Ամեն օրը օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին։
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Մենք սկսեցինք պատրաստվել Սուրբ Զատիկին մեկ շաբաթ շուտ։ Հայրիկն ասաց, որ Սուրբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ։ Մայրիկն ասաց, որ ամեն օր խոհանոցի սեղանին մի փոքրիկ անակնկալ կլինի։ Դրանցից յուրաքանչյուրը կօգնի մեզ հիշել Հիսուս Քրիստոսին։ Ես այդ ամենի մասին գրելու եմ այստեղ՝ իմ օրագրում։
Առաջին օրը մենք գտանք թղթե տերևներ։
Մայրիկն ու հայրիկը կարդացին Ծաղկազարդի պատմությունը սուրբ գրություններում։ Երբ Հիսուս Քրիստոսը գնաց Երուսաղեմ, մարդիկ արմավենու ճյուղեր թափահարեցին և բացականչեցին՝ «Ովսաննա»։
Քույրս՝ Լյուսին, ձեռքին պահել էր Հիսուսի նկարը՝ ավանակի վրա նստած։ Մնացածներս թափահարում էինք մեր թղթե ճյուղերը։ Ես ուրախություն զգացի՝ պատկերացնելով, որ ողջունում եմ Հիսուսին։
Երկրորդ օրը մենք գտանք աղբի տոպրակ։
Հիսուսը նեղվել էր, որ մարդիկ տաճարում իրեր էին վաճառում, և Նա դուրս էր շպրտում դրանք։ Մենք աղբը հավաքեցինք եկեղեցու շուրջը գտնվող թփերից։ Ուրախ եմ, որ կարողացանք օգտակար լինել և մաքրել Աստծո տան բակը։
Երրորդ օրը մենք կավ գտանք։
Մայրիկը կարդաց Հիսուս Քրիստոսի պատմած պատմությունները մարդկանց։ Մենք լսում էինք և կավից պատրաստում բաներ, որոնց մասին պատմվում էր պատմություններում։ Լյուսին ոչխար պատրաստեց, որովհետև Հիսուսը Բարի Հովիվն է։ Ես յուղի փոքրիկ լամպ պատրաստեցի։ Դա օգնեց ինձ հիշել, որ սիրտս լի լինի հավատքով։
Չորրորդ օրը մենք դարչին գտանք։
Հայրիկը մեզ պատմեց, թե ինչպես Մարիամը Հիսուս Քրիստոսին հատուկ յուղ տվեց Նրա ոտքերի համար։ Ամբողջ տունը լցվեց դրա բույրով։
Մենք այդ հատուկ յուղը չունեինք։ Դրա փոխարեն մենք դարչին օգտագործեցինք քաղցրավենիք պատրաստելու համար։ Մայրիկն ասաց, որ երբ քաղցրավենիքը թխելիս դարչինի հոտը զգանք, մտածենք, թե ինչ կարող ենք տալ Հիսուսին։
Հինգերորդ օրը մենք մոմեր գտանք։
Մենք մոմերը վառեցինք և երգ երգեցինք, ինչպես Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները երգեցին Վերջին ընթրիքի ժամանակ։ Մենք պիտա հաց կերանք և խաղողի հյութ խմեցինք՝ առաջին հաղորդությունը հիշելու համար։ Մենք նաև նուռ ունեինք՝ Հիսուսի արյան և ձիթապտուղներ՝ Գեթսեմանի այգու մասին հիշելու համար։
Մինչ մենք ուտում էինք, դրսում որոտ լսվեց։ Ես ինձ ապահով և երախտապարտ զգացի՝ գիտենալով, որ Հիսուսն արդեն դիմակայել է ամենամռայլ փոթորկին։
Վեցերորդ օրը մենք ծաղկաման գտանք։
Մենք կարդացինք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը մահացավ մեզ համար։ Ապա մենք դատարկ ծաղկամանը տարանք այգի և կողաշրջված դրեցինք՝ ինչպես դամբարան։ Մենք հող ու քարեր լցրեցինք դրա շուրջը, բայց բաց մասը չփակեցինք։ Մայրիկը մեզ մի պատկեր տվեց, որը խորհրդանշում էր Հիսուսի մարմինը։ Մենք այն ակնածալից կերպով փաթաթեցինք սպիտակ կտորի մեջ և դրեցինք ծաղկամանի մեջ։
Չնայած դա ընդամենը ծաղկաման էր, ես տխուր էի, երբ դուռը քարով ծածկեցի։
Յոթերորդ օրը մենք գտանք մի թուղթ, որի վրա տպված էին մեր նախնիների անունները։
Մայրիկն ասաց, որ Հիսուս Քրիստոսի մահից հետո Նա միսիոներական աշխատանք կազմակերպեց հոգևոր աշխարհում։ Այդպիսով, մարդիկ, ովքեր չէին իմացել Նրա ավետարանի մասին երկրի վրա, կարող էին իմանալ Նրա մասին։ Տաճարներում մենք կարող ենք մկրտվել այն մարդկանց համար, ովքեր չէին մկրտվել իրենց մահից առաջ։
Ես և Լյուսին դեռ բավականաչափ մեծ չենք տաճար մտնելու համար, բայց մենք օգնեցինք կտրել տպված անվանաքարտերը։ Մայրիկն ու հայրիկը հերթով տաճարային աշխատանք էին կատարում քարտերի վրա նշված մարդկանց համար և մեզ հետ զբոսնում էին տարածքում։ Նույնիսկ դրսից տաճարը դրախտային տեսք ուներ։
Սուրբ Զատիկի օրը մենք գտանք դատարկ գերեզմանը։
Սուրբ Զատիկի առավոտյան ծաղկամանի առջևի քարը չկար, իսկ կտորը դատարկ էր։ Կար մի քարտ, որի վրա գրված էր՝ Նա հարություն է առել։
Ես արդեն գիտեի, որ Հիսուս Քրիստոսն է Սուրբ Զատիկի առիթը։ Ավագ Շաբաթը նշելուց հետո ես զգում եմ, որ Նրան մի փոքր ավելի լավ եմ ճանաչում։
Նկարները՝ Մելիսսա Կաշիվագիի։ Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։