«Գնահատեք ձեր գիտելիքները 8. Եսայի–Երեմիա 20», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 8. Եսայի–Երեմիա 20», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Դաս 133
Գնահատեք ձեր գիտելիքները 8
Եսայի–Երեմիա 20
Մեր հոգևոր զարգացման մասին խորհելը և այն գնահատելը օգնում է մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների մասին, և այն մասին, թե ինչ աճ են ունեցել վերջին շրջանում՝ Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողի նախապատրաստում. դասի ընթացքում ուսանողներին տրամադրեք երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձը: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես է այդ ուղերձը վերաբերում այս տարի սեմինարիայում ուսանելու ընթացքում իրենց հոգևոր առաջընթացին: Խրախուսեք նրանց գնահատել իրենց ջանքերը՝ վերանայելով օրագրի գրառումները, իրենց նշած սուրբ գրությունները և կատարած նշումները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց հոգևոր առաջընթացը Հին Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Ձեր դասարանը գուցե կենտրոնացել է ոչ թե այս դասում գնահատվող արդյունքների, այլ ուրիշ արդյունքների վրա։ Եթե այդպես է, հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու այն, ինչ ուսանողները սովորել են սեմինարիայի վերջին դասերի ընթացքում: Կարող եք նաև օգտագործել «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի վարժությունները` կյանքին նախապատրաստվելու դասերի կատեգորիաների համար, որոնց ուսուցումն ավարտել եք: Գաղափարները ներկայացված են այս ձեռնարկի հավելվածում:
Այս դասում ուսանողները կգնահատեն իրենց առաջընթացը հետևյալ հմտություններից մի քանիսում կամ բոլորում.
-
Բացատրել Հիսուս Քրիստոսի տիտղոսները և դերերը (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 113․ «Եսայու գրքի ներածությունը» դասի վրա, սակայն կարող են նաև կիրառվել այլ դասեր):
-
Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքը հաղթահարելու ավելի մեծ ցանկություն զգալ (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 114․ «Եսայի 1»-ի վրա, սակայն կարող են կիրառվել նաև Դաս 103. «Սաղմոս 24»-ը և Դաս 124. «Եսայի 53»-ը):
Գնահատել մեր հոգևոր աճն ու առաջընթացը
Կարող եք դասը սկսել՝ կիսվելով «Մեկ տոկոսով ավելի լավ» տեսահոլովակով, 0:00-2:11, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Որպես այլընտրանք, կարող եք կարդալ ստորև բերված ամփոփումը կամ պատմել այն ձեր բառերով:
Ստորև ամփոփ ներկայացված է մի պատմություն, որով կիսվել է Յոթանասունից երեց Մայքլ Ա. Դանը։
Ավելի քան հարյուր տարի Մեծ Բրիտանիայի հեծանվավազքի հավաքականները դառնում էին աշխարհի հեծանվասպորտի «ծաղրի առարկան»։ Սակայն, 2003 թվականին դա փոխվեց: Նոր մարզիչը՝ սըր Դեյվ Բրեյլսֆորդը, կիրառեց բարելավումների նոր մոտեցում: Կտրուկ, մեկ գիշերվա ընթացքում փոփոխություն կատարելու վրա կենտրոնանալու փոխարեն, սըր Բրեյլսֆորդը հավատարիմ էր այն ռազմավարությանը, որը նա անվանում էր «փոքր ձեռքբերումների համախմբում»: Այսինքն՝ նա իր հեծանվորդներին խրախուսում էր փոքր բարելավումներ անել բոլոր ոլորտներում։
Նա ասել է. «Ամբողջ սկզբունքը ծագեց այն մտքից, որ եթե մենք զատենք այն ամենը, ինչը վերաբերում է հեծանիվ վարելուն, այնուհետև կատարելագործենք այն 1 տոկոսով, ապա էական աճ կստանանք, երբ դրանք բոլորը համախմբենք» (տես «Մեկ տոկոսով ավելի լավ», Լիահոնա, նոյ․ 2021, 106)։
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը կիրառվել մեր հոգևոր առաջընթացի համար, երբ մենք աշխատում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ:
Քննարկման ընթացքում կարող եք կիսվել երեց Բեդնարի հետևյալ խոսքերով։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Փոքր, հաստատուն, առանձին հոգևոր բարելավումներն այն քայլերն են, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք: Մահկանացու կյանքում և գալիք կյանքում մեր առաջնային նպատակներից մեկն է՝ պատրաստվել անմեղ քայլելու Աստծո առաջ: Դրան չեն հասնում կտրուկ, ոչ կանոնավոր հոգևոր գործողությունների արդյունքում։ («Մաքուր ձեռքեր և անարատ սիրտ», Լիահոնա, նոյ․ 2007, 82)
Ուսանողների հետ կիսվեք, որ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերի նպատակ այն է, որ նրանք դադար առնեն և հրավիրեն Սուրբ Հոգուն՝ օգնելու իրենց հասկանալ, թե ինչպես են սովորում և աճում:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել պատասխանելու հաջորդ հարցերին, կարող եք վստահեցնել նրանց, որ Հոգու ձայնը ճանաչելը հեշտ չէ և պահանջում է ժամանակ և փորձ: Կարող եք հիշեցնել նրանց Սամուելի (տես Ա Թագավորների 3․2–10) կամ Եղիայի (տես Գ Թագավորների 19․11–12) պատմությունը։
Որոշ ժամանակ տրամադրեք՝ մտածելու այն մասին, թե ինչ եք վերջերս սովորել Հին Կտակարանի ուսումնասիրության ժամանակ: Կարող եք վերանայել այն սուրբ գրությունները, որոնք կարդացել եք և այն մտքերը, որոնք գրանցել եք ձեր նշումներում կամ ուսումնասիրության օրագրում:
-
Ի՞նչ ջանքեր եք գործադրել վերջերս Սուրբ Հոգուց տպավորություններ ստանալու և դրանք ճանաչելու համար:
-
Ի՞նչ հոգևոր տպավորություններ եք ստացել Սուրբ Հոգուց վերջերս: Ինչպե՞ս եք գործել դրանց հիման վրա:
-
Որո՞նք են այն փոքր հոգևոր բարելավումները, որոնք դուք կատարել եք Հիսուս Քրիստոսի ձեր աշակերտության մեջ:
-
Որո՞նք են այն ոլորտները, որոնցում դուք դեռ պետք է հոգևոր փոքր բարելավումներ անեք:
Վերը նշված հարցերը ինքնագնահատման օրինակներ են։ Երբ ուսանողները վերլուծում են իրենց փորձառությունները և մտքերը, նրանք կարող են իրենց ուսումը կապել իրենց կյանքի և իրական իրավիճակների հետ: (Վարդապետության, ճշմարտության և սկզբունքի մասին ինքնագնահատում ստեղծելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։)
Այն ուսանողներին, որոնք չեն զգում, որ հոգևոր բարելավումներ են կատարել, խրախուսեք հիշել, որ Տերը կօգնի իրենց: Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը սիրում է նրանց և հրավիրում է նրանց լինել համբերատար և շարունակել փորձել:
Բացատրել Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը
Դաս 113․ «Եսայու գրքի ներածությունը» դասի ընթացքում ուսանողները, հավանաբար, ստեղծել են գծապատկեր Հիսուս Քրիստոսի տիտղոսների և դերերի վերաբերյալ: Եթե ձեր ուսանողները դա արել են, կարող եք առաջարկել նրանց վերանայել իրենց գծապատկերը և ավելացնել լրացուցիչ տիտղոսներ, որոնց մասին վերջերս իմացել են: Այնուհետև կարող եք նրանց առաջարկել քննարկել ստորև բերված գծապատկերին հետևող հարցերը:
Եթե ձեր ուսանողները չեն կատարել այս վարժությունը, կարող եք ցուցադրել ստորև ներկայացված գծապատկերը: Առաջարկեք նրանց արտագրել այն իրենց ուսումնական օրագրերում և տվեք հետևյալ ցուցումները: Ժամանակ տվեք նրանց՝ գտնելու լրացուցիչ տիտղոսներ, որոնք վերջերս են ուսումնասիրել սուրբ գրություններում:
Կենտրոնական օղակի մեջ գրեք «Հիսուս Քրիստոս»: Կարդացեք Եսայի 7․14, 9․6–7 հատվածները և մյուս օղակներում գրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը, որոնք դուք գտնում եք։
-
Ուրիշ ի՞նչ տիտղոսներ եք գտել վերջերս։ Ավելացրեք դրանք ձեր գծապատկերում:
Առավելագույնս արդյունավետ կլինի ցուցադրել այս հարցերը, որպեսզի ուսանողներն ինքնուրույն պատասխանեն դրանց: Այնուհետև ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց մտքերով փոքր խմբերում կամ դասարանի հետ:
-
Այս տիտղոսների կամ դերերի մասին իմանալուց հետո Հիսուսի մասին այդ կերպ մտածելն ինչպե՞ս է ազդել ձեզ վրա:
-
Ձեր կյանքի ո՞ր հանգամանքներում կարող է օգտակար լինել Հիսուս Քրիստոսի այս տիտղոսներից մեկը հիշելը:
-
Ի՞նչ կարող եք անել այսօր, քանի որ գիտեք դա Հիսուս Քրիստոսի մասին:
Կարող եք նաև ուսանողների հետ կիսվել Հիսուս Քրիստոսի ձեր սիրելի տիտղոսներից կամ դերերից մեկով: Ասացեք նրանց, թե ինչու Նրա այդ տիտղոսը կամ դերը հատուկ նշանակություն ունի ձեզ համար: Այլ տիտղոսներ և դերեր իմանալու համար կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ The Names of Christ նյութը, որը հասանելի է (churchofjesuschrist.org) կայքում։
Զգալ ավելի մեծ ցանկություն՝ հաղթահարելու մեղքը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով
Կարող եք ցուցադրել հետևյալ նկարները, որոնք ուսանողները, հավանաբար, տեսնել են Եսայի 1 գլուխն ուսումնասիրելիս: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են իրենց ուսուցանում այս նկարները ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Եթե անհրաժեշտ լինի, առաջարկեք ուսանողներին որպես հիշեցում վերանայել Եսայի 1․18 հատվածը։
Ուսանողների կիսվելուց հետո կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը Դաս 114. «Եսայի 1»-ից:
Եթե մենք անկեղծորեն ապաշխարենք, Հիսուս Քրիստոսը կմաքրի մեզ մեր մեղքերից:
Այնուհետև ցուցադրեք կամ կարդացեք հետևյալ պարբերությունը և առաջարկեք ուսանողներին կատարել վարժությունը:
Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը կարծում է, թե Տերը չի ներում իրեն։ Նամակ գրեք այդ ընկերոջը՝ կիսվելով, թե ինչ եք սովորել կամ զգացել Փրկչի և ապաշխարության վերաբերյալ: Օգտագործեք այն սուրբ գրությունները, որոնք վերջերս եք ուսումնասիրել: Օրինակները կարող են ներառել Եսայի 1.18, Եսայի 53․3–5 և Երեմիա 3․12–15։
Կարող եք խրախուսել ուսանողներին վերանայել այս հատվածների վերաբերյալ իրենց նշումները և իրենց նամակում ներառել որոշակի բաներ իրենց սովորածից: Նրանք կարող են նաև մտածել, թե ինչ են սովորել կամ զգացել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ խորհելով մեզ ներելու Փրկչի կարողության և պատրաստակամության մասին, եթե մենք ապաշխարենք: