«Երեմիա 2–3. «Հե՛տ դարձիր … որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Երեմիա 2–3. «Հե՛տ դարձիր … որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երեմիա 1–3, 7, 16–18, 20․ Դաս 131
Երեմիա 2–3
«Հե՛տ դարձիր … որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը»
Ինչպես այսօր, այնպես էլ Երեմիայի ժամանակներում աշխարհիկ ազդեցությունն ուժեղ էր։ Տիրոջ ժողովրդից շատերը հեռացել էին Նրա ուսմունքներից և շուտով պետք է պարտություն կրեին իրենց թշնամիների կողմից: Չնայած նրանց ամբարշտությանը, Երեմիան ուղարկվեց ուսուցանելու, որ Աստված դեռ հրավիրում է նրանց դառնալ դեպի Իրեն և բժշկվել: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել ողորմածության և բժշկության համար Փրկչին դիմելու իրենց ցանկությունը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գտնել սուրբ գրություն, որն ուսուցանում է ապաշխարության օրհնությունների մասին: Նրանք կարող են կիսվել, թե ինչու են այդ օրհնություններն իմաստալից իրենց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ջրամբարներ, որտեղ ջուր չկա
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Երեմիայի ժամանակներում ապրող մարդկանց վիճակը, բացատրեք, որ Տերը հաճախ օգնում է մեզ տեսնել հոգևոր ճշմարտությունները՝ համեմատելով դրանք մեզ ծանոթ բաների հետ:
Կարող եք դասարան բերել մի սափոր ջուր, ավազան կամ մեծ գավաթ և մի բաժակ, որի հատակին մի քանի փոքր անցք կա:
Բարձրացրեք ջրի սափորը, երբ ուսանողները կարդում են հետևյալ հատվածը:
Կարդացեք Երեմիա 2․13 հատվածները՝ փնտրելով ջուրը խորհրդանշող Փրկչի տիտղոսը: («Ջրամբարը» գետնի տակ գտնվող տարածք է, որը ստեղծվել է ջուր պահելու համար։)
-
Ի՞նչ կարող է մեզ ուսուցանել «կենդանի ջրերի աղբյուր (կամ աղբյուր)» տիտղոսը Հիսուս Քրիստոսի մասին:
Ուսանողները կարող են կիսվել հետևյալով, օրինակ՝ Հիսուսը մաքրման և հոգևոր համալրման շարունակական աղբյուր է:
Ուսանողներից մեկին առաջարկեք գավաթը պահել ավազանի վրա (որպեսզի ջուրը չթափվի) և սափորից մի քիչ ջուր լցնել բաժակի մեջ: Ուսանողների համար կարող է օգտակար լինել հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը տալուց առաջ կրկին կարդալ հատված 13-ը:
-
Հատվածում ներկայացված ի՞նչը կարող է խորհրդանշել ջուրը բաժակի մեջ լցնելը:
-
Բաժակի անցքերն ի՞նչ կարող են մեզ ուսուցանել Երեմիայի ժամանակներում ապրող մարդկանց հոգևոր վիճակի մասին։
Կիսվեք ուսանողների հետ այն մասին, որ Երեմիայի ժամանակների մարդիկ իրենց կյանքում նպատակ սահմանելու և ուժ ստանալու համար Տիրոջը դիմելու փոխարեն դիմում էին աշխարհիկ բաներին, օրինակ՝ կեղծ աստվածներին:
Մի պահ խորհեք այն բանի շուրջ, թե որքան նպատակամղված եք դառնում Հիսուս Քրիստոսին դիմելիս՝ ձեր կյանքում նպատակ սահմանելու և ուժ ստանալու համար: Այսօրվա ուսումնասիրության ընթացքում բաց եղեք Սուրբ Հոգուց եկող տպավորությունների կամ զգացմունքների համար՝ օրհնությունների և բժշկության այլ աղբյուրների փոխարեն Փրկչին դիմելու հետ կապված:
Երբ հեռու ենք զգում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սցենարի բովանդակությունը, ցուցադրեք նկարում պատկերված երիտասարդին: Ուսանողներին առաջարկեք նրան անուն տալ և մի քանի մանրամաս մտածել նրա մասին:
Պատկերացրեք, որ ձեր սեմինարիայի դասարանում կա մի երիտասարդ, որը կարծում է, որ իր կյանքը նման է դատարկ ջրամբարի՝ անցյալում կատարած վատ ընտրությունների պատճառով: Նա իրեն հեռու է զգում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից և հույս չունի, որ որևէ բան կփոխվի դեպի լավը։
Կարդացեք Երեմիա 3․12–15, 22 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի նկարագրությունները, որոնց մասին իմանալն օգտակար կլիներ այդ երիտասարդի համար: (Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածներում «հետ դառնալը» նշանակում է անհավատություն կամ անկայունություն ցուցաբերել:)
Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ արտահայտությունը։ Ուսանողներին առաջարկեք կիսվել արտահայտությունն ավարտելու եղանակներով՝ օգտագործելով հատվածների բառերը կամ արտահայտությունները:
Նրանց համար, ովքեր ապաշխարում են և դառնում դեպի Տերը, Նա …
Պատասխանները կարող են ներառել հետևյալ արտահայտությունները․ «որովհետև ես ողորմած եմ», «իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի», (հատված 12), «պիտի առնեմ և բերեմ Սիոն», (հատված 14), «ձեզ հովիվներ (առաջնորդներ) կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ» (հատված 15), «ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ» (հատված 22) և այլն։
Օգտակար կլինի որոշ ժամանակ տրամադրել՝ քննարկելու այս հատվածներից որևէ արտահայտություն, որի վերաբերյալ ուսանողները հարցեր ունեն: Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել մեկ կամ երկու արտահայտություն, որոնք, ըստ իրենց, օգտակար կլինեն, որ սցենարի երիտասարդը հասկանա Հիսուս Քրիստոսի մասին: Ուսանողներն ավելի ուշ հնարավորություն կունենան կիսվել իրենց ընտրածով:
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ողորմածությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը Տիրոջ ցանկության հանդեպ՝ օրհնելու և բժշկելու նրանց, ովքեր դառնում են դեպի Նա, կարող եք կիսվել հետևյալ ուղերձով.
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է հետևյալը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկության մասին՝ բժշկելու նրանց, ովքեր ապաշխարում են.
Մեզանից ո՞վ չի հեռացել սրբության արահետից, հիմարաբար կարծելով, թե կարող է գտնել ավելի շատ երջանկություն՝ գնալով իր անձնական եսակենտրոն ուղիով:
Մեզանից ո՞վ չի եղել խոնարհված, վշտաբեկ ու հուսահատ, և ունեցել ներման ու ողորմության կարիք:
Գուցե ոմանք նույնիսկ մտածել են. «Մի՞թե ընդհանրապես հնարավոր է վերադառնալ: Արդյոք ես ընդմիշտ պիտակավորվա՞ծ կլինեմ, կմերժվե՞մ, և ինձնից կխուսափե՞ն իմ նախկին ընկերները: Ավելի լավ չէ՞ պարզապես կորած մնալ: Ինչպե՞ս կարձագանքի Աստված, եթե փորձեմ վերադառնալ»։ …
Մեր Երկնային Հայրը՝ սիրտը սիրով ու կարեկցանքով լի, կվազի մեզ ընդառաջ: …
Ես վկայում եմ, որ այն պահին, երբ դուք որոշեք վերադառնալ և քայլել մեր Փրկչի ու Քավիչի ճանապարհով, Նրա զորությունը կմտնի ձեր կյանք, և դուք կվերափոխվեք։ («Անառակը և ճամփան, որ տուն է տանում», Լիահոնա, նոյ. 2023, 88)
Ձեր օրագրում գրեք այն պատկերացումները, որոնք ձեռք եք բերել այս ուղերձից, որը կարող է օրհնել սցենարի երիտասարդին: Դուք հնարավորություն կունենաք կիսվել դրանցով ավելի ուշ:
Եթե չեք օգտագործել «The Savior Wants to Forgive» տեսանյութը դաս 77-ում՝ «Բ Թագավորների 11–12», կարող եք ցուցադրել այն այստեղ՝ որպես Տիրոջ սիրո և ցանկության օրինակ՝ օրհնելու և բժշկելու բոլոր նրանց, ովքեր դառնում են դեպի Նա։
Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել Յոթանասունից երեց Ք. Սքոթ Գրոուի «Քավության հրաշքը» տեսանյութը 0:20-2:12 (Լիահոնա, մայիս, 2011, 108)։
Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով պատասխանել հետևյալ հարցերին:
-
Ի՞նչ նկատեցիք այդ մարդու կյանքում, որը կարելի է համեմատել դասի սկզբում ներկայացված անցքերով բաժակի և ջրի սափորի հետ:
-
Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այդ մարդու կյանքից։
Ուսանողները կարող են իրենց օրագրերում ավելացնել ցանկացած միտք, որն, ըստ իրենց, օգտակար կլինի սցենարի երիտասարդի համար:
Եզրափակում
Հետևյալ վարժությունը լավ հնարավորություն է ուսանողների համար՝ զգալու, որ Սուրբ Հոգին վկայում է իրենց ասածի և այլ ուսանողների ասածը լսելու մասին:
Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները։ (Ստորև բերված առաջին կետն ուսանողներին հնարավորություն է տալիս կիսվել, թե իրենք ինչ են արել՝ դասին պատրաստվելու համար:)
Պատրաստ եղեք կիսվելու, թե ինչ կասեիք այդ երիտասարդին՝ վերհիշելով այն, ինչ գրել եք ձեր օրագրում: Կարող եք ներառել նաև հետևյալը.
Որևէ հատված այլ սուրբ գրությունից կամ սուրբգրային պատմությունից, որը ցույց է տալիս ապաշխարության օրհնությունները (կարող եք փնտրել ապաշխարություն հոդվածը Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում։)
Ձեր զգացմունքները Փրկչի սիրո և ցանկության վերաբերյալ՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դառնում են դեպի Նա
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան պատրաստվելու համար, առաջարկեք նրանց կիսվել իրենց մտքերով զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով:
Երբ ուսանողները հնարավորություն ունենան կիսվել, կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով մի քանի պատրաստակամ ուսանողի կիսվել հետևյալ հարցի իրենց պատասխաններով:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կարող է ազդել ձեր ցանկության վրա՝ դառնալու դեպի Փրկիչը՝ Նրա ողորմածության և բժշկության համար: