«Սաղմոսներ 24․ «Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Սաղմոսներ 24․«Ո ՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ Դաս 103
Սաղմոսներ 24
«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը»:
Տաճարները սուրբ տեղեր են, որոնք մաքուր և անարատ են: Դրանք կարող են օգնել մեզ պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր փորձառությունը Տիրոջ ներկայության մեջ: Սաղմոսներ 24-ում Դավիթ թագավորն առաջարկում է մեզ լինել հոգեպես մաքուր և անարատ, որպեսզի մի օր կարողանանք մտնել Տիրոջ տաճար և Նրա ներկայություն: Այս դասը կօգնի ուսանողներին պատրաստվել արժանիորեն մտնելու տաճար և ի վերջո ապրելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույցի հարցերը՝ մտածելով տաճար այցելելու իրենց հոգևոր պատրաստվածության մասին: Այդ հարցերը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկում [2022]։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կեղտո՞տ, թե մաքուր
Որպեսզի պատրաստեք ուսանողներին ուսումնասիրել Սաղմոսներ 24-ը, կարող եք ցուցադրել ցեխոտ դեռահասի նկարը:
Կարող եք նաև տարայի մեջ ցեխ բերել և ուսանողներից մի քանիսին առաջարկել ձեռքերը դնել ցեխի մեջ: Ապա հարմարեցրեք ստորև ներկայացված հարցը՝ ուսանողներին հարցնելով, թե ինչ են իրենք զգում:
-
Ե՞րբ եք վերջին անգամ շատ ցեխոտ կամ կեղտոտ եղել: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:
Կարող եք ցուցադրել տաճարի ներքին հարդարանքի նկարը:
Եթե ձեր ուսանողները տաճարում չեն եղել, հարմարեցրեք հետևյալ հարցը, որպեսզի հարցնեք, թե իրենց պատկերացմամբ ինչ զգացողություն կունենան տաճարում:
-
Ի՞նչ եք զգում տաճար մտնելիս:
Կարող եք ցուցադրել ցեխոտ դեռահասի նկարը տաճարի նկարի կողքին:
-
Ի՞նչ կզգայիք, եթե շատ ցեխոտ վիճակում հայտնվեիք տաճարի ներսում: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ հոգևոր դասեր կարող ենք սովորել այս փորձառությունից:
Խորհեք, թե ինչ զգացողություն կունենայիք, եթե կանգնած լինեիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ՝ հոգևորապես ցեխոտ կամ կեղտոտ: Ապա խորհեք, թե ինչ կզգայիք, եթե կանգնած լինեիք Նրանց ներկայության մեջ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով անբիծ դառնալուց հետո:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որքա՞ն կարևոր է ձեզ համար տաճարին արժանի լինելը: Ինչո՞ւ։
-
Որքա՞ն կարևոր է ձեզ համար երբևիցե ապրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ինչո՞ւ։
Առաջնորդություն փնտրեք Սուրբ Հոգուց՝ օգնելու ձեզ իմանալ, թե ինչ է Տերը կամենում, որ դուք անեք, որպեսզի արժանիորեն երկրպագեք Նրան տաճարում և մի օր մտնեք Նրա և Երկնային Հոր ներկայություն:
«Տիրոջ լեռը»
Որպեսզի սկսեք ուսումնասիրել Սաղմոսներ 24-ը, կարող եք գրատախտակին նկարել լեռան պարզ պատկեր: Ուսանողները կարող են նույն պատկերը նկարել իրենց օրագրերում։ Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք ստորև բերված պարբերությունը:
Սաղմոսներ 24-ում Դավիթ թագավորը լեռան պատկերավորում է օգտագործել։ Սուրբ գրությունների որոշ հատվածներում օգտագործվում են լեռներ կամ բլուրներ՝ որպես տաճարների խորհրդանիշեր (տես Եսայի 2․2–3)։ Հնարավոր է, որ Դավիթը նկատի ուներ տաճարը կամ Աստծո ներկայությունը, կամ երկուսն էլ:
Կարող եք ձեր նկարած լեռան պատկերի վերևում տեղադրել տաճարի մի պարզ նկար և Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս բառերը: Կարող եք լեռան պատկերի ներքևի մասում նկարել մեզ ներկայացնող մարդուկ:
Կարդացեք Սաղմոսներ 24․3–6-ը՝ փնտրելով, թե ինչ պետք է անենք, որպեսզի պատրաստվենք մտնել տաճար և մի օր վերադառնալ Տիրոջ ներկայություն:
Սաղմոսներ 24․3–4-ը վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Երբ ուսանողները կարդան հատվածները, նրանք կարող են հարցեր ունենալ որոշ բառերի կամ արտահայտությունների վերաբերյալ: Ուսանողներին առաջարկեք տալ ցանկացած հարց, որը նրանք կամ ցանկացած մարդ կարող է ունենալ՝ այս հատվածները կարդալիս: Եթե օգտակար լինի, բացատրեք, որ «ունայնությունը» վերաբերում է հպարտությանը կամ ամբարտավանությանը: «Չի երդվում նենգամտությամբ» արտահայտությունը կարող է վերաբերել ազնիվ լինելուն իր, ուրիշների և Աստծո հանդեպ։
Կարող եք լեռան պատկերի կողքին գրատախտակին գրել ուսանողների պատասխանները հետևյալ հարցի վերաբերյալ: Ձեր վերջնական նկարը կարող է նման լինել ստորև ներկայացված պատկերին:
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, թե ինչպես պատրաստվել տաճար մտնելուն և մի օր Տիրոջ ներկայություն վերադառնալուն:
Երբ ուսանողները կիսվեն հատվածներ 3–6-ում իրենց գտածով օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Մենք պետք է հոգևորապես պատրաստվենք՝ երկրպագելու Տիրոջը Նրա տաճարում և ապրելու Նրա ներկայության մեջ:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ մենք պետք է հոգևորապես պատրաստ լինենք մտնելու Տիրոջ տաճարներ և ի վերջո Նրա ներկայություն:
-
Ինչպե՞ս են հոգևորապես պատրաստված լինելու Տիրոջ պահանջները վկայել մեր հանդեպ Նրա սիրո մասին:
Պատրաստվեք հոգևորապես
Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները և առաջարկել ուսանողներին կատարել դրանք անհատապես իրենց օրագրում կամ զուգընկերոջ հետ:
Սաղմոսներ 24․4-ից ընտրեք հետևյալ արտահայտություններից մեկը, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ։
-
մաքուր ձեռքեր
-
սրտով անարատ
-
չբարձրացրեց իր հոգին դեպի ունայնություն (խոնարհություն)
-
ոչ էլ նենգությամբ երդվեց (ազնվություն)
Գտեք սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ արտահայտությունը: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է պատրաստության այս հատկանիշը կարևոր տաճարում երկրպագելու և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մի օր ապրելու համար:
-
Որո՞նք են այն որոշակի եղանակները, որոնցով Վերջին Օրերի Սուրբ դեռահասը կարող է աշխատել պատրաստության այդ հատկանիշի վրա:
-
Ինչո՞վ կուզենայիք կիսվել Փրկչի մասին ձեր ընկերոջ հետ, ով դժվարություններ ունի, կապված պատրաստության այդ հատկանիշի հետ:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել սուրբ գրությունների հետևյալ հատվածները.
-
մաքուր ձեռքեր (Վարդապետություն և Ուխտեր 88.86)
-
սրտով անարատ (Մոսիա 5․2)
-
չբարձրացրեց իր հոգին դեպի ունայնություն (Վարդապետություն և Ուխտեր 112.10)
-
ոչ էլ նենգությամբ երդվեց (Ալմա 27․27)
Կարող եք ուսանողներին ուղղորդել դեպի Սուրբ գրքերի ուղեցույց կամ Ավետարանի գրադարան հավելված։
Կարող եք նաև տրամադրել երեց Բեդնարի մեջբերումն այս դասի Օժանդակ նյութեր բաժնից:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով մեկ այլ ուսանողի կամ զուգընկերոջ հետ, ով ուսումնասիրել է մեկ այլ արտահայտություն: Ապա ուսանողներից մի քանիսին խնդրեք կիսվել ամբողջ դասարանի հետ:
Իմ անձնական պատրաստությունը
Որպեսզի պատրաստեք ձեր ուսանողներին սահմանել իրենց անձնական նպատակը, ցուցադրեք հետևյալ տեսանյութը․ «Standing in Holy Places» (5:36), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կարող եք ուսանողներին առաջարկել փնտրել եղանակներ, որոնցով երիտասարդ աղջիկը պատրաստվեց արժանիորեն հաճախել տաճար:
Ուսանողների համար օգտակար կլինի նաև լսել միմյանց փորձառությունների մասին։ Օրինակ՝ նրանք կարող են կիսվել, թե ինչ են զգում տաճարի ներսում կամ ինչպես է տաճարային երաշխավորագրի առկայությունն օրհնում իրենց կյանքը:
Մտածեք ձեր անձնական հոգևոր պատրաստվածության մասին: Խորհեք, թե ըստ ձեզ, ինչով է գոհանում Երկնային Հայրը և, թե որ ոլորտներում կարող եք կատարելագործվել:
Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:
-
Ըստ ձեզ, ի՞նչ է ցանկանում Երկնային Հայրը, որ դուք անեք՝ ինքներդ ձեզ տաճարին պատրաստելու և մի օր Նրա հետ ապրելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք ապավինել Փրկչին՝ օգնության համար:
Կարող եք կիսվել ուսանողների ուսումնասիրած ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: Հավաստիացրեք ուսանողներին նրանց մաքրագործելու և օգնելու Փրկչի կարողության մասին: Դասի ավարտին կարող եք կիսվել հետևյալ խոսքերով:
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է հետևյալով.
Ձեր և ձեր սիրելի ընտանիքների հանդեպ իմ հույսն այն է, որ դուք արժանի լինելու ցանկություն և վճռականություն ցուցաբերեք, որպեսզի Տիրոջ տուն մտնեք այնքան հաճախ, որքան ձեր հանգամանքներն են թույլ տալիս:
Տերը ցանկանում է ողջունել ձեզ այնտեղ։ («Սիրում եմ նայել տաճարին», Լիահոնա, մայիս 2021, 31)
Մտապահեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային առանցքային արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սաղմոսներ 24․3–4-ի սուրբգրային առանցքային արտահայտությունն է՝ «Ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: